Հաղորդագրություն. ՀԽ նախագահ’ Ստյոպա Սաֆարյան

ՀՀ հանրության, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ Ոստիկանության և լրատվամիջոցների համար

Հարգելի հայրենակիցներ,
Ապրիլի 21-ի ժամը 23:00-ի մատույցներում հաքերային հարձակման է ենթարկվել ֆեյսբուք սոցիալական ցանցի իմ օգտահաշիվը: Այս պահի դրությամբ առկա նախնական տեղեկություններով դրա թիկունքում կանգնած են հայաստանյան շրջանակներ: Վերջին տասնամյակում սա արդեն թվով երրորդ արգելափակումն է, իսկ վերջին երկու տարվա ընթացքում՝ երկրորդը: Այս անգամ սրբապիղծների ու անբարոյականների այդ հանցավոր խմբակը ոչ թե զանգվածային բողոքարկման եղանակով է հասել օգտահաշվի արգելափակմանը, այլ կեղծ տեղեկություններ է փոխանցել ֆեյսբուքյան ղեկավարությանը, որի արդյունքում համակարգն ավտոմատ կերպով այն սառեցրել է: Ֆեյսբուքի ղեկավարությունն արդեն տեղեկացված է խնդրի մասին և առաջիկա ուսումնասիրությունների արդյունքում հուսով եմ կվերականգնվի իմ և հայրենակիցներիս բնականոն հաղորդակցությունը սոցիալական ցանցում:
Սույնով ցանկանում եմ նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը և ՀՀ Ոստիկանությանը և ակնկալել, որ բարձրագույն ղեկավարության հսկողության տակ կվերցվի քրեական գործի հարուցումն ու դրա նկատմամբ վերահսկողությունը: Հայտարարում եմ, որ այս մի հանցագործությունը ուղղակիորեն կապված է անցած տարվա սեպտեմբերի 6-ին իմ բնակարանի մուտքի վրա իմ վրա տեղի ունեցած ավազակային հարձակման, հեռախոսի հափշտակության ու հարուցված, բայց տակավին չավարտված քրեական գործի շրջանակներում կասկածյալների հետ առաջիկայում սպասվող առերեսումների ու այլ քննչական գործողությունների հետ: Ինձ համար միանգամայն պարզ է, որ դրա թիկունքում կանգնած են նույն պատվիրատուն ու նրա շրջանակները: Ուզում եմ հավատալ, որ այս անգամ ԱԱԾ-ին կհաջողվի արագ բացահայտել արարքի կատարողներին, պատվիրատուներին ու օժանդակողներին:
Իսկ իմ հայրենակիցներին տեղեկացնում եմ, որ ինձ հետ ամեն ինչ նորմալ է, և ես անհամբեր սպասում եմ մեր կապի վերականգնմանը: Շնորհակալ եմ հարյուրավոր զանգերի, հաղորդագրությունների ու իմ հանդեպ նման հոգատար վերաբերմունքի համար:
Լավ եղեք: Կհանդիպենք շատ շուտով:
Բոլոր ազնիվ հայրենակիցներիս ու ընկերներիս հորդորում եմ առավելագույնս տարածել սույն հայտարարությունը:
Միշտ ձեր՝
Ստյոպա Սաֆարյան
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
22 ապրիլի, 2020թ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *