Կարեն Գրիգորյան. նա մի զարկն է մեր բազկի…

Մերօրյա պատերազմի նահատակներից է Կարեն Արբենի Գրիգորյանը: Բնօրրանը Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղն է, որտեղ աչք է բացել 2001թ. օգոստոսի 19-ին: 2008-2019 թթ. սովորել եւ ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը՝ գերազանց առաջադիմությամբ։ Ուսուցիչների եւ դասընկերների շրջանում եղել է սիրված ու հարգված: Հարազատները, մտերիմները, ընկերները, նրա հետ բազում հույսեր էին կապում երկրային կյանքում: Բայց Կարենին բաժին հասավ երկնային կյանքը: Եվ այժմ խորը կսկիծով եւ ափսոսանքով են հիշում։ Միջնակարգն ավարտելուց հետո անմիջապես ընդունվել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարան։ Չորս ամիս համալսարանում սովորելուց հետո, ուսումը կիսատ թողնելով, 2020 թ. հունվարի 19-ին զորակոչվել է զինծառայության, որի առաջին վեց ամիսն անցկացնելով Լուսակերտի ուսումնական գումարտակում, ճանաչվել է լավագույն հրետանավորներից մեկը եւ ստացել սերժանտի կոչում։ Լուսակերտից հետո տեղափոխվել է Տավուշի մարզի Մեհրաբ զորամաս եւ շարունակել է ծառայությունը՝ կատարելով իր առջեւ դրված պարտականությունները։ Մասնակցել է 2020թ. հուլիսի 12- ին սկսված Տավուշյան մարտերին եւ, փայլուն կատարելով մարտական առաջադրանքները, արժանացել է «Արիության մեդալի»։ Կարենը հայրենասեր եւ նվիրված զինծառայող էր, բավականին կայացած՝ հայրենիքի պաշտպանության գործի համար։ Մեծ հեղինակություն էր վայելում զինակից ընկերների եւ հրամանատարական կազմի կողմից։ 2020 սեպտեմբերի 27-ին, երբ Արցախյան ճակատում սկսվեցին լայնամասշտաբ մարտեր՝ տարբեր ուղղություններով, Կարենն իր մարտական ընկերների եւ հրամանատարների հետ տեղափոխվեց Արցախ ու ներգրավվեց մարտական գործողությունների մեջ։ Պատերազմի օրերին պարբերաբար զանգահարում, խոսում էր իր ծնողների հետ։ Բարձր տրամադրությամբ փորձում էր հանգստացնել մայրիկին՝ ասելով, որ ամեն ինչ լավ կլինի, ու հաղթանակը մերը կլինի։ Մարտերի ժամանակ Կարենը ցուցաբերել է խիզախություն եւ հնարամտություն: Հրետանային կրակ վարելով՝ ոչնչացրել է հակառակորդի չորս տանկ եվ կասեցրել առաջխաղացումը։ Հոկտեմբերի 28-ի օրը ճակատագրական եղավ նրա համար. հակառակորդի դիպուկ հարվածը կտրեց հայրենիքի պաշտպանի կյանքի թելը… Քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում, հավերժի ճամփորդ դարձած Կարեն Գրիգորյան:

Կարենի մասին դասընկերուհին ևս արտահայտել է իր կարծիքը․․․

Իմ դասընկերը 29.10.20-ին միացավ “աստվածների” ջոկատին:Նրանց առաքելությունը այլ է. Նրանք ծառայում են ոչ թե 2 տարի,այլ մի ամբողջ հավերժություն…Նրանք ունեն տարբերվող առաջադրանք՝երկինքը ամուր պահել իրենց ուսերին և ոչ մի դեպքում չլքել զորքին։ Նրանք հատընտիր են,ամեն մարդ չի կարող միանալ այս ջոկատին։ Այն դեպքում է դա լինում, երբ հողը դողում է նրանց ոտքերի տակ և ի զորու չի լինում աշխարհը նրանց իր վրա պահել։ Աշխարհը ծնկաչոք ,մի կերպ նրանց պահում է իր վրա, և երբ նրանք կատարում են երկրային առաքելությունը, երկնքի բանակը դռները բաց դիմավորում է իր նորակոչիկին .
Սյսօր կխոսեմ Կարենի մասին։Նա ինձ համար չի սահմանափակվում որպես դասընկեր։ Նա,ինչպես նաև մնացածը, ինձ համար իմ եղբայրներն են (ես չեմ պատրաստվում նրա մասին անցյալով խոսել) ,այնպես որ, ինձ ընկալեք ոչ թե ընկեր այլ եղբայր կորցրածի։Իր մահը փոխեց իմ և կյանքի հարաբերությունները…Այ հիմա հասկանում եմ՝ ով է մեզանից հրամայողը, ով՝ կատարողը . մինչ պատերազմը ես այն “նշանավոր” հարցին, թե կցանականայի՞ արդյոք տեղափոխվել անցյալ կամ ինչ որ բան փոխել ապրածումս, պատասխանում էի՝ոչ .հիմա այլ է …ես երազում եմ ունենալ այդ հնարավորությունը ,թեկուզ մի քանի վայրկյան տեղափոխվել անցյալ ու վայելել այն պահը, երբ Կարենը մեզ հետ էր նաև ֆիզիկապես։Միգուցե եթե իմանայի, որ այսպես է լինելու, մի քիչ քիչ վիճեի հետը,միգուցե ընդհանրապես չվիճեի ,միգուցե ամեն անգամ նրան տեսնելուց ինձ կարգի բերեի ՝չէ որ հերոսի հետ նույն օդը շնչելը պարտավորեցնող է… Չգիտե՜մ …Ես միշտ ասում էի, որ չեմ վախենում մահից,հիմա հասկացա ,որ ես եսասեր եմ(յուրաքանչյուրս մեր մահով ամենաքիչը ցավեցնում ենք մեզ) …հասկացա ,որ “ես չեմ վախենում մահից” նախադասության մեջ դերանուն է պակասում՝ անձնական դերանուն ՝իմ ։Այո՛, ես այսուհետև կասեմ ,որ չեմ վախենում իմ մահից ,բայց իմ մտերիմների մահից սարսափում եմ,սարսափում եմ կորցնելուց… Կյանքը խաղ է։Այն ժամանակ մտածում էի, որ մենք ենք կյանքին խաղացնում, իսկ հիմա հակառակն եմ պնդում ՝մենք խամաճիկ ենք կյանքի ձեռքում …ինչպե՞ս բացատրեմ. Դուք կյանքում մտածել եք, որ մի քանի միլիմետրանոց երկաթի կտորը կխլի ձեր կյանքը ,կամ ավելի վատ ՝ձեր հարազատի կյանքը …չէ՞ … ես էլ չէ …հենց այն ժամանակ, երբ ես ու դուք այդպես էինք մտածում ,կյանքը բացել էր անճոռնի երախը և ծիծաղում էր մեր վրա։Մի քանի միլիմետր այն կողմ և այդ անիծյալ երկաթի կտորը գետնին չէր տապալի հազարավոր երազանքներ … Կյանքը մի հարցում էլ ինձ հաղթեց. Մինչ այս պահը ես մտածում էի ,որ լավատես եմ ,բայց երբ սկսվեց այս “դեպի խաղաղություն տանող միակ ճանապարհը”,ու ես կլանված ամեն օր սկսեցի կարդալ սև ցուցակը ,աղոթելով ,որ “ծանոթ անուն” աչքերս չտեսնեն ,ու երբ “ծանոթ անուն” չհանդիպելով սկսում էի նորից շնչել,նկատեցի կյանքի քծնող ժպիտը…կրկին պարտություն, այո՞ …նա ապացուցեց ,որ ես հոռետես եմ (ծանոթ անուն էիր փնտրում հա՞) , ու մեկ անգամ ևս շպրտեց դեմքիս եսասիրությանս փաստը (ծանոթ անուն չկարդալով սկսեցիր շնչել հա՞) …Այս պայքարում էլ տանուլ տվեցի:

Պատկերացնում եմ հպարտությամբ տոգորված հայացքս ,երբ իմանայի, որ հերոս է իմ կողքի նստարանին նստած՝ լավ մաթեմատիկա իմացող տղան ….լա՜վ, Կարե՛ն,արի խոստովանեմ ,որ դու ինձնից լավ գիտեիր մաթեմատիկա ,ասեմ ավելին ՝ ես քեզնից մեկ -մեկ արտագրում էի գրավորների ժամանակ (գրավորի ժամանակ սովորաբար իր կողքը նստելու համար հերթեր էին գոյանում)։ Ես հպարտ եմ, որ քեզ նման դասընկեր ունեմ…հիմա չեմ հավատում , որ սա իրականություն է .. ինձ շատ մեղավոր եմ զգում քո և քո նման հերոսների առաջ :
…Ուզում եմ ասել՝ կներես …վստահ եմ, որ կկարդաս սա,որովհետև մեզ հետ չես միայն ֆիզիկապես ։Չգիտեմ ոնց կկազմակերպենք մեր դասարանական հանդիպումները…երևի գանք քո “տուն” …երևի գանք ու ժպիտով հիշենք մեր անցյալը .Ա՜խխ,ինչքան բան կփոխվեր , եթե իմանայինք, որ քեզ հավերժ տեղափոխելու են երկնային բանակ …կներես …սիրում ենք ու կարոտում … ու հավերժ աղոթում քո հոգու խաղաղության համար։
հգ. Մի բան էլ փոխվեց …այն ժամանակ մենք էինք քեզ սպասում,իսկ հիմա ՝ դու մեզ… ❤

Մարիամ Պողոսյան