Հեղնար Հելեն Ավագյանի բանաստեղծություններից

ԽՐԱՏԱՆԻ

Եկ, բարեկամ, խոսքս լսիր,
Երկար լինի կյանքիդ ճամփան,
Աստծո սերը քեզ ուղեկից,
Լսիր խրատն իմ շահեկան:

Խոհեմներից ճիշտը սերտիր,
Խորդ ու բուրդ է կյանքի ճամփան,
Արդար մարդուն մտերմացիր,
Ծնողիդ դեմ եղիր խոնարհ:

Ժամանակը չի սպասում,
Թռչում է նա որպես մրրիկ,
Խիղճը մարդու հետ է ծնվում,
Երբեք ոսկով այն չես գնի:

Ագահ մարդը չի կշտանում,
Չի հագենում` ինչքան էլ տաս,
Օ՜, ինչքան է նա վշտանում`
Երբ ասում ես. չունեմ, չկա:

Որքան էլ, որ դժվարանց է
Ճանապարհը քո անցնելիք,
Դու մի փորձիր այլոց զանցել,
Խաչը քոնն է մենակ կրիր,

Թե , որ լքի ու հեռանա
Քո հարազատը քեզանից,
Քո մեջ փնտրիր ճիշտ ու սխալ,
Մեղավոր մարդ մի որոնիր:

Ունկն մի դիր բարբաջողին,
Որ չկորցնես ազնիվ մարդուն
Եվ միշտ ջանա նվիրյալիդ
Չմոռանալ երբեք կյանքում…

ՈՒՐ ԳՆԱՄ

Տանից դուրս գամ, բայց ու՞ր գնամ,
ՈՒ՞մ դռները ես թակեմ,
Կողպած տանը լույս չկա,
Աղբյուրներն են ցամաքել:

Ասես գյուղում մարդ էլ չկա,
Ահել ջահել դրսում են,
Դաշտ ու սարի հոտն էլ կորավ ,
Լավ, ու՞ր գնամ,
ճար էլ չունեմ:

Արևաշող սենյակիս մեջ.
Ներսս մութ է, ու հառաչանք,
Ու կշռում եմ ցավս անվերջ,
Բայց ո՞նց քաշը իմանամ:

Ցավն է անորոշ` քաշիցս վեր
Տնքալով եմ քարշ տալիս,
Հուր ու կրակ վառում են տե՛ս,
Ճար չունեմ հեգ կարոտիս:

Թե ինչ-, որ ճար դուք ունենաք,
Մի բալասան ինձ բերեք,
Գիշերային աստղերի տակ
Գինովնալու ճար արեք…

ՃԱԿԱՏԱԳԻՐ

Մայր եմ և տատիկ, և դարձյալ մանչուկ`
Տակավին անհաս իմ երազներին,
Ու ճանապարհս ալեկոծ թռչում,
Տրվում է ծովի խենթ հուզումներին:

Նավակներ կերտող մանուկ եմ դառնում,
Որ փշրվում են գոռ ալիքներից,
Իմ մեջ խորախոր մտքեր են հառնում
Եվ խոսքե՜ր, զորավոր ու զիլ:

Ճակատագիրս հեքիաթ է բերել,
Ինձնից խռոված թախիծ է նա մի,
Եվ ես ուզում եմ խնդալ ու լացել
Եվ արևանալ գրկում մայրիկիս:

Դողում է սիրտս վերահաս հողմից ,
( Հոգուս գանձերն են թոռներս լուսե ):
Տեսնես կլինի մեկն ինձ կարեկից `
Անծիր կարոտս լալով աղեկեզ:

Արցունք հղելով նեցուկ եմ եղել,
Թաքուն եմ կրել ցավերս անթիվ,
Ճակատագիրս Աստված է հինել
Իմ ապրած կյանքի վարքին ի պատիվ…

ԼՈՒՅՍ ՀԱՎԵՐԺՈՂ

Օ՜ իմ մայրամուտ`
շողարձակ կրակ,
Հազարաթև են իմ կարոտները,
Ըղձանքներ ունեմ ես դեռ կիսավարտ,
Մի՛ թող, որ դառնամ տխրադեմ բնորդ:

Հավատս խորն է և անդրդվելի
Անհուն կապույտի հեռաստաններում,
Պիտի դիմադարձ կանգնեմ խուլ ցավին,
Որ տենչանքներս ճախրեն անդադրում,

Բոցերն են թրթռում վերջին մոմերի,
Որ լուսայգ վառեն հավիտենական,
Որ իմ հավերժող լույսը չմարի
Եվ անգայթ անցնեմ ճամփաս մաքառման…

ԱՐԻ ԻՄ ՄԱՅՐԻԿ

Մեր թոնրահացի բուրմունքն եմ առնում,
Թխկենու հոտը մեր վառարանի,
Եվ մի ջերմություն, որ հեռվից հեռու
Պարուրում է ինձ անուրջով իր խիտ:

Մեր տան աղբյուրի պաղ ջուրն եմ ուզում,
Մեկ էլ մայրիկիս ձեռքը քնքշալի,
Որ հպեր այրվող ճակատիս նազուկ
Եվ ջերմ խոսքերից ես զովանայի:

Մեկ է մայրիկ ջան, ես քեզ եմ ուզում
Որքան էլ ցավս փարատող լինի,
Լոկ Մայրն է դստեր ցավերը բուժում,
Ուստի ինձ հետ ես ամեն նեղ պահին:

Նույնիսկ երազում սփոփոմ ես ինձ,
Դու չկաս, սակայն, հոգիտ է ինձ հետ,
Չես թողնում, որ իմ մի մազն ծռվի,
Դու իմ պահապան հրեշտակ հավետ:

Տնքացող ցավիս հետ ես ամեն պահ,
Հևքիս, մրմունջիս ու տանջանքիս հետ,
Տառապանքներիս ուղեկիցն ես հար,
Ինձ հետ ես անվերջ, ուր էլ, որ լինեմ…

Իմ անուշ մայրիկ, չեմ հիշում բնավ,
Որ մեկի հանդեպ չարը բարբառես,
Իմ մեջ է հիմա կանչը քո արյան,
Հպարտ եմ քեզնով ամեն — ամեն տեղ…

Հեղինակ`      Հեղնար Հելեն Ավագյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *