Հովհաննես Շիրազ (Օնիկ Կարապետյան)

Ազգային մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 27-ին Գյումրի քաղաքում, հողագործի ընտանիքում: Հայրը` Թադևոսը, ինչպես Գյումրեցիներն էին կոչում «բոստանչի» էր, մայրը` Աստղիկը, ասեղնագործում էր: Փոքրիկ Հովհաննեսը ծնողների միակ արու զավակն էր, քույրերից` Գոհարից և Մարիամից հետո: Հինգ տարեկան էր Հովհաննեսը, երբ զրկվեց հորից:

Մանկության օրերն անցնում էին Ամերկոմի որբանոցում: Սակայն, մանուկ Հովհաննեսը, չդիմանալով որբանոցի դաժան պայմաններին, փախչում է, դառնում անապաստան և կուլայով ջուր է ծախում:
Իր մանկության օրերի մասին բանաստեղծը շատ բանաստեղծություններ է գրել, ինչպես` «Հին մանկություն», «Գտա», «Իմ կուլայով այս պուճուր», « Վեց տարեկան մանուկ էի», «Իմ ընկեր Լորիկը» պոեմը և այլն..

1932-ին դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Գյումրու տեքստիլ գործարան նախ, որպես կտավագործի աշակերտ, իսկ հետո` ենթավարպետ և ջուլհակություն է սովորում:

1931-ին գործարանային թերթում տպագրվում է բանաստեղծի առաջին բանաստեղծությունը:

1933-ին ուսուցչություն է անում Հաջինազար (այժմ` Ախուրյանի Կամո) գյուղում:
1935-ին լույս է տեսնում «Գարնանամուտ» խորագրով առաջին ժողովածուն, նույն տարում նաև «Սիամանթո և Խաջեզարե» պոեմը:

Բանաստեղծի Շիրազ գրական անունը մկրտել է մեծ թատերագիր ու վիպասան Ատրպետը, որ հիացմունքով գրել է. «Այս պատանու բանաստեղծությունները վարդաբույր են, թարմ ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը»:

1936-1941թթ սովորում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտոտում, որն ավարտում է 1949 թ-ին:

Բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով:

Հովհաննես Շիրազը համայն հայության ամենասիրված ու պաշտված բանաստեղծն է:

Հայրենիքում և սփյուռքում մայրենի լեզվի, հայապահպանման ամենախիզախ պաշտպանն էր նա, Հայոց արդար դատի մեծ հավատավորը:

Բանաստեղծի աճյունը հանգրվանում է Երևանում, Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում:

Բանաստեղծը թողել է գրական հարուստ ժառանգություն` բանաստեղծական շարքեր, գազելներ, էքսպրոմտներ, սոնետներ, առակներ, բալլադներ, քառյակներ, արձակ, մեծածավալ և փոքրածավալ պոեմներ, նամականի, ինչպես նաև թարգմանություններ:
Նրա բանաստեղծություններով գրվել են երգեր, նրա մասին գրվել են բազում մենագրություններ, ուսումնասիրություններ, հուշագրություններ, ասույթներ, ձոներ և այլն…
1975 թ-ին «Համամարդկային» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկրի կոչման: Պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» երկու շքանշանով և «Պատվո նշան» շքանշանով:
1996 թ-ին Աստղ` Շիրազի անունով. Ռիչարդ Լ. Նեյի կողմից վավերացված փաստաթղթում նշված է. «Փարիզում հիմնադրված Աստղագիտական Միջազգային միության կողմից ճանաչված որպես Կանիս Մաջոր համաստեղության 88-ից մեկը` գրանցված Շվեյցարիայում և արտոնագրված ԱՄՆ-ում, ի պահ է տրված Կոնգրեսի գրադարանին»:
2003 թ-ին, սեպտեմբերի 27-ին, իր հայրենի Գյումրիում բացվում է բանաստեղծի հուշաթանգարանը:

2005 թ-ը նշանավորվեց բանաստեղծի հիշատակը հավերժացնող իր մեծադիր երկու արձանների կերտմամբ Երևանում և Գյումրիում: Արձանների հեղինակը Շիրազի ավագ որդին է, հայտնի քանդակագործ Արա Շիրազը:

Միայն ազգային մղումների և պատմության անարդար վճռի ծնունդն է բանաստեղծի «Հայոց Դանթեականը» մեծածավալ պոեմը, որը նվիրված է 1915 թվականի Մեծ Եղեռնի նահատակներին:

Մեծ բանաստեղծը իր կենդանության օրոք ենթարկվել է հալածանքների ու զրպարտանքների:

Երկար տարիներ չէին տպագրում իր նոր գործերը՝ համարելով դրանք նացիոնալիստական գործեր, կամ էլ, եթե տպագրում էին գրքերը կոպիտ խմբագրումներով, կրճատումներով:
Մեծ բանաստեղծին` համայն հայության միասնության որդին դարձած բանաստեղծին, այդպես էլ իր կենդանության օրոք երբեք թույլ չտվեցին այցելելու արտասահմանյան որևէ երկիր կամ սփյուռքահայ որևէ գաղթօջախ…
Մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 90_ամյակին է նվիրված կինոբեմադրիչ Լեւոն Մկրտչյանի (Հեղինակն է «Մաշտոց», «Պարույր Սեւակ», «Գյումրի», «Ազնավուր», «Զորավար Անդրանիկ», «Եվ եղավ լույս», «Մատյան անկախության» ֆիլմերի) «Հովհաննես Շիրազ» վավերագրական կինոնկարը:
Այս ֆիլմն արժեվորվում է հատկապես նրանով, որ Շիրազ մարդուն և Շիրազ բանաստեղծի ստեղծագործական ողջ գործունեությանը նվիրված միակ լիամետրաժ վավերագրական կինոնկարն է, կինոնկար, ուր վարպետորեն ներկայացված է հանճարեղ բանաստեղծի ինքնատիպ ու զարմանահրաշ կերպարը:
Վավերագրական ուշագրավ կադրերով հարուստ այս կինոնկարը անդրադառնում է նաև Հայ ժողովրդի հին ու նոր պատմությանը 1915-ի Մեծ եղեռնին և ազգային զարթոնքին:

«Բռունցքվելն է հավերժությունն Հայաստանի»

Ահա՛ Շիրազյան պատգամն աշխարհացրիվ հայությանը:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *