""Օգոստոսի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրեց նախարարության կողմից իրականացված ծրագրերի արդյունքները, ամփոփեց պաշտոնավարման 100 օրը:

Նախարարն անդրադարձավ համակարգի հարյուրօրյա գործունեությանը, առանձնացված ստորաբաժանումների ամփոփ հաշվետվությանը, ինչպես նաև պատասխանեց զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին:

Նախարար Հ. Ռոստոմյանը նշեց, որ ավարտական փուլում են կառուցվածքային փոփոխությունները, որոնք նպաստելու են աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանը: Սակայն հավելեց, որ փոփոխությունների ընթացքում ծառայությունից ազատվողներ չեն եղել:

Վերջին շրջանում հետևողական աշխատանք է իրականացվել միջազգային համագործակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ՝ Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի և արդեն իսկ ամուր համագործակցության փուլ թևակոխած այլ գործընկերների հետ:

Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև նախարարության առանձնացված ստորաբաժանումների՝ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության, Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ու Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատանքներին:

Նախարարը նշեց նաև, որ արդյունավետ փոխհամագործակցության ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ:

Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ նախարար Հ. Ռոստոմյանը նշեց, որ լայնածավալ աշխատանքներ են տարվում Երևան քաղաքի 2800 ամյակի, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Սպիտակի երկրաշարժի 30-ամյակի կազմակերպման մասով:

Ասուլիսի ավարտին նախարարը բոլորին հրավիրեց սեպտեմբերի 4-ին ներկա գտնվել ՀՀ ԱԻՆ շքերթին և միասին նշել ԱԻՆ աշխատակցի մասնագիտական տոնը: