Ամեն ճանապարհ նորի բացահայտում է :Ճանապարհը միավորում է մարդկանց մի գաղափարի շուրջ, հաճախ` գաղափարներն են կիսվում մարդկանց միջև: Մայրաքաղաքից դեպի սահմաններ և սահմանին կանգնած Զինվորը մի տեսակ վեհացնում, բարձրացնում է ճանապարհի խորհուրդը…

Մի խումբ երիտասարդների կողմից հիմնադրված այս կազմակերպությունը գործում է իր անվան յուրաքանչյուր բառին համահունչ` Հանուն հայ զինվորի: Նրանց շարքերում են նաև ամիսներ առաջ պատերազմի բովով անցած, բայց և պատերազմին հաղթած մերօրյա քաջերը…

Կամավորների շարքերը համալրելուց հետո առաջինը ծանոթացա այս քաջերի կենսագրությանը…Շուլի, Գևորգ, Ռաֆայել.. Նարեկ.. Արեգ… Վերջինս, թերևս ինձ համար դեռ չբացահայտված էր….

Գեղեցկատես, խոր հայցքով, կենսատու ժպիտով Արեգ Սարդարյան հերոսը…
Առաջին անգամ էի տեսնում նրան ու փորձում հոգեբանիս համար բացահայտել դեռևս անծանոթ նրա էությունը; Ճանապարհը երկար է- հուսադրում եմ ինձ, -հաստատ առիթ կընձեռվի ծանոթանալ ու զրուցել այս խորհրդավոր երիտասարդի հետ: Հայրենասիրական երգերն ու տրամադրությունը բոլորին է պատել. Արեգին էլ. շարունակ ժպտում է: Տարօրինակ է, բայց անընդհատ սպասում եմ, որ հենց նա ժպտա` անկեղծ ու սրտաբուխ… Ինտելեկտուալ, հումորային, տրամաբանական տարբեր խաղերով փորձում ենք կարճել փոքր ինչ դժվաանցանելի ճանապարհը: Չգիտես ինչու, ենթադրել էի , որ Արեգը պետք է տարբերվի` պատերազմ է տեսել, ընկերներ կորցրել…Բայց նա խաղի մեջ է, ընթացքն է որոշում…Հետախույզի իմ գործը ժամանակավոր թողնում եմ և լիարժեք ընդգրկվում ընդհանուր տրամադրության մեջ:

Սահմանի վրա կյանքն այլ ընթացք ունի, սահմանին կանգնած Զինվորը քո ինքնավստահությունն է , ուժն ու հպարտությունը… Թվում է , թե գնացիր, մի քանի ժամով փոխեցիր անփոփոխ օրակարգն ու վերադարձար: Ճիշտ է, փոխեցիր, բայց ոչ թե օրակարգի մեջ, այլ ` Զինվորի հոգում ու գիտակցության մեջ.

-Դուք որ գալիս եք, համերգ, նվերներ, ժպիտներ փոխանցում ու գնում, դուք չեք էլ պատկերացնում, թե դրանից Զինվորը ինչքան գնահատված է իրեն զգում ու ավելի զգոն է ծառայում` դիմացը թշնամին է, հետևում` ժողովուրդը:

Վերադառնում ենք. օրվա տպավորությունները, թե՞ ճանապարհի հաճելի հոգնածությունը տարածվում է բոլորի վրա : Երգի ձայնը այլևս չի լսվում ու մի զրույց է ծավալվում. Արեգը մեզ տեղափոխում է Արցախի սահման`Թալիշ, ապրիլ: Մյուսները շուրջներս կատակում են , խաղում, ծիծաղում, բայց այս անկյունը կարծես զուգահեռ իրականություն լինի:

Պատերազմում ընկերներ է կորցրել, եղել է մի պահ, երբ մահի հետ հաշտ նստել ու զրուցել է` ձեռքում վերջին տուփից մնացած ծխախոտը… Բայց նրան վիճակված էր ապրել…
Խոսում է կյանքի շարունակելիության, կյանքի ու մահվան ի վերջո հաշտեցման, ցավի հետ ուրախությունը կիսելու պարադոքսերի մասին: Մի երևույթի հետ այդպես էլ չի հաշտվում` հավասարների մեջ առկա անհավասարության մեծ նշանի , որ դրել ենք մենք` սահմանից ու պատերազմից հարյուրավոր կիլոմետրեր հեռու ապրողներս…Նույն օրը ծնված մի զոհվածի մասին կայքերն ու հասարակությունը չեն դադարում գրել, պատմել, ցավել ու շնորհավորել, իսկ մյուսի մասին անգամ չգիտեն էլ:

Մեկ մեկ հնչող հարցերին հետևում են երկար ու խորիմաստ բացատրությունները` համբերատար ու ցածրաձայն: Արեգը ընդամենը քսանամյա երիտասարդ է , իսկ ինձ թվում է , թե դիմացս գաղափարի մարտիկ է նստած:

Ապրիլյան պատերազմում հաղթած հերոսը երկու մեդալ է ստացել` «Մարշալ Բաղրամյան» և «Անդրնիկ Օզանյան»:

-Չպետք է հաշտվել զինվոր կորցնելու մտքի հետ, չպետք է այն դառնա մեր առօրյայի մի մասը, քանի որ մեռնելու մտքի հետ հաշտվող ու այդ մտքին անտարբերությամբ վերաբերող ազգը դատապարտված է կործանման: Մենք պետք է ապրենք,- եզրափակում է Արեգը:

Գիշերը տարածվել է շուրջբոլորը ,լույսերը հուշում են , որ արդեն քաղաքում ենք: Ինչպես անցավ վերջին մեկ ժամը, մեզնից ոչ մեկը չնկատեց, չնկատեցին և մյուս ընկերները, որ այստեղ երկու իրականություն էր տիրում` ինչպես կյանքում: Մենք ապրում ենք երկու իրականության մեջ` քաղաքում թվացյալ խաղաղություն, սահմանին` իրական պատերազմի վտանգ: Խաղաղության մեջ ապրողներիս համար մնում է միայն մի բան անել` չմոռանանք, որ Արեգներով է չեզոքացվում իրական պատերազմի վտանգը և նվիրվում իրական խաղաղությունը:

Հոդվածը` Արմինե Պողոսյանի 

Armday.