ԱՆԻՄԱՆԱԼԻՆ

Խորամանկությո՛ւն, զզվում եմ քեզնից,
Նախա՛նձ, դու վերջին վիժվածքն ես կյանքում,
Ո՜վ ատելություն՝ պիղծ ու ընկեցիկ,
Քեզ հավիտյանս անեծք ու սոսկում:

Եվ դու՝ եղկելի երեսպաշտություն,
Ի՞նչ երեսով ես նայում աշխարհին,
Եվ դու՝ նողկալի դավաճանություն,
Որ պղտորում ես լույսը անթերի:

Նենգություն՝ օձի… բաղադրությամբ,
Հավատարմության դրժում ամեհի,
Ինչքա՜ն եմ կիսել քեզ հետ աղ ու հաց-
Չկասկածելով դույզն-ինչ քո թույնին:

Մեկ-մեկ թվում է՝ ապրել եմ կյանքս-
Մարդկանց մեղքերը… սրբագրելով,
Սակայն, զգում եմ հիմա հանցանքս,
Որ հատուցվում է… ափսոսանքներով:

Ու մռնչում է ինչ-որ բան իմ մեջ՝
Հողմի, ամպրոպի, փոթորկի նման,
Ինչո՞ւ ապրեցի կյանքս այդքան խե՜ղճ,
Եվ ուժ չունեցա սրանց դարձնել… ՄԱՐԴ…

Հ.Գ., Չեմ կարող այլևս թվարկել
Անվերջանալի դիրտը մարդկային,
Զի տիեզերքն իսկ դժվա՜ր պարփակի
Մարդու արատներն անիմանալի…

 

ՍԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՑԱՎԻ

Ցավի միջուկը… սերն է տրոհում,
Բուրվառե՛ք սերը ցավի հանդիման,
Լոկ սերն է հոգու մութը գրոհում,
Զենքի դեմ սերն է զենքը ամենայն:

Թե՝ եղերական ժամ է, սիրեցեք,
Սիրով փարատեք վշտերը բոլոր,
Տուն չի դառնալու ոչ ոք, ու երբեք,
Թե՝ երամներ կան երկնքում անզոր:

Թե, որ մոխրանա սերը արցունքում,
Եվ իր սիրածին ոչ ոք չսպասի,
Ուրեմն՝ սուտ է ամեն ինչ կյանքում,
Եվ դառն է լռում… Աստված մեր… մասին…

Սերն ու մորմոքը մեկտեղ են ապրում
Եվ սերն է միակ նեցուկը ցավի,
Սերը իր մեջ է եղեռնը պարպում,
Եվ սերն է պատռում դիմակը… մահի…

 

ՑՆՈՐԱԿԱՆ ԵՐԳ

Ես հոգնեցի ցավիս մասին
Անարձագանք խոսելուց,
Ես հոգնեցի, ահավասիկ,
Անջուր հունով հոսելուց:

Արի, մեկտեղ փառավորենք
Մեր տառապանքը լազուր,
Խառնենք իրար արցունք ու սեր,
Ցավիս քո սերն է… սազում…

Ես ի՞նչ անեմ ցավոտ սիրուս
Մեն ու մենակ լույսի մեջ,
Ես՝ մեկ մարդ եմ, մեկ էլ՝ անհույս
Երազող եմ խենթի… պես…

 

ԾՈՎԱՑՆՈՐՔ

Իմ հայրենիքը ծով չունի, սակայն,
Իմ մեջ անեզր ծովեր են ծփում,
Ե՛ս եմ ծովերի ծովաչվի արքան,
Արքան… գերագույն:

Երևակայե՜լ անգամ չեք կարող,
Թե ի՜նչ ծովեր են իմ մեջ շառաչում,
Ի՜նչ մայրամուտներ՝ հույզս օրորող-
Ծովի… անուրջում:

Ջրահարսեր են իմ մեջ թալկանում
Մերկ հմայությամբ թափանցիկ, լուսե՜,
Որոնց կիրքն այնպե՜ս թունդ է բարկանում:
Օրերում… անսեր:

Ու ես գժվո՜ւմ եմ… լայնարձակ ցավից,
Ցնորվո՜ւմ եմ ես բուրմունքից քո ծով,
Եվ ծո՜վը, ծո՜վը, որպես լուրթ տավիղ-
Դողում է… քեզնով:

Ծովը քեզնո՜վ է լցվում ափեափ
Եվ սուզում է ինձ քո բարկ բույրերում,
Օ՜ սիրո սարսուռ, սիրո կախարդանք-
Վառվող… ծովերում…

 

ՄԵՂԵԴԻ

Ծաղկած ծառերն ինձ առևանգում են
Ու տանում իրենց դրախտը դեպի,
Եվ ես ծնկում եմ երկյուղածորեն
Եվ օրհնաբանում հուզումներն անբիծ:

Առեղծվածային մաքրագործության
Ի՜նչ բուրումներ եմ շնչում քնքշալի,
Որ ծածանվում են կատարելությամբ-
Հույժ անորսալի հեռվում… աշխարհի:

Մե՜ծ ցավ կա, սակայն, այդ Մեծ խորհրդում,
Որ չեն ընկալում ոմանք հիրավի,
Ծաղկած ծառերը Լո՜ւյս են ավետում,
Բայց մո՛ւթն է նրանց խայծը… գրավիչ:

Կմեռնե՜մ ես այդ տանջանքի ցավից,
Մա՞րդ էլ զուր ծնվի ու զուր հեռանա,
Մեղա՜, զերծ եմ ես Աստծո գործերից,
Բայց Մարդ կոչումս ես ո՜նց մոռանամ…

Ծաղկած ծառերն ինձ առևանգում են
Եվ շշնջում են,- փխրիր ավելի՜,
Իսկ ես հուզմունքից լո՜ւռ սարսռում եմ
Ու դառնում ագապ… հաշտ ու խնկելի…

ՄԻ ՀԻՆ ՈՒ ԱՆՇՊԱՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հորաքրոջս «աչքաբաց» տղան
Հաճախ էր սուս-փուս գալիս մեզ այցի
Հետը բերելով ֆոլկլորն իր աղարտ,
Որ հովվերգական մեր հոգին ցնցի:

Արդյո՞ք ես էի խեղճ ու ներամփոփ,
Թե՞ նա էր անզուսպ ու… ամբարտավան,
Իսկ ես ա՛յլ կերպ եմ մտածում այսօր-
Պարզապես տղան շա՜տ էր համարձակ:

Հմուտ ձկնորս էր սիրո հարցերում,
Որ ցանցն էր գցում ուզած… գոզալին,
Դյութում էր առանց աչքն իսկ թարթելու
Մեր աղջիկներին քնքո՜ւշ-նազելի:

Ղուշ թըռցնողի համբավ ուներ նա
Եվ մաղով ծիտ էր բռնում անվրեպ,
Նա բանեցնում էր ամեն մի հնարք,
Որ իր անվերծան կամքը կատարեն:

Նա Երևանի սրտում էր ծնվել,
Իսկ ես՝ ծաղկավետ իմ… «Միջագետքում»,
Այսինքն՝ Գետառ գետն էր օրորել
Իմ երազների ծփանքը մաքուր:

Այդպես, մանկության իմ անուրջներին
Ինչ-որ պղտոր բան խառնվեց ակամա,
Մի բան, որ մեկն է այն «ինչուներից»,
Որին պատասխան երբեք չունեցա…

…Հիմա «աչքաբաց» ախպերս չկա,
Որ «հետնախորշի» դասեր տվեց ինձ,
Է՛հ, ի՞նչ իմանամ ճի՞շտ էր, թե՞ սխալ,
«Ներքին գործածման» «ֆոլկլորը»… խստիվ…

Պարտակա՞ն եմ ես նրան, չգիտեմ,
Նա ինձ ցուցանեց շերտերը ներքին,
Ուր չի թափանցում ոչ ոք ինքն իրեն
Եվ ուր… անզարդ է հմայքը… կյանքի…