ՀՐԱՆՏ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ բանաստեղծություններից

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ

Ես թողնում եմ թղթի վրա երկնահաղորդ
Հարատևող ինքնագիրը մեր գոյության,
Հեռաձայնող պատրանքներով Ապոլոնյան,
Իմաստնաշունչ ձեռագիրը մեր ինքնության:

Տառերից են վերածնվում իմ բառերը,
Հոգեցնոր, մեսրոպաշունչ խոսո՜ղ տառեր,
Այն բառերը, որ մեզ հավետ հայ են պահել,
Մեր զորության, հարատևման ձեռագիրը:

Լուսաերիզ մի ժպիտ է իջնում դեմքիս,
Տարուբերվում է աչքերիս հորիզոնում,
Տատանվում են, վերափոխվում բառերն ինձ պես,
Եվ հորդում է հոգուս խորքից մեսրոպատառ
Արարչական Հայոց լեզուն…

 

ՈՐՏԵՂԻ՞Ց ԵԿԱՐ…

Սևուկ աչքերիդ անհուններն անծիր
Ինձ ծանոթ չէին, և դու էլ օտար,
Չիմացա ինչպե՞ս, ինչպե՞ս գերեցիր,
Չիմացա ինչպե՞ս, որտեղի՞ց եկար:

ինձ կախարդեցին աչքերդ խորունկ,
Սիրտս այրելով, հոգուս մեջ մտար,
Ներհուն աչքերով փերի երազուն,
Մթնշաղի հետ իմ գիրկը եկար:

Երբ ինքնամոռաց փարվեցին իրար
Լուռ համբուրվեցինք անհուն կարոտով,
Աստղերն անհամար ընկնում էին վար,
Մեզ շղարշել էր անափ լույսի ծով…

 

ՊՈԵՏՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ

Որպես ինքնություն մի խոհուն,
Դալուկ, հանց մի ուրվական,
Գնում է պոետն ու խորհում,
Տխուր է այդ՝ օրվա նման:

Օրերը մռայլ ու անխոստում,
Հաջորդում են անվերջ իրար,
Իսկ պոետը գնում է տրտում՝ 
Այս կյանքից լքված ու օտար:

Նա պոետն է հոգսաշատ դարի,
Հույզերով, վշտերով լեցուն՝
Տանում է բեռը աշխարհի,
Հոգում տագնապներ թաքուն…

 

ՄՈՒՍԱՆ ԵՎ ԵՍ

Տարված մտքերիս հոսքով՝
Անսովոր, թվացյալ ու սեղմ,
Գրում եմ տողեր հանգերով,
Բառերով դիմավոր ու անդեմ:

Եվ այդ հայտնության պահին
Լռակյաց Ոգին վեհերոտ,
Ձևով՝ աննյութ, տեսլային,
Կարդում էր մտքերս աղոտ:

Ինձ ոչինչ չեր մնում անել,
Քան նորից վերհիշել , գրել,
Մտորել հուշերիս գրկում,
Եվ նորից համրորեն լռել:

Այցի է գալիս ինձ մուսան,
Իմ սիրած աղջկա տեսքով,
Կրքոտ փարվում ենք իրար
Եվ համբուրվում քնքշանքով…

 

ԻՆՉՊԵ՞Ս ՄՈՌԱՆԱՄ…

Ինչպե՞ս մոռանամ սիրո մորմոքը հեռացող հուշի,
Որ մթնշաղի հետ արտասվում էր լուռ,
Երբ մենացնոր մեր ստվերները երազի նման,
Անհայտության մեջ փնտրում են իրար,
Շշնջում թաքուն՝ << Ես սիրում եմ քեզ >> :

Ինչպե՞ս մոռանամ այն աստեղածիր երկինքը անափ,
Երբ ուռիները սուրբ խոնարհումի պահեր ապրեցին,
Երբ մերկ ճյուղերով գգվեցին իրար ու համբուրվեցին,
Քամին էլ նրանց իրանն էր շոյում՝ խանդից դողալով,
Անհույս շշնջում՝ << Ես սիրում եմ քեզ >> :

Ինչպե՞ս մոռանամ անհուն աչքերդ երկնքի նման,
Որ նայում էին մեր անուրջների լուսեղեն հեռուն,
Ինչպե՞ս մոռանամ այն հրաժեշտի պահը թախծալի,
Երբ որ խենթ քամին ուղեկցում էր մեզ դեպ անհայտություն —
Շշնջում գաղտնի — << Ես սիրում եմ քեզ >> …

 

ՏԽՈՒՐԱՉՅԱ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ մնաց ինձ այս կյանքում՝
Տառապանքներ ոգեցունց,
Անմայրություն ու կսկիծ,
Սպասումներ անհատույց:

Հուզումներով անմեկին
Նկարը իմ մանկության,
Ինձ է նայում տխրագին՝
Սուրբ հայացքով մանկական:

Ի՞նչ մնաց ինձ այս կյանքում՝
Խղճուկ խրճիթ հայրական,
Որ նայում է դեռ հեռվից,
Որպես անհույս ուրվական:

Մանկության պես հեռավոր
Տխուրաչյա ու թովիչ,
Խնձորենին մենավոր
Չորացել է կարոտից..

 հեղինակ `ՀՐԱՆՏ ՎԱՂԱՐՇՅԱՆ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *