ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փաստել են, որ Վիեննայում այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումն անցավ «դրական ու կառուցողական մթնոլորտում և հնարավորություն տվեց երկու առաջնորդներին հստակեցնել իրենց դիրքորոշումները»։

Քիչ առաջ հրապարակված հաղորդագրությունում Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) նաև նշել են, որ երկու երկրների ղեկավարները՝ «տեսակետներ փոխանակեցին կարգավորման գործընթացի և մի քանի էական գաղափարների շուրջ»:

«Երկու առաջնորդները ընդգծեցին խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը և հետագայում կոնկրետ ու շոշափելի քայլերի ձեռնարկումը՝ բանակցային գործընթացում խաղաղ լուծում գտնելու նպատակով», ֊ ասված է հաղորդագրությունում։ ֊ «Վերհիշելով Դուշանբեում իրենց զրույցը՝ առաջնորդները կրկին պարտավորվեցին ամրապնդել հրադադարի ռեժիմը և բարելավել ուղիղ հաղորդակցություն հաստատելու մեխանիզմները: Նրանք նաև համաձայնեցին մի շարք քայլեր մշակել հումանիտար ոլորտում»:

Համանախագահները նշում են, որ Փաշինյանը և Ալիևը հանձնարարել են իրենց նախարարներին մոտ ապագայում հանդիպել համանախագահների հետ: ֊ «Նրանք նաև համաձայնեցին շարունակել իրենց ուղիղ երկխոսությունը», ֊ ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ այսօր Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում նախ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Հետո երկու երկրների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակեցին առանձնազրույցի ձևաչափով:

Այնուհետև քննարկմանը նորից միացան համանախագահները և արտգործնախարարները։ Ընդհանուր առմամբ, հանդիպումը տևեց շուրջ 3 ժամ:

""