2017 թ. փետրվարի 27-ին Հովհաննես Մելքոնյանը կդառնար 80 տարեկան: Շատ ցանկալի կլիներ, որ այսօր Գրողի թողած հարուստ ժառանգությամբ շարունակեինք կրթվել ու դաստիարակվել, հասկանալով, որ նրա ստեղծագործությունները անգին գոհարներ են ոչ միայն մեր՝ ազգային, այլև համաշխարհային գրականության մեջ: Ստանձնելով բարձր պարտականություն` նա մշտապես կարող եղավ երիտասարդ գրչակից ընկերների համար պահպանել օրինակելի վարք, մնալ հայ մտքի ու հոգու կատարելության ձգտումով: Իբրև իր երկրի ողբերգական պատմության մունետիկ, իբրև, զուտ հայ ազգային մշակույթի, լեզվի, ավանդության կրող, նա իրավմամբ տեղ ունի արդի համաշխարհային գրականության անվանակարգում, եթե ըստ արժանավույն ճանաչելի լինի: Ընթերցողներիի մեջ թողած իր ապրումների ու կարոտների մասով, նա Հանուն Հայրենիքի բնորոշ տրամադրությունն ու զարկերակն արտահայտող արձակագիր էր: Հովհաննես Մելքոնյանի յուրաքանչյուր գիրք մեծ ակնածանքով ենք ընթերցում, ընթերցելուց էլ՝ գիրքը փակում ենք արդեն հարստացած, կորզած այն անհրաժեշտը, ինչը նրա հոգևոր աշխարհում էր: Արձակագիր, դրամատուրգ Հովհաննես Մելքոնյանը ծնվել է Արթիկի շրջանի Անիպեմզա գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ): 1955 թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Ղ.Աղայանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը, 1960 թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1960-ից աշխատել է մամուլում: Մինչև 1965 թ. աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում` որպես բաժնի վարիչ, 1965-68 թ.թ.` «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում` որպես բաժնի վարիչ, ապա` պատասխանատու քարտուղար, 1972-74 թ.թ. ` «Գարուն» ամսագրում` որպես գլխավոր խմբագրի տեղակալ: Աշխատել է նաև «Գրքերի աշխարհ», «Գրական թերթ» պարբերականների խմբագրություններում, «Սովետական գրող» հրատարակչությունում, հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում: Հեղինակել է «Քարավան», «Հեռավոր հողի ձայնը», «Հարցաքննություն», «Մոր ձայնը», «Հեծանիվ», «Հիշողության դաշտ», «Ոճիրի բուրգեր», «Մերժված օրենսդիրը» և այլ վիպակների ու պատմվածքների ժողովածուներ։ Բեմադրվել են նրա «Հայր Տոնապետի մենախոսությունը» (համահեղինակ՝ Գ․Չալիկյան), «Հրաժարական» պիեսները։ Գրողի սցենարով նկարահանվել է «Խոնարհվիր վաղվա օրվան» գեղարվեստական կինոնկարը ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Ստեղծագործական թեմատիկայի ընդգրկումը լայն է, բազմաբնույթ, ակունքը՝ ժողովրդական ավանդույթներն են, նյութը՝ ետպատերազմյան և ժամանակակից կյանքը։ 1968-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1988-ից` առաջին քարտուղարը, 1996-ից` Հայ գրողների միության նախագահը, 2003-ից` Գրողների միությունների միջազգային կազմակերպության անդամ: Մահացել է ողբերգական, ավտովթարից՝ Երևանում, 2009 թ. դեկտեմբերի 6-ին: Չսպասված ու անակնկալ հեռացումը՝ բախտի ու ճակատագրի դաժան հարված էր: 2014 թ. Գյումրիի Պիոներական փողոցը անվանվեց Հովհաննես Մելքոնյանի անունով: Մեծ Գրողի մասին լսելով նրա գրչակից ընկերներից, մտերիմներից, կարդալով նրան, պարզապես հիացած եմ: Մենք, որ լուռումունջ մեր ուսերի վրա ենք տանում մեր ժողովրդի ամբողջականության, ազգային արժեքների լիարժեք պահպանման, մեր ժողովրդի անպարտելիության ու կեցության գաղտնախորհուրդը՝ նաև հպարտորեն ողջունում ենք նրա ծննդյան 80-ամյակը: