Ծանոթացեք` մերօրյա հերոս Կ.Գ.Դ 409 – Գևորգ Կիրակոսյան

Ծանոթացեք` մերօրյա հերոս Կ.Գ.Դ 409 – Գևորգ Կիրակոսյան

 

23-ամյա ալավերդցի Գևորգ Կիրակոսյան: Գևորգը տան միակ արու զավակ  էր, երեք  քույրերի սիրելի եղբայրը։ «Ինձնից 15 տարով փոքր է, փոքր քրոջիցս՝ 11 տարով, երեք քրոջ միակ եղբայր էր։ Կարելի է ասել մեր ձեռքերին է մեծացել։  Շատ չարաճճի երեխա էր` կատարյալ սիրո մեջ է մեծացել: Անակնկալների սիրահար էր, բարի, ընկերասեր ու ծնողասեր»,- հիշելով եղբոր մանկությունը պատմում է Գևորգի քույրը` Էլզան։

 

Ալավերդիում դպրոցն ու արհետագործական ուսումնարանը գերազանցությամբ ավարտելուց հետո որոշում է ուսումը շարունակել արտերկրում՝ չնայած հարազատների դեմ լինելուն։  Էլզան պատում է, որ  Ռուսաստանի Ռոստով քաղաքի Հարավային դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ինքնուրույն է հավաքել, 4 քննություն էլ՝ գերազանցությամբ հանձնել։

«Մասնագիտությամբ իրավաբան էր։ Պատերազմի սկսվելուց երկու օր առաջ դիմել էր Ոստիկանական ակադեմիայի մագիստրատուրա, բայց քննություններին չհասցրեց մասնակցել»,- պատմում է  մեր զրուցակի։

Էլզայի խոսքով եղբայրը Ռոստովում բակալավրիատն ավարտելուց հետո, լինելով ՌԴ քաղաքացի, պետք է ծառայության անցներ Ղրիմում, սակայն որոշում է վերադառնալ Հայերնիք։ «Վերջին պահին պատռել է փաստաթղթերն ու ասել, որ օտար հողում չի ծառայելու»,- ասում է քույրն ու հավելում, որ ուզել է հատկապես Արցախում ծառայության անցնել։ Վերադառնալուց հետո անցնում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մեկամյա ուսումնական ծրագիրը։ Ստանալով լեյտենանտի կոչում` ծառայության է անցնում Մատաղիսում՝ որպես կրակային աջակցման դասակի (ԿԱԴ) հրամանատար։

Էլզան պատմում  է,  որ ծառայությանը շատ մեծ պատասխանատվությամբ է մոտեցել։ Թեև պատերազմի սկսվելու պահին արձակուրդում է եղել, բայց անմիջապես վերադարձել է ծառայության։  «Գնամ հասնեմ իմ զինվորներին, որ ուրիշ ապոները իրենց քույրերին հասնեն»,- եղբոր խոսքերն է հիշում մեր զրուցակիցն ու հավելում․«Էդպես էլ եղավ։ Իր դասակից  շատերը հասան իրենց քույրերին, բայց ինքն այդպես էլ մեզ չհասավ»։

 

Գևորգը զոհվել է հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան։ «Գևորգը նահանջ է կազմակերպել։ Իջել են դիրքից, ամբողջ դասակը կարողացել է դուրս բերել, ավելի ապահով վայր տեղափոխել։

Վիրավոր զինվորներին դուրս բերելիս արկ է պայթել, առաջին անգամ փակել էր զինվորներին իր մարմնով, երկրորդ պայթյունը իր վրա էր վերցրել փրկելով վիրավորների»,- հուզմունքը մի կերպ զսպելով պատմում է Էլզան ու հավելում․«Գնացել է իմացյալ մահվան, քանի որ դիրքեր բարձրանալուց առաջ ընկերներին ասել է, որ մեքենան միջնեկ քրոջն է տալիս։ Ինքն էդ տարիքում իր աշխատանքով էր իր մեքենան ձեռք բերել, ծնողներս տարան իր մոտ ցավոք երկու ամիս օգտագործեց։  Ընկերոջն էլ ասել, է, որ տղա ունենաս անունը Գևորգ կդնես»:

Վերհիշելով խաղաղ պայմաններում եղբորը նախասիրությունները` Էլզան նշում է, որ Գևորգը քաղցրավենիքների մեծ սիրահար էր. «Ամեն գալուց հանձնարարում էր թխվածք թխել. նույնից 2 հատ, մեկը իրեն, մյուսը՝ մնացածներին։  Հատկապես սինաբոնների սիրահար էր»։

Եղբոր ապագայի պլանների մասին խոսելիս, Էլզան ասում է, որ Գևորգը մանկուց մեծ սեր է ունեցել  համազգեստի ու ուսադիրների նկատմամբ. «Շատ ձգտում էր ոստիկանական համակարգ մտնել, փոխել համակարգի բացասական կողմերը։ Ընկերուհի ուներ, հունիսի 5-ին նշանադրությունը պետք է կայանար  ՌԴ Սուրգութ քաղաքում, բայց  համավարակի պատճառով հետաձգվեց։ Քանի որ մեր երկու տատիկները վրացուհիներ են, Վրաստանը նույնպես շատ էր սիրում ու միշտ արձակուրդի մի մասն այնտեղ էր անցկացնում։ Հարսանիքն էլ պլանավորում էր Բաթումում անցկացնել՝ նավի վրա»։

«Գևորգը շատ է սիրել հայրիկի մորաքրոջ տղային՝ Վանոյին, ով ապրում է Վրաստանում։ Մանկուց երազում էր նմանվել նրան։ Վանոն տարիներ առաջ գնել էր ավտոմեքենա, որի պետհամարանիշը 409 էր։ Նույնահամար նաև հեռախոս ուներ: Գևորգն էլ որոշեց, որ Հայաստանում էլ իր ավտոմեքենայի ու հեռախոսի համարները նույնն են լինելու: Դրանից հետո 409-ը կամա թե ակամա դարձել է նրա մշտական ուղեկիցը։ Այն պատահմամբ հայտնվում էր նրա բոլոր փաստաթղթերում, խանութից ստացված կտրոններում, արտերկրից ուղարկված վերնաշապիկին, անգամ՝ իր ավտոմեքենայի սերիական համարն է 409։ Գևիս հենց այդպես էլ ճանաչում են շրջապատում՝ Կ.Գ.Դ 409»,- արցունքները այլևս չզսպելով, եղբոր կարճ, սակայն հերոսական կյանքի պատմությունը եզրափակում է Էլզան։

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *