«Հանրապետությունը», ԼՀԿ-ն և ՔՊ-ն ԱԺ ընտրություններին կմասնակցեն դաշինքով, նաև կբանակցեն մեկ կուսակցություն դառնալու շուրջ

«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները քիչ առաջ ստորագրեցին հուշագիր, որի համաձայն՝ 3 քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններում հանդես են գալու միասնաբար, այսինքն` դաշինքով:

Քիչ հետո տեղի կունենա երեք քաղաքական ուժերի մամուլի ասուլիսը։

Այս ընթացքում երեք քաղաքական ուժերը բանակցելու են կուսակցություն ստեղծելու շուրջ: Իսկ իրենց դաշինքը համալրելու վերաբերյալ դիմումները երեք կուսակցությունները քննարկելու են համատեղ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Facebook-ի էջում զետեղված է հուշագրի տեքստը.

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝

— հավատարիմ լինելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց հանձնառությանը,

— գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման հրատապությունը,

— ելնելով Հայաստանի արդիականացման և ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունից,

— ականջալուր լինելով հակասությունները հարթելու և համագործակցության հիմքեր դնելու հանրային պահանջին, 

Համաձայնության եկան համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին:
Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝

ա) 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին և Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար՝ ընտրական դաշինքով:

բ) համատեղ գործունեության (այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման) վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով: 

գ) համատեղ գործունեության արդյունքում կսկսեն բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ:

դ) հետամուտ են Հայաստանում եվրոպական մոդելի՝ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ։ 

ե) արձանագրում են, որ իրենց համատեղ գործունեությունը հիմնված է Հայաստանի շահերի գերակայության սկզբունքի վրա և նպատակ ունի ապահովել Հայաստանի երկարատև ու կայուն զարգացումը:

Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի նախագահ


Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի նախագահ


Սասուն Միքայելյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ»։

""
""
""
""
""
""
""
""

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *