Կարեն Շիրինյանի բանաստեղծություններից

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ
Անցել ես դու բյուր դարերի
Հազարամյա փոշու միջով,
Տեսել ես ցավ,ապրել ես վիշտ,
Բայց կանգուն ես մինչև այսօր:
Պատմությու՛նդ,որ գրվել է
Դարեր ի վեր հալածումից,
Այսօր փառքի դրոշն է մեր
Ու պատիվը սերունդների:
Թեև արյուն,դա՛վ ես տեսել,
Եվ տեսել ես նենգ ու ցավ,
Մե՛կ է՝հպարտ կանգնել ես վեր
Թշնամու դեմ անիրավ:
Անպարտելի՛,հայո՛ց իմ հող,
Ես կառչած եմ քեզ ամուր,
Հազարաթև աղոթքներով
Զա՛րկ ենք տալիս թշնամուն:
Թող ոսոխը՝ չար,անիրավ,
Ակա՛նջ դնի մեր խոսքին,
Մե՛րն է հողը պապենական,
Չե՛նք զիջելու նենգ թուրքին:

 

ՍՐՃԱԳՈՒՅՆ ԿԱՐՈՏ
Դու գնացիր…
դու գնացիր ու թողեցիր
վերջին անգամ ըմպածդ սուրճի
շագանակագու՜յն,փոքրիկ բաժակը…
դու գնացիր,
իսկ մինչ օրս ես չեմ լվացել
շագանակագույն,փոքրիկ բաժակը,
որի մի ծայրին հպվել են
քո համբուրակարոտ,պապակ շուրթերը,
որոնց հպումով կում-կում
ըմպել ես սևաթու՜յր սուրճը՝
դա՜ռը…դառնահա՜մ…
ու,թեև դա՛ռն էր սուրճը սևազգեստ,
բայց որքա՜ն հուշեր թողեց ինձ ու քեզ…
դու գնացիր,
ու թեև գնացիր ինձանից,
բայց այնտեղ,ինչ-որ տեղ,այն մթնու՜մ,
չորացել է վաղուց քո ըմպած սուրճի
սրճապատ բաժակը…
որի անկյունում դրված նա էլ,երևի
սպասում է,որ գաս,
որ մաքրվի իրեն կառչած
սրճագույն գոյացությունից…

 

 

ՀՊԱՐՏ ԻՄ ԶԻՆՎՈՐ
Իմ զինվո՛ր եղբայր,մարտունակ ու քաջ,
Ճամփեցի բանակ,որ դու ծառայես,
Որ մեր սահմանը անառիկ պահես
Չթողնես թուրքը այնտեղ ոտք դնի:
Ինչ էլ որ լինի,ինչքան էլ դժվար,
Պիտ ընտելանաս այդ պայմաններին,
Չէ՞որ մեր հողը արյամբ է վերցված,
Չպետք է զիջենք անօրեն թուրքին:
Իմ եղբա՛յր,հայ ազգի պահապան հերոս,
Ես քո շնորհիվ անվախ եմ այսօր,
Ծառայի՛ր խաղաղ,պահի՛ր քեզ համեստ,
Հայ ազգի պատիվը դու՛ ես,համառ ես:
Երդում ես տվել մարտիկների հետ,
Ուրեմն պահի՛ր երդումդ ընդմիշտ,
Հիշի՛ր ամենուր,որ ծնող ունես
Սահմանից այն կողմ միշտ քեզ սպասող:
Թե անգամ թուրքը փորձի վախեցնել
Կամ կրակ բացել սահմանի վրա,
Չդավե՛ս երբեք,երդվել ես արդեն
Պայքարի՛ր այնքան,մինչև որ հաղթես:

 

 

ԵՍ ՆՈՐԻՑ ԿԳԱՄ…
Հյուր էի ուզում գնալ երազիս
Իմ պատանեկան օրերից մեկում,
Ու երբ եռանդով թամբում էի ձիս
Դեռ նոր-նոր էր արևը ծագում:
Մի անհուն հայացք ձգվելով ձորին
Խումար աղբյուրից մինչև Պլպլան,
Ու նոր էր ծաղկում դեռ այծամորին
Ու միշտ ցողվում էր իմ հունձը գարնան:
-Հե՜յ-հե՜յ,-կանչեցի ծանոթ հավքերին,
Երգով լցրեցին երազիս ճամփան,
Մի փունջ ուզեցի ձորի վարդերից,
Որպես երազիս մեծ սիրո վկա:
Հավք ու ծաղկունքը լուռ էին ձորում,
Ու չէի լսում ծիծաղն աղբյուրի,
Զեփյուռ չէր թվում ինձ ամենևին,
Այլ շողացող արև՝ երկնքից հեռու:
Նեղվում էր սիրտս, արագ տրոփում,
Ձորի լռությամբ օտար թվացող,
Ցողն էր դողդողում աչքիս լճափում
Ու հոգիս պատում մթամած քողով:
Աչքերս հառած ճամփին ինձ տանող
Երազս տեսնես ի՞նչ է ինձ հուշում,
Ինձ նախատու՞մ է, թե՞ տալիս ներում,
Բարի հայացքով ճամփաս է պահում:
Մանկության ձորի աղբյուրնե՛ր, հավքե՛ր,
Բարի՛ն մաղթեցեք, թողե՛ք ես գնամ,
Երազիս հոգուն տնօրեն ու տեր
Կարոտիս տենչով ես նորից կգամ:

 

ՍԻՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Ասում են՝ սիրո աչքերը ծով են՝
Խոր ու անհատակ,
Եվ որքան սուզվես ալիքների մեջ՝
Կանցնես ընդհատակ:
Ասում են՝ սիրո լեզուն ուրիշ է,
Այլ են բառերը,
Եվ սիրո բառերի մերձեցումից են
Ծնվում տաղերը:
Ասում են՝ սերը փոթորիկ է մի
Մարդկանց սրտերում,
Նրա գալուստով երկու զույգ սրտեր
Սիրով են ապրում:
Ասում են՝ սիրո արցունքները բյուր
Մարգարիտներ են դառնում շատ հաճախ,
Երբ շղթայվում են սրտի զարկերին,
Դրախտ են ստեղծում երկուսի համար:

 

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ
Ես քայլում էի լու՜ռ,մտամոլո՜ր,
Խոհերով անշտապ,քայլերով մեղմիկ
Խորդուբորդ,քարոտ,փշապատ ճամփով,
Գլխիկոր այնպե՜ս ու շփոթահա՜ր,
Բայց ու՞ր…չգիտեմ…
Ամայի ճամփով,ուր փուշ ու տատասկ էր
Լոկ ոտքերիս տակ,
Իսկ հո՜ղը….ա՜խ,սևահողը, փախչու՜մ էր,ավա՜ղ
Ոտքերիս տակից…
Մտացրիվ էի…խելագար, անհույս ճամփորդի նման,
Լոկ հագուրդ տալով ծարաված շուրթիս,
Ձեռնունայն,դատարկ ու անհույս մի քիչ
Թափառումներով մուրացկանի պես,
Քայլում էի ես կամ վազում մի քիչ,
Ապա ետ շրջվում,տեսնելու համար՝
Արդյո՞ք ինչ-որ մարդ,ինչ-որ մի էակ
Քայլում է դեպ ինձ,
Թե՞ ես իսկապես անտեր ու անտուն,
Թափառումներից ավաղ, խեղճացած
Մենակ եմ էլի…մենակ եմ դարձյալ
Այս խե՜նթ քաոսում:
Եվ մեռավ հույսս…
Իսկ ո՞վ է գժվել,կորցրել խելքը,
Եվ ինչու՞ պիտի իմ ճամփան բռնեն,
Գան իմ հետևից անծանոթնե՜րը,
Երբ իմ սիրելին,երբ ծանոթնե՜րս
Մոռացել են իմ գոյությունը,
Որ եղել եմ ես երկար ժամանակ
Իրենց հոգեկից,
Կարեկից իրենց…
Պապակ շուրթերս է՛լ չեն հագենում
Սառնորակ շշի անսեր հպումից…
Թափառում եմ ես…ու արդեն գիշեր,
Խելակորու՜յս գիշեր,
Որ դեռ չգիտեմ՝լուսաբացը խենթ ու արևագալ,
Կգա՞ ինձ էլ հյուր,
Թե՞ իմ վիճակից սոսկ սարսափահար
Կլքի նորից…
Թեև…
Չգիտեմ…
Ապրելս զուր է,
Տառապանքներիս անվերջ հորձանքում
Ասե՛ք,ապրելս,արդյոք,ու՞մ է պետք:

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան

 

 

 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *