Հանրային Խորհուրդը կունենա իր մշտական գրասենյակը

Հանրային Խորհուրդը վերջապես կունենա իր մշտական գրասենյակը

 

Սիրելի հանրություն և ՀԽ գործընկերներ,

 

Մեծագույն ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀ կառավարության նիստում ընդունվեց բոլորիս կողմից երկար՝ անգամ մեկ տասնամյակ, սպասված որոշումը, որի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից ընդհանուր առմամբ 331.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից 4-րդ հարկից 74 քառ. մետր (դահլիճ) և 5-րդ հարկից 257,9 քառ. մետր, որի մեջ՝ աշխատասենյակներ, փոքր հանդիպումների սրահներ) տարածք ամրակցվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ Հանրային խորհրդի տեղակայման նպատակով։

 

Բոլորիս անունից խորին շնորհակալություն եմ հայտնում ՀԽ անդամ պարոն Գաբրիել Ջեմբերջյանին, ում հյուրընկալ հարկի տակ շուրջ 2 տարի մենք կազմակերպել ենք մեր աշխատանքները։

 

Մեծագույն շնորհակալություն ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին / Arsen Torosyan, աշխատակազմի գործերի կառավարչությանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ու ներկա ղեկավարներ պարոնայք Նարեկ Բաբայանին Նարեկ Բաբայան ու Գարիկ Սարգսյանին Garik Sargsyan / Գարիկ Սարգսյան շատ կառուցողական աշխատանքի ու որոշման նախագծի պատրաստման, և վերջապես ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին / Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ու կառավարությանը՝ մեզ տրված խոստումը իրականացնելու ու այս որոշման ընդունման համար։

 

Ես ուրախ եմ, որ ՀԽ հաջորդ նախագահներն ու անդամները այլևս նման խնդիրներով զբաղվելու անհրաժեշտության առջև չեն կանգնի, քանզի ՀՀ կառավարության հետ մեկտեղ արագ և հստակ եկանք այն փոխըմբռնման, որ սահմանադրական մարմինն իր գործունեության իրականացման համար ոչ պետք է բյուջետային միջոցների հաշվին վարձակալի տարածքներ, ոչ էլ մնա միայն հրաշալի բարերարների /իսկ մեր կազմում պարոն Ջեմբերջյանից բացի շատերն են իրենց անձնական ներդրումը կատարել, ինչպես՝ Արսեն Ղազարյանը Անի հյուրանոցում նիստերի համար տարածք տրամադրելով, ՀԲԸՄ և պարոն Վազգեն Յակուբյանը՝ ժամանակ առ ժամանակ և անհրաժեշտ պահերին ու կարևոր քննարկումների համար նիստերի դահլիճ տրամադրելով, ՀԽ գործընկերներից շատերն իրենց տարածքում հանձնաժողովների նիստեր գումարելով, և այսպես շարունակ, ինչի համար խորին շնորհակալություն նաև թվարկված ու չթվարկված մեր բոլոր գործընկերներին/ բարեհաճ հյուրընկալության, աջակցության, ներդրման հույսին, և պետությունը իր կողմից պետք է կատարի իր պարտականությունը՝ ապահովելով գրասենյակային տարածքով։

 

Իր հիմնադրման պահից 10 տարի անց դա այլևս իրականություն է։

 

Կառավարության որոշման հղումը՝ այստեղ․ https://www.e-gov.am/gov-decrees/item/36134/

 

Հանրային խորհրդին, նրա բոլոր հանձնաժողովներին մաղթում եմ լավագույն քննարկումները, մեր հանրության ու պետականության զարգացման լավագույն ծրագրերի գեներացումը սեփական հարկի տակ։

 

Ստյոպա Սաֆարյան

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ

 

Հետգրություն․ Հանրային խորհրդի գրասենյակը տեղակայված կլինի Հանրապետության Հրապարակի այս շենքի 4-րդ և 5-րդ հարկաբաժիններում։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *