""

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում՝ ԿԳՆ փոխանցմամբ, այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցի շուրջ ստեղծված խնդրին։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի որոշմամբ նախատեսվում էր վերոնշյալ դպրոցը միացման ձևով վերակազմակերպել և միավորել Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոցին: Հետագայում ՀՀ կառավարությունը երկարաձգել էր միավորման ժամկետը՝ այն տեղափոխելով մինչև 2018 թվականի հունիսի 1-ը: Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է նախարարության տեսակետը՝ տվյալ գյուղի դպրոցի փակման անթույլատրելիության վերաբերյալ և հանձնարարել միջոցներ ձեռնարկել՝ համապատասխան իրավական հիմքեր ապահովելու համար:

Նախարարը հետաքրքրվել է՝ արդյոք բոլոր աշակերտները տեղեկացվա՞ծ են ավարտական և միասնական քննությունների ժամանակացուցի փոփոխության վերաբերյալ, որի առնչությամբ ստացել է հավաստիացում:
Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև դպրոցներում իրականացվող հնարավոր դրամահավաքների խնդրին՝ հատուկ ընդգծելով, որ դպրոցների որոշ տնօրեններ ապատեղեկատվություն են տարածում ծնողների և աշակերտների շրջանում՝ իբրև թե նախարարությունն արգելել է Վերջին դասի արարողությունը: Նախարարը կոչ է արել վերջիններիս՝ զերծ մնալ նման ապատեղեկատվության տարածումից, այլապես դրան կլինի համարժեք արձագանք:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տարկետման, մագիստրոսական և ասպիրանտական տեղերի, հիմնադրամների գործունեության, ինչպես նաև գնումների որոշակի ընթացակարգերի վերաբերյալ խնդիրներ: Անդրադարձ է կատարվել նաև ներառական կրթության, միջնաժամկետ ծախսային ծրագրերի, դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևի և ընթացիկ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հարցերին:

Ինչպես նաև ՝

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բուհերի ակադեմիական ազատությունների, ընդունելության քննությունների կազմակերպման, «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ տարատեսակ հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Համաժողովրդական շարժման ընթացքում բարձրացված՝ ուսանողների իրավունքներին վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես, տարկետման իրավունքի, բուհերի կառավարման մարմինների և ուսանողական խորհուրդների ապաքաղաքականացման վերաբերյալ: Այդ համատեքստում նախարարը կարևորել է շարժման ընթացքում կիրառված պայքարի, այդ թվում՝ քաղաքացիական անհնազանդության գործիքների շարունակական օգտագործումը՝ որպես իրավունքների իրացման տարբերակ: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այդ գործիքներն այլևս կարող են օգտագործել բոլորը։ «Մենաշնորհներ, ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ այստեղ պետք է այլևս չլինեն», -նշել է նախարարը և հավելել, որ բարձր է գնահատում հատկապես պայքարող ուսանողներին՝ այսպիսով իր սերն ու հարգանքը հղելով վերջիններիս:
Արայիկ Հարությունյանը ռեկտորներին տեղեկացրել է նաև, որ պետական բուհերն այլևս իրենց արտաբյուջետային միջոցներից գումար չեն փոխանցի Հայաստանի երիտասարդական հիմնադրամին: