Սեղանի վրա փռված Սիգար Համոյի տան նախագծի վրա թեքված երեք տղամարդիկ ուշադիր հետևում էին Արտյոմի մատի շարժումներին։

""

— Վաղը, ցերեկվա ուղիղ ժ․ 1-ն անց 15 րոպեին էլեկտրոցանցի աշխատակից մեր մարդը կանջատի այդ թաղամասի ընդհանուր էլեկտրոէներգիան, իսկ դրանից առաջ՝ ժ․ 1-ից 10 րոպե պակաս, դայակը շորով կխցանի տան երկրորդ հարկի կոյուղին, հատուկ նյութով տունը կողողի նեխահոտով, տանը գտնվող բոլորին կառաջարկի դուրս գալ բակ, մինչև նեխահոտը անցնի։ Ախրանայի պետը ժ․1-ից 10 րոպե պակաս, մյուս տղաներին կառաջարկի որևէ բան ուտել։ Դայակը ձայն կտա, որ տան կոյուղին խցանվել է, կեղտաջուրը տունն է լցվում։ Ախրանայի պետը կասի, որ զանգում է կոմունալ ծառայությունից մարդիկ գան, կոյուղու վթարը վերացնեն։ 1-ն անց 15 րոպե մեր մեքենան կմտնի բակ, թիկնազորի պետը մյուս տղաներին կասի, որ նրանք շարունակեն ուտելը, ինքը բանվորներին կուղեկցի, կհետևի գործին։ Բոլորդ տուն կմտնեք, կբարձրանաք երկրորդ հարկ։ Դուք ունեք միայն 20 րոպե, 20 րոպեից էլեկտրոէներգիան կմիացնեն։ Գործի հաջող ընթացքից հետո, դայակը, քանի որ Հոլանդիայում ժամանակավոր կեցության իրավունք ունի, իսկույն գնում է Սասունցի Դավիթ կայարան, Թբիլիսի գնացող որևէ մեքենայով հասնում է Թբիլիսի, այնտեղից՝ Հոլանդիա։ Մյուսներդ էլ արդեն գիտեք ձեր գնալիք տեղերը։ Դե, հաջողություն, կսպասեմ լավ լուրի։

Առավոտյան Հասմիկը եկավ ու իսկույն զգաց Արտյոմի անհանգիստ վիճակը, թեև վերջինս բակի տաղավարում նստած էր հանգիստ ու Տիբեթյան ուսմունքին վերաբերվող ինչ-որ գիրք էր թերթում, բայց պարզ զգացվում էր, որ չէր կենտրոնանում կարդացածի վրա։ Սուրճ բերեց, բայց Արտյոմը չարձագանքեց նրա ներկայությանը, նախորդ օրերի նման չկատակեց, եփելու համար որևէ հանձնարարություն չտվեց։ Կեսօրին նրա անհանգտությունն ավելի տեսանելի դարձավ, շարունակ ներս ու դուրս էր անում, անվերջ ծխում։ Ժամը 2-ին մոտ, հեռախոսի զանգ եկավ։ Արտյոմը ինքը վերցրեց սեղանի վրա դրված հեռախոսը։

— Ամեն ինչ նորմալ է,- լսվեց հեռախոսի մեջ։

— Եղավ,- մեկ բառով պատասխանեց Արտյոմն ու ներս մտավ։

— Հաս, մի կարգին սուրճ պատրասիր, բան հասկանամ,- օրվա մեջ առաջին անգամ կիսաժպիտ դիմեց կնոջը։

Մելանյա Պետրոսյանց