ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2016 թվականի ընթացքում Հայաստանում առավելապես աճել է պղնձի խտանյութի և ֆեռոմոլիբդենի թողարկման ծավալները, նվազել՝ ալյումինի գլանվածքի և մոլիբդենի բրիկետների թողարկման ծավալները:
2016-ի հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ-ում պղնձի խտանյութի թողարկման ծավալներն աճել են 26%-ով և կազմել 357.5 հազար տոննա: Ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալներն աճել են 14%-ով և կազմել 5 հազար 870 տոննա: Կոնվերտորային պղնձի արտադրությունն աճել է շուրջ 12%-ով և կազմել 11 հազար 656 տոննա:

Միևնույն ժամանակ, մոլիբդենի խտանյութի թողարկման ծավալները պահպանվել են գրեթե նույն մակարդակում՝ 9 հազար 760 տոննա: Ցինկի խտանյութի թողարկման ծավալները կրճատվել են 30%-ով և կազմել 7.35 հազար տոննա:
Այլումինի փայլաթիթեղի արտադրության ծավալները կրճատվել են շուրջ 4%-ով և կազմել 26.2 հազար տոննա, իսկ ալյումինե գլանվածքի արտադրության ծավալները կրճատվել են շուրջ 2 անգամ՝ կազմելով 5.6 տոննա:

Սացվում է, որ 11 ամսում մեր երկրում պողպատյա խողովակների արտադրությունը կրճատվել է մոտ 25%-ով՝ կազմելով 7.3 հազար տոննա: Նշենք, որ հանքային արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածներից մեկն է և ապահովում է արտահանման շուրջ մեկ երրորդը և ունի առանցքային նշանակություն:

Մանե Զաքարյան