Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատն ընդունել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դատապարտող բանաձև

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատը միաձայն ընդունել է Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ջիհադիստների գործողությունները դատապարտող բանաձև: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:

Բանաձևի տեքստը ստորև.

«Պատգամավորների պալատը՝

  • Նշելով 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծումը, որը նպատակ ուներ հասնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությանը՝ Մինսկի խմբի գործընթացի և Մադրիդյան սկզբունքների ոտնահարմամբ, որոնք պարտավոր են հարգել Հայաստանը և Ադրբեջանը,
  • Հաշվի առնելով, որ Թուրքիան որոշիչ ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հայկական ուժերի դեմ իր գործողություններում՝ տեղակայելով ջիհադիստ վարձկանների և տրամադրելով ռազմական տեխնիկա,
  • Արձանագրելով, որ պատերազմի և մինչ այդ Լեռնային Ղարաբաղի կողմից կառավարվող հազարավոր քառակուսի կիլոմետրերի օկուպացիայից հետո Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության անվտանգությունն ու ազատությունը երաշխավորված չեն, և որ պատերազմական հռետորաբանությունը պահպանվում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից,
  • Նկատի ունենալով երրորդ երկրների, մասնավորապես, Թուրքիայի ներգրավվածությամբ պայմանավորված բարդությունները, և սպառնալիքը, որը կներկայացներ լայնամասշտաբ պատերազմը Հարավային Կովկասում,
  • Հաշվի առնելով, որ  2020 թ. սեպտեմբերի 27 ին հակամարտության վերսկսումը, որը ապացուցեց որ «սառեցված հակամարտությունները» կարող են ծայրահեղ բռնկումների բերել եւ պայթել ամեն պահի, կարիք ունեն առանձնահատուկ լուծման,
  • Արձանագրելով, որ ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը դեռևս չեն կարողացել Լեռնային Ղարաբաղում գտնել հարատև խաղաղության լուծում,
  • Նշելով, որ Եվրոպական Միությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու կայունությունը իր հարևանությունում և որ այն հայտարարել է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասում համաձայնությանը նպաստելու պատրաստակամության մասին,

Կոչ է անում կառավարությանը՝

  • Պահանջել քաղաքական գործընթացի պատրաստակամություն՝ հասնելու համար Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի և այս համատեքստում եվրոպական գործընկերների հետ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին,
  • Պահանջել մարդասիրական կազմակերպությունների շարունակական մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ ապահովելու համար արագ և համապատասխան անհետաձգելի օգնություն և նպաստել Լեռնային Ղարաբաղի հայերին աջակցության ծրագրի մշակմանը, ինչը թույլ կտա վերակառուցել այդ տարածքի ենթակառուցվածքները,
  • Ակնկալել խստորեն հարգել Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի հովանու ներքո նոյեմբերի 9-ին կնքված հրադադարը՝ խուսափելու համար մարդկային կյանքերի նոր կորուստներից, ապահովելու համար մարդու իրավունքների պահպանումը և գերիների ու զոհերի մարմինների արագ փոխանակումը,
  • Ակնկալել անցկացնել ռազմական հանցագործությունների անկախ հետաքննություն, որոնք մեծ քանակով արձանագրված են, այդ թվում՝ կասետային զինատեսակների կիրառումը, քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարձակումը, սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակների կիրառումը և ռազմագերիների հավաքական գնդակահարությունը, որոնց հեղինակները պետք է պատասխան տան իրավասու մարմինների առաջ,
  • Համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ երաշխավորելու համար բոլոր փախստականների և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից և հարակից շրջաններից տեղահանված անձանց՝ իրենց հայրենի օջախ վերադառնալու իրավունքի իրականացումը և նրանց անվտանգ կյանքի երաշխավորումը,
  • Անհրաժեշտության դեպքում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս կարգավորի իր տարածքում պարփակված հայկական բնակչության հետ հարաբերությունները և պատժամիջոցների ենթարկել ադրբեջանական քաղաքական և սոցիալական դերակատարներին, ովքեր կշարունակեն ատելություն և բռնություն իրականացնել հայերի նկատմամբ,
  • Աչալուրջ լինել, որպեսզի երաշխավորվի հայկական վանքերի, եկեղեցիների և մշակութային հուշարձանների պահպանությունը»։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *