Կյանքից թանկ` հող հայրենի

Ավագենց գարաժում եռում էր թղթախաղը… մի 6-7 հոգի էինք: Մենք անչափահասների մի կույտ էինք, ովքեր չունեին այլ զբաղմունք, քան սրա-նրա խորդանոցում ու ավտոտնակում իրար գլխի լցվելն ու մի հիմար բանով զբաղվելն էր: Դա իհարկե թաղի մեծերի կարծիքն էր. Մենք մեր մասին ավելի բարձր կարծիք ունեինք: Ես էդ խմբում տարիքով ամենափոքրն էի՝ 13-14 էի, դպրոցական երեխա, ով չնայած հեշտ սովորելուն երազում էր 8-րդ դասարանը արագ ավարտելու և դպրոցը լքելու մասին: Նկուղանման սենյակի առաստաղը չէր երևում թանձր ծխից: Ծխում էինք բոլորս. Իհարկե, դժվար էր ծխախոտի փող ճարելը, բայց ծխախոտը թողնելն ավելի դժվար էր: Երևի մենք մեր մնացած տարիքայիններից հենց դրանով էլ միայն տարբերվում էինք:
_Ավա՞գ, այ Ավագ: Տո հողը մտնես դու, դուռն ինչի ես ներսից փակել: Հենց հիմա բաց դուռը, թե չէ գնում եմ հորդ կանչեմ:
Ավագի մայրն էր, տիկին Սուսանը, ով ծեծում էր դարպասն ու միաժամանակ անիծում Ավագին: Բացելուն պես շարունակեց ավելի հստակորեն…
_Հողերս գլխիդ լինի, էս ինչ կազինո ես սարքել ստեղ, քո նմաններին էլ գլխիդ հավաքել: Էս ինչքան էլ ծխել եք…
_Սասունն ա ծխել, Սուսան տոտա…, Կարենն արագ հորինեց: Ընդհանրապես, Կարենը մեր միջի ամենամեծն էր ու ամենահնարամիտը: Հա, Սասունն էլ մեր ընկերն էր, խաղաղ բնավորությամբ տղա էր: Հայրը պատերազմից հետո հաշմանդամ էր մնացել ու մի քանի տարի հետո մահացել, մայրն էլ խեղճ կին էր, իր ողջ կյանքը զրկանքների մեջ ապրած, որն էլ ուժ չուներ Սասունի վրա խոսել ծխելու համար, դէ Սասունն էլ առիթից օգտվում ու ամեն պատահած տեղում ծխում էր: Մի խոսքով Սասունը մեր միջի միակ օրինական ծխողն էր:
Տիկին Սուսանը աչք գցեց մոխրամանի մեջ հանգցրած չորս տարբեր սիգարետի գլանակներին, ինչ-որ տհաճ բան ասաց Ավագին իրենց բարբառով ու դուրս եկավ: Ավագի ընտանիքը Գարդմանի կողմերից էր, կոնկրետ չգիտեմ որտեղից, էդ ժամանակ ոչ մեկիս հետաքրքիր էլ չէր:
Ավագը մեզանից ոչնչով առավել չէր: Սովորել չէր սիրում, ֆիզիկապես ուժեղ էր, բայց կռիվների ժամանակ էլ պիտանի չէր, վախկոտ էր: Սիրում էր աղջիկների հետևից քայլել ու Կարենի մեքենայի մեջ թաքուն գարեջուր խմել: Լավ պոկեր էր խաղում, երևի թե միայն դա էր լավ կարողանում անել:
Մենք մի դրական կողմ ունեինք՝ մենք ընկերներ էինք ու դա մեզ համար շատ կարևոր էր: Գրեթե միշտ միասին էինք ու մեր կարծիքով էդպես մենք միշտ հաղթելու էինք:
Մութն արդեն վաղուց ընկել էր, իսկ մեր ծնողներն արդեն սկսում էին մեզ բակով մեկ փնտրել, բացի Սասունի մորից. Սասունը հացի փռում էր աշխատում ու դեռ ողջ գիշեր պիտի զսպեր իր հակակրանքն այդ ահռելի վառարանների հանդեպ, որոնց պատճառով նա այդքան խեղճ տեսք էր ստացել:
Առավոտյան Կարենը եկավ՝ ձեռքին մի թղթի կտոր. երեսն էլ էդ թղթի գույնի.
_Տղերք… բանակ են տանում, 19-ին:
Լրջացանք բոլորս, ոչ թե նրա համար, որ Կարենը պիտի գնա ծառայի, երկու տարի չտեսնենք. Չէ, խնդիրն ավելի լուրջ էր.. Կարենը կգնա, հետո մյուսը, երրորդը.. Ու մեր ստեղծած առասպելը հավիտենական ընկերության մասին մեր աչքի առաջ սկսվեց լուծվել իրականության մեջ:
_Դէ կգնաս, մի վեց ամսից էլ ես կգամ հետդ կծառայեմ ապեր, չնեղվես: Ավագի լռությունը կոտրող չարախինդ արտահայտությունն էր: Բայց դէ Կարենի գնալուց առաջ դեռ մի կարևոր իրադարձություն կար, որը մենք պիտի անեինք բոլոր ընկերներով միասին՝ Կարենի բանակի քեֆը: Մենք դեռ ընկեր չէինք ճանապարհել Հայրենիքը պաշտպանելու, մենք չգիտեինք էլ Հայրենիքն ինչ է ընդհանրապես:
Մի լավ հարբեցինք ընկերներով հուլիսի 18-ին, որ 19-ին գնանք ճանապարհելու:
19-ի առավոտյան 9-ն էր.. պիտի շարժվեինք դեպի զինկոմիսարիատ, բոլորս ներկա էինք, բացի Սասունից: Տղան մինչև լույս աշխատել էր, եկել էր տուն մի քիչ հանգստանար, էն էլ Կարենը նրա քունը խանգարեց:
_Կար, փաստորեն վերջի օրով էլ ես սաղ հարամ անում նոր գնում էլի…. Կիսաքնած, կիսալվացված ու կիսաժպտալով մուտքից շտապելով դուրս եկավ Սասունը:
Զինկոմիսարիատի մոտ մեզ շրջապատեցին ուրիշ նորակոչիկների ընկերներ, ծխախոտ խնդրեցին ու ոտքները կախ գցեցի մեզ մոտ. Երևի ծխախոտ շատ կար: Ավագն ինչ-որ հիմար պատմություն էր պատմում ու անհագ քաշում գլանակի մեջ եղած ծուխն ինչպես Բակունցը կծխեր բոլշևիկների տված վերջին ծխախոտը գնդակահարելուց առաջ:
_Զարգարյան Միքայել
_Ես եմ
_Առաքելյան Վարդգես
_Ստեղ եմ
_Այվազյան Կարեն
……..
Այսպես մեր առաջին զինվոր ընկերոջը ուղեկցեցինք մինչև ավտոբուս, հերթով ամուր գրկեցինք, իսկ Սասունն իր նախորդ գիշերվա աշխատած գումարին 4 տուփ ծխախոտ էր գնել՝ դրեց Կարենի հետ դրված խաշած հավի ու մնացած ստանդարտ բաների կողքին, որ մեր ընկերն իրեն երբեք վատ չզգա: Կարենը գնաց, գնաց ու իր հետ տարավ մեր բոլորի տրամադրությունը: Չգիտեի միշտ է այդպես դժվար լինելու թե չէ, բայց արցունքներս հազիվ էի զսպում տուն գնալու ճանապարհին, տղերքը նույնպես:

Կարենն արդեն երրորդ ամիսն էր ծառայում Մարտունիում` Արցախի: Ամիսը մի անգամ հետը խոսում էինք հեռախոսով, հարցնում հո պակաս բան չունի, բայց ամեն անգամ անկախ իր ուզածից ծնողների հետ մի տոպրակ էինք դնում, պինդ կապած՝ մեջը սիգարետ, նասկի ու նման բաներ, որոնք ինքը ծնողներից չէր ուզի: Չնայած Կարենը ծնողներից երբեք ոչինչ չէր ուզում, մենք էդպես էինք սովորել մեզանից մեծ տղաներից. Ծնողներին նեղություն տալ չի կարելի, սխալ է:
Ժամանակն անցնում էր, մեր մեջ սկսում էր արթնանալ բաներ, որոնք երբեք նախկինում չէինք զգացել: Մեզ միշտ հետաքրքիր էր սահմանը հանգիստ է թե ոչ, չե՞ն կրակում պոստերում: Դա Կարենի զինվոր լինելուց էր, թե չէ… չգիտեմ, Կարենը դիրքեր չէր էլ բարձրացել, երևի մենք էինք սկսում մեծանալ ու մեզ համար ավելի կարևոր հետաքրքության օբյեկտներ էին սկսում հայտնվել:
Մի ամսից Ավագն էլ կգնա… բոլորիս մտքում դա էր պտտվում: Ախր Ավագն իր ոչինչ չանելով անքակտելի էր մեր խմբից: Ավագը կգնա, հետո մյուսը ու էդպես շարունակ:
Մենք նկուղներում գրեթե այլևս չէինք ծխում, տղերքից մեկը մի գիրք էր գտել իրենց տնից՝ կարդացել, հիմա էլ ստիպում էր հերթով բոլորս կարդայինք: Ռեմարկ էր: Կարդացինք ու կարդալը սկսեց դուր գալ մեզ:
Ավագին կանչեցին զինկոմիսարիատ: Վերադարձավ երեկոյան՝ ուժասպառ ու մեզ համար արդեն անտանելի այն նույն թղթից ձեռքին:
_Հը բիձեք, ունքերը բարձրացրեք՝ քայլելուց կխանգարի: Երկու տարի ա էլի, գնալու եմ գամ: Որ մենք ոչ մեկս չգնանք, բա Սասունի պապան էլ ու՞մ համար զոհեց իրան:
Ավագն ասեց էն, ինչը մեր բոլորի սրտով էր: Միգուցե մեզ համար Հայրենիքն էնքան կարևոր չէր էդ պահին, որի համար կարելի էր մեռնել, բայց մենք ընկեր ունեինք, ում հայրը հենց էդ Հայրենիքի համար էլ մեռել էր: Միգուցե շատերի համար դա մի կտոր հող էր, բայց Սասունի համար էդ հողը սուրբ էր: Մենք էլ ամեն ինչ պիտի անեինք, որ էդ հողի վրա թշնամին զուգարան չսարքեր:
Երեք օրից Ավագը պիտի գնար, մի վայրկյան չէինք ուզում թողնել նրան մենակ, միշտ միասին էինք ուզում մնալ ու վերջին անհամ բաներն անել միասին:

Առավոտյան Զինկոմիսարիատի մոտ հավաքված բազմությունը նախորդ անգամից անհամեմատ շատ էր: Ավագն արդեն մազերը սափրել էր, դէ մենք էլ հռհռում էինք նրա գլխի տձևության վրա: Ավագը ուրախ ուրախ գրկել էր փոքր քրոջը, Տիկին Սուսանն էլ բոլորից թաքուն աչքերն էր սրբում: Սասունը վազեց խանութ ու վերադարձավ էս անգամ մի տոպրակ ծխախոտով ու քաղցրավենիքով:
_Ապեր, չնեղվես հանկարծ, ճամփին պարապ լինես քո համար քաղցր եմ դրել, կզբաղվես: Չվախենա՛ս, լսում ե՞ս… չվախենա՛ս:
Սասունը գլուխը պինդ սեղմել էր Ավագի մերկ գլխին ու կրկնում.. չվախենա՛ս, հետդ ենք:
Ավագը մտավ ավտոբուս, նայեց պատուհանից մեզ ու ժպտաց:
Ավտոբուսը հավաքակայանից դուրս եր եկել ու մեկնում էր Արցախ:
_Հոպար, ու՞ր ես տանում մեզ: Հարցնում էր տղերքից մեկը
_Դուք ուժեղ տղերք ե՞ք: Պատասխան հարցով դիմեց վարորդը
_Բա ոնց հոպար ջան, տարածդ տղերքից ամենաուժեղն ենք:
_Տանում եմ Ղարաբաղ ուժեղ տղերքին:
Ավագը Ավտոբուսի մեջ զրուցում էր կողքի տղայի հետ, ով նրան այդ պահին տարօրինակ թվաց:
_Ինչ ես կարծում, պոստեր կտանե՞ն
_Հիմա՞
_Ըհը
_Դժվար, մեզ հլը պիտի սովորացնեն կրակել, որ հանեն պոստեր
_Չէ, ախպորս տենց ասեցին բայց վռազ տարել էին պոստեր, մեզ էլ կարողա տանեն: Ինքն էլ կրակել էր թուրքերի վրա:
Ավագը միանգամից հասկացավ որ տղայի եղբայրն ուղղակի գլուխ է գովել ու զարմացավ նրա տարօրինակ միամտության վրա:

Արդեն երկու ամիս անցել էր Ավագի ծառայությունից, տանից ամեն անգամ նրա համար իրեր ուղարկելու ժամանակ մենք անպայման մեր ավանդույթ դառած արկղն էինք ուղարկում՝ լի ծխախոտով ու նման բաներով:
Ավագը դասերի էր գնում զորամասում, անգամ հասցրել էր մի քանի գիրք կարդալ: Կարողանում էր լավ կրակել ու իրեն տղանեիր մեջ սխալ չէր պահում:
Ժամանակն էր նրան դիրքեր ուղարկելու համար:
Հակոբն, ում հետ ծանոթացել էր ավտոբուսի մեջ, էն տարօրինակ տղան Ավագի վաշտից էր, ու դիրքեր էլ բարձրանալու էին միասին:
_Ավ, դու դիրքերում եղել ե՞ս
_Հեսա կլնեմ
_Վախում ե՞ս
_Ինչի՞ց
_Դէ օբշի էլի
_Քո նման անվախ ընգեր ունեմ կողքս, ոնց վախենամ:
Իրականում վախենում էր… Վախենում էին երկուսով, բայց այդ վախը փարատվում էր այն հետաքրքրասիրությամբ ու պատասխանատվությամբ, որ ուր-որայա նրանք կտեսնեն էդ դիրքերը. Ուր-որայա նրանց հետևում իրենց ծնողներն ու քույրերը կլինեն:
Հասան մի ինչ-որ փոքր տնակի մոտ, իջան:
_Էս ինչա՞
_Բլինդաժ, դասերին չե՞ս եղել
_Չեմ հիշում Ավ:…..

_Էս որ պոստն ա՞, կամանդիր
_101: Գոռաց սերժանտներից մեկը:
Ավագին այս ամենը տարօրինակ ծանոթ էր: Ավագին, որ անգամ այն ժամանակ չէր սիրում մարտաֆիլմեր: Կողքերը լեռներ էին, ձորեր: Դիմացը թշնամին էր: Ավագը զննողական նայում էր դիմացի բլրին ու մտածում, թե ինչքան մարդ է իր երեխաներին անտեր թողել՝ էս բլրի գագաթին հայտնվելու համար…
Մարտական հերթափոխը ծանր էր, չքնելը՝ դժվար, բայց Ավագը պարզվեց դիմացող տեսակ է: Անցկացրեց իր առաջին հերթափոխը: Երկրորդն ավելի հեշտ էր… երրոդն արդեն սովորական էր դառնում, բայց զորամաս վերադառնալու ժամանակն էր: Ընդհանուր առմամբ ամեն ինչ խաղաղ էր դիրքերում. Ժամանակ առ ժամանակ կրակում էր թշնամին, ժամանակ առ ժամանակ տղաներին հրաման էր տրվում պատասխան կրակի…
Ավագն արդեն զորամասում էր.. Հակոբի ձեռքին հեռախոս կար, որով խոսում էր ողջ վաշտը.. Ավագն էլ տղերքի հետ դեռ չէր խոսել: Զանգեց Սասունին, էդ ժամանակ մենակ ինքն ուներ հեռախոս, մենակ ինքն էր փող աշխատում:
_Ապե՞ր. Ավագն ա
_Իյա, տղերք… էն կորածն ա զանգել: Ո՞նց ես, չես զանգում, ոչ մի ձև խաբար չես անում տենանք ոնց ես ծառայում, հո խաթրիդ չեն կպնում, ինչ ա պետք քեզ:
_Լավ եմ տղերք ջան, դիրքերում էի, նոր եմ իջել. Մի քանի օրա: Դուք ձեզանից պատմեք, ինչ-կա չկա՞, Կարենի հետ խոսում ե՞ք, ես չեմ կարում կապվեմ իրա հետ:
_Լավ են ապեր, շատ լավ են սաղ: Կակռազ միասին ենք սաղս.. դէ ով մնացել ա էլի:
_Շատ լավա, ես էլ ստեղ լավ եմ, ոչ մի բանի կարիք էլ չունեմ: Ամեն անգամ վեշ եք ուղարկում, մի արեք էլ:
_Արա, Ավ.. ո՞ր պոստերն եք
_Եղնիկներ ենք պահում ապեր, ընդեղ էի:
Էդ ակնթարթին Սասունը հեռախոսը փոխանցեց տղաներից մեկին ու նստեց աթոռին…
Ես, իհարկե իսկույն հասկացա ինչ է կատարվում:
_Դրան ասա իրան ըտեղ պինդ պահի. Վերջի թիզի վրա թող կանգնեն….
Պատերազմի ժամանակ Սասունի հայրը հենց Եղնիկներում էլ վիրավորվել էր…. Երևի դրա համար էդ վերջին թիզ հողն իր համար էդքան կարևոր էր…..
Զորամասի բակում ձյուն էր գալիս, զինվորներն էլ վազվզելով դրսից պտուղները լցնում էին պահեստ, որ ցրտից չփչանա…
Առաջին ձյան հետ նորից դիրքեր էր մեկնում Ավագին ու իր վաշտին տանող մեքենան:
Դիրքերին դժվարությամբ հասան, լեռնանցքները լի էին թաց ձյունով, և անգամ զինվորական ամենագնացը հազիվ էր անցնում ճանապարհը:
Առավոտը խաղաղ էր, մաքուր: Սառը օդի հետ անասելի թարմություն կար, որը որևէ այլ տեղում հազիվ հանդիպեիր: Այս զգացողությունը Ավագի համար ամենահաճելին էր:
Սառը եղանակին դիրք պահելը մի քանի անգամ ավելի բարդ է. Լեռնային սառը քամիները ծակում անցնում են յուրաքանչյուր տաք հագուստ ու սկսում լիզել ոսկորներդ.. զինվոր ես, պիտի դիմանաս:
-Ավա՛գ, դիմացի բլուրը տեսնում ե՞ս: Դիմեց հրամանատարը, որն Ավագից հազիվ մի տասը տարի մեծ լիներ:
-Տեսնում եմ, պարոն ավագ լեյտենանտ:
-Ստեղ ես Սամո եմ: Զորամասում պրն. Սարգսյան: Ստեղ ես ձեր բոլորի ընկերն եմ, հանկարծ որ խնդիր եղավ՝ ձեզանից մեկն եմ:
Ավագին անհարմար էր ազգանունից անունի փոխվելը…
-Պարոն Սարգսյան, դիմացի բլուրը տեսնում եմ: Թշնամու դիրքն է, չէ՞:
-Թշնամունն է, էդ դիրքը միշտ աչքի տակ պահի, սա որպես ուղղակի Ավագ չեմ ասում. Էսօրվանից դու ես դիրքի ավագը:
Ավագին դուր չեկավ նման հայտարարությունը: Շատերը կերազեին մի որևէ տեղ, թեկուզ մարտական դիրքում ավագ լինել, բայց նրա համար դա մի ահռելի պատասխանատվություն էր՝ իր ծառայակից ընկերների, նրանց ծնողների ու Սասունի հանդեպ:
“Հիմա ես պատասխան պիտի տամ էն վերջին թիզի համար, որի վրա կանգնել եմ, որի վրա Սասունի Հայրն ընկավ” մտածեց..
Արևը լեռներում ավելի շուտ է մայր մտնում: Երկինքը վառ կարմիր գույն էր ստացել մայրամուտից, որն այդ Հայրենիքի ամենաառաջին կետն ավելի էր գեղեցկացնում ու առեղծվածային դարձնում: Ձյունն իջնում էր մեծ փաթիլներով, այնքան հանգիստ,որ կարծես այդ դիրքը նրա գնալու վերջին հանգրվանն էր ու էլ շտապելու ոչ մի տեղ չկար:

Առավոտյան, երբ դեռ բոլորը քնած էին, արևն էլ դեռ չէր ծագել, Ավագն արդեն արթուն էր՝ սափրված: Սաստիկ ցուրտը ստիպում էր վերքոտ ոտքերին արագ հագնել այդ անհարմար, մինչև ծունկը ցավեցնող կոշիկները: Ավագն էստեղ ուրիշ Ավագ էր. Ավագն էլ անպիտան չէր, կարևոր էր, ամենակարևորը: Էն ծխող տղան, ով միշտ վիրավորող խոսքեր էր ասում աղջիկների ետևից, ով Կարենի մեքենայի մեջ գարեջուր էր խմում՝ դարձել էր զինվոր, իսկական, օրինակելի զինվոր ու էդ պահին, էդ սաստիկ ցրտին իմ ու ձեր անդորրն էր հսկում: Մի վատ բան կար միայն՝ երևի պոկեր խաղալն արդեն մոռացել էր:
Երկրորդ օրը սովորականի նման չանցավ: Թշնամին հանգիստ չէր տալիս կրակելով:
-Սամ, ինչի՞ են էսքան կրակում էսօր:
-Երևի տեղյակ են որ նոր ենք հերթափոխ արել, գիտեն որ նոր տղերք են ստեղ, փորձում են վախեցնել:
-Մենք չե՞նք կարա վախեցնենք:
-Հրաման պիտի լինի, դեռ չկա:
-Դե հա, ստեղ հրաման տվողները չեն, որ հրաման տան:
Ավագը հագավ բաճկոնն ու դուրս եկավ դիրքը պահող տղերքի մոտ:
-Ճուտ, հոգնել ե՞ս:
-Չէ-չէ Ավ, կկանգնեմ: Հազիվ աչքերը բաց պահելով ՝ ասաց դիրքի ամենափոքրը, ով առաջին անգամ էր դիրքերում:
-Գնա մի քիչ հանգստացի, կկանգնեմ ես էս մի ժամը:
-Բայց ախր..
-Բայց չկա, գնա բլինդաժ չայ խմի, մի քիչ աչք կպցրու: Սամոյի նեռվերը չուտես, գիշերը հերթապահ ա, թո՛ղ հանգստանա: Զենքդ մաքրի, ցուրտ ա հիմա, ամեն օր յուղեք:
Ուսից իջացրեց զենքն ու կանգնեց նրա փոխարեն: Ավագը իրեն ավագ եղբոր պես էր պահում բոլորի հետ, երևի գիտակցում էր, որ իրար եղբայր ընդունելով միայն կարելի է սահման պահել: Խրամատով քայլում էր, դողում, բայց չէր մրսում:
-Ա՞վ, Ստեղ ե՞ս:
-Պառոլը:
-Նոտա:
-Աչք, Հակ դու ես՞:
-Հա բա, դու էլ ուրախացար, թուրք է՞իր ուզում գյուլլել:
-Թուրքն էս եղանակին դիմացի սարը դժվար անցնի, բայց դե ինչ իմանաս:
-Եկել եմ խոսանք մի քիչ:
-Բան ա՞ եղել: Քնած չէի՞ր դու:
-Պառկած էի, քո ու Սամոյի խոսակցությունը հետաքրքիր էր, չկարացի քնեմ:
-Ասա տենամ խի՞ քունդ չի տանում:
-Դե հիմա , որ իրանք ուղիղ մեր վրա կրակեն, ասենք Աստված չանի, մեկս վիրավորվի անգամ, էլի իրանց վրա չե՞նք կարա կրակենք:
-Քեզ հազար անգամ ասել եմ՝ սրա- նրա հետ հիմար թեմաների փոխարեն նստի կանոնադրություն կարդա: Մենք անմիջական հրամանատար ունենք, չէ՞: Որ խնդիր եղավ ինքը կարա մեզ հրամայի, բայց դու մեր հրամանատարներին տենց մի նայի է, Էդ հրաման տվողներից ամեն մեկը մի քսան տարի առաջ ստեղ հարյուր հատ թուրք ա փռել, հենց մի փոքր վտանգ լինի հրամանը կտան: Համ էլ հլը պատկերացրու՝ բոյ ենք տալիս ու կապը միամիտ, ասենք ձյան պատճառով կտրվում ա՝ պիտի էնքան սպասենք հրամանին մինչև թուրքերը գան մեզ կոտորեն մենք էլ սպասե՞նք:
-Չէ դէ, կկրակենք:
-Ըհըն, տենու՞մ ես, Գիտես մի փամփուշտն ի՞նչ արժե:
-Հը՞ :
-Մի դոլլար: Սրանք էլ մեր հարկերից են առնում: Մի մարդ պիտի մի ամբողջ օր աշխատի, հարկ տա, որ էս մի փամփուշտն առնենք: Բա թուրքի վրա արժի՞ անիմաստ էս մարդկանց աշխատածը ծախսենք:
-Չէ, Մի քիչ ժպտալով ՝ պատասխանեց Հակոբը:
-Դե գնա, գնա հանգստացի: Հա, տղերքի հետ էլ քիչ լեզվակռիվ արա, հիշի՛, մեր թշնամին էս խրամատից էն կողմ ա:
-Մեր թշնամին էս խրամատից էն կողմ ա, ինչ թույն ասիր, գնամ տղերքին էլ ասեմ:

Լուսադեմ էր արդեն, տղերքը դիրքերը ամուր հսկում էին: Ձյունը վաղուց դադարել էր, իսկ սահմանները հսկողների աչքերը սկսում էր ծակել ձմեռային հեռու, չջերմացնող արևը:
Ավագը քնած էր, երբ վեր թռավ անսովոր աղմուկից:
-Տղերք, տագնա՛պ: Արագ արթնացե՛ք:
-Սամ, ի՞նչ ա եղել:
-Հագնվի, շարվի, արա՛գ:
-Տղերք: Երկու դիրք էն կողմ դիվերսիայա եղել, մի զոհ կա: Իրանց զոհերից դեռ բան պարզ չի: Արագ բոլորդ կարգի բերեք ձեզ, զենքերը վերցրեք: Ուժեղացված հսկողություն ա:
Տղերքից երկուսը ծխարանում ծխում էին: Ավագը միացավ նրանց:
-Ավ, շատ լուրջ ա՞ հա:
-Չգիտեմ տղերք, ինչ ուզում ա լինի մեջք-մեջքի ենք:
-Ու ուս-ուսի: Մի փոքր ժպտացին տղերքը:
Երրորդ ժամն էր տագնապի, երբ հանկարծակի հզոր պայթյունը մի ակնթարթ խլացրեց բոլորին: Ավագից տասնյակ մետրեր հեռու պայթեց հրետանու արկն ու ամեն ինչ վերածեց քաոսի: Ավագը խրամատից նայեց դուրս, երբ պայթեց երկրորդ արկը, արդեն քիչ ավելի մոտ:
Տղերքը ապաստարաններում դիրքավորվեցին: Ավագը հեռվում երկու հոգի նշմարեց ու կրակեց նրանց ուղղությամբ: Հակոբը ակնթարթորեն հայտնվեց նրա կողքին:
-Ավ, ապեր ես եմ, ստեղ եմ:
-Արա, դու դիրք չունեի՞ր պահելու:
-Չէ, մի քանի ժամ ստեղ էի, ասիր գնա հանգստացի:
-Հիմա տես, հրաման տալի՞ս են կրակելու:
-Չգիտեմ:
-Ես տալիս եմ: Ստեղից նայում ես, ինչ տեսար շարժվող՝ սատկացրու՛:
Տղերքը զարմանալիորեն հավաք էին, թվում էր, թե ամեն մեկը ծնվել է իր էդ մի փոքր հողը պաշտպանելու համար: Րոպեներ անց Ավագը Հակոբի կողքին էր՝ կրծքից մի քանի նռնակ կախած:
-Էս երեքը վերցրու: Տեղ չշարժվես էստեղից: Լսում ե՞ս:
-Հա-հա:
-Ոչ մի թիզ հետ չգնա՛ս: Էս վերջի նռնակը մոտդ պահի, լցվեն գլխիդ՝ կպայթեցնես: Հասկացա՞ր Հակ:
-Հա-հա Ավ, Հասկացա:
-Հակ, էս կտոր հողի համար ընկերոջս հերն ա մահացել, լսում ես չէ՞, ոչ մի քայլ հետ չգնաս: Ես գնում եմ մյուս դիրքը պահեմ:
Ավագի գնալուց անմիջապես հետո Հակոբը հեռվում տեսավ մի քանի շարժվող կետեր, որոնք վառ նշմարվում էին սպիտակ ձյան վրա:
-Թուրքը տղերք, կրակե՛ք. Թուրքը:
Հակոբի մարմինը դողում էր վախից, պատասխանատվությունից:
Ավագը առաջին նռնակը նետեց թշնամու կողմը, դիպուկ նետեց: Տղերքը կրակում էին հստակ ու ճիշտ: Հանկարծ Ավագը հիշեց Սասունին, նրա խնդրանքը՝ “չվախենա՛ս. Լսում ե՞ս, հետդ ենք, չվախենաս”: “Չեմ վախում տղերք, հետս եք, ոնց կվախենամ”.. կրկնեց մտքում ու նետեց երկրորդ նռնակը: Փորձում էր հանել երրորդը, երբ կուրծքը անտանելի տաքացավ: Ավագը պառկեց խրամատում ու կրծքի տաքությունը սկսեց քիչ-քիչ թուլանալ: “Ավագ, հողերս գլխիդ, քեզ ասել էի, լավ նայի քեզ: Ավագ, հետդ ենք: Չվախենա՛ս, Ավագ… Լսում ե՞ս, չվախենաս: Դրան ասա էդ մի թիզից հետ չգնա”….
Երկինքը պարզ էր, այնպես պարզ, ինչպիսին չէր եղել իր ծառայության ոչ մի օրը: Ավագի ականջներում արդեն խուլ լսվում էին կրակոցների ձայներն ու գնդակների անտանելի ու սատանայական թռիչքը: “Մի թիզ հետ չեմ գնացել, ստեղ եմ: Պառկել եմ էս հողին, որ ավելի լավ զգամ սրա կարևորությունը: Էս հողն իմն ա, մերը… հետ չեմ գնացել, ես ստեղ եմ, պինդ եմ.. տղե՛րք…”:

Երկար մարտից հետո վերջապես թշնամու կրակը դադարեց, Հակոբը նետեց զենքն ու վազեց մյուս դիրքի ուղղությամբ: Ափսոս, որ այնտեղ գտավ միայն վերջին նռնակն ու Ավագի՝ արդեն անշունչ մարմինը…

Նվիրվում է ընկերոջս հիշատակին:

Աշոտ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *