Որքան հասկանում եմ՝ սա ՄԻԵԴ առաջին վճիռն է պետության նախկին ղեկավարի դիմումի հիման վրա [եթե այլ տեղեկություն կա, խնդրում եմ մեկնաբանությունում նշել]։

Չորս պահանջից առանձնահատուկ էր մեկը՝ մարտի 1-ի առավոտյան Առաջին նախագահին Ազատության հրապարակից տեղափոխելու և տանից ենթադրաբար դուրս չթողնելու (փաստացի «տնային կալանքի») իրավաչափության հարցը։ Դիմումատուի պնդմամբ՝ դա Անձնական ազատության և Ազատ տեղաշարժման իրավունքների խախտում էր։ Եվրոպական դատարանը չի համաձայնել դիմումատուի փաստարկներին և այս մասով գանգատը հայտարարել ակնհայտ անհիմն և անընդունելի։

Մյուս երեք պահանջներն արդեն քննարկվել էին Սաղաթելյանի վերաբերյալ վճռում։ Չշեղվելով արտահայտված դիրքորոշումներից՝ Դատարանը ընդունել է, որ տեղի է ունեցել՝ (1) Հավաքների ազատության իրավունքի խախտում՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում հավաքի դադարեցման կապակցությամբ, և (2) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտում՝ այդ հավաքի դադարեցման իրավաչափությունը վիճարկելու անհնարինության կապակցությամբ։ Հավաքի դադարեցման կապակցությամբ Խտրականություն դրսևորելու պնդումը թողնվել է առանց քննության։

Ռուբեն Մելիքյան

Սույն դիմումը ներկայացվել էր 30/08/2008թ․-ին եւ վերաբերում էր Նախագահ Տեր-Պետրոսյանի՝ 2008թ․-ի նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շրջանում բողոքի խաղաղ հավաքների իրավունքի խախտմանը, ինչպես նաեւ՝ այդ խախտումների դեմ Հայաստանում արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայությանը, իր՝ Ազատության հրապարակում ձերբակալության եւ ազատ տեղաշարժի սահմանափակմանը 2008թ․-ի մարտի 1-ից մինչեւ 20-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես նաեւ՝ իր իրավունքների խախտումները քաղաքական հայացքների հիմքով խտրականության դեմ։

Խաղաղ հավաքների իրավունքի մասով․ ՄԻԵԴ-ը մերժել էր Կառավարության բոլոր պնդումներն այն մասին, որ 2008թ․-ի մարտի 1-ի վաղ առավոտյան հավաքն Ազատության հրապարակում խաղաղ չի եղել։ Այն արձանագրել է, որ այդ հավաքի խաղաղ բնույթը հերքող որեւէ ապացույց Կառավարության կողմից ներկայացված չի եղել։ Եւ, հետեւելով Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով զարգացրած իր դիրքորոշմանը, եզրահանգել է, որ խաղաղ հավաքի ցրելը չի ունեցել որեւէ հիմնավորում, պատճառաբանվել է կասկածելի հանգամանքների վկայակոչմամբ, առանց նախապես զգուշացման եւ ուժային միջամտությամբ։ Այս ամենը համարվել է որպես մի միջոց, որին պետությունը չէր կարող դիմել ողջամտության սահմաններում։ Արդյունքում՝ խախտվել է դիմողի խաղաղ հավաքների ազատությունը։

Արդյունավետ պաշտպանության իրավունքի մասով․ ՄԻԵԴ-ն այս մասով նույնպես ճանաչել է իրավունքի խախտում, արձանագրելով, որ դիմողը չի ունեցել իր խաղաղ հավաքների ազատության խախտման դեմ արդյունավետ պաշտպանություն Հայաստանում։

Խտրական վերաբերմունքի մասով․ Խտրականության արգելքի խախտման մասով դիմողի պահանջները ՄԻԵԴ-ն անհրաժեշտ չի համարել քննել, հաշվի առնելով արդեն իսկ հանգած եզրակացությանը խաղաղ հավաքների եւ ազատ տեղաշարժի իրավունքների մասով։ Անձնական ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքի մասով․ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ չնայած դիմողի տնային կալանքի մասին մտահոգիչ եւ արժանահավատ զեկույցներին, այս հարցը ներպետական բողոքարկման առարկա չէր դարձվել եւ Դատարանն իր տնօրինության տակ չի ունեցել բավարար ապացույցներ հաստատապես համոզված լինելու համար, թե արդյոք պետական պահպանության ծառայությունը վերազանցել է իր պարտականությունները եւ արդյոք դիմողի անձնական ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքները խախտվել են։