ԳՆԱՑՔՆԵՐԸ

Գնա’ ու մաքրիր բոլոր հետքերը.
Ինձ պետք չէ քեզնից այլևս ոչինչ,
Դու կորցրեցիր կյանքի գանձերը`
Հիմա ցնորք է թափառում աննինջ:

Ցնորք է կյանքը, ցնորք էիր և դու
Խաբկանքի բովով մենք անցանք
պարտված,
Այժմ նայում ենք նորից մեկմեկու,
Դիմացը անդունդ ու կյանք կորսված:

Էլ առաջվանը ետ չենք բերելու,
Նույնը չեմ և’ ես, և’ դու նույնը չես,
Անցյալից ոչինչ մեզ չի գերելու.
Կյանքիդ տոմսակը, տե’ս, չկորցնես:

Փչում են նորից շչակները խուլ,
Ես կանգնած եմ լուռ այն խաչմերուկում,
Որտեղից մեկնեց գնացքը ծածուկ,
Իսկ ես մոլորված` տոմսակ եմ փնտրում:

ՎՐՁՆԻ’Ր ԻՆՁ…

Վրձնի’ր ինձ…
Վրձնի’ր այնպես, որ արևի նման հալվեմ
Ցրտից պաղած ու ճաքճքված հոգիներում:
Մանկան նման անհոգ ժպտամ,
Եվ հայացքս ծիածանվի կապույտներում`
Եթերային ու հուրհրան,
Ասես երբեք ցավ չի տեսել:
Վրձնի’ր այնպես, որ աչքերիս բների մեջ
Հար բնակվող այս կարոտը կույր ձևանա,
Որ իմ հոգին կտցահարող փայտփորիկը
Դառնա քնքուշ մի ծիծեռնակ,
Բնավորվի, հավետ մնա:
Որ օդի պես թանձր նստած այս հեղձուկը
Չծանրանա իմ ռունգերում:
Վրձնահարի’ր փաթիլների նման ճերմակ
Ու լուսազգեստ…
Թող որ քայլեմ փողոցներում`
Որպես ավետիսը գարնան:
Ու ծաղկակար երկինքներից թող որ նորից
Անձրև տեղա` հույսի անձրև.
Դե’, վրձնի’ր ինձ…

ԻՄԸ ԴՈւՔ ԵՔ, ՄԱՐԴԻ’Կ

Եվ թող ,,վերևներում,,
Միմյանց հաճոյանան,
Իրարու ոտք լիզեն,
Ճառեն դատարկ բերան,
Եվ թող մեծարանքի
Կեղծ բառերով քսու
Միմյանց գովեն անվերջ
Դարի դեմքերը պերճ:
Իմը դուք եք, մարդի’կ,
Ես ձեր խոնարհ ծառան,
Ինձ դափնիներ պետք չեն
Մեծ թռիչքի համար,
Ոգու թևեր տվեք,
Որ ճախրեմ կապույտում,
Իմը դուք եք, մարդի’կ,
Ձեր սիրով եմ զորեղ:

ՏԱԳՆԱՊ

Չլինի, թե մի օր
Միայնակ ու անօգ
Հավատի դռան մոտ
Ծնկեմ մեղսահարված,
Շուրթերս անաղոթք
Ու անմրմունջ լինեն,
Աչքերիս մեջ վաղվա
Օրը մամռակալած:
Դողահար ձեռքերս
Խաչաձևած կրծքիս`
Թողություն աղերսեմ
Իմ Երկնավոր Հորից:
Ու անծանոթ թվան
Հեծեծանքներս ինձ,
Ես ինձ թվամ օտար
Քամիներին հլու,
Եվ Տիրոջ տաճարում
Երաշտ լինի հոգու,
Երբ հավատիս մոմը
Շունչը փչի հանկարծ,
Ոչ մի հավատավոր
Չգա ինձ փրկելու.

ԵՏԴԱՐՁԻԴ…

Ետդարձիդ ուրիշ կլինեմ.
Ինձ այլևս չես ճանաչի,
Քեզ պաղած ձեռքեր կփարվեն`
Ընտելացած ուրիշ մահճի:

Ճերմակ հավքերս ծերացան`
Ականջ արած երգող սյուքին,
Ու քեզանից լուր չիմացան…
Սպասման կարոտ մնացին:

Եվ ձյունն իր թևերը փռեց
Արևատենչ այգալույսին,
Մի գարուն էլ պատմուճանեց
Իմ մենավոր, ծաղկած հոգին:

Ետդարձիդ ինձ չես ճանաչի.
Ես հիմա ուրիշ եմ դարձել,
Մի թոշնած սեր կհառաչի`
Քեզ այլևս ետ չեմ կանչել…

ՎԱ’Յ ՁԵԶ

Դո’ւք, որ ձեր զազիր ու սև դժոխքից
Փորձում եք հոգուս ոսկե դրախտի
Շեկ արևները անխնա թաղել,
Դո’ւք, որ նեղվում եք իմ պայծառ երգից
Ու ճամփիս վրա փշեր եք ցանել,
Դո’ւք, որ ձեր փտած գարշահորերում
Անվերջ քծնում եք, ճկվում եք, սողում…
Դո’ւք, ծառայողի ձեր խղճուկ հոգով
Ձեզ պես նողկալի տեր եք որոնում,
Չէ’, չեք հասնելու դուք իմ թևերին.
Թունավոր օձը այդ ե°րբ է ճախրել,
Աշխարհ եք եկել սողալու համար:
Ես կապույտներում միշտ եմ սավառնել,
Իսկ դուք անտեղյակ երկնային կյանքից`
Ինձ մեղսավորի խաչին եք գամել:
Դո’ւք, որ չգիտեք, թե երկունքի մեջ
Ցավից գալարվող պոետի սրտում
Ինչպիսի անմահ տողեր են ծնվում`
Պետք է որ դավե’ք անվերջ-անդադար,
Բայց լա’վ իմացեք, որ չնչին քարը
Երկնի կապույտին հասու չէ բնավ:

հեղինակ`Հայուհի Սուսաննա Ղազարյան