Կիսախավար միջավայր, հանգստացնող երաժշտություն և տարբեր մարդիկ, ովքեր հավաքվել էին թեյի շուրջ՝ նույն դրական մտքերով, լուսավոր տրամադրվածությամբ ու ջերմ էներգիայով: Հետևելով օրվա խորհրդին՝ թեյի միջազգային օրը չինական թեյախմության արարողությանը ներկա գտնվեցինք և մենք:
Թեյը Չինաստանում դասվում է ամենօրյա օգտագործման յոթ իրերի թվին՝ փայտի, բրնձի, կարագի, աղի, սոյայի հյութի և քացախի հետ:
Այն առաջացել է մոտ հինգ հազար տարի առաջ: Ըստ լեգենդի Շհեն Նուն կայսրը, ով համարվում էր հողագործության ոգին, տարբեր բույսերի միջոցով փորձարկումներ էր անում՝ պարզելու բույսի էներգիան և նրա թողած ազդեցությունը: Մի անգամ նա փորձարկում է 100 խոտաբույս, որոնցից 72-ը թունավոր էին: Ու մահամերձ վիճակում, երբ նստած է լինում ծառի տակ, թեյի տերևն ընկնում է նրա գլխին: Կայսրը ուտում է այն, մեծ ուժ ստանում և լիովին կազդուրվում: Այս պատմությամբ է սկսում չինական թեյի արարողությունը թեյի վարպետ Զորայրը, ով արդեն երկու տարի <<արդարության բաժակից>> լցնում է թեյն ու փորձում թեյախմության մասնակիցներին ծանոթացնել թեյի հատուկ էներգիայի և նրա յուրահատկությունների հետ: << Յուրաքանչյուր թեյ յուրովի ազդեցություն է թողնում մարդու վրա: Այն պարզապես հաճելի ընպելիք չէ, թեյն օգնում է մարդուն հասնել ինքնաճանաչման, հանգստացնում է նյարդերն ու հոգին՝ պարգևելով առողջ և երկարակյաց կյանք >>,- նշում է Զորայրն ու ավելացնում, որ դրանում համոզվել է մոտ չորս տարի առաջ, երբ առաջին անգամ չինական թեյ է խմել, որից հետո պարբերաբար հաճախել է Էոն թեյի ակումբում կազմակերպվող թեյախմություններին, ծանոթացել թեյերի տեսակներին, ուսումնասիրել դրանք ու դրանց պատրաստման եղանակները: Թեյախմության արարողությանը մեկ անգամ ներկա գտնվելը բավական էր, որպեսզի որոշում կայացնի՝ անձամբ է զբաղվելու չինական թեյախմությունների կազմակերպմամբ ու թեյերի ուսումնասիրությամբ: Թեյի վարպետը խոսեց նաև թեյերի տարբեր տեսակների մասին՝ նշելով, որ յուրաքանչյուրը պահանջում է պատրաստման առանձնահատուկ մոտեցում՝ հատուկ ջերմաստիճան, թուրմը պատրաստելու համար թեյի հատուկ քանակություն, իսկ թեյի էներգիան թեյի ծառը ստանում է բնության բոլոր ուժերից՝ կլանելով ջրի, հողի ու երկնքի էներգիան: Թեյի տերևների և ջրի միախառնման արդյունքում ծնվում է մի ներդաշնակ միություն, որն իր մեջ կրում է բնության բոլոր հիմնական տարրերի ուժը:
Զորայրի խոսքերով թեյի մշակույթն աստիճանաբար ավելի լայն տարածում է գտնում Հայաստանում, որին նպաստում է նաև Էոն հակասրճարանը, որն արդեն երեք տարի շարունակ անցկացնում է չինական թեյախմություններ՝ նպասելով թեյի մշակույթի զարգացմանը, տարածմանն ու ծանոթացմանը՝ որպես առողջարար ընպելիք և ինքնաճանաչման յուրահատուկ միջոց:

Սյունե Մանուչարյան

""

""