(«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԸ» շարքից)
Մի կերպ հասավ քաղաքային այգուն, իրեն գցեց առաջին իսկ պատահած դատարկ նստարանին: Ցավացող ոտքից հանեց կոշիկը, սկսեց տրորել կարմրած, ցավից մղկտացող ոտքի ճկույթը:
— Ասա, թե ո՞վ էր քեզ ստիպում, որ նոր առած կոշիկը հագնեիր, դուրս գայիր քայլելու, էդ ու՞մ էիր ուզում ցուցադրվել, այ անխելք կնիկ, մոռացե՞լ ես՝ յոթանասունն անց ես արդեն,- կիսաձայն ինքն իրեն հանդիմանեց ու շարունակեց տրորել մատը:
Հանկարծ դեմքին ընկած ստվերից բարձրացրեց գլուխը: 80-ին մոտ, սպիտակահեր, խոժոռ դեմքով, լավ պահպանված, թիկնեղ, խիստ ճաշակով հագնված մի տղամարդ էր:
Կինը անօգնական նայեց իր առջև կանգնած տղամարդուն ու դժգոհ, ինքն էլ չհասկանալով՝ ինչպես, դիմեց նրան:
— Նոր կոշիկը այնպես է ցավացրել ոտքս, հազիվ այստեղ հասա:
— Տվեք կոշիկը,- ասաց տղամարդն ու կնոջ ձեռքից վերցրեց այն:
Ձեռքի մեջ մատներով սկսեց տրորել ցավեցնող մասը:
— Հագեք,- կոշիկը պարզեց կնոջը:
Կինը հագավ, թույլ ժպտաց:
— Կարծես մի քիչ բացվեց:
— Տվեք,- նորից ձեռքը պարզեց տղամարդը:
Կինը նորից հանեց, պարզեց կոշիկը: Տղամարդը նորից սկսեց տրորել ցավեցնող մասը:
— Հիմա հագեք:
Կինը հագավ կոշիկը, թեթևացած շունչ քաշեց:
— Այ, արդեն ավելի լավ է, չի ցավեցնում:
Միայն հիմա ուշադիր նայեց անծանոթին:
— Դուք կոշկակա՞ր եք:
Տղամարդը մռայլ պատասխանեց:
— Ոչ, ես գող եմ:
— Գո՞ղ,- զարմացավ կինը:
— Այո, գող եմ, օրենքով գող, վախեցա՞ք:
Կինն ավելի զարմացավ:
— Ո՛չ, ինչու՞ պետք է վախենամ:
Տղամարդն զգաց, որ կինն իրոք, տարօրինակ չընդունեց իր ասածը:
— Իսկ դուք ի՞նչ եք գողանում:
Տղամարդը հայացքով չափեց ծառուղին, դարձավ կնոջը:
— Ամեն արժեքավոր բան:
Կինը նույնպես հայացքը պտտեցրեց դատարկ ծառուղով:
— Իսկ այս շղթան դուք կգողանա՞ք,- ցույց տվեց վզից կախված շղթայի մեդալիոնը:
Անծանոթը ուշադիր նայեց շղթային:
— Ոչ, այն շատ է սազում ձեր վզին:
Կնոջ դեմքի արտահայտությունն ասաց, որ իր մոտ գողանալու այլ արժեքավոր իր չկա: Անծանոթը թեթև ժպտաց:
— Կարելի՞ է նստել:
— Իհարկե, նստեք,- կինը քաշվեց մի կողմ, կողքին տեղ ազատեց:
— Իսկ ձեր ձեռքերի այդ դաջվածքները ի՞նչ են նշանակում,- հարցրեց կինը:
Տղամարդը մի պահ նայեց ձեռքերին, առաջ պարզեց նախ ձախ ձեռքը:
— Դե, սա հավերժության նշանն է, իսկ ձախ ձեռքիս վրայինը սարդ է, ինչն ասում է, որ ես գող եմ, մատիս վրայինը՝ թագ, նշանակում է…
— Նշանակում է, որ դուք թագավոր եք գողերի մեջ,- անծանոթին ընդհատեց կինը:
— Այոոոո,- ժպիտով հաստատեց գողը:
Հանկարծ տղամարդը ոտքի կանգնեց, խոնարհվեց կնոջն ու ներկայացավ.
— Ես Միքայելն եմ, Միքայել Սահակյան, բայց հանցագործ աշխարհում ինձ Բարոն են ասում:
— Մարիամ Սարգսյան, իսկ տանն ինձ տատիկ են ասում,- իր հերթին ներկայացավ կինը:
Երկուսն էլ ժպտացին: Տղամարդը նորից նստեց, կինը հարցրեց.
— Ինչու՞ Բարոն:
— Փոքր ժամանակ մայրս ինձ հագցրել է շատ կոկիկ ու ճաշակով, բակի մեծ տղաները ինձ սիրում էին, հեռվից տեսնելիս էլ բղավում էին՝ ողջույն մեր շենքի Բարոնին, էդպես էլ այդ անունը մնաց վրաս, մանավանդ, ողջ կյանքում շարունակեցի հագնվել ճաշակով, կոկիկ ու թանկ, որպես իսկական Բարոն:
— Պարզ է,- ծոր տվեց կինը:
Քիչ լռեցին: Հանկարծ Միքայելը նայեց ժամացույցին ու վեր կացավ:
— Դե, ես պետք է գնամ, Մարիամ, հաճելի էր Ձեզ հետ ծանոթությունը:
Դեռ մի քայլ էր արել, երբ հետևից լսեց կնոջ ձայնը:
— Բժիշկն ինձ հանձնարարել է, սրտի վիրահատությունից հետո, ամեն օր թարմ օդում լինել:
Ծերունին հետ նայեց, թվաց՝ այդ քնքուշ ձայնը նրան անցյալից եկավ:
Ծառուղու վերջում երևացին երկու տղամարդ, Միքայելը քայլեց նրանց կողմը
— Բարև, Կարո,- երկու տղամարդկանցից մեկին ձեռքով բարևեց ու հայացքով ցույց տվեց քիչ հեռու կանգնածին,- ի՞նչ կա, սա ո՞վ է:
Կարոն իր հետ եկածին գլխով մոտ կանչեց:
— Խնդիր կա, Քերոբ, քո միջամտության կարիքն ունենք,- Միքայելին դիմեց Կարոն,- ճիշտ կլինի, գնանք, աչքից հեռու այն նստարանին նստենք:
Միքայելը հետ նայեց, Մարիամը դանդաղ քայլերով դուրս էր գալիս այգուց:
— Կարո, դու գիտես, որ ես հանգստի եմ, ոչ մի բանի այլևս չեմ խառնվում, բայց քեզ կլսեմ, գնանք,- ասաց:
— Նախ ծանոթացիր, Քերոբ, Արամը մեր հարգված, վստահելի, արդար աշխատող, մեծ ընտանիք պահող ընկերներից է, մայրուղու վրա մի ոչ մեծ ռեստորան ունի, մարդը հինգ տարի առաջ մի փոքրիկ կառույցի քար ու քռա տարածքը գնել, մաքրել, բարեկարգել է, կառույցը մեծացրել, վերանորոգել, կարգի է բերել, գլուխը կախ, իր համար աշխատացնում է՝ նորմալ սպասարկումով, դժգոհ մարդ չկա, ահագին էլ վարկերի տակ է դեռ, ու հիմա հայտնվել է վերևներում լավ տանիք ունեցող մեկը, ուղղակի ստիպում է, որ ռեստորանը իր արժեքի գնի կեսից պակաս գնով, վաճառի իրեն, հակառակ դեպքում՝ ընդհանրապես կզրկվի ռեստորանից:
— Հասկացա,- հայացքը այգուց դուրս եկած, հեռվում դեռ երևացող կնոջից կտրեց Միքայելը,- հիմա ինձ ասեք՝ ո՞վ է հայտնված «գնորդը» և ո՞վ է նրա տանիքը:
Զրույցից հետո, երբ պարզ դարձավ, որ «գնորդի» տանիքը Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալն է, ում հետ «գնորդը» դասընկեր է և մի քանի օբյեկտների համասեփականատեր, Միքայելը հրաժեշտ տվեց ու այգուց դուրս եկավ:
— Ասում էի, չէ՞, էս գործին ոստիկանություն-անվտանգություն խառնելը օգուտ չի տա, եղբայր, ամեն տեղ իրենց շներն են, միայն Բարոնը կարող է էս հարցը կարգավորել:
Բարոնը՝ Միքայել Սահակյանը, իրոք, արդեն մոտ տասը տարի էր, ինչ հեռացել էր հանցագործ կյանքից: Ապրում էր քաղաքամերձ իր ամառանոցում՝ կալանավայրում ծանոթացած մի անտուն, իրեն տարեկից ընկերոջ հետ, ով էլ վարում էր տնտեսությունը, կատարում տնային գործերը, վայելում Բարոնի կատարյալ վստահությունն ու հարգանքը: Բարոնն ընտանիք չուներ, հարազատներին առիթից առիթ էր հանդիպում: Իսկ հին ընկերները չէին մոռանում, աշխարհի տարբեր ծայրերից հաճախ այցելում էին նրան, օրերով հյուրընկալվում, հիշում անցած դեպքերն ու օրերը, հոգում էին, որ ծերացող հեղինակությունը ոչ մի բանի պահանջ, խնդիր չունենա: Եվ Բարոնն, իրոք, վայելում էր իր ծերությունը: Իսկ Կարոյի առավոտյան զանգն ու հանդիպելու առաջարկը չկարողացավ մերժել, Կարոն փրկել էր նրա կյանքը, Բարոնը նման բաները երբեք չի մոռանում:
***
Մարիամը տանից դուրս գալիս, հենց տան դարպասի մոտ դեմառդեմ ելավ որդուն: Նախորդ օրը որդին զգուշացրել էր, որ մայրը մենակ չգնա քայլելու:
— Մա, սա քեզ համար Ֆրանսիան չէ, դու մի մոռացիր՝ ում հարսն ես եղել, ում կինն ես եղել, ում մայրն ես, տանից մենակ դուրս ես գալիս, հազար աչք կա, քաղաքին խոսելու թեմա ես տալիս:
— Արտակ ջան, մի քիչ քայլեմ ու շուտ վերադառնամ,- որդու նոր դիտողությունը կանխեց ու արագ քայլերով հեռացավ:
Մտավ քաղաքային այգի ու հայացքն ուղղեց երեկվա նստարանի կողմը: Սիրտն անհանգիստ խփեց, երեկվա ծանոթը՝ Միքայելն այնտեղ էր: Մի պահ տատանվեց, ի՞նչ էր ստացվում, որ ինքն երեկ ժամադրվել է այդ մարդու հետ, այդ օրենքով գողի հետ ու հիմա աղջկական թրթիռով եկել է հանդիպման: Չէ, չի մոտենա, ավելի լավ է՝ վերևի ծառուղով քայլի: Բայց Միքայելը տեսավ կանգնած կնոջն, ու սուր զարգացած զգացողությունը հուշեց, որ կինը տատանվում է մոտենալ, ինքը պետք է մոտենա: Արագ վեր կացավ, քայլեց ընդառաջ:
— Բարև Ձեզ, Մարիամ, գուցե այն ծառուղիո՞վ քայլենք:
Պտույտից հոգնած՝ նստեցին նստարանին:
— Ասացիք, որ ընդմիջումներով 15 տարի կալանավայրերում եք անցկացրել, պատկերացնում եմ՝ որքան դժվար է եղել:
Տղամարդը չշտապեց պատասխանել, նախ ծխախոտ վառեց, հայացքը պտտեցրեց ծառուղով, միայն հետո խոսեց:
— Ոչ, այդքան էլ դժվար չի եղել:
Մարիամի զարմացած հայացքի տակ շարունակեց:
— Սկզբում էր միայն դժվար, հետո վարժվեցի: Իսկ ավելի հետո, ամեն ինչ նորմալ էր:
Վերջացրեց ծխելը, նորից շարունակեց.
— Գիտեք, այնտեղ՝ կալանավայրում, նույնիսկ ավելի հեշտ է, քան այստեղ՝ ազատ համարվող կյանքում: Այնտեղ գիտես՝ ով ով է, գիտես՝ ու՞մ բարևես, ինչպե՞ս բարևես կամ չբարևես, գիտես՝ ում հետ ինչպես խոսես, ինչպես դիմես, ինչպես քեզ պահես, իսկ այստեղ դու ոչինչ չգիտես, այստեղ դու դառնում ես զոմբիներից մեկը, ամեն քայլափոխի զգույշ, որ քեզ չկոխկրտեն, չխաբեն, չծաղրեն, չնսեմացնեն, չարհամարհեն, թիկունքից չհարվածեն, ու որպեսզի ոտի տակ չկորես, ստիպված ինքդ ես այնպես անում, որ քեզանից վախենան, այո, վախենան, ոչ թե հարգեն, քանի որ հարգանքը կեղծ կատեգորիա է, իրականում հարգանք չկա, կա վախ, պիտի վախենան, որ հարգեն:
Միքայելը քիչ լռեց, ապա շարունակեց.
— Գիտե՞ք, ես երբեմն ցանկություն եմ ունենում, որ ինքս էլ կյանքի փաստերի նկատմամբ կույր լինեմ, բայց չեմ կարողանում:
Մարիամը լուռ լսում էր, թեև գողի արտահայտած որոշ մտքերին համաձայն չէր, որոշ մտքեր էլ ուղղակի չէր հասկանում, բայց լսում էր ուշադիր ու հետաքրքրությամբ, քանի որ այդ զրույցները իր համար բացում էին մի նոր, անծանոթ աշխարհ, և այդ աշխարհի մասին իրեն ոչ թե մի երրորդ անձ, այլ հենց ներսում եղած գլխավոր դերակատարներից մեկն էր պատմում: Նա կյանքում առաջին անգամն էր տեսնում օրենքով գողի, ոչ միայն տեսնում՝ լսում էր նրան, զրուցում նրա հետ: Ահա, թե ինչպիսին են նրանք՝ օրենքով գողերը:
Օրերն անցնում էին, իսկ ծերության շեմին գտնվող երկու մարդկանց՝ օրենքով գողի ու բարձրաշխարհիկ տիկնոջ հանդիպումները դառնում էին ավելի հաճախակի ու ավելի ջերմ:
Այդ հանդիպումների ժամանակ կինը պատմեց իր ընտանիքի մասին, որ՝ արտասահմանից վերադառնալուց հետո, ամուսինը մահացել է, ինքն ապրում է միակ տղայի ընտանիքի հետ: Նույնիսկ հիշեց, որ պայուսակում որդու նկարն ունի, հանեց, մայրական հպարտությամբ ցույց տվեց զրուցակցին: Միքայելը ուշադիր նայեց անծանոթ նկարին, կարծես ծանոթ դեմք լիներ՝ որտե՞ղ է տեսել, բայց այդպես էլ չհիշեց ու այն հետ վերադարձրեց:
Օրենքով գողն էլ իր մասին պատմեց, որ եղել է մտավորական ընտանիքի որդի: Հայրը ճանաչված վիրաբույժ էր, մայրը ուսուցչուհի՝ դպրոցի տնօրեն: Ինքը կարգին դաստիարակություն է ստացել, իսկ դպրոցում մինչև յոթերորդ դասարան գերազանց է սովորել, բայց հաջորդ տարին մի կերպ ավարտել է ութերորդը ու թողել դպրոցը: Դեռ փոքրուց իրեն բակն էր ձգում, ոչ հոր, ոչ մոր հորդորները, խրատները այդպես էլ հետ չէին պահել բակի կյանքից, արկածախնդրությունից, մանավանդ, երբ 11, թե՞ 12 տարեկանում սկսեց կարդալ Ժյուլ Վեռն, Ջեկ Լոնդոն: Եվ ինքը դարձավ «անառակ որդի»: Հենց իր առաջին դատվածության ժամանակ, երբ 18 տարեկան էր, կոմունիստ հայրը ընտանիքի արագ պաշտոնական բաժանում ձևակերպեց, որ՝ չափահաս որդին առանձին է ապրում, ինքը պատասխանատու չէ նրա քայլերի համար: Ինքը հոր այդ քայլից վիրավորված, շատ երկար տարիներ չներեց, չհաշտվեց նրա հետ: Քայլ, ինչն էլ նպաստեց, որ կատարի իր ընտրությունը, քայլ, որը հրեց սահմանագծին կանգնած տղային հանցագործ աշխարհի գիրկը, ուր արդեն գրկաբաց սպասում էին իրեն: Մայրը հիվանդ էր, վաղ մահացավ: Մի պաշտոնավոր չինովնիկի տղայի հետ ամուսնացած քրոջը ամուսնու ընտանիքի անդամները արգելեցին գող եղբոր հետ կապ ունենալ: Միայն վերջին տարիներին, քրոջ ամուսնու մահից հետո, այցելում է երբեմն նրան, տեսնվում են, բայց դե, կարծես օտարներ լինեն:
— Կարիքից դրդված չէ, որ ես գող դարձա, ուղղակի ինձ ձգում էր, ավելի հարազատ էր այդ կյանքը, արկածախնդրությունը, մի խոսքով…,- իր խոսքն ավարտեց Միքայելը:
— Իսկ ընտանի՞ք, սիրած կի՞ն,- Հարցրեց Մարիամը:
— Հիմա ես պետք է գնամ, գործեր կան, այդ մասին հաջորդ անգամ,- ժպտաց Միքայելը, ինչպես միշտ, համբուրեց կնոջ ձեռքն ու հեռացավ:
***
— Արամ, հաղորդեք ռեստորանի այդ «գնորդին», որ օբյեկտի իրական տերը ես եմ՝ առանց անունս տալու, որ համաձայն եմ այն վաճառել, երեկոյան թող գա ռեստորան, տեսնվենք:
— Եղավ, Քերոբ,- հեռախոսի մեջ ուրախ արձագանքեց Արամը:
Հաջորդ օրը ռեստորանի առանձնասենյակում Բարոնը ոտքից գլուխ մի հայացքով ուսումնասիրեց ներս մտած «գնորդին», առանց բարևն առնելու, դիմեց Արամին՝ ռեստորանի տիրոջը:
— Թող առաջ գա, նստի, հետն եկածը թող դրսում սպասի:
Հետո դարձավ «գնորդին».
— Ասա, լսում եմ:
«Գնորդը» ինչ-որ մի անկապ պատմություն սկսեց, թե ինչու է ցանկանում գնել ռեստորանը, չկարողանալով թաքցնել լարվածությունն ու շփոթվածությունը, քանի որ չէր սպասում այստեղ տեսնել քրեական աշխարհի լեգենդար Բարոնին, որին իսկույն ճանաչել էր:
— Եղավ,- առանց զրուցակցին նայելու, հեգնանքով ասաց Միքայելը,- ես ընդհանրապես ռեստորանը վաճառելու միտք չեմ ունեցել, բայց որ էդքան շատ ես ցանկանում, ինչքան հասկացա՝ նույնիսկ երազում ես այս օբյեկտն ունենալ, կվաճառեմ, գինն էլ այս է:
Գրպանից հանեց գրիչն ու սեղանի անձեռոցիկի վրա մի թիվ գրեց, ինչին նայելով, «գնորդը» կարմրատակեց, հավանաբար նաև քրտնեց: Բարոնը քմծիծաղեց.
— Հը, ձեռ չի՞ տալիս:
«Գնորդը» տեղում անհանգիստ շարժում արեց.
— Դե, պետք է մտածել:
— Ազատ ես, գնա, մտածիր: Ձեռ կտա, արի, համաձայնության կգանք:
«Գնորդը» վեր կացավ, բայց Բարոնը ձեռքով արեց.
— Հա, մոռացա, էն դասընկերոջդ-գործընկերոջդ՝ պետ. եկամուտների կոմիտեի պետի տեղակալին, իմ կողմից կողջունես, կփոխանցես՝ Բարոնն ուրախ է, որ երկիր մտնող ու երկրով անցնող նարկոտիկի գործդ ու Դուբայ ուղարկվող սիրուն աղջկերքի բիզնեսդ ծաղկում է, զգույշ մնա, հանկարծ մեկը չորոշի փայ մտնել:
Երբ կարկամած գնորդը դուրս եկավ, Բարոնը դարձավ Արամին.
— Հանգիստ շարունակիր աշխատել:
***
— Ինչպե՞ս, հենց այդպես էլ ասա՞ց,- աթոռից քիչ բարձրացավ Պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալը:
— Հա, հենց էդպես, ասաց՝ իմ կողմից կողջունես, կփոխանցես՝ Բարոնն ուրախ է, որ երկիր մտնող ու երկրով անցնող նարկոտիկի գործդ ու Դուբայ ուղարկվող սիրուն աղջկերքի բիզնեսդ ծաղկում է, զգույշ մնա, հանկարծ մեկը չորոշի փայ մտնել:
— Պարզ է, մեսիջ է ուղարկել,- ասաց ու փլվեց աթոռին:
— Հետաքրքիր է ու անսպասելի, այդ հավ Արամը որտեղի՞ց է գտել Բարոնին:
Կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալն ու «գնորդ» ընկերը երկար զրուցեցին, վերլուծեցին մեսիջն ու որոշեցին՝ առայժմ ոչինչ չձեռնարկել, Բարոնինին հակառակորդ տեսնելու միտքը կարող էր սարսափեցնել յուրաքանչյուրին, ով քիչ, թե շատ գիտեր նրան:
***
Աշնանային մռայլ, անձրևոտ օր էր: Մարիամն առավոտից նկատելի անհանգիստ էր, ինչը չէր վրիպում հարսի աչքից: Կեսօրին, երբ սկեսուրը հագնված, պատրաստվում էր դուրս գալ, հարցրեց.
— Մա՞մ, այս եղանակին ու՞ր ես գնում:
— Մի քիչ քայլեմ ու գամ, երկու օր է՝ չեմ քայլել:
Սկեսրոջ դուրս գալուց հետո հարսը տնային աշխատողին հանձնարարեց:
— Գնա սկեսրոջս հետևից, բայց աննկատ, տես՝ այդ ու՞ր է միշտ գնում:
Կաթ-կաթ անձրև էր մաղում: Մարիամը շտապ քայլերով հասավ քաղաքային այգի: Այգում տերևաթափ էր, դատարկ ու մռայլ: Ծառուղում հետ ու առաջ քայլող ծերունին նկատեց կնոջն ու արագ քայլերով գնաց ընդառաջ:
— Ինչու՞ ես այս եղանակին տանից դուրս եկել,- անհանգիստ ասաց ու ուղղեց կնոջ գլխից սահած գլխաշորը, հետո բարձրացրեց աշնանային վերարկուի օձիքը, այն սեղմեց կնոջ վզի շուրջը,- ինչու՞, ինչու՞ ես դուրս եկել:
Կինը շշուկով պատասխանեց.
— Զգում էի, որ այստեղ ես, սպասում ես:
Ծերունին ափերի մեջ առավ կնոջ դեմքը.
— Մարիամ, իմ Մարիամ,- ու սեղմեց կրծքին:
Մի պահ միայն մնացին այդպես կանգնած:
— Կուզեի քեզ իմ տուն տանել, վառել բուխարին, քեզ նստեցնել բազկաթոռի մեջ՝ կրակի մոտ, շալը գցել ուսերիդ, նստել գետնին՝ ոտքերիդ մոտ ու ալեհեր գլուխս դնել ծնկներիդ:
— Իսկ հիմա գնա, տուն գնա,- իրենից հեռացրեց կնոջը,- բայց սպասիր, տուր ձեռքիդ հեռախոսի համարը:
Միքայելը հիշեց, որ չունի Մարիամի հեռախոսահամարը, հանեց հեռախոսը, արագ հավաքեց կնոջ ասած թվերը:
— Եղավ, արի, ես մեքենայով եմ, քեզ տուն կհասցնենք:
— Ոչ, ոչ, պետք չէ, այստեղից մի կանգառ է, ես արագ կգնամ:
Երբ Մարիամը տուն մտավ, հարսը բազմանշանակալի ժպտաց.
— Այսպես շու՞տ եկար, մա՛մ:
Մարիամը հեգնանք զգաց հարսի հարցի մեջ:
Ուշ երեկոյան, երբ պատրաստվում էր պառկել, որդին մտավ մոր սենյակ: Նստեց, վերցրեց մոր ձեռքը, նայեց դեմքին:
— Մամ, դու քանի՞ տարեկան ես:
— Յոթանասուներեք, Արտակ ջան, ինչու՞:
— Յոթանասուներեք տարեկան, բավական խոսուն, պատկառելի տարիք է:
— Ի՞նչ կա, Արտակ ջան,- նորից հարցրեց մայրը:
— Մա, դու միշտ ուժեղ կին ես եղել, խելացի, ուժեղ ու զուսպ, միշտ մտածել ես ընտանիքիդ պատվի, հեղինակության մասին:
— Արտակ, ի՞նչ է պատահել,- արդեն անհանգստացավ մայրը:
— Մա, դու հիմա առավել ևս պետք է մտածես քո պատվի, իմ, մեր ընտանիքի հեղինակության մասին,- ավելի խիստ տոնով խոսքն ավարտեց որդին,- ինձ թվում է, դու հասկացար ինձ և վերջ կտաս քո այդ զբոսանքներին:
Որդին գնաց, իսկ Մարիամը երկար դեռ շարունակում էր քարացած նստած մնալ: Փաստորեն որդին իմացել է իր ու Միքայելի հանդիպումների մասին: Ահա թե ինչու էր քմծիծաղում հարսը;
Այո, ինքն ուժեղ է եղել, և ոչ ոք երբևէ չի էլ կասկածել, որ փողոցում հպարտ, գլուխը միշտ բարձր քայլող հմայիչ կնոջ բարձը տարիներ շարունակ թաց է եղել՝ գիշերը թափված արցունքներից: Ինքն ուժեղ է եղել, ու հանուն ընտանիքի պատվի, հեղինակության, ոչ ոք չի իմացել ամեն օր սրա-նրա հետ ուրացող ամուսնու առջև լուռումունջ հաց դնող կնոջ վիրավորվածությունն ու սրտի դառնությունը: Ու ոչ ոք չիմացավ, թե ինչու՞ էր ինքը միշտ սառն ու պաշտոնական, ի՞նչ էր թաքնված այդ սառնության տակ, ի՞նչ էր կինը քողարկում իր սառնությամբ: Չեն հարցրել, ուղղակի մարդիկ կարծում են՝ ուժեղ լինելուց է, որ կինը սառն է: Միամիտներ, սառը կին չկա: Դե, քանի որ «ուժեղ» կին է, նրա ինչի՞ն է պետք տղամարդու ջերմությունն ու հոգատարությունը, սերը, նվիրվածությունը, ինքը պարտավոր է, կարող է դիմանալ, պահել ընտանիքի պատիվն ու հեղինակությունը, ինչպես հիմա որդին ասաց: Ինքը ուժեեեեղ կին էր: Ո՛չ: Ոչ, ինքը երբեք էլ ուժեղ կին չի եղել, ինքը ընդամենը մի վախկոտ, կամազուրկ, խղճուկ կին է եղել: Իսկ հիմա կողքին ուժ, էներգիա է զգում, առաջին անգամ տղամարդու հոգատարություն, ջերմություն է զգում: Առաջին անգամ ուժեղ է զգում, թող հարսն իզուր չքմծիծաղի, ոչ էլ որդին բարոյախոսական քարոզ կարդա, հիշեցնի իր տարիքը: Մի՞թե մարդն այդպես էլ իրավունք չունի ինչ-որ մի պահի ապրել իր համար, իր կյանքով, մանավանդ, երբ արդեն ոչ ոքի պետք չէ, երբ իր վրա նայում են, որպես տան հին ապրանքի:
Միքայե՜լը, ահա իրեն ուժ տվողը: Բայց նա գող է, նա Բարոնն է, ում հետ իր շփումն արդեն խնդիրներ է բերում: Բայց պարզվում է՝ այդ լեգենդար Բարոնն էլ իր հերթին ունի մի քնքուշ, նուրբ, սիրակարոտ սիրտ, իր հերթին է ջերմություն, հոգատարություն, սեր երազել ողջ կյանքում: Արդյո՞ք այդ սիրո ու ջերմության բացակայությունը նրան չեն դարձրել այդպես դաժան: Ինչու՞ է նա արդեն երկու ամիս շարունակ կրկնում նույն բառերը՝ Մարիամ, եթե դու ինձ հանդիպեիր 40-50 տարի առաջ, իմ կյանքը այլ կերպ կդասավորվեր, ես նորմալ մարդ կլինեի, ընտանիք, զավակներ կունենայի, իմ երազանքը կկատարվեր: Փաստորեն Միքայելն իրեն լիարժեք նորմալ մարդ չի համարում, նա երազել է ընտանիք, երեխաներ ունենալ:
Գլուխը թափ տվեց մտքերից, ոչ, որդին ճիշտ է, ինքը մայր է, պարտավոր է մտածել ընտանիքի հեղինակության մասին: Վերջ:
Արդեն երրորդ օրն էր, Մարիամը չէր պատասխանում Միքայելի զանգերին: Ծեր գողը անհանգիստ էր, շփոթված: Ի՞նչ անել, նրա տու՞ն գնալ: Գուցե հիվա՞նդ է, գուցե մրսե՞ց այն օրը, գուցե վիրահատված սիրտը նորից զգացնե՞լ է տվել: Կյանքում առաջին անգամ կանգնել էր շփոթված, թևաթափ, չգիտեր իր անելիքը: Եվ ահա, միայն երրորդ օրը հանկարծ կնոջից զանգ եկավ:
— Ալլո, Մարիամ, ու՞ր ես, ինչպե՞ս ես, ինչու՞ չես պատասխանում զանգերիս:
— Լավ եմ, Միքայել, դու մի անհանգստացիր, հանգիստ եղիր, բարեկամ, ուղղակի տանը խնդիրներ կան, ես չեմ կարող դուրս գալ: Խնդրում եմ քեզ, մի զանգիր, ես կզանգեմ քեզ, երբ հարմար գտնեմ:
Միքայելը լռում էր:
— Միքայել, դու ինձ լսու՞մ ես:
— Այո, սիրելիս, լսում եմ: Եղավ, ես կսպասեմ քո զանգին:
Կնոջը պատասխանողը այլևս լեգենդար գողի խրոխտ, չծերացող ձայնը չէր, այն դարձավ կերկերուն, դողդոջ, տխուր: Կնոջ սիրտը ցավեց:
***
Գարուն էր: Շքեղ առանձնատան պատշգամբում կանգնած, Մարիամը ինքնամոռաց հետևում էր ծաղկած դեղձենուն գրոհած մեղուների շարժին, իսկ իրականում մտքերն ուրիշ տեղում էին՝ Միքայելի հետ: Վերջին անգամ երեք ամիս առաջ էր մի քանի նախադասություն փոխանակել հեռախոսով, ծերունու ձայնը խզված էր, ասաց, որ մրսած է, տեսնես՝ ի՞նչ եղավ: Որդին ու հարսը այս երկու օրը ինչ-որ անհանգիստ, անտրամադիր էին երևում, հասկացավ, որ որդու գործերը լավ չեն, միայն այդքանը: Արդեն երկրորդ օրն է, որդին սովորականի նման առավոտյան աշխատանքի չի գնում, ավելի ուշ է գնում, շուտ վերադառնում, այն էլ՝ առանց վարորդի: Փորձեց իմանալ պատճառը, հարսը հազիվ ասաց, որ առանձնապես բան չկա, մի երկու օրից պարզ կլինի: Բայց դե, ինքը տեսնում է, որ ինչ-որ բան կա, ինչ-որ բան այն չէ: Մտքերի հետ էր, երբ դարպասի դռները հետ քաշվեցին , որդու ավտոմեքենան բակ մտավ: Հայացքով հետևեց, մինչև տղան աստիճաններով վերև բարձրացավ: Տղային դեռ երբեք այդքան ընկճված, անգույն չէր տեսել: Մայրական սիրտը կծկվեց, վտանգ զգաց: Որդին մոտեցավ, համբուրեց մորը, մի պահ կանգնեց, լուռ նայեց:
— Արտա՞կ,- դողացող ձայնով հարցրեց,- ի՞նչ կա, ի՞նչ եք ինձանից պահում:
Որդին շարունակում էր մտազբաղ նայել:
— Մա, քեզ հետ խոսելու բան կա, գնանք քո սենյակ:
Սենյակում Արտակը իր հետևից խնամքով ծածկեց դուռը: Մայր ու տղա նստեցին դեմ դիմաց:
— Մամ,- սկսեց որդին, մայրն զգաց, որ նա դժվարությամբ է խոսում,- մա, ինձ մեղադրում են մեծ չափերի հասնող կաշառք վերցնելու մեջ:
Մարիամը ցնցվեց:
— Դեռ վերջնական չեն ապացուցել, բայց վաղը, մյուս օրը, հավանաբար կապացուցեն:
— Դու իրո՞ք կաշառք ես վերցրել, պապիդ ու հորդ ճանապարհո՞վ ես գնում,- կամացուկ հարցրեց մայրը:
— Ոչ, գումարը ինձ չի հասել, այն վարորդս է վերցրել, հիմա նա կալանքի տակ է: Ես դեռ ստույգ չգիտեմ, թե ի՞նչ է նա ասել, բայց այսօր ինձ հանձնարարեցին աշխատանքից ազատման դիմում գրել, բացառված չէ, որ այլ բաներ էլ բացվեն իմ բիզնեսային գործունեությունից:
— Արտակ, ես կարծում էի՝ դու թույլ չես տա հորդ սխալները, դու ավելի ազնիվ կյանքով կապրես:
Որդին մի պահ կախեց գլուխը, հանկարծ կտրուկ ձայնը բարձրացրեց:
— Ազնի՞վ, դու ամբողջ կյանքում քարկոծել ես պապիս ու հորս, բայց երբեք չես հրաժարվել նրանց բերած, ստեղծած շքեղություններից ու վայելքներից, եթե ինքդ այդքան ազնիվ էիր, ինչու՞ չէիր հրաժարվում արտասահմաններում հանգստանալուց, դղյակում ապրելուց ու մյուս շքեղություններից: Շքեղություններ, որոնք անհասանելի են քո ասած ազնիվ կյանքով ապրողներին: Նայիր շուրջդ, այդ ո՞ր ազնիվ կյանքով ապրողն է մեր երկրում կուշտ փորով հաց ուտում:
Բայց ինչպես կտրուկ սկսել էր, այդպես կտրուկ էլ ձայնը իջեցրեց.
— Մի խոսքով, ինձ հիմա օգնություն է պետք, և այս իրադրության մեջ միայն մի մարդ կարող է ինձ օգնել:
— Ո՞վ է այդ մարդը, դիմիր նրան, ինչու՞ ես ուշացնում:
— Մամ,- որդին թուքը կուլ տվեց,- այդ մարդը Բարոնն է, օրենքով գող Բարոնը:
Արտակի աչքից չվրիպեց մոր դեմքի գունատվելը:
— Հա, մամ, Բարոնը: Ես գիտեի, որ աշնանը դու նրա հետ էիր հանդիպում: Չգիտեմ, դուք ինչպիսի հանգամանքներում եք ծանոթացել կամ գուցե վաղուցվա, երիտասարդ տարիների ծանոթնե՞ր եք եղել, ես այն ժամանակ չցանկացա քեզ անհարմար դրության մեջ դնել, ասել, որ գիտեմ՝ ում հետ ես հանդիպում, բայց այսօր նա այն միակ մարդն է, որ կարող է փրկել որդուդ, դու պետք է գնաս , հանդիպես նրան:
Որոշ ժամանակ լուռ նստեցին:
— Արտակ, ինձ մենակ թող, ես պետք է ուշքի գամ այս բոլորից:
Մոտ մեկ ժամից Մարիամը դուրս եկավ իր սենյակից, դիմեց որդուն:
— Պատմիր ինձ մանրամասն ու ստույգ, առանց որևէ բան թաքցնելու, թե ի՞նչն ինչպես է եղել, նա պետք է ճիշտն իմանա:
***
Միքայելը հանկարծակի եկավ կնոջ զանգից:
— Ի՞նչ, դու ուզում ես գալ այստե՞ղ, իմ տուն, ես հիմա մեքենան կուղարկեմ քո հետևից:
— Չէ, Խնդրում եմ, Միքայել, ես տաքսիով կգամ:
Մարիամին ծեր գողը դիմավորեց ամառանոցի դարպասի մոտ: Օգնեց իջնել մեքենայից, վճարեց վարորդին ու հյուրին տուն ուղեկցեց: Նստեցին ծաղկած, երկարած վարդերով շրջապատված պատշգամբում: Միքայելը կարծես մի քիչ ավելի էր ծերացել, կորացել, թորշոմել, ինչը չվրիպեց կնոջ աչքից, բայց այդ մասին խոսելու ժամանակը չէր: Մարիամն անմիջապես սկսեց պատմել, թե ինչու է եկել, մանրամասը ներկայացրեց իրավիճակը:
— Խնդրում եմ քեզ, ոչ, աղաչում եմ, օգնիր որդուս:
Լուռ, երկար ծխելուց հետո, ծեր գողն ասաց.
— Փաստորեն Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը քո որդին է:
— Այո, Արտակ Սարգսյանը, դու նրան գիտե՞ս:
— Ոչ, առաջին անգամն եմ լսում,- կտրուկ պատասխանեց Միքայելը,- Մարիամ, հիմա քեզ ոչինչ չեմ կարող ասել, խոստանալ, այսօր, վաղը ես կհետաքրքրվեմ, պետք է մարդկանց հանդիպեմ, տեսնեմ՝ ինչ կարելի է անել:
— Միքայել, ես հասկանում եմ, որ իմ որդու նմանների տեղը բանտն է, այդ ոչ թե դու և քո ընկերները, այլ նրանք են օրենքով գողեր, քանի որ օրենքը փակում է աչքերը, հնարավորություն է տալիս, որ իմ տղայի նմանները գողանան, ուրեմն ինչու՞ նրանց չեն կոչում օրենքով գողեր: Բայց, հասկացիր, ես մայր եմ, Միքայել, ես մայր եմ, աղաչում եմ քեզ, փրկիր որդուս:
Երբ Միքայելը ուղեկցում էր կնոջը դեպի սպասող տաքսին, միայն այդ ժամանակ Մարիամն ասաց նրան.
— Գիտես, աշնանը որդիս , չգիտեմ ինչպես, բայց իմացել էր, որ քաղաքային այգում ես քեզ հետ էի հանդիպում, այդ պատճառով էլ ես դադարեցրի մեր հանդիպումները:
— Հըմ, հիմա պարզ է,- ասաց ծերունին ու կնոջ հետևից փակեց մեքենայի դուռը, նա հասկացավ, որ որդին է մորը իր մոտ ուղարկել:
— Անարժան որդուդ համար չէ, քեզ, քեզ համար առաջին ու վերջին անգամ դեմ կգնամ ինքս իմ ճշտին, խնդրանքդ կկատարեմ, ինչ գնով էլ լինի, Մարիամ,- նայելով հեռացող մեքենայի հետևից, շշնջաց ծեր գողը:
***
Մեկ ամիս անց:
— Մա, մենք պետք է Ֆրանսիա տեղափոխվենք, անիմաստ է, ես այլևս այստեղ չեմ կարող ապրել,- ճաշի սեղանի շուրջ մորը դիմեց Արտակը:
— Հիմա՞ ինչն է քեզ խանգարում: Փառք Աստծո, գործը փակվեց, այո, կորցրեցիր ամեն ինչ, բայց այդքան բանից հետո, ջրից չոր դուրս եկար, ու այնպես չէ, որ ապրուստի միջոց չունես, մի քիչ էլ ազնիվ ապրիր, բավական է,- որդուն հանդիմանեց Մարիամը,- Ես չեմ պատրաստվում այստեղից հեռանալ:
— Հարցը ապրուստը չէ, մամ, ես այլևս չեմ կարող էսպես խայտառակված ապրել այս երկրում:
— Շուտ մտածեիր, չխայտառակեիր ինքդ քեզ, ընտանիքդ վերցրու, գնա, եթե ուզում ես, ես կմնամ իմ տանը:
***
Որդու ընտանիքը Ֆրանսիա ճանապարհելուց հետո, Մարիամը բարեկամուհուն խնդրել էր՝ տնային աշխատող մի կին գտնել: Մեկ-երկուսը եկան, գնացին, Մարիամը մի տարեց կնոջ հավանեց: Կինը ոչ միայն տնային աշխատող, շուտով դարձավ նաև մտերմուհի, ում հետ զրուցում, մտքերը, խոհերը, տպավորություններն էր կիսում տանտիրուհին: Ծանր, լարված, վախով լի ամիսներ անցկացնելուց հետո, այժմ համեմատաբար հանգիստ էր, մանավանդ՝ որդու ընտանիքը Ֆրանսիայում նորմալ տեղավորվել էր, գոհ էին:
Ամառային խաղաղ առավոտ էր: Մարիամը վաղ էր արթնացել, ինչ-որ անհանգիստ բան էր զգում ներսում: Հասկացավ՝ պետք է զանգել վերջապես Միքայելին: Նայեց ժամացույցին, դեռ վաղ էր: Իջավ բակ, պտտվեց, վերադարձավ, նորից նայեց ժամացույցին ու վերցրեց հեռախոսը: Ծեր գողը կարծես հենց նրա զանգին էր այդ պահին սպասում:
— Միքայել, հիշու՞մ ես՝ այսօր ինչ օր է:
— Տիկին, դուք թերագնահատում եք ծեր գողիս հիշողությունը,- կատակեց Միքայելը,- այ, այսօր, երբ հանդիպենք քաղաքային այգու մեր նստարանի մոտ, ես քեզ կհիշեցնեմ ուղիղ մեկ տարի առաջվա այս օրը:
Քաղաքային այգում ծերունին կնոջը դիմավորեց սպիտակ վարդերի մեծ փնջով:
— Ուղիղ մեկ տարի առաջ, այս օրը, այս այգում, այս նստարանի մոտ ծեր գողն ու վսեմաշուք տիկինը ծանոթացան, դարձան հարազատներ,- համբուրելով կնոջ ձեռքը՝ շշնջաց Միքայելը:
Ծառուղու ծայրից մի երիտասարդ զույգ ուրախ ժպիտով հետևում էր այդ տարիքով մարդկանց հետաքրքիր հանդիպմանը ու ձեռքով ողջունեց նրանց:
Երկար զրուցեցին անցած ամիսների դժվարությունների, հուսախաբությունների, կարոտի ու սպասման մասին:
— Միքայել, ամեն անգամ խոստացել, բայց այդպես էլ չես պատմել քո սիրո պատմությունը, այսօր շատ հարմար օր է, պատմիր:
Տղամարդը երկա՜ր նայեց կնոջը:
— Հիմա արդեն ինձ թվում է, որ քեզանից բացի ես կյանքում ոչ մի կնոջ չեմ ճանաչել:
— Պատմիր, Միքայել:
ԾԵՐ ԳՈՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Նոր էի դուրս եկել կալանավայրից: Մեկը ինֆորմացիա բերեց, որ իր այսինչ բարեկամը շրջկոմի առաջին քարտուղար է, տանը մեծ գումար ու ոսկեղեն է պահում, ինքն էլ կաշառակերի մեկն է՝ մի անհաջող մարդ, տղան էլ իրենից բեթար կաշառակեր, մեծամիտ, գործ սարքող: Ասաց, որ առաջիկա շաբաթ օրը դրանք ընտանիքով ինչ-որ հարազատի տանը հրավերքի են լինելու, հարկավոր է մտնել, «մաքրել» տունը, իրենց հասնում է: Նստեցինք, տան հատակագիծը փռեցինք սեղանին, պլանավորեցինք, թե ինչը ինչպես պետք է արվի: Եկավ շաբաթը, տղաները գնացին, բայց ես չգնացի, քանի որ կալանավայրից պայմանականով էին բաց թողել, պետք չէր, որ նոր կասկած ընկներ վրաս: Տղաները գնացին, ես անհանգիստ նրանց էի սպասում: Վերադարձան մի երեք ժամից և բավական լավ ավարով՝ մոտ կես պարկ փող, այն ժամանակվա սովետի կարմիր տասանոցներն էին, մի մեծ տուփ էլ ոսկեղեն: Սկզբում, նախ հաշվեցինք գումարը, ինչպես ասում են՝ ախպերաբաժին արեցինք, հետո անցանք ոսկեղենին: Տղաներից մեկը տուփի պարունակությունը դատարկեց սեղանին, կես կգ-ից ավելի ոսկեղեն կլիներ: Մինչ տղաները ոսկեղենն էին տեսակավորում, հանկարծ աչքս ընկավ տուփի հատակին դրված կապույտ աշակերտական հաստ տետրին: Մտածեցի, որ այդտեղ երևի ոսկեղենի թիվն ու հաշիվն է գրված, անմիջապես հանեցի: Տետրի կազմին գրված էր՝ ԻՄ ԿՅԱՆՔԸ: Բաց արեցի: Օրագիր էր, այդ տան հարսի կյանքի օրագիրը, վերջում՝ մի քանի հիանալի, գեղեցիկ բանաստեղծություններ: Տետրը ծալեցի, դրեցի ծոցագրպանս, տուն տարա: Միայն մի որոշ ժամանակ անց, հիշեցի տետրի մասին, սկսեցի կարդալ: Դրանք գրառումներ էին մի չստացված կյանքի մասին: Երիտասարդ կինը իր մտորումները, տպավորություններն ու կատարվածն էր գրի առնում, ինչից էլ երևում էր, որ նա երջանիկ չէր, ավելին՝ դժբախտ էր այդ տանը, ուր, ըստ իր գրածի, թագավորում էր կաշառակերությունը, խաբեությունը, կեղծավորությունը, սուտն ու կեղծիքը: Ամուսնու հայրը, այսինքն՝ շրջկոմի քարտուղարը, աղջկա հոր ընկերն էր եղել, և, ըստ գրառման, առանց աղջկա համաձայնությունը հաշվի առնելու, ընկերները հարմար էին գտել ու իրենց երեխաներին ամուսնացրել էին: Անկատար էին մնացել աղջկա բոլոր երազանքները: Խեղճ աղջիկը տառապում էր այն մտքից, որ ահա, գալու էր գիշերը, և ինքը անկողին էր մտնելու մի մարդու հետ, որին այդպես էլ ժամանակի ընթացքում չկարողացավ սիրել, անգամ հարմարվել ու հարգել, որը սիրուհիներին փոխում էր թաշկինակի պես, առիթը չէր կորցնում նսեմացնելու, ծաղրելու նուրբ ու քնքուշ հոգի ունեցող իր կնոջը: Կնոջը հույս էր տալիս միայն այն միտքը, որ արդեն երրորդ տարին է, ինչ հարս էր այդ տանը, բայց չէր հղիանում, մտածում էր, որ երեխա չունենալու պատճառով, մի օր ամուսինը կբաժանվի իրենից, ու ինքը կազատվի այդ ընտանիքից էլ, ձևական ամուսնուց էլ:
Այդ օրերին մի դեպք պատահեց, ու ես նորից կալանավորվեցի, երկու տարի պետք է անցկացնեի ուղղիչ-աշխատանքային գաղութում: Արդեն գաղութում էի, հիշեցի տետրի մասին, քրոջս խնդրեցի, որ իմ անկողնու տակից հանի, ինձ բերի այդ տետրը: Ընդհանրապես կալանավայրում եղած ժամանակի մեծ մասն ես անց եմ կացրել կարդալով: Կարդում էի, ինչ ընկնում էր ձեռքս՝ գեղարվեստական գրականություն, հատկապես՝ դասական, փիլիսոփայություն, իրավագիտություն, պատմություն: Այդ երկու տարին ես այնքան էի թերթել երիտասարդ կնոջ օրագիրը, որ կապույտ կազմը մաշվել էր, խունացել, անգիր էի արել եղած բանաստեղծությունները, ավելին՝ ես ապրում էի այդ աղջկա կյանքով. պատկերացնում, երևակայում էի, թե ինչպիսին էր նա, ինչպիսի ձայն ուներ, ինչպիսի մազերի, աչքերի գույն ուներ, բայց ողջ ցավալին այն էր, որ ես նրա անունն անգամ չգիտեի: Երկու տարի անց, կալանավայրից դուրս գալուց հետո, որոշեցի գտնել նրան: Գնացի այն տունը, որտեղից կատարվել էր գողությունը, բայց պարզվեց, որ տանտերերը տունը երկու տարի առաջ վաճառել են, մեկնել արտասահման:
Անցան տարիներ: Իմ կյանքում շատ կանայք եղան: Նրանք բոլորն էլ յուրովի լավն են եղել: Ճիշտն ասած, ես այնպիսի տղամարդ էի, որ ոչ մի կին ինձ չէր մերժում, ընտրության լայն հնարավորություն ունեի, բայց ոչ մեկին չէի կարողանում սրտով կապվել: Յուրաքանչյուրի մեջ ես փնտրում էի նրան՝ օրագրի տիրոջը, այդ քնքուշ հոգու տեր տառապյալ կնոջը, որին այդպես էլ չգտա ու չգտա: Ինձ այդ տարիներից մնաց միայն տող առ տող անգիր արած օրագիրը:
Միքայելը վերջացրեց իր պատմությունը, հայացքը կտրեց հեռու ծառի տակ խաղացող երեխաներից ու, պատմելու ընթացքում առաջին անգամ, նայեց կողքին նստած կնոջը: Մարիամի դեմքը անբնական սպիտակել էր, շուրթերը՝ կապտել ու դողդողում էին:
— Մարիամ, ի՞նչ պատահեց, վա՞տ ես զգում:
Կինը դժվարությամբ ձեռքը դրեց նրա ձեռքին ու մի կերպ ասաց:
— Մի անհանգստացիր, ուղղակի բաց արա, տետրի վերջին էջի բանաստեղծությունը աքրոստիկոս է, այնտեղ կկարդաս կնոջ անունը:
— Մարիամ,- ծեր գողը ցնցվեց,- Մարիամ, այդ ի՞նչ ասացիր:
Կնոջ ուսերը գրկեց:
— Մարիամ, տեսնում եմ, դու քեզ վատ ես զգում, հա՞, ասա, խոսիր:
— Միքայել, դու գտար ինձ, բայց ինչու՞ այսքան ուշ:
Կինը ցնցվեց ու գլուխը կախ ընկավ:
Միքայելը արագ հանեց հեռախոսը, հավաքեց շտապ օգնության համարը:
Շտապ օգնության մեքենայի մեջ ամուր բռնել էր կնոջ ձեռքը: Հիվանդանոցի միջանցքում Մարիամը աչքերը բացեց, նայեց նրան ու թույլ ժպտաց:
— Դու այստեղ ես՝ ինձ հետ, շնորհակալ եմ:
Ծեր գողի աչքից արտասուքի կաթիլն ընկավ կնոջ ձեռքին, կինն աչքերը փակեց:
Միքայելը այլևս չզգաց, թե ինչ կատարվեց, ինչպե՞ս տարան Մարիամին, ինքն ի՞նչ էր ասում, ինչու՞ մի աղջիկ նեղված ասաց՝ պապիկ, ոտքի տակ մի ընկեք, մի խանգարեք, ինչպես ինչ-որ մեկի մասին ասացին, որ փրկել չհաջողվեց, ինչպե՞ս իր կողքին հայտնվեցին մի քանի մոտ ընկերներ, ինչպե՞ս նրանք թևանցուկ, ուժով դուրս բերեցին իրեն հիվանդանոցից, ինչու՞ է ինքը հիմա տանը, երբ Մարիամն այնտեղ է՝ հիվանդանոցում, և ինչու՞ են ընկերներն այդքան տխուր, ինչու՞ են անընդհատ նոր ընկերներ գալիս ու գնում, իրենից թաքուն ինչ-որ բան փսփսում:
Ու հանկարծ բղավեց.
— Մարիա՛մ,- իր բղավոցից կարծես ուշքի եկավ, նայեց ընկերների քարացած դեմքերին:
Վեր կացավ, ոտքերը քըստքըստացնելով մտավ ննջարան, հետո դուրս եկավ՝ տարիների բեռից գունաթափ, մաշված, երկծալված մի տետր ձեռքին թափահարելով:
— Ես, ես սպանեցի իմ Մարիամին, գտա ու սպանեցի:
Նորից մտավ ննջարան, պառկեց անկողնու վրա՝ հնամաշ տետրը կրծքին սեղմած, ու…գնաց միանալու իր Մարիամին:

Մելանյա Պետրոսյանց

Կարդացեք նաև՝ Օրենքով գողը (վերջին մոհիկյանը)   և Հատված «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԸ» վիպակից ,ՄԻ ԲԺՇԿԻ ՊԱՏՄՈւԹՅՈՒՆ ( <<Օրենքով գողեր>> շարքից)