""Նախագահն ընդունել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին: Հյուրերը նախագահին են ներկայացրել իրենց գործունեությունն ու ծրագրերը՝ նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են Հայաստանում եվրոպական բիզնեսի ընդլայնմանն ու զարգացմանը, օտարերկրյա ներդրումների խրախուսմանը, բարենպաստ գործարար միջավայրի ձեւավորմանը:

Հանդիպմանը քննարկվել են եվրոպական երեկրների հետ գործարար կապերի ակտիվացման, տնտեսական դաշտը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու հետ կապված հարցերը՝ կարեւորելով օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարն ու առողջ մրցակցության խրախուսումը:

Նախագահն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի՝ Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատարին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի՝ Հայաստանում եւ Վրաստանում Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին եւ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առեւտրի եւ ներդրումների ծավալների ընդլայնման հնարավորությունները, տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին եւ հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Կոպիրկինն իր գործունեության ժամանակահատվածում առավելագույն ջանքեր կներդնի պատմականորեն ձևավորված բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության առավել ամրապնդման ու զարգացման գործում: Իր կողմից նախագահն ամենայն աջակցության պատրաստակամություն է հայտնել դեսպանի բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն երկկողմ հարաբերությունների խորացմանը:

Դեսպան Կոպիրկինը Հանրապետության նախագահին փոխանցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները: Նա վստահեցրել է, որ կանի հնարավորն ավելի խորացնելու եւ ամրապնդելու երկու երկրների ռազմավարական դաշնակցային հարաբերությունները:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են, որ ռազմավարական դաշնակից երկու երկրների հարաբերությունները տարեցտարի ընդլայնվում են՝ ընդգրկելով նոր ուղղություններ:

Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 7-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նախագահ Սարգսյանը ողջունել և կարևորել է Միացյալ Նահանգներում համահայկական նշանակության հարցերով մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համահայկական օրակարգային հարցերի, դրանց լուծման ուղղությամբ նոր ուղիներ գտնելու, աշխատանքն ավելի արդյունավետ ու նպատակային դարձնելու հնարավորությունների վերաբերյալ:

Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները հպարտությամբ փաստել են Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունների խաղաղ բնույթը և անձամբ նախագահ Սարգսյանի կարևոր և հավասարակշռող դերն այդ գործում: