#Հենոդուխով ֆեյսբուքյան այս արշավի հեղինակը բլոգեր Տիգրան Քոչարյանն է: Նրա սկսած ֆլեշմոբին միացել է Մխիթարյանի երկրպագուների մի մեծ բանակ, ովքեր #Հենոդուխով հեշթեգով լուսանկարներ ու գրառումներ են տարածում:
Հայ ֆուտբոլիստի երկրպագուները Մխիթարյանի նկատմամբ անարդար վերաբերմունքից իրենց դժգոհությունն են հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի՝ Ժոզե Մոուրինյոյի Ինստագրամի էջում: Այս մասին տեղեկությունը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կայքում: Ըստ հրապարակման՝ Հենրիխ Մխիթարյանի կողմնակիցներն իրենց մեկնաբանություններով ռմբակոծել են Մոուրինյոյի ինստագրամի էջը` պահանջելով «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողի վերադարձը թիմ:

Հայաստանի ազգային հավաքականի և  «Մանչեսթեր Յունայթեդի»  ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի խաղում անգլիական ակումբի կազմում: Մի քանի ոչ վստահ ելույթներից հետո մանչեսթերյան ակումբի մարզիչը որոշել է հայտացուցակից դուրս թողնել հայ ֆուտբոլիստին:

Օգտատերերը տարածում են լուսանկարներ և գրառումներ #ՀենոԴուխով հեշթեգով: Ակցիան մեծ տարածում է ստացել սոցցանցում, որին միացել են թե՛ հայ ֆուտբոլիստներ, թե՛ հայտնի ֆեյսբուքյան օգտատերեր, և թե՛ մարզական պարբերականներ: