Ծաղկած մասրենու հեքիաթը

""

Առավոտ վաղ արթնացավ ու միանգամից որոշեց՝ գյուղ պետք է գնա։ Չէր հիշում, տատի-պապի մահանալուց հետո, եղե՞լ է գյուղում, բայց ամուսնու մահից հետո, արդեն յոթ տարի է, հաստատ չի եղել։ Պապի տան դռան վրայի ժանգոտած, մեծ կողպեքը երկար տարիներ չի բացվել։ Եղբոր կինն ու երեխաներն էլ երբեք չեն գնում, նրանք չեն սիրում գյուղը, գյուղի <<գոմահոտ>>կաթն ու մածունը, թրքոտ փողոցներն ու մի տեսակ անծանոթ ժպտացող մարդկանց, որոնցից միշտ, հատկապես կանանցից, թոնրի, օջախի ծխահոտ է գալիս, դե, իսկ եղբայրն էլ նրանց երեսին է նայում՝ ոնց ասեն։ Իսկ ինքը սիրում է, կարոտում է իրենց գյուղը, պապի տունը, այգին, հարևաններին։ Այնտեղ է անցկացրել իր մանկության, պատանեկության ամառները, իսկ վերջին անգամ, համալսարանում ընդունելության քննություններից առաջ էր, մի կերպ համոզեց ծնողներին, մեկ շաբաթով պապի տուն տարան։ 
Այսօր գնալու է, վերջ, որոշված է։ Դեռ քնած աղջկան չարթնացրեց, միայն գրություն թողեց, թե՝ գնում եմ գյուղ, կաշխատեմ երեկոյան վերադառնալ։
Բարձրացավ գյուղ գնացող ավտոբուսը, ուշադիր նայեց նստածներին, չէ, ծանոթ դեմք չտեսավ, միայն թե՝ երիտասարդ վարորդն էր դիմացի հայելու միջով շարունակ իրեն նայում ու ժպտում։ Գյուղը Երևանից հեռու չէր, մեկ ժամվա ճանապարհ էր, գտնվում էր Արագածի լանջին, Անբերդ տանող ճանապարհին։ Ավտոբուսը հասավ ձորի ոլորանին, պետք է գյուղ մտներ, հանկարծ կինը բացականչեց․
— Խնդրում եմ, այստեղ կանգնեք, իջնեմ։
Զարմացած վարորդը արգելակեց մեքենան, բայց հրաժարվեց գումարը վերցնել։
— Իջեք, իջեք, գումար պետք չէ։
Իջավ ավտոբուսից, գտավ ձոր տանող արահետը։ Նկատեց, որ արահետով վաղուց մարդ չէր անցուդարձ արել, մանրիկ քայլերով սկսեց իջնել։ Արահետն անցնում էր մասուրի, մոռի թփերով, մխրճվում ցածրիկ ծառերի մեջ, դուրս գալիս ձորով հոսող գետակը, որտեղ էլ գտնվում էին վայրի տանձենիները։ Գյուղացիներն ասում էին, որ աշնանը, երբ վայրի տանձը հասնում էր, արջը հաճախ էր այդտեղ գալիս, նույնիսկ քոթոթների հետ տեսնողներ էին եղել, բայց հիմա մայիսի վերջն է, գարուն է այստեղ, արջին հանդիպելու վտանգ չէր լինի։ Ահագին իջավ ու կանգնեց։ Իր մասրենին պետք է, որ այստեղ լիներ՝ մի քիչ աջ։ Ցողապատ խոտերի ու ծաղիկների միջով գնաց։ Ահա, գտավ, ահա գեղեցկուհի մասրենին, դեռ կանգուն է, ծաղկել է, նորահարսի նման պճնվել վարդագույն ծաղիկներով։ Մի պահ կանգնեց, փակեց աչքերն ու խորը շնչեց ծաղկած մասրենու կախարդական բույրը։ Բույրը կուլ գնաց, լցվեց թոքերը, անցավ արյան մեջ, ու կինը մոռացավ աշխարհն էլ, իրեն էլ։ Բացեց աչքերը, նկատեց, որ մասրենու կողքին հարմար թումբ կա, կարծես մեկի ձեռքով պատրաստված, իսկ մասրենու բնի շուրջը փորված-խորացված էր, գետից բերված որձաքարերով ձևավոր, գեղեցիկ շարված։ Նկատեց նաև, որ մասրենու նախորդ տարիների չորացած ճյուղերը կտրված, խնամքով դարսված էին կողքին։ Զգացվում էր ինչ-որ մեկի հոգատար ձեռքը։ Հիշեց, որ այդտեղ, մոտերքում նաև աղբյուր կար։ Դե, աղբյուր ասածը գետնի տակից տարվա այդ եղանակին դուրս եկող ջուրն էր, որ տարածվում էր շրջակա խոտերի, ծաղիկների մեջ, բայց ամառվա տապին աղբյուրը հիմնականում չորանում, ջուրը կտրվում էր։ Փաստորեն՝ աղբյուրի շուրջն էլ հոգատար ձեռքը իր գործն արել էր, ջուրը դուրս գալու տեղը բավական խորացրել, նորից շրջապատել էր որձաքարերով, գուռ դարձրել, իսկ կողքի մեծ քարի տակ մի պլաստմասայից բաժակ էր դրել՝ ջուր խմողների համար։ Կինը բռով ջուր խմեց, կանգնեց, ձգվեց, նայեց շուրջը, նայեց երկնքին։
— Շնորհակալ եմ քեզ, հզոր տիեզերք։
Հետո եկավ, պայուսակից հանեց գլխաշորը, փռեց թմբի վրա, հանեց իր հետ բերած եփած, տաք սուրճը, բաժակը, քաղցրավենիք, շարեց իրար կողքի։
2.
— Սոփո զալո՛, Սոփո զալո՛,- ցածրիկ պատից կանչեց գյուղապետը։
— Հա՜, եկա, եկա, Հայկ ջան,- ալրոտ շորերը թափ տալով՝ հացատնից դուրս եկավ գյուղացի մի մեծ կին,- ասա, գյուղապետ ջան։
— Սոփո զալո՞, էս թրիքը ինչու՞ եք կոլոնել փողոցի վրա։
— Հայկ ջան, ասի՝ էդտեղ արևկող ա, մի քիչ բասմա փռեմ, ցան կտրենք, ձմեռվա վառելիք կանենք,- խեղճ-խեղճ արդարացավ պառավը։
— Շատ էլ լավ եք մտածել,- խաթրաշահ, բայց խիստ ասաց գյուղապետը,- բայց էդ բասման կտանեք, ա՜յ, էնտեղ, հողամասի մեջ կփռեք, մի ժամ հետո գամ, տեսնեմ, թրիքը չեք տարել, կտուգանեմ,- ասաց ու արագ քայլերով գնաց դեպի գյուղապետարան։
Դիմացից գյուղ մտնող դեղին ավտոբուսը կանգնեց կողքին, երիտասարդ վարորդը գլուխը պատուհանից դուրս հանեց․
— Գյուղապետ, նոր էն գիրք գրող կնկան՝ Գոհար Վանունուն, որ ասում էիր՝ մեր գյուղի թոռ ա, դե, էն <<Ծաղկած մասրենու հեքիաթը>> գրողին, գյուղ բերեցի, բայց գյուղ չմտավ, ձորի պռնկին իջավ։
Գյուղապետ Հայկը անսպասելի լուրից հանկարծակի եկավ, լարվեց։
— Լավ, ապրես։
— Փող չեմ վերցրել,- արդեն ավտոբուսը ընթացքի մեջ, ավելացրեց վարորդն, ու մեքենան հեռացավ։
Հայկը մի պահ շփոթված նայեց աջ ու ձախ, հետո իր ցեխոտ կիրզե սապոգներին, ձեռքով շոյեց անթրաշ երեսը։
— Հա՜յկ, Հայկ ջան,- լսեց դիմացի տան բակից ձայն տվող հոքիր Մանոյի ձայնը,- արի, գործ ունեմ,- ձեռով արեց հոքիրը։
— Հոքիր, հետո, իրիկունը կգամ։
— Չէ, բալա ջան, կարևոր բան ա, հիմի, հենց հիմի արի։
Ճար չկար, պիտի գնար, թե չէ՝ գիտեր հորաքրոջ բնավորությունը, ձեռնափայտը տըկտըկացնելով, կգար, կհասներ գյուղապետարան։
— Դե, ասա, հոքիր ջան, էլի ի՞նչ կա, հո հարևանիդ հարսի հետ էլի խոսքակռիվ չե՞ս արել։
— Չէ, բալա ջան,- երկար գերանի վրա, կողքին տեղ արեց պառավը,- հոքիրը մեռնի ախպոր տղու ջանին, որ դու ես, էսօր քո վրա էրազ եմ տեսե։ Մի հատ սիպտակ, երկար պոչով, սիրուն խալերով, շարմաղ ձի էր, կայնել էր կողքիդ, դնչով հա բզում էր թևիդ, համա դու՝ հեչ, ուշ չէիր դարձնում, սիպտակ ձին դնչով քեզ բզեց, բզեց, գլուխը շուռ տվեց ու գնաց։ Հիմի ես ո՜նց եմ գոռում, ոնց եմ գոռում, թե՝ Հաաաայկ, գնա հետևից, հասի, մի թող, որ էդ շարմաղ ձին ձեռիցդ գնա։
3.
Մասրենու կողքի թմբին նստած կինը կում արեց տաք սուրճից, նույն պահին էլ կողքի թփերի մեջ շարժում նկատեց։ Մարդաբոյի հասնող մորու ճյուղերը բացվեցին, ու երևաց ցեխոտ սապոգներով, անթրաշ երեսով, հաղթանդամ մի անծանոթ տղամարդ։ Մի պահ երկուսով հետաքրքրությամբ իրար նայեցին։ Տղամարդը մոտեցավ, բարևեց, մի պահ կանգնեց, հետո գնաց դեպի կողքի աղբյուրը, բաժակը վերցրեց, նախ ջրով ողողեց, թափեց, հետո գռից ջուր վերցրեց, խմեց, բաժակը նորից տեղը դրեց ու վերադարձավ զարմացած իրեն հետևող կնոջ մոտ, նստեց կողքին, թմբի ծայրին։
— Գոհար Վանունի՞,- հարցրեց։
— Այո,- թուքը կուլ տվեց կինը,- բայց, կներեք, Ձեզ չեմ կարողանում հիշել։
— Հիմա հիշեցնեմ,- տղամարդը գրպանից հանեց ծխախոտը, անշտապ վառեց այն, ծուխը ներս քաշեց,- հիմա Ձեր թույլտվությամբ, կպատմեմ մի գեղեցիկ հեքիաթ ծաղկած մասրենու մասին։
ԾԱՂԿԱԾ ՄԱՍՐԵՆՈՒ ՀԵՔԻԱԹԸ
Շատ տարիներ առաջ, հա, երևի մի երեսուն տարի առաջ, նախորդ ամեն ամառվա պես, գյուղ էր եկել Ասատուր պապի քաղաքում ծնված թոռը՝ Գոհարիկը։ Այդ օրը, հարևանի աղջիկների ու տղաների հետ եկան ձոր՝ մուրաբայի համար մասուրի վարդի թերթեր հավաքելու։ Հավաքելով՝ հասան մասուրի մի երիտասարդ, գեղեցիկ ծաղկած թփի։ Թուփը այնքան գեղեցիկ էր, այնպես անուշ էր բուրում։ Ասատուր պապի թոռ Գոհարիկը զմայլվել էր ու ընկերներին խնդրեց, որ այդ թփից թերթեր չհավաքեն, թող մնա այդպես գեղեցիկ, չի կարելի խաթարել նման գեղեցկությունը։ Մյուսներն արդեն առաջ էին անցել, իսկ նա շարունակում էր հիանալ ծաղկած մասրենու թփով, անուշ բուրմունքով։ Այդ ժամանակ նրան մոտեցավ հարևանի մեկ տարով իրենից մեծ տղան։
— Արքայադուստր (այդպես էր տղան միշտ դիմում աղջկան), համաձա՞յն ես՝ երկուսով դառնանք մատնաչափիկներ, այս ծաղկած մասրենու տակ մեր դղյակը կառուցենք, մատնաչափիկ շատ երեխաներ ունենաք ու ապրենք մեր դղյակում՝ երկար ու երջանիկ։
Արքայադուստրը, գլուխը հետ գցած, ուրախ ծիծաղեց․
— Աաաա, մատնաչափիկներ,- հետո վազեց, միացավ մյուսներին։
Տղան կանգնած մնաց ծաղկած մասրենու մոտ, սիրով նայեց իր հեքիաթի դղյակին, հետո վերցրեց, իր սրտի թաքուն մի անկյունում տեղավորեց ծաղկած մասրենուն, կառուցած դղյակն ու մատնաչափիկ երեխաներին՝ իրենց արքայադուստր մոր հետ։
Տարիներ անց միայն, տղան մի գրքում հանդիպեց իր հեքիաթի շարունակությանը, որը գրել էր արքայադուստր աղջիկը։
— Հաաայկ, այս դու՞ ես,- շշնջաց կինը։
— Ես եմ, ես եմ, արքայադուստր։
Երկար լռեցին։ Լռեցին ոչ նրա համար, որ խոսելու բան չկար, ուղղակի չգիտեին՝ ինչի՞ց սկսել, ինչպե՞ս սկսել։
— Պատմիր քո մասին,- լռությունը խզեց Գոհար Վանունին։
— Առանձնապես պատմելու շատ բան չկա,- սկսեց Հայկը,- գյուղում եմ ապրում, անցած տարի գյուղապետ ընտրվեցի, չարչարվում եմ։
— Ընտանի՞ք, երեխանե՞ր,- մի տեսակ զգուշորեն հարցրեց կինը։
— Կնոջս ծնողները տեղափոխվել, Մոսկվայում էին ապրում, ինքն էլ ցանկացավ միանալ նրանց, մեր գյուղը չէր սիրում, իսկ ես չցանկացա գյուղից հեռանալ, նա վերցրեց մեր որդուն ու գնաց ծնողների մոտ, մի քանի տարի առաջ էլ այնտեղ ամուսնացել է։ Որդիս՝ Վարդանս, ամառները մի քանի օրով գյուղ է գալիս, իսկ ընթացքում հեռախոսով միշտ խոսում ենք։ Այսպես էլ հիմա մենակ ապրում եմ։ Գյուղի հոգսերը շատ են, չեմ հասցնում այլ բան մտքովս անց կացնել,- ասաց ու մտահոգ կախեց գլուխը։
Հետո տղամարդը հարցեր տվեց, կինը պատմեց, պատմեց, բայց հանկարծ․․․ անհանգստություն զգաց՝ Աստված իմ, օտար տղամարդու հետ մենակ նստել է ձորում, տեսնողն ի՞նչ կասի, ի՞նչ կմտածի։ Իր մտքից շփոթվեց, խառնվեց իրար ու թափով վեր կացավ։
— Դե՛, լավ, Հայկ ջան, ես արդեն պետք է գնամ, քաղաք եմ վերադառնալու, շտապեմ, որ ուշ չլինի։
Հայկը չհասցրեց անգամ մի խոսք ասել, շփոթվել, կանգնել էր, իսկ Գոհարն արդեն արագաքայլ բարձրանում էր արահետով։ Ու այստեղ Հայկի ականջներում հնչեց հոքիրի ձայնը՝ Հաաաայկ, գնա հետևից, հասի, մի թող, որ էդ շարմաղ ձին ձեռիցդ գնա։ Տղամարդը ուշքի եկավ, արագ վեր թռավ տեղից։ Արահետի վրա տեղ-տեղ երևում էր հեռացող կնոջ վարդագույն բլուզը։
— Գո-հա՜ր, կանգնիր, սպասի՛ր, քեզ կարևոր բան ունեմ ասելու։
Կինն արդեն դուրս էր եկել ձորից, հասել էր ճանապարհին, երբ շնչակտուր Հայկը հասավ նրան։
— Գոհար, սպասի՛ր։
Կինը զարմացած ու անխոս նրան նայեց։
— Գոհար,- մի կերպ շունչը տեղը բերելով՝ սկսեց,- երեսուն տարի առաջվա իմ հեքիաթը կիսատ մի թողնիր, արի, ապացուցենք, որ հեքիաթները միայն գրքերում չէ, որ ապրում են, արի, այդ կիսատ թողնված հեքիաթը մեր կյանքում շարունակենք, թող իմ հեքիաթը գրքում չմնա։ Մարդ եմ, չէ՞, մի՞թե երջանիկ լինելու իրավունք չունեմ, երջանկացրու ինձ, գրածդ գրքի հեքիաթը բեր իմ կյանք։
Հետո երկար նայեցին իրար, կինը ձեռքով շոյեց նրա չսափրված, ծակծկող երեսը ու մտածեց՝ իսկ ինչու՞ ոչ, թող ծաղկած մասրենու հեքիաթը մտնի իր կյանք նույնպես։
Հայկը զանգեց ինչ-որ մեկին․
— Գագի՛կ, մեքենան շուտ հասցրու գյուղի վերևը, ձորի ոլորանում սպասում եմ։
Գոհարին հասցրեց քաղաք, շենքի բակում կանգնեցրեց մեքենան, իջավ, Գոհարին ճանապարհեց, ինքը հետ եկավ գյուղ։ Ողջ ճանապարհին ուրախ սուլում էր մանկությունից եկող ինչ-որ պարեղանակ, հետո ձայնը գլուխը գցած՝ սկսեց երգել, մինչև հասավ գյուղ։
Գոհարը բարձրացավ տուն, զանգը սեղմեց։ Աղջիկը դուռը բացեց ու զարմացած դիմեց մորը․
— Մա՞մ, էն ցեխոտ սապոգներով, անթրաշ մարդն ո՞վ էր։
Մայրը մի պահ շփոթվեց, սառեց տեղում․ փաստորեն աղջիկը պատշգամբից տեսել էր Հայկին, ի՞նչ ասեր։
— Իմ մանկության, պատանեկության հեքիաթն էր, աղջիկս,- ժպտաց ու մտավ իր սենյակ։
4.
Հաջորդ օրը Հայկը մտավ գյուղապետարան ու ձայն տվեց քարտուղարին․
— Սոնիկ, մի քաղցր կոֆե բեր։
Դռների մեջ հայտնվեց Սոնիկը, բայց առաջ չեկավ, մեջքը տվեց դռանն ու կանգնեց։
— Բայց դու առաջ միշտ դառը կոֆե էիր ուզում, ընկեր գյուղապետ։
Սոնիկի <<ընկեր գյուղապետ>> ասելու տոնի մեջ Հայկը հեգնանք զգաց ու գլուխը բարձրացրեց թղթերից։ Աչքն ընկավ Սոնիկի անսովոր, տոնական հագուկապին, կրունկավոր կոշիկներին, ներկած աչքունքին, կարմիր շրթներկին։
— Սոնի՞կ, էս ի՞նչ ես զարդարվել, Զավենի հարսանիքը էսօր չի, երկու օր դեռ կա։
— Ընկեր գյուղապետ,- նետեց Սոնիկը,- էդ քաղաքի կնանիքին կարելի ա, որ սաղ օրը, առանց բան ու գործի զարդարվեն, գյուղացուն չի՞ կարելի։
— Պահո՜, Սոնիկը տեսնես, էս ինչի՞ց է ուռած,- մտածեց Հայկը։
Սոնիկը գնաց, եկավ գյուղապետարանի հաշվապահ չոփուռ Վանիկը։
— Գյուղապետ ջան, ասում ես, հիմի էն Կնոյի թոռանը տուգանե՞նք, որ մի ավտո զիբիլը տարե, լցրել ա գետի բերանը։
— Վանիկ, երկու օր առաջ վերջնական ասել եմ, տուգանքի չափն էլ որոշել ենք, էս ինչի՞ ես նորից հարցնում,- զարմացավ Հայկը։
— Դե, ի՞նչ իմանամ, գյուղապետ ջան, էրեկ մեր ձորում էն քաղաքի սիրուն կնկա հետ քեֆ անելուց հետո, մեկ էլ տեսար՝ միտքդ փոխած լինես,- բազմանշանակալի խնդմնդաց Վանիկը։
Այ, այստեղ արդեն Հայկը շրթունքը կծեց, ահա, թե ուր էր խփում Սոնիկը՝ իրեն լսեցնելով քաղաքի կանանց զուգվել-զարդարվելը։
— Վաղո՛, տես էն Սոնիկը կոֆեով հարիսա՞ է եփում, ինչ եղավ,- խոսակցությունը փոխեց Հայկը։
Իսկ երկու ժամ անց, երբ պատրաստվում էր գյուղապետարանից դուրս գալ, աչքն ընկավ, որ Սոնիկը հեռախոսով խոսում էր ինչ-մեկի հետ ու մտահոգ, ողբերգական ձայնով գանգատվում․
— Բա՛, ախչի ջան, ես էլ ասում եմ՝ էս Հայկը ո՞նց ա, որ էսքան տարվա մեջ մի ծուռ աչքով չի նայում ոչ ինձ, ոչ էլ գյուղի կնանիքից մեկին։
Այ քեզ բա՜ն, մտածեց Հայկը, փաստորեն Սոնիկն ուզեցել է, որ ինքը ծուռ աչքով նայի իրեն, իսկ իր մտքով այդ բանն անգամ չի անցել, հետաքրքիր է, էդպես մտածողներ էլի՞ եղել են գյուղում։
Այդ մտքերով էլ, բայց աչքի առաջ Գոհարը, երեկոյան գնաց տուն, ու ողջ գիշեր երազում Գոհարն էր, ձորը, ծաղկած մասրենին։
Երկու օր անց, մի աներես մեծ ճանճ իր տզզոցն էր գցել գյուղապետարանի սենյակով մեկ։ Հայկը բաց արեց պատուհանը, որ աներես ճանճը դուրս թռչի, գնա, ինքը պրծնի այդ ականջ սղոցող տզզոցից։ Պատուհանը բացեց, ու ներս լցվեց գյուղապետարանի հենց իր պատուհանի տակ հավաքված գյուղացիների զրույցը։
— Մոսո, գյուղապետին հերիք ա փնովես, անկնիկ մարդ ա, բա ո՞նց, ինքն էլ կնկա կարիք ունի։ Գրագետ, քաղաք սովորած տղա ա, ինչի՞ պիտի քաղաքի կնկան չսիրի։
— Աղո, ես չասի՝ չսիրի, համա ձորի մե՞ջ։ Այ տնաշեն, կնկա պահանջ ունի, թող գեղի աղջկերքից մեկին առնի, նորմալ ընտանիք դառնա, թե չէ էսօր էս քաղաքի կնկա հետ, էգուց էն մեկելի հետ, է՞, ամոթ ա, չէ՞, շատ էլ, որ տղամարդ ա, շատ էլ, որ գյուղապետ ա։
— Մոսո ապեր, դու լավ կլինի, պատմես, թե ջահել վախտդ ոնց ես էն Շուշոյին կալմեջ արել հենց իրանց գոմի մսուրքում,- ծիծաղեց ջահելներից մեկը,- թե չէ ձորն ի՞նչ, ի՞նչ վատ տեղ ա, բնության գրկում, ծաղիկ-ծաղկունքի մեջ, էլ ամոթս ո՞րն ա։
— Շուն-շան որդի,- զայրացած, ձեռի ձեռնափայտը դեպի ջահելը բարձրացրեց Մոսո ապերը։
Հայկը պատուհանի մոտ կանգնած՝ սառեց, մնաց։ Փաստորեն ողջ գյուղը տեղյակ է, որ ձորում հանդիպել է Գոհարին, բայց գոնե լավ է, որ կնոջ ով լինելը չեն իմացել։ 
Նույն պահին դուռը բացվեց, ու հոքիր Մանոյի թոռը դռնից գլուխը ներս մտցրեց։
— Հայկ քեռի, տատը քեզ վռազ կանչում ա մեր տուն,- ասեց ու դուրս վազեց։
— Օհո՜, հոքիրի ականջն էլ է ընկել,- հասկացավ Հայկը,- չէ՜, այս հարցը պետք է արագ լուծել։
․․․
Ուշ երեկոյան, Գոհարենց դռան զանգը հնչեց։ Գոհարը լոգարանում էր, աղջիկը դուռը բաց արեց։ Դռների մեջ, վարդերի փունջը ձեռքին, կանգնել էր սափրված, իրեն կարգի բերած Հայկը։ Աղջիկն իսկույն ճանաչեց մի քանի օր առաջվա ցեխոտ սապոգներով տղամարդուն։ 
— Մա, արի, մանկությանդ հեքիաթն է եկել,- դեպի լոգարանի կողմը ձայն տվեց ժպտացող աղջիկը։
Թաց մազերը սրբիչով փաթաթած, լոգարանից դուրս եկավ Գոհարն ու մեկ ժպտացող աղջկան էր նայում, մեկ դռների մեջ կանգնած, շփոթահար Հայկին։
Հանկարծ Հայկը, առանց առաջ գալու, գրպանից հանեց մի փոքրիկ, կարմիր տուփ, վարդերի փունջը դրեց թևի տակ, տուփը բաց արեց, հանեց շողշողացող քարով մատանին ու պարզեց Գոհարի կողմը։
— Գոհար, ես խնդրում եմ, որ իմ կինը դառնաս։
Հետո, ամիսներ անց, երեքով՝ Հայկը, Գոհարն ու աղջիկը շարունակ հիշում էին դռների մեջ արված ամուսնության առաջարկն, ու երկար ծիծաղից հետո, ամեն մեկն սկսում էր նորից ու նորից այդ պահի իր զգացողությունների, իրավիճակի ծիծաղելիության մասին հիշել։ 
Իսկ Գոհարը գյուղում իրեն երջանիկ էր զգում։ Հայկի նախկինում դատարկ գոմը լցվել էր անասունների բառաչով, բակում հավերն էին քուջուջ անում, իսկ բանջարանոցում կարտոֆիլի քոլերն էին ծաղկում։

Մելանյա Պետրոսյանց

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *