Ճամբարակցիների պանիրն իրացնելուն օգնած ֆերմերին «մեղադրում» են պետությանը վնաս հասցնելու մեջ

Հարություն Մնացականյան. «Ես համոզված եմ՝ մնացած պանիրը փչանալու է, թափեն»

Ֆերմեր Հարություն Մնացականյանը և մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը նախաամանորյա օրերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «վաճառքի հանեցին» ճամբարակցիների պանիրը, սակայն, ինչպես «Հետք»-ի հետ զրույցում մանրամասնեց Հարությունը՝ հետագայում պանրի իրացման պատճառով պետական ատյանների հետ լուրջ խնդիրներ է ունեցել, որի արդյունքում դադարեցրել է դրա իրացման գործընթացը։

«Պարզվեց՝ «Աշտարակ-կաթ» ընկերությունը սնանկ է ճանաչվել։ Սնանկության գործերով կառավարիչ Խաչիկ Նազարյանը ինձ գրեց, թե ինչ իրավունքով եմ այդ պանիրը վաճառում, եթե ընկերությունը սնանկ պետք է ճանաչվեր և դատական գործընթացի մեջ է, ողջ գույքն էլ կալանքի տակ է։ Հետագայում Նազարյանը արդեն զանգահարեց՝ ասելով, թե հանցագործություն է տեղի ունեցել, քանի որ անօրինական ձևով պահեստից այդ ապրանքը դուրս է բերվել»,-ասում է Հարությունը։

Ֆերմերը Նազարյանին պարզաբանել է, որ իր հետ անձամբ կապ է հաստատել Ճամբարակի քաղաքապետը և խնդրել իրացնել պահեստում մնացած պանիրը, որից հետո նա ավտոմեքենա և կանխիկ գումար է ուղարկել գործարան՝ Երևան բերելով գյուղացիների պանիրը, այն փաթեթավորել և առաքել գնորդների բնակարաններ։

Հարությունը սնանկության գործերով կառավարիչ Խաչիկ Նազարյանին հարցրել է, որ եթե 4 ամիս տևեր սնանկացման այդ գործընթացը, այդ ընթացքում պանիրը պետք է մնար գործարանում և փչանա՞ր: Ի պատասխան՝ Նազարյանը նշել է, որ գործարանը իրավունք չուներ գյուղացիներին աշխատավարձի փոխարեն պանիր տրամադրել, քանի որ պետք է պետական հարկերը վճարեր, որից հետո իրավունք ունենար իրացնել այն։ «Ասեց՝ պետությանը մեծ վնաս է հասցվել։ Հետո նշեց՝ այ, օրինակ, դուք պանիրը առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) եք ծախել, քանի որ վերցրել եք պանիր, որին 20 տոկոս ԱԱՀ պետք է ավելանար։ Այսինքն՝ եթե այն 2000 դրամով գյուղացիներից գնել եք, դրան էլ պետք է գումարվեր 400 դրամ, և ենթադրենք՝ ծախել եք 10 տոննա, դուք պետությանը 4 միլիոն դրամի վնաս եք տվել։ Պետք է վճարեք»,-ասել է Խաչիկ Նազարյանը։

Հարությունը Նազարյանի այս դիտարկմանը հակադարձել է, որ եթե գյուղմթերք է և տրվել է գյուղացիներին աշխատավարձի տեսքով, և ինքն էլ անհատ գյուղացուց է գնել, այս պարագայում գյուղացին ԱԱՀ չի վճարում: «Ես ֆիրմայից չեմ գնել, գյուղացուց կանխիկ գումարով գնել եմ։ Չեմ փոշմանել, որ արել եմ, մարդիկ գոնե աշխատավարձ ստացան։ Նման խնդիրների առաջացման պատճառով էլ այդ հարցով դադարեցի զբաղվել։ Որովհետև պատկերացրեք, եթե ես արտահանման փորձ անեի, ինչ լուրջ խնդիրներ կառաջանային։ Ես համոզված եմ՝ մնացած պանիրը փչանալու է, թափեն»,-ասում է Հարություն Մնացականյանը։

Նազարյանը Հարությունից նաև հետաքրքրվել է, թե քանի տոննա և որքան գումարի պանիր են վաճառել մինչ այդ, որին Հարությունը հրաժարվել է պատասխանել, քանի որ կարծում է՝ եթե ասի, թե որքան է վաճառվել, լուրջ խնդիրներ է ունենալու. «Վերջում կարող են ասել՝ դու ձեռնարկատիրական  գործունեություն ես իրականացրել, որի համար պետք է հարկ վճարես։ Վերջին տարբերակ՝ այդ 20 տոկոս ԱԱՀ-ն կգցեն իմ վրա։ Կասեն՝ ենթադրենք 10 տոննա ես վաճառել, բեր, 4 մլն դրամ վճարի պետությանը»։

Ֆերմերի խոսքով՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սկսած վաճառքից հետո մի շարք ընկերություններ և անհատներ գյուղացիներից գնել են այդ պանիրը և իրացրել, բացի այդ՝ մեծ քանակությամբ պանիր արտահանվել է նաև Ռուսաստանի Դաշնություն։ Հարությունի փոխանցմամբ՝ անգամ գյուղնախարարն է իր հետ կապ հաստատել՝ հայտնելով, թե պատրաստ է աջակցել իրենց նախաձեռնությանը։

Կարծում է՝ պանրի վաճառքը ճիշտ ժամանակին է կատարվել, քանի որ եթե ուշանար դրա իրացումը, այն չէր վաճառվի, եւ Նոր տարուց առաջ չէին կարողանա գյուղացիներին գումար տալ։ Թեև նշում է, որ եթե չառաջանային այս անախորժությունները, կկարողանար ամբողջությամբ իրացնել պահեստում մնացած պանիրը եւ գյուղացիների պարտքերը մարել։

Ինչպես տեղեկացանք Հայաստանի ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքից՝Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 19-ի վճռով «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ։ Պարտատերերը այս ընկերությունից իրենց պահանջները ներկայացնելու են փետրվարի 16-ին՝ դատարանի շենքում։

Հիշեցնենք, որ  նախորդ տարվա նոյեմբերի 29-ին Ճամբարակ քաղաքի և հարակից գյուղերի բնակիչները ցույցի էին դուրս եկել «Աշտարակ-կաթ» ընկերության գործարանի դիմաց։ Ընկերությունը մի քանի ամիս չէր վճարել գնված կաթի գումարները, գործարանի աշխատողներին՝ աշխատավարձերը՝ միայն Ճամբարակում կուտակելով 70 մլն դրամից ավելի պարտք:

Բողոքի ակցիայից հետո գործարանի տնօրինությունը որոշել էր գումարի փոխարեն ճամբարակցիներին «ռոկֆոր» տեսակի պանիր հանձնել՝ գյուղացիների համար ստեղծելով մեկ այլ խնդիր՝ ինչպես իրացնել 60 տոննա պանիրը։

Այս փաստին տեղեկացել էին ֆերմեր Հարություն Մնացականյանը և մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը և դեկտեմբեր ամսին«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «վաճառքի հանել» ճամբարակցիների պանիրը՝ այն Երևան տեղափոխելով, գնորդների բնակարաններ առաքելով և սուպերմարկետների ցանցից մեկին տրամադրելով։ 

Hetq.am

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *