Հոգեվիճակ
Քո ծանոթ հայացքի մեջ անծանոթ,
Ինձ համար խո՜րթ,անբնական լուսախա՜ռն թախիծ կա քիչ,
Դու ինձ այսօր անծանոթ ես,
Խելացնոր ու խելագար քո բնույթով
Ծանոթ չես ինձ…
Հայելին էր,լոկ փա՜ստ,միջո՜ց
Ու պատասխան իմ հարցերին,
Նա էլ այսօր չի՛ ճանաչում
Խելահեղեղ անծանոթին:
Ո՞վ ես,ի՞նչ ես փնտրում այստեղ,
Այս կողմերում հողմահալած,
Ես քեզ այսօր չե՜մ ճանաչում,
ու քո ձայնը՝ կարոտ դարձած…
ա՜յլ է տեսքդ…և՛ բառերդ,
և՛ խոսքե՜րդ ցնորական,
չէ՛,դու չես սա,այլ անծանոթ,
կամ՝ քիչ ծանոթ սովորական:

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՀՄԱԿ

Մենք՝մարդի՛կս,
որ ապրում ենք մարդանման այս աշխարհում,
ուր ապրելու համար մենք էլ
մա՜րդ ենք խժռում ու հագենում,
հետո պատառ-պատառ եղած
ոսկորները դասում հատ-հատ,
ու բաժանում աղքատներին
մարդամիսն ավելացած՝
էլ ինչու՞ ենք ակնկալում
մեկ այլ մարդուց մի ձեռք մեկնած,
մեկ ուրիշից՝ մի կտոր հաց,
տնատերից՝գինով լի թաս…
մարդադավ ա՛յս աշխարհում,
ուր քաոսն է տիրում,ավաղ,
քաոսածին այս կամարում
ումից ի՜նչ ենք խնդրում անվախ…
մեկը ձե՛ռք է մեկնում ցավիդ,
մեկ ուրիշը՝ դարման լինում,
այն երրորդն էլ ձեռքի հացը,
ահա՛,քե՜զ է նորից բաշխում…
իսկ դու՞ ինչ ես նրան ասում…
ավա՜ղ,դավ ես միայն հյուսում,
չարահավատ կյանքովդ սին
մեկ ուրիշին նվաստացնում,
այն ուրիշին,որ քո ցավին
դարման եղավ ու կարեկից,
այն ուրիշին,որ ձե՜ռք մեկնեց,
ընկած տեղից վեր հանեց քեզ:
……………………………………..
Չէ՜,փոխվել է այս աշխարհը,
Չարը եկել,դարձել է տեր,
Տերը թողել,փախել է ետ,
Այս աշխարհը թողել անտեր:
Մարդանման մարդահալած աշխարհում,
Մարդը մարդուն կարոտ է մնում…
Հոշոտում են միմյանց ահեղ գազանի պես,
Չես հասկանում՝ սա թատրո՞ն է,թե՞ մեծ կրկես:

ԵՍ ՆՈՐԻՑ ԿԳԱՄ…
Հյուր էի ուզում գնալ երազիս
Իմ պատանեկան օրերից մեկում,
Ու երբ եռանդով թամբում էի ձիս
Դեռ նոր-նոր էր արևը ծագում:
Մի անհուն հայացք ձգվելով ձորին
Խումար աղբյուրից մինչև Պլպլան,
Ու նոր էր ծաղկում դեռ այծամորին
Ու միշտ ցողվում էր իմ հունձը գարնան:
-Հե՜յ-հե՜յ,-կանչեցի ծանոթ հավքերին,
Երգով լցրեցին երազիս ճամփան,
Մի փունջ ուզեցի ձորի վարդերից,
Որպես երազիս մեծ սիրո վկա:
Հավք ու ծաղկունքը լուռ էին ձորում,
Ու չէի լսում ծիծաղն աղբյուրի,
Զեփյուռ չէր թվում ինձ ամենևին,
Այլ շողացող արև՝ երկնքից հեռու:
Նեղվում էր սիրտս, արագ տրոփում,
Ձորի լռությամբ օտար թվացող,
Ցողն էր դողդողում աչքիս լճափում
Ու հոգիս պատում մթամած քողով:
Աչքերս հառած ճամփին ինձ տանող
Երազս տեսնես ի՞նչ է ինձ հուշում,
Ինձ նախատու՞մ է, թե՞ տալիս ներում,
Բարի հայացքով ճամփաս է պահում:
Մանկության ձորի աղբյուրնե՛ր,հավքե՛ր,
Բարի՛ն մաղթեցեք, թողե՛ք ես գնամ,
Երազիս հոգուն տնօրեն ու տեր
Կարոտիս տենչով ես նորից կգամ:

ԼՈՒՅՍ ԽԱՎԱՐՈՒՄ
Փողո՜ցը….
Դատարկ է թվում կողքի դարբնոցը,
որ մի ժամանակ վարպետը հպարտ
իր գործն էր անում,
որ դարբնոցին կից՝ այն հացատա՛նը
ինչ-որ մի տատիկ թխում էր հացը…
Փողո՜ցը…
Մե՜րկ ու դատարկվա՜ծ,
Քարուքա՛նդ եղած ճամփեզրին հե՛նց կից
գտնվում էր խուլ այն արվարձանը,
որին հարակից դրված էր ինչ-որ
արվեստագետի քարե արձա՛նը…
Փողո՜ցը…
Որքա՜ն եմ քայլել այս նեղ փողոցով,
որքա՜ն եմ խորհել այս ճանապարհին,
որքա՜ն մարդկային մտքեր եմ քաղել,
խորհու՜րդ եմ լսել ես կեսգիշերին:
Փողո՜ցը…
որ հիմա դատարկված իր վերջին
Հանգրվա՛նն է գտնում պաստառների վրա,
որոնք կախված են քանդված մայթերի՝
փշուր-փշուր եղած պատերի վրա՝
հիշեցնում է ինձ,
իսկ ես չե՜մ մոռանում,
թե ինչպես մի անգամ սայթաքեցի ու վա՜յր ընկա,
չհասկանալով պատճառը ընկնելուս:
Ինձ ձե՛ռք մեկնող չեղավ,թեև մարդիկ կային շատ,
մարդաշա՜տ էր փողոցն այդ պիկ ժամին…
անցնում էին բազում մեքենաներ՝ թա՛նկ ու էժան,
բայց ոչ ոք չկանգնեց փողոցի այդ մայթին,
ուր ես էի ընկած՝
անօգնակա՜ն,մենա՜կ…
Ձեռքս պարզեցի ես անգույն օդում,
բարձրացրի վե՜ր գլուխս կախված,
որ ցած էր նետվել ինչ-որ մի ուժի
թելադրանքով,
ու կամա՜ց-կամա՜ց, հենվելով ոտքիս,
կանգնե՜ցի…ոտքի՛ ելա ես
վեհ հպարտությամբ,
ու քայլեցի էլի…
Քայլեցի փողոցի երկայնքով՝
դարձյալ մտախո՜հ ու մտատա՜նջ,
մինչև որ մթնեց…
Երբ հոգնած աչքերս բացեցի վերջապես,
հենց իմ տա՛ն դիմաց՝
փողոցի հակառակ անկյունում,
գտա կորցրա՜ծս՝ տու՛նս հայրական,
որ փնտրում էի անհուն ձորերում,
որ կարծում էի՝չե՛մ գտնի երբեք,
բայց գտա հանկարծ…
Հրաշքի պես բացվեցին դռները իմ տան,
ներս մտա հպա՜րտ,կանգնեցի երկար,
զննեցի հետո պատերը հատ-հատ,
ու արտասվեցի՜….կարոտից,սիրուց,հուզմունքից արբած:
Չգիտեմ՝ինչ եղավ հոգուս ակոսներում…
ես գտա տունն իմ
հեռու -հեռավոր այն մե՜րկ փողոցում…
և ինչպես հոգիս,այնպես էլ՝ տունս,
միայնակ էր մնացել նեղ փողոցի մեջ.
չգիտեի՝ լա՞լ,թե ժպտալ …
Փողոցը…
ուր չկա այլևս այն հին դարբնո՜ցը,
չկա կիսավեր այն հին դպրոցը,
ուր կորցրեցի տատիցս նվեր փոքրիկ մատնոցը:
Ես գտա տունս…
Ես գտա տունս
կիսավեր ու կիսաքանդ
Փողոցում…
և սիրեցի փողոցն այն,
որ ատում էի մի ժամանակ,
և փողոցի հետ
սիրեցի կյանքը…

ՍՐՃԱԳՈՒՅՆ ԿԱՐՈՏ
Դու գնացիր…
դու գնացիր ու թողեցիր
վերջին անգամ ըմպածդ սուրճի
շագանակագու՜յն,փոքրիկ բաժակը…
դու գնացիր,
իսկ մինչ օրս ես չեմ լվացել
շագանակագույն,փոքրիկ բաժակը,
որի մի ծայրին հպվել են
քո համբուրակարոտ,պապակ շուրթերը,
որոնց հպումով կում-կում
ըմպել ես սևաթու՜յր սուրճը՝
դա՜ռը…դառնահա՜մ…
ու,թեև դա՛ռն էր սուրճը սևազգեստ,
բայց որքա՜ն հուշեր թողեց ինձ ու քեզ…
դու գնացիր,
ու թեև գնացիր ինձանից,
բայց այնտեղ,ինչ-որ տեղ,այն մթնու՜մ,
չորացել է վաղուց քո ըմպած սուրճի
սրճապատ բաժակը…
որի անկյունում դրված նա էլ,երևի
սպասում է,որ գաս,
որ մաքրվի իրեն կառչած
սրճագույն գոյացությունից…


Հեղինակ՝ Կարեն Շիրինյան