Հայի լավագույն տեսակը՝ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

""Հայի լավագույն տեսակը:
Մայիսի 22-ը ֆրանսահայ նշանավոր շանսոնե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ծննդյան օրն է:
Նա հույզերի ու խառնվածքի թարգման է՝ երգի ճանապարհով, իր այն հույզերի ու ապրումների, որոնց ապուպապոտ ակունքները հայի ճակատագիր անվանումն ունեն: Ազնավուրն այդ ճակատագրի տերն է, եւ աշխարհի որ անկյունն էլ լինի՝ միշտ իր հետ ունի իր հոգու եւ ճյուղի կարոտը: Այդ հենքի վրա է աշխարհով մեկ հայ ներկայանալու նրա հպարտությունը՝ «Երբեք ֆրանսիայում ես ինձ օտար չեմ զգացել, բայց միաժամանակ երբեք չեմ մոռացել, որ հայ եմ»:
Առաջին անգամ երբ եկավ Հայաստան, եկավ ուխտավորի նման: Նրա առաջին համերգը Երեւանում պարզապես ֆրանսահայ երգչի հյուրախաղ չէր, դա հայաստանցիներիս համար հպարտության բացառիկ տոնահանդես էր, իսկ իր համար` ինքնության ճամփաներով իր արմատներին եկած հայ մարդու, հայ արվեստագետի այց: Միայն այդ զգացումի տերը, միայն այդ զգացումով իր հայրենիք եկած անհատը կարող էր իր հույզն ու ապրումը, իր կարոտն ու սերը եվրոպական մշակույթին միաձուլած ներկայացնել՝ ազգային փայլի բոլոր դրսեւորումներով: Եվ երբ հայրենի տուն դարձած որդին «Մամա» երգը ծնրադիր երգեց սրահի առաջին շարքում նստած իր հարազատ տատի առջեւ, դահլիճը մի պահ քարացավ, եւ ուշացած, հոտնկայս ծափերը հարազատների գրկախառնության փառավորումը դարձան:
«Ես ինձ մի քիչ մեղավոր եմ զգում իմ ժողովրդի առջեւ. ես նրան դեռ ոչ մի երգ չեմ նվիրել, չնայած շատ եմ մտածել այդ մասին… բայց գիտեմ, որ այդ օրը կգա, ու հպարտությամբ կգոռամ աշխարհով մեկ, որ հայ եմ»:
Ափսոս, հազար ափսոս, որ նրա այդ իղձը պիտի կատարվեր 88-ի երկրաշարժի առիթով: «Քեզ, Հայաստան» երգը դարձավ տարերային աղետից տուժած հայի մորմոքի բարձրաձայնումը աշխարհի առաջ, բայց եւ դարձավ հայրենիքին զորակից լինելու միջոց, հայ մարդուն տոկալու տրամադրություն բերող բալասան:
«Ես մտադիր եմ հարյուր տարի ապրել եւ մինչեւ իննսունս պիտի աշխատեմ»: — Այսպես նա ասել է դեռ իր 70-ը չլրացած տարիքում: Աստված կամեցել է, որ Ազնավուրը տեր մնա իր այդ խոսքերին ու իր վստահությանը: Վկան՝ նրա Այսօրը՝ առույգ, համերգներով աշխարհով մեկ շրջելը, պինդ ու լավատես՝ փառավոր անցյալով ու ներկայով եւ դեռ բազում ծրագրերով:

Հովհաննես Պապիկյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *