Լույս է տեսել ԱՄՆ ՀԳՄ-ի անդամ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ`ՀՈՒՅՍԻ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ» բանաստեղծությունների ժողովածուն

Լույս է տեսել ԱՄՆ ՀԳՄ-ի անդամ
ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ`

«ՀՈՒՅՍԻ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ» բանաստեղծությունների այս ժողովածուն ԳԻՐՔ Ա — ՇՆՈՐՀԱՎՈՐ մաղթում եմ կանաչ ճանապարհ
Խմբագիր` ԴԱՆԻԵԼ ԴԱՎԻԹ … Հետաքրքիր բովանդակալից է «Հույսի ծաղկեփունջ» գրքի վերլուծական խոաքը ճանաչված գրագանագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր…`
ԱՐՏԵՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՔՆԱՐԱԿԱՆ ԾԱՂԿԵՓՈՒՆՋԸ
Վերջերս «US Armenia» հեռուստատեսությամբ «Հյուրասրահ» հաղորդաշարով եթեր հեռարձակվեց բանաստեղծ Վոլոդյա Գրիգորյանին նվիրված հաղորդումը, որը վարում էր հաղորդաշարի հեղինակ, անվանի լրագրող Ալինա Խաչատրյանը: Այդ բովանդակալից հաղորդումը լայն արձագանք գտավ հեռուսատադիտողների կողմից և արժանացավ բարձր գնահատականի:
Մեկ շնչով ընթերցելի Վ. Գրիգորյանի «Հույսի Ծաղկեփունջ» խորագրով ձեռագիր գիրքը: Միանգամայն համաձայն եմ ձեռագիր գրքի «նախամուտքի» հետևյալ մտորումի իսկությանը.

Հույսով եմ,մարդիկ,կսիրեք գիրքը,
Գրքում զետեղված սիրո երկինքը …

Անտարակույս,Վ.Գրիգորյանի բանաստեղծական աշխարհը ոչ միայն հոգեհարազատ է ընթերցողին,այլ հայության ներաշխարհի համանվագն է լեզվական պարզ և զուլալ բառապաշարով: Այս գրքում մեզ ներկայանում է հայասեր ու հայրենասեր վանաձորցին, որ ինչպես ինքն է գրում. « ապրելով հայրենիքից հեռու` բարեկեցիկ կյանքով, ավելի, խորն եմ ընմբռնել ու գիտակցել երկրիս և ժողովրդիս մտահոգությունները…»
Վ.Գրիգորյանը Վանաձորի ծնունդ է, մի լեռնաշխարհի, որն արդեն իսկ քնարական միջավայր է պարգևում, լոռեցիներին բնորոշ մաքրեմաքուր հոգի և զգացում, անկաշառ հայրենասիրություն և մայր հողին նվիրում:
Հեղինակը սկսել է ստեղծագործել 62 տարեկանում,բայց իրական քնարական թրթռումները նրա հոգու մեջ միշտ էլ առկա են եղել:
Վ.Գրիգորյանին, բնականաբար հուզել և հուզում է հայի ճակատագիրը: Խորիմաստ է հեղինակի «Հատուցում» բանաստեղծությունը.

Ժամանակն անդարձ շարժվում է առաջ ,
Պատմության անիվն իր հետքն է թողնում,
Ազգեր են կորչում, նորերը ծնվում`
Դեռ չկայացած պատմության մուրում:

(Խուլ ականջդ խոսի ազերի վայ – պատմաբան, խղճուկ
գիտնական…):

Խելահեղ կյանքի արահետներում,
Անտեսանելի մշուշով պատված,
Մեծ ու նենգերը թակարդ են լարում,
Փոքրաթիվ,անզոր ազգերին տիրում,
Փորձում են հային ծնկաչոք անել,
Իրենց իրական դեմքը փակ պահել,
Շահագործելով մեր համբերությունը`
Անվերջ ձգտում են քանդել մեր տունը:

Իսկապես, մեր դարավոր ոսոխները կրակի հետ են խաղում` «չարաշահելով մեր համբերությունը» … Հեղինակը ոչ մի վայրկյան կասկած չի ունենում,որ «հայը կապրի արժանավայել`իր իսկ մտքի և ուժի զորությամբ»:
Ճշմարիտ հայրենասեր բանաստեղծը չէր կարող չանրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: Եղեռնի հարյուրամյակին նվիրված բանաստեղծության մեջ նա ասում է.

Մարդկության առջև լուրջ հարց է դրված,
Դատել թուրքիային սպանդի դիմաց,
Եթե պատժվի կիսատ կամ թերի,
Հանրությանը նոր աղետ կբերի:

Եվ բերում է…: Նորանոր ցեղասպանություններ, իսկ թուրքը նույն ուրացող ոճրագործն է: Թեև հեղինակը ներքին հավատ ունի, որ համայն աշխարհն է դատապարտելու ցեղասպան թուրքին, բայց և խորիմաստ ամփոփում է կատարում` կողք – կողքի օգտագործելով հարյուրն ու հազարը.

Հարյուր տարիներ և հազար ամոթ…

Իսկ որն է արդար լուծման ճանապարհները, ըստ հեղինակի.

Ուժի դեմ ուժով պետք է պայքարել,
Տմարդին խելքով ծնկաչոք անել…

Այո’, միայն արդար պահանջատիրությամբ կարելի է հասնել «Մեծ երազի» իրականացմանը: «Չկարողացանք» քերթվածում Վոլոդյա Գրիգորյանը գրում է.

Չկարողացանք այնպես երազել,
Որ երազներս նոր երազ ծնեն…
2013թ -ին գրած այս բանաստեղծությունն ունի մի ազնիվ «ուղերձ» մեր ազգայնականներին.

Չկարողացանք լուռ ու շվարած
Գաղթող հայերին իր տանը պահել…

Դիմելով հայ ժողովրդին` բանաստեղծն ազնիվ ապրումները խորացնում է հետևյալ տողերով.

Նենգ ոսոխի դեմ կանգնած դեմ- դիմաց
Միշտ մաքառել ես ապրելու հույսով,
Հարվածները քեզ ուժեղացրել են,
Վսեմ ու արի իմ հայ ժողովուրդ:

Լավատեսությունն է հորդում բանաստեղծի գրած յուրաքանչյուր տողից: Եվ ուզում ենք հավատալ հետևյալ բնութագրերին` նվիրված մաքառող ու տառապող աստվածատուր ազգին.

Հավերժ եղել ես, կաս ու կլինես,
Հավիտենական իմ հայ ժողովուրդ:

Եվ դարձյալ ցավում է ազնիվ լոռեցու սիրտը ` ի դեմս ահագնացող արտագաղթի.

Հայաստան երկիր,
Հայրենիք հայի,
Հային տաքացրու,
Քո ներսում պահի…

Ինքնատիպ են բանաստեղծի պատկերները, քնարական զուգահեռները: «Մասիսը հույսի» ստեղծագործության մեջ հեղինակը գրում է.

Նոյը նախընտրեց հենց Մասիս սարին,
Կյանքի փորձության դժվարին պահին,
Հիմա Մասիսը փրության հույսով
Ինքն է ձեռք մեկնել համայն աշխարհին…

Հայոց լեռները, ըստ հեղինակի մեծ հավատքի, չեն նահանջելու ոչ թուրքի դիմաց, ոչ էլ սանդրանքի, որովհետև հային հատուկ է ազգային հպարտությունը: Չէ՞ որ,ինչպես շեշտում է բանաստեղծը ,աշխարհին տվել ենք հզոր անհատներ` Այվազովսի ու Թումանյան,Սայթ -Նովա ու Շարլ Ազնավուր …
Ահա ինչով է բացատրվում և հիմնավորվում հայի լուսե հույսը: Ցրված, սակայն Մեծ ազգի մաքառման ճանապարհին բանաստեղծը մի անգամ ևս հիշեցնում է այն, որ.

Դարերի խորքից դարերն են վկա,
Ճամփա ենք հարթում դեպի ապագա,
Հարթում ենք գործով ու աշխատանքով,
Ոչ թե բիրտ ուժի բռնացող կամքով…

Զուլալ են Վ.Գրիգորյանի բանաստեղծական տողերը` Վանաձորյան առվակների նման.

Փոքրիկ մի անկյուն,
Կամ լույսի մի շող
Մշուշի քողով
Պարուրված հույսով…

Եվ ինչն է բանաստեղծի երազն ու հույսը.

Հրաշք կատարվի,
Ազգս բազմանա,
Ծիածան կապի
ՈՒ չանհետանա…

Մի՞թե այդ չէ յուրաքանչյուր ազնիվ հայի երազանքն ու մտահոգությունը:Եվ այդ մտահոգությունը օրըստօրե ավելի լայն չափերի է հասնում, քանի որ հայը աստիճանաբար օտարանում է.

Տան մեջ խոսոիւմ ենք ոչ հայերենով,
«Օ~ մայ գադ» ասում վատ անգլերենով ,
«Իմ աստված» կանչեք դժվարին պահին,
Որ աստված լսի տարաբախտ հային:

Բայց աշխարհը տարօրինակ է, մարդիկ ավելի քան…
«Մարդիկ խաղալիք» բանաստեղծության մեջ բանաստեղծը մեկ անգամ ևս շեշտում է այն իրողությունը, որ ոչինչ հավերժ չէ.

Տարօրինակ աշխարհ,
Տարօրինակ մարդիկ,
Կյանքը մեծ խաղ է,
Իսկ մենք խաղալիք:

Մենք լոռեցի Թումանյանի ասացի պես. «հերթով գալիս անց ենք կենում» ը շարունակելով Վ.Գրիգորյանը գրում է`

Գալիս ենք հերթով,
Խաղ — խաղալիքով,
Գնում ենք անհերթ
Պարտքով, տալիքով:

Բանաստեղծը խոր և անկեղծ կարոտով է լցված հայրենի հողի, մայր հայրենիքի նկատմամբ.

Հայրենի հողից հեռու չես փախչի,
Հողի կարոտը քեզ հետ կկանչի…

Մեզանից ո՞վ չի հիշում«Կարոտը» կինոնկարը: Իսկ մեր բանաստեղծը հիշում է տարբեր առիթներով իր, բոլորի Վանաձորը, Լոռվա աշխարհի բերքի տոնը: Հեղինակը ընդհանրացնում է իր սերը ամբողջովին հայրենիքի սահմաններում.

Հողը ամրոց է,դպրոց ու դարբնոց,
Սրբության օջախ, մայր`հրաշագործ,
Հողը ծնող է, ով չունի տարիք,
Հողի անունն է`Չքնաղ Հայրենիք:

85 ամյա Ռոզա մայրիկին նվիրված բանաստեղծության մեջ մի հրաշալի համեմատություն կա.

Ծիրանափողն ես կյանքիս,
Մայր իմ մեղեդի…
Բնական է, որ մայրական սիրուն հավասարակշիռ պետք է դրսևորվի հայրական անաչառ զգացումը: Ղարսեցի հորը նվիրված գործում բանաստեղծը գրում է.

Հայր իմ, վստահ եմ`հանգիստ է հոգիդ…
Աստված արասցի` թոռ, ծոռ, մեծանան,
Հայրենի Ղարսիդ նորից տեր դառնան:
Եկեք հավատանք ու հուսանք:

Հարազատ քրոջ կորուստը,ինչ խոսք,շատ է վշտացրել պոետին:Եվ նրան նվիրված սքանչելի տողեր ունի սիրառատ պոետը.

Կորուստդ, քույրիկ, ինձ շատ վշտացրեց,
Անհագ կարոտով մարմինս լցրեց,
Ինչպես մշակված ադամանդ անգին`
Փայլում էիր կողքիս, քույր իմ թանկագին:
…Քույր իմ, հեռու ես, բայց գիտեմ` դու կաս,
Երազներիս մեջ մոտ ես, բայց անհաս…

Գերդաստանային շղթայի մեջ իրենց բացառիկ ու սրտաշարժ տեղն ունեն թոռնիկները, որոնց էլ մեկիկ -մեկիկ քերթվածներ է նվիրում` արտահայտելով իր անսահման սերն ու ապագայի հույսալեցուն սպասումները:
Հապա ազնիվ ընկե՞րը, ազնիվ սե՞րը, ազնիվ մարդային փոխհարաբերություննե՞րը … որ մեկն ասեմ այդ ծաղկեփնջից: Դրանք բոլորն էլ ոչ միայն ժողովածուի «թեմաներն» են,այլև սրտից բխող ժայթքումներ: Իր բանստեղծությունները մի – մի մեղեդի են, երգի վերածվելու պատրաստ և պատրաստակամ:
Որպես բանաստեղծ, Վ. Գրիգորյանը փորձում է բացահայտել սիրո գաղտնիքը: Ասում են, բանաստեղծները թարգմանն են հոգու: Ահա այդպիսի մի թարգման – պոետ է մեր լոռեցին: Երբեմն առանց թարգմանի նա գրում է նաև ռուսերեն:
Գրքում նաև տեղ են գտել քրոջ` Վիոլետայի, մոր`Ռոզայի, ընկերոջ` Արտյոմ Մարտիրոսյանի ստեղծագործություններից նմուշներ, թևավոր խոսքեր հեզինակի մեկնաբանությամբ:
Մի խոսքով, թերթում ես «Հույսի ծաղեփունջ» — ժողովածուն, որը հագեցված է փիլիսոփայական մտքերով, կյանքի շնչով, հևքով և ակամայից աչքերդ հառում երկնքին,Աստված`բոլորիս ապավեն:
Անկեղծ է գրում հեղինակը «Գերադասում եմ» բանաստեղծության մեջ.

Գերադասում եմ սպիտակ ձյունը,
Գորշն ու կեղտոտը առնում է իր տակ,
Սպիտակ, մաքուրով աչքերդ շոյում,
Ներսդ հանգստի կոլորիտ կապում…

Պետք է աներկբայորեն ասել, որ ի դեմս Վ. Գրիգորյանի գործ ունենք ոչ միայն ազնիվ ստեղծագործողի, քնարական շունչ ու հոգի ունեցող անձնավորության հետ, այլև մեր ազգի ճակատագրով մտահոգ, ժամանակակից աշխարհի թեր ու դեմ կողմերը խորապես քննած, լոռեցիական իմաստությամբ լեցուն ստեղծագործողի հետ:
Ստեղծագործական լայն ճանապարհ,Վալոդյա Գրիգորյան: Թող քո գրերում ծնունդ առնեն նորանոր քերթվածներ`նույն պարզ ու վճիտ հայերենով, զուլալ հոգու նուրբ թռթիռներով…
ԱՐՏԵՄ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ,
Բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր…

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *