Կարեն Շիրինյանի բանաստեղծություններից

ՄԹՆԱՇԱՂԱԽ ԽՈՀԵՐ
Խանդավառ հոգիս ճախրանքների մեջ
Ճաք է տվել նռնենու նման,
Ափսոս,վայրէջքը շուտ է ավարտվել,
Դեռ հատիկնեը չհասունացած:
Էլ ի՞նչ խինդ,ծիծաղ կամ ուրախություն…
Հոգիս մոլագար տխրել է վաղուց,
Եվ թռիչքները էլ չեն ամոքում
Տարիների սպիները՝ հոգում կառչած:
Օրը դաժան է,կյանքը՝ ալեկոծ,
Մարդը՝ նավավար,ցավի օվկիանում,
Քարանձավները լռել են վաղուց,
Քարացել ինձ պես և չեն շշնջում:
Մտատանջ հոգուս խոր ճիրաններում,
Ուր մթապատ է շուրջը ամեն ինչ,
Մտքերս խավար ու սին են թվում,
Չկա ո՛չ երազ,ո՛չ խոհեր անբիծ:
Կուրացել եմ ես հոգետանս մեջ,
Մտքերս ունայն ուղի են փնտրում,
Ես քարացել եմ ցավերից անվերջ,
Հոգիս մոլորված մտորում է լուռ:
Խաբկանք է թվում կյանքը ամենքին,
Եվ ամենքն իրենց բախտից են դժգոհ…
Ո՛վ արդարություն,ցու՛յց տուր ինձ ուղի,
Եթե դու իրոք կաս այս աշխարհում:
13.01.2017թ
 
 
ԼՌՈՒԹՅԱՆ ԷԼԵԳԻԱ
Լռում եմ դարձյալ հոգուս սպառնալիքով…
Շղթայել են ինձ գազանի նման,
Թակարդում տնքող անխոս գազանի,
Որ դաժան ցավից ոռնում է էլի:
Ցավի կսկիծը փաթաթվել է ինձ,
Խեղդվում եմ աղի ծովի հատակին,
Չկա ոչ մի ելք փրկության համար,
Աղոթքս այդժամ չփրկեց դարձյալ:
Եվ իմ աչքերը՝ լացից կուրացած,
Ճկվել են,ասես,կտրած ճյուղի պես,
Ձեռքերս պարզած ծովի ընդերքին,
Քարի բեկորներ են գլորում անտես:
Պայքարն էլ,ավա՜ղ, չօգնեց չարանենգ,
Երկրագունդն ասես շրջվեց գլխիվայր,
Մարդկանց տանելով իր արահետով,
Ցավից ստրկացած ցավ ժառանգելով:
Ո՞վ է հասկանում անիրավ կյանքից…
Կյանքը հղփացած մարդկանց է լափում,
Մարդիկ էլ միմյանց հոշոտում,սպանում,
Մշտանենգ կյանքի քառուղիներում:
 
13.01.2017
 
ՀՊԱՐՏ ԻՄ ԶԻՆՎՈՐ
Իմ զինվո՛ր եղբայր,մարտունակ ու քաջ,
Ճամփեցի բանակ,որ դու ծառայես,
Որ մեր սահմանը անառիկ պահես
Չթողնես թուրքը այնտեղ ոտք դնի:
Ինչ էլ որ լինի,ինչքան էլ դժվար,
Պիտ ընտելանաս այդ պայմաններին,
Չէ՞որ մեր հողը արյամբ է վերցված,
Չպետք է զիջենք անօրեն թուրքին:
Իմ եղբա՛յր,հայ ազգի պահապան հերոս,
Ես քո շնորհիվ անվախ եմ այսօր,
Ծառայի՛ր խաղաղ,պահի՛ր քեզ համեստ,
Հայ ազգի պատիվը դու՛ ես,համառ ես:
Երդում ես տվել մարտիկների հետ,
Ուրեմն պահի՛ր երդումդ ընդմիշտ,
Հիշի՛ր ամենուր,որ ծնող ունես
Սահմանից այն կողմ միշտ քեզ սպասող:
Թե անգամ թուրքը փորձի վախեցնել
Կամ կրակ բացել սահմանի վրա,
Չդավե՛ս երբեք,երդվել ես արդեն
Պայքարի՛ր այնքան,մինչև որ հաղթես:
 
ՍԻՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Ասում են՝ սիրո աչքերը ծով են՝
Խոր ու անհատակ,
Եվ որքան սուզվես ալիքների մեջ՝
Կանցնես անհատակ:
Ասում են՝ սիրո լեզուն ուրիշ է,
Այլ են բառերը,
Եվ սիրո բառերի մերձեցումից են
Ծնվում տաղերը:
Ասում են՝ սերը փոթորիկ է մի
Մարդկանց սրտերում,
Նրա գալուստով երկու զույգ սրտեր
Սիրով են ապրում:
Ասում են՝ սիրո արցունքները բյուր
Մարգարիտներ են դառնում շատ հաճախ,
Երբ շղթայվում են սրտի զարկերին,
Դրախտ են ստեղծում երկուսի համար:
 
 
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ
Անցել ես դու բյուր դարերի
Հազարամյա փոշու միջով,
Տեսել ես ցավ,ապրել ես վիշտ,
Բայց կանգուն ես մինչև այսօր:
Պատմությու՛նդ,որ գրվել է
Դարեր ի վեր հալածումից,
Այսօր փառքի դրոշն է մեր
Ու պատիվը սերունդների:
Թեև արյուն,դա՛վ ես տեսել,
Եվ տեսել ես նենգ ու ցավ,
Մե՛կ է՝հպարտ կանգնել ես վեր
Թշնամու դեմ անիրավ:
Անպարտելի՛,հայո՛ց իմ հող,
Ես կառչած եմ քեզ ամուր,
Հազարաթև աղոթքներով
Զա՛րկ ենք տալիս թշնամուն:
Թող ոսոխը՝ չար,անիրավ,
Ակա՛նջ դնի մեր խոսքին,
Մե՛րն է հողը պապենական,
Չե՛նք զիջելու նենգ թուրքին:
 
Հեղինակ՝ Կարեն Շիրինյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *