""

*** Ուշ երեկոյան, Հասմիկն արդեն գնացել էր, ներս մտավ Սաքոն երեք մարդկանց հետ։
— Քերոբ, այս մարդիկ ասում են, որ քեզ հետ գործ ունեն,- ասաց Սաքոն ու անցավ խոհանոց։
Եկողները նստեցին, զգացվում էր, որ լարված են, չգիտեն՝ ինչի՞ց սկսել։
— Լսում եմ, խոսեք,- սկսեց Արտյոմը։
— Անունս Վազգեն ա,- սկսեց տարիքովը,- Աշտարակի կողքի գյուղից եմ։ Մեծ տղես մի հիմարություն ա արել, Աշտարակից վերև գտնվող գեներալ Հայրոյի պահեստի համար ապրանք բերելուց՝ մի յաշիկ գավյադին ա գողացել։ Գեներալի մարդիկ իմացել են, կպել են, թե՝ դու ուրեմն միշտ էլ գողություն ես արել, բռնել տարել, պահել են, վրան մեծ գումար են դրել, ասում են, մինչև գումարը ձերոնք չբերեն, բաց չենք թողնի, հիմի Աստված գիտի՝ ինչքան են ծեծել։ Ես գյուղացի մարդ եմ, պահակություն եմ անում, տղես էլ շոֆեռություն էր անում, ունեցած-չունեցածս երկու կով ա, մի հորթ, մի բոլուկ ընտանիք, ես որտեղի՞ց ճարեմ դրանց ուզած փողը, մնացել եմ շիվար։ Տղես էլ պոչկեքից հիվանդ տղա ա, երկու մատղաշ էրեխա ունի։ Հիմի, թե կարաս, Արտյոմ ախպեր, խնդրում եմ, մի բանով օգնի, էդ Հայրոյին մի բան հասկացրա, թող տղուս բաց թողի, ես իրա վնասը մանդր-մանդր կփակվեմ,- խոսքն ավարտեց գյուղացին ու գլուխն առավ ափերի մեջ։
Արտյոմը երկար լռում էր, հետո հարցրեց,
— Իսկ այդ պահեստ-անգարում ի՞նչ է պահեստավորել, որտեղի՞ց։
— Դե,- ձեռքերը տարածեց Վազգենը,- ուտելիք ա, սպիտակեղեն, տարբեր ապրանքներ, ինքը բանակի թիկունքի գծով տեղակալ ա, ինչ որ բանակը ստանում ա, ինքն իրա բաժինը կրում ա անգար։
— Լավ, հասկացա,- նորից երկար լռելուց հետո, ասաց Արտյումը։
Հետո դարձավ Սաքոյին․
— Սաքո, մի երկու տղա ուղարկում ես կամ ինքդ ես գնում Վազգենի հետ, տեղում մարդ ես գտնում, ինձ ապացույց, փաստ է պետք, որ անգարը գեներալին է։
***
Բանակի գեներալ, նախարարի թիկունքի գծով տեղակալ Հայրապետ Սիմոնյանը մի կողմ դրեց բիլիարդի ձողն ու նայեց ներս մտած վարորդին․
— Ի՞նչ կա, Գոռ։
— Պարոն գեներալ, գող Ծյոմն ա մարդ ուղարկել, ուզում ա Ձեզ տեսնի։
— Ծյո՞մը, էդ ի՞նչ է ուզում, ա՞ղն է պակաս, թե՞ մաղը։
— Տեղյակ չեմ, պարոն գեներալ, եկածը ուրիշ բան չի խոսում։
— ՈՒզու՞մ է, թող գա, էստեղ տեսնի,- հեգնանքով նետեց գեներալը։
Հետո հանեց հեռախոսը, համար հավաքեց․
— Քըստ, էն ձեր Ծյոմն է մարդ ուղարկել, թե՝ ուզում եմ քեզ տեսնել, էդ ի՞նչ խաբար է։
— Խաբար չեմ, չեմ կարա որևէ բան ասեմ։
— Լավ, թող գա տեսնեմ, բայց վաղն իրիկունը դու էլ էստեղ եղիր, տեսնենք՝ ի՞նչ է երգում։
Երբ հաղորդեցին գեներալի ասածը, Արտյոմը շատ հանգիստ ընդունեց այն։
Հաջորդ օրը երեկոյան, մի քանի տղաների, Սաքոյի ու Նորոյի հետ, մտավ գեներալի սեփականությունը հանդիսացող բիլիարդանոցը, տղաները մնացին դռան մոտ, ինքը Նորոյի հետ առաջացավ։ Բազմոցին նստած Քըստի ներկայությունը անսպասելի չէր, գիտեր գեներալի հետ նրա մտերմության մասին։ Մոտեցավ, ձեռքով բարևեց Քստին ու նստեց սեղանի մոտ՝ գեներալին դեմ դիմաց։
— Ասա, լսում եմ,- նետեց գեներալը։
Արտյոմը իրեն հատուկ սառը անշտապողությամբ, հանդարտ դեմքով, առանց որևէ խոսքի, ծոցագրպանից հանեց ու գեներալի դեմ, սեղանին գցեց մի քանի նկարներ։ Վերջինս վերցրեց դրանք, հերթով նայեց։ Ինքն էր՝ պահեստ-անգարի բակում, անգարի ներսում։ Արտյոմը ուշադիր հետևում էր նրա դեմքին, որը ջղաձգվեց։ Գեներալը նետեց նկարներն ու թաքցնելով անհանգստությունն՝ ասաց․
— Հա, հետո ի՞նչ։
— Հետո այն,- Արտյոմը ծոր տվեց բառը, ապա նորից կրկնեց,- հետո այն, որ ամոթ չէ, երբ գողն է գողանում, երբ սովածն է գողանում։ Էդպես չէ՞, Քըստ,- ասաց, առանց հայացքը գեներալից կտրելու,- էդպես չէ՞, Քըստ,- նորից կրկնեց՝ քիչ ավելի շեշտված։
— Հա, էդպես ա,- ատամների արանքից նետեց Քըստը։
— Իհարկե, էդպես է,- շարունակեց,- բայց շատ ամոթ է, երբ գեներալն է գողանում, այն էլ գողանում է իր բանակի, իր զինվորի բերանի հացը, էդպես չէ՞, Քըստ,- ու նորից հայացքը չթեքեց գեներալի արդեն կարմրատակող դեմքից։
Քըստից ձայն դուրս չեկավ, զգաց, որ ծուղակում է։
— Այ, տեսնու՞մ ես, Քըստ, լռում ես, քանի որ գիտես, որ այո, ամոթ է, երբ գեներալն է գողանում իր զինվորի հացը, այն զինվորի, որը սահմանն է պահում, որը պատերազմում է թշնամու դեմ, վիրավորվում է, զոհվում է, որ ես, դու, գեներալների ու իշխանավորների բանակում չծառայած լակոտները այստեղ իրենց ուզած կյանքով ապրեն,- Արտյոմը խոսում էր հանդարտ, քիչ անտարբեր, ցածր ձայնով, կարծես իր առջև եղած երեխային էր բան բացատրում, դեմքի վրա ոչ մի միմիկա չէր շարժվում։
— Ասելիքդ ասա, ուզածդ ի՞նչ է,- հազիվ լսվեց գեներալի թունոտ ձայնը։
— Ուզածս այն է, որ բաց թողնես մի արկղ մսի պահածո գողացած էն հիվանդ տղային ու՝ հենց հիմա։
Գողն ու գեներալը մի երկար պահ նայում էին իրար։ Հետո գեներալը գլուխը շուռ տվեց դռան մոտ կանգնած իր վարորդի կողմը․
— Գոռ, էն գյադուն հանիր, տուր իրենց։
Լարված րոպեներն անցան, մինչև Արտյոմի հետ եկածներից մեկը ներս եկավ ու ասաց, որ տղան իրենց մեքենայի մեջ է։ Բայց Արտյոմը տեղից շարժվելու, վեր կենալու կարծես մտադրություն չուներ։ Գեներալը հարցական նայեց։
— Էլ ի՞նչ կա։
Արտյոմը վառած սիգարետի ծուխը ներս քաշեց, առաջին անգամ նայեց Քըստի կողմը, ապա գեներալին։
— Անգարում պահեստավորած ողջ գողոնը պետք է վերադարձվի բանակին։
Գեներալը անակնկալի եկած՝ մեկ Քըստին նայեց, մեկ՝ Արտյոմին։
— Ողջ գողոնը պետք է վերադարձվի բանակին, զինվորին,- կրկնեց, ապա դարձավ Քըստին,- սխա՞լ եմ, Քըստ։
Քըստը քարացած նրան էր նայում։
— Հենց հիմա վարորդիդ դնում ես, որ իմ տղաների հետ գնա, կազմակերպի այդ գործը, առաջիկա երկու օրերի ընթացքում եղածը հասցվի զորամասեր՝ քո ներկայացուցչի հետ։
— Ծյոմ, արի, չշտապենք, առաջարկում եմ՝ եղածը կիսվենք ախպերավարի,- որոշ լռությունից հետո, տեղում վճռական շարժվեց գեներալը։
— Չսխալվես նորից կրկնել առաջարկդ,- հեգնանքով գլուխն օրորեց Ծյոմը։
Հանկարծ լսվեց Քըստի ձայնը․
— Ծյոմ, գուցե փոխադարձ համաձայնությա՞ն գաք։
— Քըստ, թե ուզում ես, հարցը կարող ենք տեղափոխել, բոլորի մասնակցությամբ սխոդկա անել, թե՝ ինչպե՞ս վարվել բանակի 18 տարեկան զինվորից գողացածի ու նաև՝ էսպիսի գողի հետ,- առանց խոսակցի կողմը նայելու՝ նետեց Արտյոմը։
Քըստը նորից լռությամբ պատասխանեց։
— Որոշիր,- նորից գեներալին դարձավ։
Գեներալը հասկացավ, որ այդ պահին ինքն այլ անելիք չուներ, տարածքում միայն ինքն ու վարորդն էին, Քըստի ու նրա հետ եկածի հետ հույս չէր կապում, իսկ Արտյոմը խմբով էր եկել, որն անկասկած զինված էր։
— Գոռ,- ձայնեց վարորդին,- հենց հիմա այս մարդկանց հետ գնում ես, անում ես այնպես, ինչպես կասեն։
Արտյոմը վեր կացավ տեղից, առանց հրաժեշտի քայլեց դեպի ելքը, գեներալի կողքից անցնելիս՝ ձեռքը անսպասելի գցեց, պոկեց գեներալական ուսադիրը, նետեց սեղանին ու արագ դուրս եկավ։ Նրա հետևից դուրս եկավ Նորոն, որն այդպես էլ ոչ մի բառով չխառնվեց խոսակցությանն ու անգամ չնայեց Քըստի կողմը։ Գեներալը կատարվածից չհասցրեց ուշքի գալ։ Բավական ժամանակ անց միայն, ատելության մի հայացք գցեց Քըստի վրա, արյունով լցված աչքերն, ասես ուզում էին դուրս թռչել ակնախոռոչներից։ Այդ պահին նրա թշնամին Քըստն էր, որը ներկա էր եղել իր նվաստացմանը։ Արագ վեր կացավ, կախիչից կախված պիջակի գրպանից հանեց ատրճանակը, այն ուղղեց դեպի գողը։
— Բա քեզ ինչի՞ համար եմ պահում, որ էսօրվա օրով ինձ պետք չեկար, անասուն։
Քըստը իրեն չկորցրեց, տեղից վեր թռավ։
— Համբերիր, ես քեզ խոստանում եմ՝ Ծյոմի հարցերը ինքս կլուծեմ, գողի երդում եմ տալիս։
— Կորիր աչքիցս,- շնչահեղձ լինելով՝ հազիվ արտաբերեց գեներալն ու իրեն գցեց բազմոցին։

Մելանյա Պետրոսյանց

Կարդացեք նաև՝ Օրենքով գողը (վերջին մոհիկյանը)  և      

ԾԵՐ ԳՈՂՆ Ու ՍԵՐԸ