""

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանում է ներկայացրել Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ձեռք բերված փոխըմբռնման վերաբերյալ, որի մասին խոսել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Ինչպես հաղորդում է Armday-ը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծում է, որ Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից:

«Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է, որ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։

Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ»,- ասված է ՀՀ ԱԳՆ «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: