ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌԱՋ՝ ՀԱՅՐԵՆԱՏՈՒՆ — ՀԱՅ ԱՍՏՂԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ

ԻՆՏՐԱ (Տիրան Չրաքյան, 1875, սեպտեմբերի 11, Կ. Պոլիս — 1921, հունիսի 6, Սլիվան (Աղձնիք նահանգ)), հայ բանաստեղծ, քննադատ, փիլիսոփա։
Ծնվել է 1875 թվականի սեպտեմբերի 11-ին Կ. Պոլսում:1881-85 թվականներին սովորել է Կ. Պոլսի Ս. Խաչ նախակրթարանում, 1886-1891 թվականներին Պերպերյան վարժարանում։ "" 1895-1915 թվականներին դասավանդել է գավառական և Կ. Պոլսի վարժարաններում։1921 թվականին ձերբակալվել է Թուրքիայի դեմ խռովություն սերմանելու մեղադրանքով ,
Կոնիայից քշվել Դիարբեքիր, տանջանքներին չդիմանալով մահացել գաղթի ճանապարհին։

Պիտի գայ օր մ’ուր, լըքուած՝ կեանքէն խաբեբայ՝
Վէս գլուխս հակի եւ խըրոխտ թեւերս խոնարհին.
Մթնէ, ցրտէ մարմնոյս մէջ քամիէն վիհին,
Եւ կորստեան տըմոյն զոհ՝ իյնամ ես ճամբայ:
Ձեր բոլոր հոյլն յայնժամ նոճք իմ, թող զիս ողբայ.
Թող եղերգէ, գիշերայն, մահն երգչին ձեր հին.
Ու տաղերնուդ ամենէն ծանրն ու ամեհին
Ձեր մըտերմին իբր այգողք հեծելով ծըփայ:
Ձեր բազմաստեղն աղջամուղջն ըրէք սուգ անոր:
Թող ձեր սեւ լարք իր քնարին աւիւնը տաւղեն,
Եւ անոր դաշն արցունքներն հծծեն իրարու:
Ըսէ՛ք, անմեռ խոհք երկնից, թէ ան՝ մենաւոր,
Կու գար, ձեզի փարելով, հոգի խնկեղէն՝
Վաղանցութեան իր ցաւովն ըզձեզ երգելու:
19 Դեկտեմբեր 1907
Նոճաստան""

Ծնվել է Կոստանդնուպոլսի Սկյուտար արվարձանում։ 1881-1885 թվականներին սովորել է Կ. Պոլսի Սուրբ Խաչ նախակրթարանում, 1886-1891 թվականներին՝ Պերպերյան վարժարանում։ Հաճախել է նաև Կ. Պոլսի Գեղարվեստական վարժարանը։ 1897 թվականին մեկնել է Փարիզ՝ նկարչության մեջ կատարելագործվելու։ 1895-1915 թվականներին (կարճ ընդմիջումով) դասավանդել է գավառական և Կ. Պոլսի հայկական վարժարաններում։
Զբաղվել է ուսուցչական աշխատանքով, գրել հոդվածներ, ուսումնասիրություններ, արձակ խոհեր, տպավորություններ, բանաստեղծություններ։ 1906 թվականին լույս է ընծայել «Ներաշխարհ» խորագրով խոհերի ու տպավորությունների գիրքը, որը մեծ հռչակ է բերել նրան, և որի մասին հայտնված իրարամերժ կարծիքներին նա անդրադարձել է «Ներաշխարհն իր հեղինակեն դիտուած» (1906), «Կարծիքներ եւ կարծողներ» (1908) հոդվածներում։ 1908 թվականին՝ «Նոճաստան» բանաստեղծությունների (հնչյակների) ժողովածուն՝ այս երկու գրքերի համար ընտրելով Ինտրա անունը (Տիրանի շրջափոխությամբ կազմված)։
Գրել է նաև էսսեներ, ճամփորդ, ակնարկներ, հոդվածներ, պատկերներ, որոնք գեղարվեստական մեծ արժեք ունեն։
Չրաքյանի ստեղծագործություններին բնորոշ է ապրումների և մտածումների խոր ու համակողմանի վերլուծությունը։ Իր իսկ բնորոշմամբ՝ «Ներաշխարհը» իմաստասիրական եւ գեղարվեստական հանգամանքների մեկ սկզբնատիպ միացումն է»։ Ըստ Չրաքյանի՝ նյութական և հոգևոր աշխարհի հիմքում ընկած են լույսն ու եթերը։ «Նոճաստան»-ում նույնպես լույսն այն հիմքն է, առանց որի չկա ո՛չ կյանք, ո՛չ գեղարվեստ։ Չրաքյանի փիլիսոփայական խորհրդածություններն իդեալիստական բնույթ ունեն։ Անչափելին՝ տիեզերքը, չափելու միջոցը, նրա համոզմունքով, բացարձակն է, որի դրսևորումները երևույթների հիմքում ընկած օրենքներն են։ Նա քննադատել է Պրոտագորասի «Մարդն է չափն ամենայնի» սկզբունքը, զարգացրել տիեզերական ներդաշնակության գաղափարը՝ մարդու փոխարեն չափի հիմքում դնելով անհունը։
1895-1896 թվականների ջարդերը խաթարել են նրա հոգեկան աշխարհը, 1915 թվականից հետո կորցրել է հոգեկան հավասարակշռությունը, թափառում էր գավառներում և սեր ու միություն քարոզում մարդկանց։ 1914-1918 թվականներին ծառայել է թուրքական բանակում՝ որպես թարգման-քարտուղար։ Այդ շրջանում ի հայտ են եկել նրա հոգևոր ճգնաժամի նշանները։ 1921 թվականին ձերբակալվել է խռովություն սերմանելու մեղանդրանքով և արտաքսվել Դիարբեքիր։ Տանջանքներին չդիմանալով՝ մահացել է աքսորի ճանապարհին…
Սկիւտար, 5 Ապրիլ 1906
Առ Ազնուափայլ Հրանդ էֆ. Ասատուր,
Ձեր անուամբն ու հրատարակութիւններովը, եւ բարեկամներու բերած տեղեկութիւններով միայն, Ազնիւ էֆէնտի, – ա՛հ, այո, Ձեր պատկերովն ալ, – զՁեզ ճանաչելու պատիւն ունեցած եմ: Հեռաւոր ատեն մը քանի մը խօսք ալ փոխանակած եմ Ձեզ հետ, «Արեւելք»ի խմբագրատունը, բայց աւելի շատ բան գիտեմ Ձեր մասին վերոյիշեալ միջոցներով որք, ամէնքն ալ հաստատութիւններ են Ձեր կարողութեանց եւ Ձեր ազնուականութեան: Պէտք չէր որ համարձակէի օգուտ քաղել Ձեր բնաւորութեան գեղեցկութենէն եւ անշահախնդիր պէտք էր որ մնար Ձեզ համար զգացած համակրութիւնս (ներեցէք այս բառին յաւակնոտ երեւոյթին), բայց հարկադրուեցայ այդ անճաշակութիւնն ընել, ապաւինելով Ձեր ներողամտութեան, եւ Ձեր գրագէտի ու մեր գրական պատուոյն ուղղակի կամ անուղղակի սատարողի այն հոգածութեան որուն ապացոյցներն ու արդիւնքները Ձեր մատենագրական ուսումնասիրութիւններով ընծայած էք մեզի, եւ զոր հիմա կ’աղաչեմ որ ունենաք նաեւ բոլորովին մասնաւոր ուղղութեամբ մը, օժանդակելով գրական երկի մը տպագրութեանը որ քիչ ատենէն կ’աւարտի:
1898 ի եւ 1900 ի մէջտեղ գրուած գիրք մ’է – նոր բան մը չէ ուրեմն եւ արժէքաւոր ալ բան մը չէ, – բայց որովհետեւ անկեղծօրէն եւ յուզմամբ գրուած է, կրնայ հրատարակութեան արժանի սեպուիլ (à la rigueur), մանաւանդ որ իրապէս անբարոյական ոչինչ կը պարունակէ: «Ներաշխարհ» է անունը: Արդարեւ շարք մ’է ապրուած վիճակներու նկարագրութեանց եւ ուսումնասիրութեանց: Բաւական մեծ բաժիններ գրաւած են Բնութեւնը, Սէրը: Ո՜հ, պարզ նիւթեր են: Ուրախ եմ որ Պէրպէրեան էֆէնտին գրեց գրքին յառաջաբանը, հեղինակին ուղղուած նամակով մը որ զմայլելի էջեր ունի, եւ որ գրքին գլխաւոր արժանիքը, նոյն իսկ միակ նկատուելու ընդունակ է, ինչպէս բնական է խորհիլ շատերու համար: Այնպէս որ «Ներաշխարհ»ը արժէքաւոր գործ մ’ըլլալէ աւելի՝ բաղդաւոր գործ մ’է՝ Պէրպէրեանն ունենալուն համար իբրեւ ներկայացուցիչ եւ հայրաբար դրուատող:""
Այդ, ազնիւ էֆէնտի, գրքին տպագրութեան ծախքերը դիւրացնելու համար ստիպուած եմ իմ անձնական միջոցներէս դուրս՝ դիմել բաժանորդագրութեան: Մէկ երկու հարիւր բաժանորդ ունեցած եմ ցարդ, բայց դեռ կարօտ եմ գրեթէ նոյնքան բաժանորդներու: Մէկ բաժնեգինն է տասը ղրուշ: Բայց գրքին գինը յետ տպագրութեան պիտի ըլլայ 12 ղրշ.: Եւ, – հոս է ահա ինծի համար դժնդակ կէտը,- անփափկանկատ, անճաշակ վարմունքը որու կ’ակնարկէի պահ մ’առաջ,- կ’աղաչեմ զՁեզ որ քանի մը հատ բաժանորդներ հայթայթէք ինծի. 4-5 հատ, կամ, եթէ դիւրին գտնէք այդ տաղտուկին հանդուրժել՝ աւելի…: Ձեր պաշտօնակիցները,- անդամ Ուսումնական Խորհրդոյ, թէ ուսուցիչ Կեդրոնականի մէջ, եւ կամ անդամ Կեդրոնականի Խնամակալութեան, եւ Ձեր ուրիշ ծանօթները, իրենց մտաւորականութեան համար, չեմ յուսար որ մերժող ըլլան այն առաջարկին զոր կը խնդրեմ որ հաճիք ընել իրենց, ոչ այնքան գրքին անգոյ արժանեացը համար այլ ի սէր օգտակարութեան, այլ առ ազնուութիւն: Անոնք ալ թող ոչ թէ գրքին՝ այլ Ձեր սիրոյն համար վճարեն իրենցմէ խնդրուած բաժնեգինը: Այս կերպով, ազնիւ էֆէնտի, բաժանորդներու քիչութիւնը չէ որ պիտի տաղտկացնէ զՁեզ, այլ թերեւս շատութիւնը…: Եթէ կը ներէք, կրնամ, խնդրանքներուս հետ թելադրութիւն մ’ալ ընել Ձեզի. Կեդր. վարժարանի ուսուցիչները բաժանորդագրելու գործը կրնաք վստահիլ Տօքթ. Թօփճեան էֆ.ին, որ ծանօթ է ինծի եւ խիստ ազնիւ անձ մ’է: Իսկ Խնամակալութիւնն եւ Ուսումնական Խորհուրդը հաճեցէք Ձեզ սեփականացնել: Ձեր գանձած կամ գանձել տուած դրամները եթէ կարելի է Թէոդիկ էֆ.ին կը յանձնէք – ձանձրոյթ մը եւս ահա, վասն զի Ձեր սովորական ճամբաներէն շեղում մը պիտի ընէք ատով, Գաթրճը Օղլու խան երթալու համար,- եւ անոր կուտաք նաեւ բաժանորդներու ցուցակը:
Սակայն կ’աղաչեմ որ, կը պաղատիմ Ձեզ որ զՁեզ չբաժանորդագրէք, ոչ ալ բաժանորդագրէք Տիկինը: Թոյլ տուէք ինծի որ տպագրութենէն վերջը այդ գրքէն Ձեր ազնուութեան եւ մեծաշուք Տիկինին մատուցանելու ուրախութիւնն ունենամ: Գիտեմ թէ ցուցակին մէջ Ձեր անուններուն ներկայութիւնը Ձեր բաժանորդ գտնելու նեղութենէն մաս մը կը բառնայ, բայց հոգ չէ. «պակաս» թող ըլլայ ցուցակը: Անշուշտ այս վերջին խնդրանքս այն հաշուով չէ որ փոխարէն մ’ըրած ըլլամ Ձեր ընելիքին, քաւ լիցի: Չեմ կրնար ծառայութեամբ փոխարինել այն աշխատութիւնը զոր կը խնդրեմ որ ստանձնէք, թէեւ անգործ երախտագիտութիւն մ’ալ ախորժելի չի կրնար ըլլալ ինծի…: Ուստի առայժմ հաճեցէք հաւատալ թէ երախտապարտ պիտի մնամ Ձեզի, եւ ամենամեծ հաճոյքով, քանի որ իմ բոլոր յարգանացս առարկայ էիք արդէն, եւ քանի որ իբրեւ հայ երախտագէտ էի Ձեզ արդէն Ձեր ազգասէր ուսումնասիրութեանց համար, Ձեր անվհատ խուզարկութեանց համար, որոնցմով վերստին գոյութեան կը դարձնէք տաղանդաւոր այլ անյիշատակ Հայեր, եւ ազգային պատիւի մը աճման կ’աշխատիք՝ անհատական պատիւներու խանդաղատ գիւտերով: Այս պատճառներով՝ խիստ դիւրին է որ անհատապէս ալ շնորհապարտ ըլլամ Ձեզ: Միայն կը ցաւիմ որ Ձեր անունը շահագործելու երեւոյթն ունիմ, եւ այս երեւոյթին իսկ պատճառ ըլլալս անքաղաքավարութիւն մ’է որուն համար կ’աղաչեմ որ ներող ըլլաք, քանի որ զայն մոռցնելու կարող ո եւ է արժանիք, ո եւ է առաւելութիւն չունիմ, եւ զուրկ եմ ամէն համակրելիութենէ:
Մատուցանելով Ձեզ, ազնիւ Հրանդ էֆէնտի, իմ սրտագին յարգանքներս, ու խորին մեծարանքս առ մեծաշուք Տիկինը, եմ Ձեզ խոնարհաբար անձնուէր
Տ. Չրաքեան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *