ՀՐԱԺԵՇՏ ՄԵՆԱԿՈւԹՅԱՆԸ

ԴԵՏԵԿՏԻՎ
————–
ՀՐԱԺԵՇՏ ՄԵՆԱԿՈւԹՅԱՆԸ
Իսկ այդ ո՞վ է ասում, թե կինը, երբ չունի ամուսին, երեխաներ, ընտանիք, անպայման իրեն պետք է մենակ զգա։ Հրեն, այնքա՜ն ընտանիք ունեցող կանայք կան, որ իրենց մենակ են զգում։ Կարող եմ մատներս ծալել, հերթով ասել, օրինակ, Շուշանը՝ մեկ, Բավոն՝ երկուս, Լալան՝ երեք, էլի՞ ասեմ․․․ Երեխա էլ ունեն, ամուսին էլ, սկեսուր-սկեսրայր էլ, բայց իրենք իրենց զգում են, որպես աշխարհի ամենամիայնակ կանայք։ Փորձիր խոսեցնել, կհամոզվես։ Այնքան կխոսեն իրենց մենակությունից, էնպիսի դառը գույներով կնկարագրեն իրենց տխուր կյանքն ու առօրյան, որ կմտածես՝ էս կինը, ճիշտ է, ասում-խոսում է, բայց վաղուց մահացած է։
Բայց օրինակ, մեր քիթ-կոկորդ-ականջի բժշկուհի Սոնան, որ ոչ ամուսին ունի, ոչ երեխա, անգամ մի կատու չունի տանը, արի ու տես, որ իրեն միայնակ չի էլ զգում։ Ինքն էլ արդեն քառասունը բոլորած աղջիկ է։ Երեկոյան աշխատանքից գալիս է տուն, մեկնվում բազմոցին ու վայելում այն պահը, երբ երեխան չի վազում, թե՝ մամ, սոված եմ կամ ամուսինը ձայն չի տալիս, թե՝ Սոն, սպիտակ վերնաշապիկս արդուկի, փողկապս հանիր, դիր, վաղը պաշտոնական հանդիպում ունեմ։ Սոնաս է ու իր քեֆը, ուզենա, մի համով բան կպատրաստի, երեք օր կուտի, ուզենա՝ ոչ մի բան էլ չի պատրաստի, դրսից մի բան հետը կբերի, կծամի, յոլա կգնա։ Եվ իզուր են բուժքույր Թամարն ու դիմացի հարևան՝ <<ֆոկուսնիկ>> Անիկ տատին ջանք թափում նրան անպայման ամուսնացնել։ Օրինակ՝ վերջերս, Անիկ տատը զանգեց գործի տեղ, թե՝ Սոնա ջան, ականջիս ջավից մեռնում եմ, իրիկունը արի, տես, ի՞նչ է պատահել։ Գործից վերադառնալիս, տեսավ, Անիկ տատի տան դուռը բաց էր, մտավ։ Հենց շեմի վրայից լսեց, որ տատը հեռախոսով խոսում է ինչ-որ մեկի հետ․
– Տղա ջան, ինքը սիրուն, տնով-տեղով ապահովված, բժշկուհի աղջիկ է, գիտե՞ս, թե օրական հիվանդներից ի՜նչ եկամուտ ունի։ Տունը ունեցվածքից գմփում է, արի, նստիր, վայելիր, էլի, ի՞նչ անենք, որ մի քանի տարով էլ մեծ է։
Սուս-փուս Սոնաս դուռը ծածկեց, հետ դարձավ, քմծիծաղով իր տուն մտավ։ Վայ Անիկ տատ, իզուր չէ, որ հարևանները քեզ կնքել են <<ֆոկուսնիկ>> կեղծանվամբ։
Բայց ինչպես ամեն հաճույք, այնպես էլ Սոնայի մենակության հաճույքին մի օր վերջ դրվեց։ Ավելի լավ է, ամեն ինչ սկզբից, հերթով պատմեմ։
Աշխատանքից նոր էր վերադարձել, եփած սուրճից չէր հասցրել մի կում անել, երբ դռան զանգը հնչեց։ Բաց արեց, մի բավականին համակրելի արտաքինով, միջին տարիքի ոստիկան էր կանգնած։
– Բարև Ձեզ։
– Բարև Ձեզ։
– Ես Ձեր տարածքի տեղամասային տեսուչն եմ, կապիտան Մանուկյան։ Կարելի՞ է Ձեզ մի երկու հարց տալ։
– Խնդրեմ, համեցեք, ես էլ Սոնան եմ։
Մի տեսակ անհարմար բան ստացվեց, չգիտեր, դեռ գոլորշի արձակող սուրճը խմե՞ր, թե ոստիկանին էլ սուրճ առաջարկեր, բայց դրությունը փրկեց ինքը՝ ոստիկանը։
– Դուք հանգիստ կարող եք շարունակել խմել Ձեր սուրճը, ես ընդամենը մի հարց տամ Ձեզ ու դուրս գամ։
Սոնան մտքում ուրախացավ, թե՝ ինչ հասկացող ոստիկան է։
– Լսում եմ Ձեզ։
– Դուք տեղյա՞կ եք, որ այսօր գողություն են կատարել դիմացի հարևան տատիկի տանից։
– Ոչ, ես գործից նոր եմ վերադարձել և այդ մասին, ահա, Ձեզանից եմ լսում։
– Իսկ առավոտյան աշխատանքի գնալիս, Դուք մուտքում կամ բակում անծանոթ մարդկանց, կամ տարօրինակ ոչինչ չե՞ք նկատել։
– Ոչ, սովորաբար ես աշխատանքի եմ գնում ժ․8.30, տարօրինակ ոչինչ չեմ տեսել, միայն Անիկ տատն էր օգնում գյուղից եկած եղբոր տղային՝ ինչ-որ արկղեր տեղավորել նրա ավտոմեքենայում։
Տեղամասային տեսուչը, կարծես լարվեց, հետո մի հայացք պտտեցրեց սենյակում ու վեր կացավ։
– Հասկանալի է, Դուք ինձ շատ օգնեցիք։ Շնորհակալություն, ցտեսություն։
Կիրակի, գնումներից վերադառնալիս, Սոնային կանգնեցրեց առաջին հարկի հարևանուհին։
– Վայ, Սոնա ջան, շնորհավորում եմ, վերջապես փեսացու ես ճարել, հա՞,- սկսեց արագախոս հարևանուհին,- Անիկ տատն ասաց, որ փեսացուդ ոստիկան է, որն էլ քո պատմածով բացահայտել է իր տան գողությունը, այսինքն ոչ մի գողություն էլ չէր եղել, <<ֆոկուսնիկ>> տատը ցանկացել էր մի փոքր ֆոկուս անել ոստիկանությանը, էն էլ դու քար էիր գցել ֆոկուսի գլխին, փեսացուիդ պատմել էիր, որ տան թանկարժեք սերվիսն ու կոբալտից ափսեները եղբոր տղայի մեքենայով տատը գյուղ է ուղարկել։
Խեղճ Սոնան տեղում քարացավ։ Այ քեզ <<ֆոկուսնիկ>> Անիկ տատ։ Բայց եղածն եղել էր, ֆոկուսի դեմն առնել հնարավոր չէր։
Իսկ երբ բանալիով դուռն էր բացում, լսվեց Անիկ տատի բացվող դռան ձայնն ու կնոջ իրեն ուղղված հղումը։
– Չի էլ ամաչում, ես էլ կարգին, գրագետ աղջկա տեղ էի դնում, փաստորեն տեսած-չտեսածը լցնում է միլիցիոներ փեսացուի ականջը։ Կորանք, էս շենքում ապրելն արդեն հարամ է։
Սոնան կյանքում առաջին անգամ ափսոսեց, որ տանը մենակ է, չկա որևէ մեկը, որ զայրույթը թափի նրա գլխին, կամ գոնե պատմի <<ֆոկուսնիկի>> արածն ու ասածը, դատարկվի, սիրտը հանգստանա։
Բայց ինչպես ասում են՝ փորձանքը միայնակ չի գալիս։ Աշխատանքից տուն գալիս, մտավ մոտակա սուպերմարկետը, մի քանի գնումներ կատարեց, թեքվեց, որ անցումով անցնի դիմացի մայթը, հանկարծ կարմիր լույսի տակ վազքով անցնող տղամարդը հասավ, համարյա գրկախառնվեց իրեն։
– Բարև, բժշկուհի ջան, ո՞նց եք, լա՞վ եք,- ասաց շնչակտուր ու նույն պահին էլ ձեռքը պարզեց, կանգնեցրեց անցնող տաքսին, խցկվեց մեջը։
Սոնան, զարմանքից քար կտրած, նայեց հեռացող տաքսու հետևից, հիշեց, որ այդ մարդը իրենցից երկու շենք վերև է ապրում, մի անգամ օգնել է նրա ծեր մորը ու անցավ մյուս մայթը։ Տանը դեռ չէր հասցրել գնումներով տոպրակը դնել սեղանին, երբ դռան զանգը հնչեց։
– Նորից Դու՞ք,- դուռը բացելով՝ բացականչեց նա, տեսնելով արդեն ծանոթ տեղամասային տեսուչին, մեկ ուրիշ ոստիկանի հետ,- հիմա՞ ինչ եք ուզում։
– Կներեք, նախ պետք է ներս գանք,- ասացին ու առանց հրավերքի սպասելու, ոստիկաններն առաջ եկան, իրենց հետևից փակեցին դուռը։
– Բայց սա արդեն չափից շատ է,- զայրացավ Սոնան,- ձեզ ի՞նչ է պետք։
– Հարգելի Սոնա, հանգստացեք, այս անգամ գործը առավել քան լուրջ է,- դիմեց կապիտան Մանուկյանն ու անցավ խոհանոց,- դուք դեռ չե՞ք դատարկել Ձեր գնած մթերքները, թույլ տվեք այդ մենք անենք։
Սոնան անակնկալից քարացավ, մեկ անծանոթ ոստիկանին էր անկապ նայում, մեկ՝ կապիտանին։
Անծանոթ ոստիկանը սկսեց տոպրակից խնամքով հանել, փոքրիկ սեղանին հերթով շարել մթերքները։ Հանկարծ նա մի փոքրիկ փաթեթ հանեց։
– Այս է՞լ եք դուք գնել սուպերմարկետից,- դիմեց Սոնային։
Սոնան զարմանքով նայեց փաթեթին։
– Ո՛չ, ես նման բան չեմ գնել, դա իմ գնումների մեջ ինչպե՞ս է հայտնվել։
– Խնդրում եմ, գնանք սենյակ, մենք Ձեզ կպատմենք, թե ինչպես է այս փաթեթը հայտնվել Ձեր գնումների տոպրակում։
Երբ արդեն նստել էին, անծանոթ ոստիկանը ներկայացավ;
– Ոստիկանության տարածքային բաժանմունքի թմրանյութերի դեմ տարվող պայքարի օպերատիվ խմբի ծառայող, կապիտան Մարտիրոսյան։
– Այո, լսում եմ Ձեզ,- կատարվածից դեռ ուշքի չեկած, գլխով արեց Սոնան։
– Դուք գնումներ կատարելով՝ դուրս եք գալիս խանութից, մոտենում եք խաչմերուկի անցումին, հենց այդ պահին, անցումի կարմիր լույսի տակ վազելով, մոտենում, համարյա գրկախառնվում է Ձեզ, որպես բժշկուհի ճանաչող մեկը, ողջունում է, հետո արագ նստում մոտեցող տաքսին ու գնում։ Նրա ջերմ ողջույնից զարմացած, նայում եք տաքսու հետևից ու ոչինչ չեք հասկանում։
– Հասկացա,- իսկույն վրա բերեց Սոնան,- նա հասցրեց այդ կարճ ընթացքում ազատվել փաթեթից, այն իմ տոպրակի մեջ գցել։
– Այո, իսկույն հասկացաք, կեցցեք։
Տեղամասային տեսուչը պատուհանի անկյունից հետևում էր բակին։
– Հիմա բացառված չէ, որ փաթեթի տերը գա իր ապրանքի հետևից։
– Բայց նա տաքսիով հեռացավ։
– Բացառված չէ, որ անկյունը թեքվելուց հետո, նա իջներ տաքսիից, դարանակալած հետևեր Ձեզ։ Կարծում եմ, նա ուր որէ կայցելի Ձեզ, ուղղակի մենք նրան կանխեցինք, ավելի շուտ մտանք Ձեր տուն։
– Դուք ինձ վախեցնում եք, այդ դեպքում ես ի՞նչ պետք է անեմ։
– Վախենալ պետք չէ, մենք այստեղ ենք, Ձեզ հետ,- հանգստացրեց օպերատիվ աշխատակիցը։
Կապիտան Մանուկյանը հեռախոսով կապվեց տարածքային ոստիկանության բաժանմունքի հերթապահություն, լրացուցիչ ուժեր խնդրեց, առանց աչքը բակի անցուդարձից կտրելու։
– Եկավ,- քիչ անց դարձավ նա կապիտան Մարտիրոսյանին։
– Մենա՞կ է;
– Կարծես, այո։ Մտավ մուտք։
Քիչ անց լսվեց Անիկ տատի դռան բացվելու ձայնը։
Ոստիկանները մոտեցան դռանը։
– Բժշկուհու տունն է ճշտում,- շշնջաց տեղամասային տեսուչը։
Օպերատիվ խմբի ծառայողը դիմեց Սոնային։
– Զանգը, երբ տա, կբացեք առանց խուճապի,- ասացին ու ձգված, կանգնեցին դռան հետևում։
Հնչեց դռան զանգը։ Սոնան վախեցած նայեց ոստիկաններին, որոնք նրան դուռը բացելու նշան արեցին։ Հետո, Սոնան որքան էլ աշխատում, բայց չէր կարողանում հիշել, թե ինչպես ինքը դուռը բացեց, ինչպես ներս խցկվող տղամարդը հայտնվեց հատակին, այն էլ՝ ձեռնաշղթաներով։ Միայն հիշում էր հարթակում կանգնած, երկու ձեռքերով զարմանքից բաց բերանը փակած Անիկ տատին, որին ոստիկաններից մեկը խնդրեց ներս գնալ ու դուռը փակել։
Լրացուցիչ օգնության եկած ոստիկանական օպերատիվ խմբի ծառայողները ձերբակալվածին դուրս տարան, իսկ տեղամասային տեսուչ Մանուկյանն ու կապիտան Մարտիրոսյանը մոտեցան դեռ ուշքի չեկած Սոնային։
– Հարգելի Սոնա,- սկսեց կապիտան Մարտիրոսյանը,- շնորհակալություն ցուցաբերած աջակցության համար։ Կարող եք հանգիստ լինել։ Ձեզ բարի գիշեր։
Երբ ոստիկանները գնացին դեպի դուռը, Սոնան միայն այդ ժամանակ, կարծես ուշքի եկավ, շտապեց կանգնեցնել նրանց։
– Սպասեք, պարոնայք ոստիկաններ, բայց ես վախենում եմ գիշերը տանը մենակ մնալ։
Ոստիկանները նայեցին իրար, տեղամասային տեսուչը առաջ եկավ։
– Սոնա, եթե ցանկանում եք, Ձեզ կարող եմ հասցնել որև՝ բարեկամուհու կամ ընկերուհու տուն։
– Չէ, այստեղ չունեմ այդպիսի հարմար մեկը, բարեկամուհիս կարող է գալ ինձ մոտ, բայց նա շրջանից վաղն է գալու,- շփոթահար ասաց Սոնան։
– Այդ դեպքում, ես կարծում եմ, ճիշտ կլինի Ձեզ մոտ մնա տեղամասային տեսուչ, կապիտան Մանուկյանը, հը ի՞նչ կասես, Արտակ,- ընկերոջը դիմեց օպերատիվ աշխատակիցը,- եթե, իհարկե, Դուք համաձայն եք, Սոնա։
– Իհարկե, համաձայն եմ, շնորհակալ կլինեմ,- թեթևացած շունչ քաշեց աղջիկը։
Երբ արդեն թեյի սեղանը պատրաստ էր, Սոնան դիմեց տարածքային տեսուչին։
– Իսկ Ձեր ընտանիքը, կինը չի՞ անհանգստանա, որ Դուք տանը չեք գիշերելու։
– Սոնա, ինչպես լսեցիք, իմ անունը Արտակ է, երևի ավելի ճիշտ կլինի արդեն անունով դիմել,- քիչ լռեց ու շարունակեց,- ընտանիք, կին չունեմ, ընտանիքս՝ կինս, աղջիկս մի քանի տարի առաջ զոհվել են ավտովթարից, ես մենակ եմ ապրում։
Սոնան հիշեց, որ քիչ առաջ, հրաժեշտ տալիս, կապիտան Մարտիրոսյանը ժպիտով, բազմանշանակալի աչքով արեց ընկերոջը։ Այ, հիմա հասկացավ խորհրդավոր ժպիտի ու աչքով անելու իմաստը։
Այ, այսպիսի բաներ պատահեցին, ու մեր Սոնան զգաց, որ մենակության վայելքը միշտ չէ, որ կարող է հաճելի լինել։ Հիմա նրա տանը վազվզող զույգ ծնված երկու չարաճճիները, ժամը մեկ քաշում են փեշից․
– Մաաամ, սոված ենք։
Իսկ ամուսինը՝ ոստիկանության արդեն մայոր Արտակ Մանուկյանը, հեռուստացույցի առջև նստած կանչում է․
– Սոն ջան, շքերթային վերնաշապիկս արդուկիր, վաղը արտասահմանից եկող կարևոր մարդու ենք դիմավորելու։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *