Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում… սենսացիոն մանրամասներ է պատմել հայտնի լրագրողը

Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի հեղինակ՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովան վերահաստատում է՝ տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին, որքան էլ ներկա նախագահ Իլհամ Ալիևը փորձի հերքել այն: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»:

Լրագրողն ափսոսում է, որ տեխնիկական հնարավորություններից ելնելով չի կարողացել պահպանել ձայնագրությունները, քանի որ դրանք արվել են ձայներիզների վրա, որոնք, հնարավոր է, վերաձայնագրված լինեն:

«Չկար համացանց, չկային համակարգիչներ, բայց ես հաստատում եմ, որ այն, ինչ գրել եմ, Այազ Մութալիբովն ասել է, այնտեղ որևէ բան չի հնարվել: Նա կարող է ինչպես ուզում է հերքել այն, սակայն այն ժամանակ նա դա ասել է, ինչպես տպագրված է «Նեզավիսիմայա գազետա» թերթում: Այդ թերթի օրինակը ես ունեմ, համացանցում էլ է հասանելի` Այազ Մութալիբովը դա ասել է»,- ասել է Մազալովան, ով միակն է եղել, ում Մութալիբովը բացառիկ հարցազրույց է տվել նախագահի պաշտոնը թողնելուց մեկ ամիս անց:

Մազալովան Խոջալուի ողբերգության պատմությանը ծանոթացել է անձամբ բացառիկ կադրեր վավերագրած կինոօպերատոր Չինգիզ Մուստաֆաևի տեսանյութերից: «Չինգիզը, ում հետ ծանոթացել էինք Կիսլովոդսկում, իր բնակարանում պատմեց ինձ, թե ինչպես էին այդ մարդկանց սպանում, վնասում էին ծնկները, որպեսզի նրանք չկարողանան գնալ: Ծնկները… մարդու մարմնի վրա ամենացավոտ տեղը: Հաջորդ օրը ես պայմանավորած էի հարցազրույցի համար Մութարիբովի հետ: Ես չէի կարող նրան չհարցնել, թե ինչ եմ տեսել Չինգիզի նկարահանած կադրերում: Միայն թե չասացի իմ ընկերոջ՝ Չինգիզի անունը, որպեսզի նրան չվնասեմ: Երկու ամիս հետո Չինգիզին սպшնեցին…»,-ցավով հիշում է լրագրողը: