""Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 16-ի նիստում Դավիթ Գեւորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ:
Շնորհավորում ենք նորանշանակ մարզպետին եւ մաղթում աշխատանքային հաջողություններ:———————————————————————

Սիրելի ընկերներ, ինչպես շատերդ արդեն գիտեք, ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել եմ Արագածոտնի մարզպետ: ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնում ունեցածս կարճատև, բայց չափազանց բովանդակային աշխատանքիս ընթացքում հասցրել եմ բազմակողմանի ծանոթանալ մեր մարզերի ու տարբեր համայնքների խնդիրներին՝ այդ թվում նաև Արագածոտնի մարզի ու համայնքների խնդիրներին: Խնդիրների հետ միասին նաև ծանոթ եմ ներուժին և զարգացման հնարավորություններին:

Առաջնային լուծում պահանաջող խնդիրները բաժանում եմ երկու հիմնական մասի՝

1) Արդարության, օրինականության ու հավասարության լիակատար հաստատում

2) Սոցիալ — տնտեսական վիճակի քայլ առ քայլ բարելավում

Ես առաջին հերթին լինելու եմ սովորողի, աշխատողի, փնտրողի, ձգտողի ու հանուն լավի պայքարողի կողքին: Գնահատելու եմ նախկինում արված բոլոր լավ գործերը ու չեմ պատրաստվում դրոշակ դարձնել նախկինում չարվածը: Քայլ առ քայլ սկսելու եմ մարզի խնդիրների լուծումը: Ամեն բան միանգամից չի կարգավորվի, բայց խնդիրները պետք է լուծումներ ստանան:

Թավշյա, ոչ բռնի հեղափոխության դրական արդյունքներն ու ազդեցությունը պետք է զգա ողջ մարզը՝ մեծից փոքր բոլոր համայնքները, ամբողջ բնակչությունը:

Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին և ամբողջ քաղաքական թիմին այս ահռելի վստահության համար: Ջանք ու եռանդ չեմ խնայելու բոլոր սպասելիքները արդարացնելու համար:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:

Արագածոտն մարզպետ՝ Դավիթ Գևորգյան