Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր փետրվարի 21-ի գիշերը  արցախյան ուժերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ և կորուստներ կրելով նահանջել ելման դիրքեր, իրականությանը չի համապատասխանում:

     Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության կողմից տարածված տեղեկատվության ամբողջ տեքստը հորինվածք է: Ավելին՝ նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ինչ-որ կերպ արդարացնել իր իսկ կողմից երեկ գիշեր արցախյան դիրքերի հրետանային արկակոծության փաստը, ինչի մասին այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք:

     Ավելացնենք նաև, որ ադրբեջանական զինուժի հրետակոծության արդյունքում՝ պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից:

Իրադրությունն առաջնագծում

Փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ:

Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 105 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում հակառակորդը ակտիվորեն կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և տարբեր տրամաչափի ականանետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 36 արկ, որից 15-ը հրանոթից, 21-ը ականանետերից:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների  և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն