ՎՊ հաշվետվության ուսումնասիրման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ կրթական ոլորտի վերաբերյալ:  Ըստ դատախազության կայքի՝ ՀՀ վերահսկիչ պալատի հրապարակած ընթացիկ հաշվետվության տվյալների հիման վրա իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պայմանագրի կողմ հանդիսացող ՓԲԸ-ի, ՊՈԱԿ-ի, ինչպես նաև քաղաքացի Ա.Մ.-ի հետ 2014թ. ընթացքում կնքված պայմանագրերի կատարման ընթացքում կազմված աշխատանքների հանձնման-ընդունման ակտերում մտցվել են իրականությանը ակնհայտ չհամապատասխանող տվյալներ, ինչպես նաև հաստատվել պայմանագրի պայմաններին չհամապատասխանող հաշվետվություններ, ինչի արդյունքում իրականում չկատարված և խախտումներով կատարված աշխատանքների դիմաց նշված իրավաբանական և ֆիզիկական անձանց վճարված գումարներով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: 

Հիշեցնենք, որ 2014 թ. Կրթության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ կուսակցության փոխնախագահ  Արմեն Աշոտյանը, և փաստացի հենց նրա ղեկավարման տարիներին է պետությանը հասցվել մեծ վնաս:

Ժամանակին  պետությանը հասցված վնասի ու պաշտոնական դիրքի չարաշահման  համար ՀՀԿ-ն «հանուն արդարության» զոհեց իր կուսակից Վազգեն Խաչիկյանին, ով այդ ժամանակ զբաղեցնում էր  Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը և  դատապարտվեց 12 տարվա ազատազրկման:

Այն ժամանակ պետությանը հասցվել էր մոտ 260 միլիոն դրամ վնաս, այս պարագայում խոսքը մոտ 140 միլիոն դրամի մասին է:

Ինչպե՞ս կվարվեն Արմեն Աշոտյանի հետ, արդյո՞ք Աշոտյանը կկրի պատասխանատվություն իր ղեկավարման տարիներին պետությանն հասցված խոշոր չափի վնասի համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աշոտյանը նախարարի պաշտոնից հրաժարվելով այլ պաշտոնի չանցավ, ու դեռ արտերկրում էլ ծեծի ենթարկվեց, կարելի է ենթադրել, որ Արմեն Աշոտյանը զիջել է իր դիրքերը:Եվ չի բացառվում, որ այս նախընտրական փուլում ՀՀԿ-ն «հանուն արդարության»   այս անգամ էլ զոհ տա Աշոտյանին:

politinfo.org