Կառավարությունը այսօր ընդունել է որոշում, որով առաջարկվում է «ՀՀ ներդրումների և արտահանման խթանման» ծրագրի իրականացման համար նախատեսվող 1 միլիարդ 72,1 միլիոն դրամ դրամաշնորհից 240 միլիոն դրամը (շուրջ կես միլիոն դոլար) տրամադրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ առանց մրցույթի:

Հիմնավորման համաձայն, ընկերության նպատակն է լինել Հայաստանի Հանրապետության ներդրումային հետաքրքրությունների առաջմղման առանցքային խողովակ՝ ռազմավարական ներդրումային ծրագրերի կառավարման, տնտեսության գերակա հռչակված ոլորտներում իրականացվող նախաձեռնություններում ներդրումների ներգրավման, ինչպես նաև ընդունելի ռիսկեր պարունակող գործարար ձեռնարկներում մասնակցության միջոցով:

Ընկերությունը հիմնականում աշխատելու է խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ և խոշոր ներդրողների հետ: Ընկերությունը նշված դրամաշնորհի շրջանակում, մասնավորապես, որպես ներդրող և խորհրդատու մասնակցելու է ներդրումային նախագծերում և գործարար նախաձեռնություններում Հայաստանում, աջակցելու է կառավարությանը խոշոր ներդրումային ծրագրերի կառավարման հետ կապված գործընթացներում, հանդես է գալու որպես պետության գործակալ պոտենցիալ խոշոր ներդրողների հետ երկխոսության և հետներդրումային փոխհարաբերությունների դաշտում, աջակցելու է կառավարությանը ներդրումային ու գործարար միջավայրի կատարելագործմանն ուղղված բարեփոխումներում, իրականացնելու է ներդրումային և գործարար խորհրդատվություն, այդ թվում՝ ներգրավելով օտարերկրյա բարձրակարգ մասնագետների, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

""