""

Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների, մաքառումների ու հերոսացման խորհրդանիշ ունի` Ավարայրից մինչև Սարդարապատ, Բաշ-Ապարան ու Ղարաքիլիսա, մինչև Շուշի: Ծանր, արյունաքամ մարտերի ժամանակ հայ ժողովրդին հաջողվեց հաղթել ոչ միայն թշնամուն և ապահովել հայության և մարդկության ազատության փրկագնի արժեքը, այլև այդ հաղթանակներով դնել Հայաստանի առաջին Հանրապետության հիմնաքարը`1918թվականի մայիսի 28-ին հռչակել Հայաստանի անկախությունը:
Հայ ազգը ազատության ոտնահարմանը դեմ դիմաց կանգնելով` լուծեց իր լինել-չլինելու հարցը` հօգուտ լինելիության:
1945 թվականին Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հայ ժողովրդի մասնակցությամբ պարտվեց մարդկության թշնամին, Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ու Շուշիի հերոսական մարտերում հայ ազգը վերականգնեց իր արժանապատվությունն և խաղաղության իրավունքը: Նա ցույց տվեց, որ կարող է մոխիրներից հառնել ինչպես փյունիկ, վերածնվել նորից ու ՙՄիասնության շուրջ-պար՚ բռնել Արագածի շուրջը:
Փա`ռք ու պատիվ քեզ, հայ ժողովուրդ, քեզ բազկի ուժ, աննկուն ոգի, անառիկ կամք, խաղաղություն և բացառիկ հաղթանակներ
Ավարայրի ու Սարդարապատի աննկուն ոգին է առաջնորդել հայ զինվորին, հետագա հաղթանակների մղել: Այսօր էլ, աչքի առաջ ունենալով մեզ ամենամոտ գտնվող հաղթանակը՝ Արցախյան հաղթանակը, հայ զինվորը մարտնչող ոգով կանգնած է սահմանին: