ԼՂՀ ՊԲ մարտական ուղու պատմություն

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

            «Ցնցումները ժողովուրդների կյանքում փրկության
        լծակներ են եւ անբարոյական ու կորած է մի
             ժողովուրդ, որ հանուն իր գոյության անընդունակ է
խոր ցնցումների: Հոգեկան ցնցումների ընդունակ
                                            ժողովուրդները միայն կարող են վերանորոգվել…»                   Գարեգին Նժդեհ

ՈՐՊԵՍ  ՆԱԽԱԲԱՆ   

 

Լեռնային Ղարաբաղը հին հայկական երկրամաս է, որն իր դարավոր պատմության ընթացքում կոչվել է տարբեր անուններով: Ուրարտուական սեպագրերում այն հայտնի է Ուրտեխե, Ուրտեխենի անունով, որից էլ բխում է Արցախ ավանդական անվանումը:
Անտիկ հունական հեղինակների աշխատություններում երկրամասը կրում էր Օրխիստենա անունը, որը հայկական Արցախի ձևափոխված արտահայտությունն էր: Վաղմիջնադարյան աղբյուրները արձանագրում են երկրամասի ևս երկու անուն, որոնք կապված են Ցավդեկի իշխանության վարչական կենտրոն Ցավդեկի և հայկական իշխանների կենտրոնատեղի հանդիսացող Խաչենի բերդի հետ:
Այն, որ Արցախը վաղնջական ժամանակներից պատկանում էր Հայաստանին, մատնացույց են անում նաև անտիկ հեղինակներ Ստրաբոնը, Պլենիոս Ավագը, Պլուտարքոսը, Դիոնիս Կասիոսը և ուրիշներ: Ըստ նրանց տված տեղեկությունների, Քուռ գետով անցնում էր Հայաստանի սահմանը հարևան Ալբանիայի (Աղվանքի) հետ, մի պետություն, որ իրենից ներկայացնում էր կովկասյան բազմալեզու Լեռնային ցեղերի խառնակույտ, որոնք ավելի ուշ վերացան աշխարհի քարտեզից (Ալբանիա-Աղվանք կազմված ցեղերի սերունդներն են համարվում լեզգիները, ավարները, ուդիները և մի շարք այլ ժողովուրդներ):
Արցախը հայկական լինելու իրողությունն են փաստում նաև երկրամասում պահպանված նախաքրիստոնեական շրջանի հուշարձանները:
Մ.թ.ա. 4-րդ դարում Արցախը, ինչպես և հարևան Ուտիքի և Սյունիքի մարզերը, շարունակում էին մնալ Երվանդունիների հայկական թագավորության կազմում: Այդ երկրամասի մտնելը Տիգրան 2-րդի թագավորության կազմի մեջ (մ.թ.ա. 95թ.-55թ.) վկայում է նաև այստեղ Տիգրանակերտ քաղաքի հիմնադրման փաստը:
4-րդ դարը, ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի միասնական պատմության համար հիմնովին նոր ելակետ էր: 301 թվականին աշխարհում առաջինն այստեղ քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն: Եվ Արցախը, ինչպես որ Հայաստանի մյուս նահանգները, ապրում էր մշակույթի վերելք, մանավանդ` 405թ. հայկական գրերի գյուտից հետո: 5-րդ դարի սկզբին, հենց Արցախում` Ամարասի եկեղեցում, հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը բացեց առաջին հայկական դպրոցը:
Համաձայն առկա հարուստ նյութերի, միջնադարյան պատմության մեջ Արցախը կոչվում է Հայաստանի թվով տասերորդ նահանգը: Այս մասին է վկայում բյուզանդացի կայսր Կոնստանտին Ծիրանածինի (913-915թթ.) հղած նամակը Արցախի մելիքություններից մեկի` Խաչենի Մելիքի անունով, որի մեջ հասցեն գրում է` ՙՀայաստան՚:
Ինչպես Արևելյան Հայաստանի մյուս շրջանները, այնպես էլ Արցախն ուշ միջնադարում ընկավ շահական Պարսկաստանի տիրապետության տակ: Սակայն, այս պարագայում անգամ, նա կարողացավ պահպանել իր փաստացի ինքնիշխանությունը, ներառյալ` սեփական զորախմբերը, մելիքական դատարանը և այլն:
17-18-րդ դարերում Արցախի մելիքները նամակագրական կապեր ունեին ռուսական ցարերի հետ, որի արդյունքում, 18-րդ դարի երկրորդ կեսերին ռազմական դաշինք կնքվեց Ղարաբաղի և Ռուսաստանի միջև, սակայն այն շատ կարճ տևեց, բայց երևույթ էր, որը հետագայում իրեն զգացնել տվեց:
1813թ. Գյուլիստան գյուղի մոտ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրվեց պայմանագիր, որի համաձայն Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև` Անդրկովկասի մի շարք տարածքներ, Պարսկաստանից անցան Ռուսաստանին: Երկրամասի պատմության մեջ սկիզբ առավ խաղաղ կյանքի շրջանը, որն ընդհանուր առմամբ տևեց մինչև 1917 թվականը` մինչև բոլշևիկյան հեղաշրջումը:
1918-1920 թթ. նորահայտ Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը բազմիցս փորձում էր իր իշխանության տակ առնել Լեռնային Ղարաբաղը: Այդ նկրտումները պայմանավորված էին ոչ միայն նախկինում գոյություն չունեցող պետականության տարածքն ընդարձակելու գործընթացով, այլև` Թուրքիայի ծավալապաշտական ցանկություններն իրականացնելու համար: Միաժամանակ դրան առավելապես նպաստեց բոլշևիկների բռնած դիրքորոշումը: Արդյունքում` ՌԿ (բ) Կ ԿԿ Կովբյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի իրավաբանորեն անիրավազոր որոշմամբ, Լեռնային Ղարաբաղը մտցվեց Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ: 1923թ. երկրամասի տարածքի մի մասում կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը:
Թե ինչպիսի էթնիկական ճնշումների և ազգագրական փոփոխությունների ենթարկվեց մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմում, կարող է վկայել թեկուզ այն փաստը, որ երկրամասում 1921թ, հայերը կազմում էին ամբողջ բնակչության 96 տոկոսը, իսկ 1979թ.` 75 տոկոսը:
Խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը բարձրացվել է բազմիցս, հատկապես` ետպատերազմյան տարիներին (1945թ., 1967թ., 1977թ.): Ժողովրդի ներկայացուցիչները Մոսկվային դիմում էին նամակներով և հեռագրերով, տասնյակ հազարավոր ստորագրություններով վավերացված պահանջագրերով: Սակայն` ապարդյուն: 1988 թվականը դարձավ ազգային պոռթկման նոր փուլի սկիզբը: Փետրվար 1 9 8 8 թ. – 1 9 9 2 թ. մայիս (Կամավորականության պոռթկում և զորակոչային բանակի սաղմնավորում)
1988-ին սկիզբ առած արցախահայության ազգային-ազատագրական պայքարն իր նշանակությամբ դարակազմիկ իրադարձություն էր Հայ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ: Դարակազմիկ` ողջ էությամբ հանդերձ: Կասկածից վեր է, որ անարդարության ճիրաններում հայտնված մի ազգ պոռթկաց` հանուն հալածված ճակատագրի փրկության: Ազդարարվեց բողոք բոլոր նրանց դեմ, ովքեր ճշմարտությունը քողարկեցին պատմական սխալի վարագույրի հետևում:
Արհեստականորեն երկատված ազգի արժանապատվության փրկությունը դարձավ ժամանակի անհետաձգելի խնդիր, քանզի շարունակել հապաղել, կնշանակեր արցախահայության դանդաղ մահ ոչ հեռու ապագայում:
Ամեն ինչ սկսվեց ժողովրդական ցույցերից: Ապա տեղի ունեցան հայկական ջարդեր Սումգայիթում, Բաքվում, Գյանջայում և այլուր: Փախստականների արտահոսք Ադրբեջանից: Օրըստօրե ահագնացող լարվածությունը մութ ամպեր էր խոստանում աշխարհատարածքին:
Բաքվի կողմից պահանջվող և համայնավարական Մոսկվայի որոշումներով իրականացվող հակահայկական նպատակամետ գործողությունները Լեռնային Ղարաբաղում` այն է, շրջափակման ու արյան մեջ խեղդել ազատության ճանապարհը որդեգրած մի ժողովրդի, իրենց չարդարացրին: Արցախում վերևից իջեցված սաֆոնովյան բռնապետությունն աստիճանաբար իրեն սպառեց: Նրան հաջորդած Պոլյանիչկոյի վարչակազմը, արժանանալով իր նախորդի ճակատագրին, ստիպված էր թողնել նստավայրը Ստեփանակերտում և հեռանալ Ղարաբաղի սահմաններից:
Ակնհայտ էր, որ դեպքերի զարգացումը տանում է դեպի լայնածավալ առճակատում: Ադրբեջանն ընդունում է ռազմաքաղաքական նոր կուրս, ըստ որի հայերի հետ հարաբերություններ պարզելու համար վճռական դեր պիտի խաղար ուժի գործոնը: Ուստի միասնական հրամանատարության ներքո գործող բանակի ստեղծման խնդիրը արցախցիների համար հետզհետե դառնում էր հրատապ անհրաժեշտություն:
Սկզբնական շրջանում իրադարձություններն այնպես ծավալվեցին, որ կանոնավոր, կենտրոնացված բանակ ստեղծելու գաղափարն իրացնելու իսկ ժամանակ, առավել ևս` անհրաժեշտ նյութատեխնիկական հնարավորություններ չկային: Սակայն մի բանում բոլորն էլ անվերապահորեն համոզված էին` պետք էր կազմակերպել ամուր և հստակ ինքնապաշտպանություն: Եվ ի հայտ եկան առաջին կամավորական ջոկատները, որոնց շարքերն օր-օրի ավելի էին ստվարանում: Մերձակա բնակավայրերում տեղակայված ադրբեջանական խաժամուժի ոտնձգությունները կանխելու նպատակով Արցախի մի շարք գյուղերում կազմավորվեցին ինքնապաշտպանական խմբեր: Այդ գործընթացն ավելի արագ կյանքի կոչվեց մարզկենտրոն Ստեփանակերտում: Այն սկսվել էր դեռևս 1988-ի աշնանը` Խոջալուի հայտնի իրադարձություններից հետո: Ջոկատները հիմնականում կազմավորվում էին ընկերականության հիման վրա: Յուրաքանչյուր մարտիկ ինքն էր ազատ կերպով ընտրում իր խումբը, հատկապես Ստեփանակերտում: Իսկ գյուղական վայրերում խնբերը ստեղծվում էին ըստ բնակության վայրի, աշխարհագրական հիմունքով:
Այդ օրերին ուժերի արդյունավետ կենտրոնացման նպատակով ստեղծվեց Արցախի ինքնապաշտպանության ուժերի մարզային շտաբ, որի մեջ մտան բոլոր խմբերի հրամանատարները:
Ժամանակը ծնում էր իր հերոսներին և առաջնորդներին: Օր-օրի երկրամասում հայտնի էին դառնում անուններ, որոնք իրենց շուրջն էին համախմբում ամենատարբեր մասնագիտության ու խառնվածքի տեր, բայց միևնույն նպատակի մարդկանց: Թշնամուն դիմակայելու համար աստիճանաբար ձեռք էին բերվում ժամանակի պահանջներին քիչ թե շատ համապատասխանող զինատեսակներ և բաժանվում նրանց, ովքեր պետք է իրականացնեին միացյալ շտաբի կողմից ծրագրավորված և համակարգվող առաջադրանքները: Զենքի հայթայթմանը զուգընթաց մեծանում էր նաև կարգապահության ուժեղացման անհրաժեշտությունը: Դրա արդյունքում սկիզբ առավ խմբերի միաձուլման և դասակների ու վաշտերի ստեղծման գործընթացը:
Արդեն 1991թ. վերջերին և 1992թ. սկզբներին Արցախի տարածքում կազմավորվել էին 10-ից ավելի դասակներ ու վաշտեր, որոնց մեջ ընդգրկված էր շուրջ հազար կամավորական: Սա թերևս առաջին կարևոր քայլերից մեկն էր կանոնավոր բանակի ստեղծման ճանապարհին, որն արվում էր հընթացս` ռազմական գործողություններին զուգահեռ: Իրավիճակն ինքն էր հուշում դեպքերի զարգացման հաջորդականությունը: Յուրաքանչյուր նախաձեռնություն ծնվում էր` ելնելով գործնական փորձից: Մարտադաշտը յուրովի հանճարեղությամբ ղարաբաղցուն տալիս էր կանոնավոր բանակի ստեղծման հիրավի օրինակելի դասեր:
1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂ մարզխորհրդի և Շահումյանի շրջխորհրդի միացյալ նիստը, որը և ընդունեց պատմական որոշում: Նրա առաջին կետով` ինքնավար մարզը և Շահումյանի շրջանն ընդգրկող տարածքը հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ադրբեջանի իշխանություններն այս քայլն ընդունեց սվիններով: Սեպտեմբերի 25-ին Շուշիից առաջին անգամ ՙԱլազան՚ տիպի հեռահար կայանքներից Ստեփանակերտը ենթարկվեց հրետակոծության, որը հետագայում կրեց պարբերական բնույթ: Մայրաքաղաքը շրջապատող ադրբեջանական գյուղերը վերածվեցին ռազմական խոշոր հենակետերի: Արցախում տիրող իրավիճակը գնալով ավելի էր ծանրանում: Երկրորդ աշխարհամարտի տարիների լենինգրադյան իրականությունն ասես տեղափոխվել էր քաղաքամայր Ստեփանակերտ: Չորս կողմից հրթիռահրետակոծության էր ենթարկվում քաղաքը: Մայրաքաղաքում տեղակայված խորհրդային բանակի 366-րդ գնդի զինանձնակազմի քթի տակ ավերվում էր Ստեփանակերտը: Իսկ աշխարհը լռում էր: Վերջապես, հասկանալ տվին, որ Ղարաբաղի հարցը հայ ազգի հարցն է, և միայն ու միայն նրան է վերապահված լուծելու իր խնդիրը: Ստանձնելով հայրենի երկրամասի պաշտպանության առաքելությունը արցախահայությունը դիմեց վճռական քայլերի:
1992թ. հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը ազատամարտիկների արդյունավետ գործողությունների շնորհիվ ոչնչացվեց Ստեփանակերտի Կրկժան (երբեմնի Կառկարաշենի) թաղամասում ամրացած ադրբեջանական օմոնի հենակետը: Փետրվարի 10-ին վերացվեցին Մալիբեյլուի և Ղուշչիլարի կրակակետերը: Այնուհանդերձ, դրությունը շարունակում էր մնալ չափից ավելի լարված: Պատերազմի բոցը հետզհետե ավելի էր սաստկանում:
1992թ. փետրվարի 23-ին, երբ Շուշիից հերթական անգամ հրետակոծության էր ենթարկվում Ստեփանակերտը, Ադրբեջանի ազգայնականները, առանց որևէ դիմադրության հանդիպելու, վերցրին Աղդամում տեղակայված նախկին խորհրդային բանակի օկրուգային զինապահեստը, որտեղ պահվում էր 728 վագոն հրետանային և 245 վագոն հրթիռային արկեր, 131 վագոն հրաձգային զենքի ռազմամթերք: Զինվորական փորձագետների ենթադրությամբ` այդքան զինամթերքը կհերիքեր մեկ տարվա լարված պատերազմի համար:
Ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի ողջ երկարությամբ տեղակայված հակառակորդի հրակետերից սկսեցին գործել հեռահար հրանոթները: Ռազմական ուղղաթիռներով Արցախի ադրբեջանաբնակ գյուղերում ապրող բնակչությանը պարենամթերք հասցնելու պատրվակի տակ այդտեղ էր տեղափոխվում զենք ու զինամթերք: Կարճ ժամակահատվածում Ստեփանակերտը շրջապատող Խոջալու, Ջանհասան, Ղայբալիշեն, Քյոսալար և Նաբիլար գյուղերը ադրբեջանցիների համար վերածվեցին ուժեղ ռազմականացված կրակակետերի: Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության համար Արցախն արյան մեջ խեղդելու վճիռը օրահաս պահանջ էր: Ըստ նրանց` եկել էր Ղարաբաղը հայաթափելու ամենահարմար պահը:
Խոջալուի ռազմական պլացդարմի վերացման հարցը դարձավ ժամանակի առաջնահերթ խնդիրներից մեկը: Ասկերան ավանը Ստեփանակերտի հետ կապող միջանցքի բացումը ռազմավարական մեծ նշանակություն ուներ: Մայրաքաղաքը սահմանամերձ բնակավայրերի հետ կապող հիմնական ճանապարհն անցնում էր մինչև ատամները զինված ադրբեջանաբնակ այդ գյուղով: Բացի դրանից, ադրբեջանական այդ հենակետից համարյա ամեն օր կատաղի հերտակոծության էին ենթարկվում Ստեփանակերտն ու Ասկերան շրջկենտրոնը: Զոհվում էին տասնյակ անմեղ մարդիկ, ավերվում բնակելի շենքեր, հիմնարկ-ձեռնարկությունների շինություններ: Պարտադրված պատերազմի հետքերն օր-օրի ավելի լայն ծավալներ էին ընդգրկում:
1992թ. փետրվարի 15-ին Արցախի ինքնապաշտպանական ջոկատները, դիրքավորվելով Խոջալուի արևմտյան մասի երկարությամբ, ադրբեջանական բանակային ստորաբաժանումներից պահանջեցին թողնել ռազմական հենակետը և առաջարկված միջանցքով դուրս գալ հանրապետության տարածքից դեպի Աղդամ: Այնինչ ադրբեջանական զինյալները կատարեցին լրիվությամբ հակառակը: Որպես պաշտպանական վահան, օգտագործելով գյուղում գտնվող խաղաղ բնակչությանը, նրանք վերսկեցին Ստեփանակերտի հրետակոծությունը: Դրա հետևանքով այդ օրը սպանվեց շուրջ 20 խաղաղ բնակիչ: Կատարված արկածախնդրությունը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական մեծ նպատակ էր հետապնդում: Ադրբեջանի քաղաքական ընդդիմությունը, ի դեմս ժողովրդական ճակատի, ձգտում էր ամեն կերպ սասանել Մութալիբովի վարչակարգի հիմքերը, դրա համար չխնայելով անգամ սեփական ժողովրդի կյանքը: Ամեն ինչ կատարվում էր կանխամտածված ու նպատակասլաց:
Փետրվարի 26-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերը ռազմական գործողություններ ծավալեցին միաժամանակ բոլոր ուղղություններից: Նույն օրը ազատագրվեց դեռևս 1990թ. հոկտեմբերի 17-ից ադրբեջանական օմոնականների կողմից զավթված Ստեփանակերտի օդանավակայնը: Ապա, զարգացնելով առաջխաղացումը, հայկական ջոկատները կոտրեցին հակառակորդի դիմադրությունը Խոջալու ռազմական հենակետում: Մարտական գործողությունների ընթացքում հակառակորդից առգրավվեց երեք զրահամեքենա, երկու հրթիռանետ կայանք, մեկ թնդանոթ և զինամթերքի խոշոր պաշարներ, շուրջ հարյուր միավոր մարտական զենք:
1992թ. մարտի 10-ին Մոսկվայից ստացվեց հրաման Ստեփանակերտից 366-րդ մոտոհրձգային գնդի դուրս բերման մասին: Դրանով Կրեմլն օրակարգից հանեց երբեմնի ՙմիասնական հայրենիքի՚ հարավային սահմանագծում ապրող ժողովրդի պաշտպանության հարցը: Ամեն ինչ թողնվեց բախտի քմահաճույքին: Միակ հավատը սեփական ուժն էր, սեփական ճակատագրին տնօրինելու դժվարին, բայց և բաղձալի դավանանքը: Ղեկավարվելով ՙԼՂՀ Նախարարների խորհրդի մասին՚ ԼՂՀ օրենքի 24-րդ հոդվածով և ելնելով հանրապետության տարածքում ստեղծված ռազմական բարդ իրադրությունից, նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման նպատակով անհետաձգելի միջոցառումների մշակման և իրագործման համար, մինչեւ ԼՂՀ պաշտպանության նախարարության կազմավորումը, ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր 1992թ. մարտի 26-ին ստեղծվեց Պաշտպանության կոմիտե: Այն իր ողջ գործունեությունը պետք է կազմակերպեր ԼՂՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂՀ Նախարարների խորհրդի որոշումների ու կարգադրությունների հիման վրա:
Ռազմական գործում կառավարման պետական համակարգի ձեւավորումը բնականաբար խիստ դրական եւ արդյունավետ անդրադարձավ ԼՂՀ Պաշտպանության բանակի ձեւավորման եւ նրա զարգացման հետագա ընթացքի վրա: Մինչ այդ տարանջատ ֆիդայական-կամավորական ջոկատների գործունեության կենտրոնացումը ծավալվող պատերազմի ընթացքում դարձավ հաջողության երաշխիքներից մեկը:
ԼՂՀ Պաշտպանության կոմիտեի (հետագայում` ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտե) նախաձեռնությամբ եւ անմիջական ղեկավարությամբ, իրադրությանը համապատասխան, կյանքի կոչվեցին մի շարք հույժ կարեւոր եւ հրատապ միջոցառումներ: Կարճ ժամանակահատվածում կարգավորվեց ինքնապաշտպանական ջոկատների միավորման, նրանց նյութատեխնիկական բազայի համալրման, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վերաբաշխման գործընթացը:
Խոջալուի ռազմական հենակետի վերացմամբ Ստեփանակերտի վրա տեղացող հրետանային ՙկարկուտը՚ այնուամենայնիվ, չմեղմացավ: Ջանհասան գյուղից մինչև Քիրս ձգվող բոլոր ադրբեջանական գյուղերը շարունակում էին համալրվել թարմ ուժերով: Անմատչելի բերդաքաղաք Շուշին հակառակորդը վեր էր ածել ամենատարբեր զինատեսակներով հագեցված հզոր մի ամրոցի: Օրվա ընթացքում մի քանի անգամ այդտեղից հարյուրավոր արկեր էին թափվում ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ շրջակա մյուս բնակավայրերի վրա: Գործում էին համարյա բոլոր տեսակի հեռահար զենքերը:
1992թ. մայիսի 7-ին ադրբեջանական հետեւակն ու զրահատեխնիկան, ինչպես նաեւ ՄԻ-24 մարտական երեք ուղղաթիռներ ուժեղ գրոհ ձեռնարկեցին Ստեփանակերտի հարավ -արեւմտյան հատվածի պաշտպանական դիրքերի վրա: Միաժամանակ, նույն օրվա ընթացքում Շուշիի եւ Ջանհասանի բարձունքներից մայրաքաղաքի վրա արձակվեցին ՙԳրադ՚ կայանքի մոտ 200 հրթիռ եւ մի քանի տասնյակ այլ տիպի արկեր: Զոհվեց երկու բնակիչ, իսկ չորս մարդ վիրավորվեց: Հրթիռակոծության հետեւանքով հրդեհ բռնկվեց երկաթուղային կայարանում եւ քաղաքի մի շարք բնակելի շենքերում:
ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը հարկադրված էր դիմել վճռական գործողությունների: Հայ ազատամարտիկները Ստեփանակերտի հարավ-արեւմտյան մատույցներում հաջողությամբ չեզոքացնելով հակառակորդի առաջխաղացումը, մայիսի 8-ի առավոտյան անցան հակահարձակման: ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի շտաբի հմուտ ղեկավարման, բոլոր աստիճանի հրամանատարների հստակ փոխգործակցության շնորհիվ ղարաբաղյան զորամիավորումներն առավոտյան ժամը 10-ին կոտրեցին հակառակորդի դիմադրությունը Ջանհասանի եւ Քյոսալարի բարձունքներում` թշնամուց առգրավելով մեկ ՙԳրադ՚ կայանք, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Շարքից հանվեց ադրբեջանական մի քանի միավոր զրահատեխնիկա: Նույն ժամանակ մարտական գործողություններ էին ընթանում նաեւ Շոշ գյուղի եւ Քիրս լեռան ուղղություններում` նպատակ ունենալով վերահսկողության տակ առնել Լաչինից Շուշի տանող մայրուղին:
Շուշիի մերձակա կրակակետերը ոչնչացնելուց հետո ահեղ մարտեր ծավալվեցին բուն քաղաք-ամրոցի համար: Հակառակորդն սկսեց ավելի կատաղի գործել քաղաքի շուկայի եւ բանտի հենակետերից: Միայն բանտի մերձակայքում ադրբեջանցիները տեղադրել էին երեք ՙԳրադ՚ կայանք եւ վերածել ամուր բերդի: Սակայն թե’ ամրակուռ պաշտպանական կառույցների առկայությունը, թե’ Շուշիի զուտ աշխարհագրական առումով դժվարամատչելի տեղանքն անզոր եղան արգելք հանդիսանալ հայ ազատամարտիկների առաջխաղացմանը:
Մայիսի 8-ի կեսօրվա դրությամբ Շուշիի պաշտպանությունը ճեղքվեց հյուսիսից եւ արեւելքից: Ստեփանակերտի եւ Շոշ գյուղի ուղղություններից քաղաք մտած ազատամարտիկները կռիվներ էին մղում շուկայի շրջակայքում` քաղաքի կենտրոնական թաղամասերում: Ոչ պակաս դաժան մարտեր էին ընթանում նաեւ Շուշիի արեւելյան թաղամասում` բանտի մոտակայքում: Երեկոյան ժամը 18-ին հայ մարտիկները վերջնականապես տիրացան քաղաքի կենտրոնին` ադրբեջանական զինյալների հսկողության տակ թողնելով միայն նրա հարավային հատվածը:
Քիրս լեռան ուղղությամբ գործող Ինքնապաշտպանության ուժերի ջոկատներն իրենց հերթին արդյունավետ գործողությունների շնորհիվ կարողացան գրավել Լիսագոր գյուղի մոտակայքում գտնվող կարեւորագույն բարձունքներից մեկը եւ վերահսկողության տակ առնել Շուշի-Լաչին մայրուղին: Այս հանգամանքը ադրբեջանցիների շարքերում խուճապի տեղիք տվեց: Ադրբեջանական բանակի արդեն բարոյալքված զինվորները, ինչպես եւ սպասվում էր, դարձան անկառավարելի եւ, տարանջատվելով, սկսեցին անկազմակերպ նահանջել:
Ստեղծված իրավիճակում ադրբեջանական բանակի հրամանատարությունը ձեռնամուխ եղավ հակամարտության գոտու ողջ երկայնքով մի շարք լայնածավալ ռազմական գործողությունների` նպատակ ունենալով հնարավորության սահմանում ղարաբաղյան ուժերի ուշադրությունը շեղել Շուշի-Լաչին ռազմաճակատային հատվածում: Մայիսի 8-ին, ժամը 15.00-ի դրությամբ, ադրբեջանական ուղղաթիռները, ներխուժելով հանրապետության օդային տարածք, գնդակոծության ենթարկեցին Մարտունու շրջանի Ավդուռ, Մյուրիշեն, Նորշեն եւ Ասկերանի շրջանի Շոշ եւ Քռասնի գյուղերը: Միաժամանակ Նորշեն գյուղից դեպի Աղդամի շրջանի Գյուլափլի բնակավայրն ընկած տարածքում հայ ազատամարտիկները անհավասար մարտի մեջ մտնելով զրահատեխնիկայով զինված ադրբեջանական կազմավորումների հետ, հակառակորդին ստիպեցին ձեռնպահ մնալ հետագա հարձակողական գործողությունները զարգացնելու մտադրությունից եւ նահանջել ելման դիրքեր` մարտադաշտում թողնելով 9 սպանված եւ 1 միավոր զրահատեխնիկա:
Նույն օրը ժամը 18.00-ին Հադրութի շրջանի Տող գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված կազմավորումների կողմից կատարված ճեղքման բոլոր փորձերը նույնպես ավարտվեցին անարդյունք: Արցախ տանող երկաթե դարպասների անառիկությունն այդ օրերին փաստվեց: Յուրաքանչյուր քայլ կատարվում էր լրիվ մշակված ու կանխամտածված ձեւով:
Մայիսի 8-ի ուշ երեկոյան Շուշիի երկնակամարն աստիճանաբար խաղաղվեց: Միայն երկար ընդհատումներով քաղաքի տարբեր ծայրերից լսելի էին ավտոմատային կրակահերթեր: Հայոց Արցախ աշխարհի հինավուրց մայր քաղաքը, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանցիների կողմից հանիրավի թմբկահարվում էր որպես ՙմուսուլմանական գահանիստ՚, վերջապես գտավ իր իսկական տիրոջը: Մայիսի 9-ին Շուշին լրիվությամբ ազատագրված էր: Հայ մարտիկի զենքի փառքը վերստին փայլատակեց իրեն առաձնահատուկ փառահեղությամբ: Իր 273-ամյա պատմության ընթացքում, Շուշիի բերդ-ամրոցը, որը միշտ էլ հայտնի է եղել իր անառիկությամբ, առաջին անգամ անձնատուր եղավ հանուն պատմական արդարության, հանուն տիրոջ սիրո: Երկու օր տեւած մարտական այդ փայլուն ռազմագործողության ընթացքում ակնհայտ դարձավ հայրենիքին ծառայելու կոչված մարդկային արժանապատվության անվիճելի իրողությունը, որը ցայտուն կերպով դրսեւորվեց Ինքնապաշտպանության ուժերի 1-ին, 4-րդ, 6-րդ, Ակնաղբյուրի, Բալուջայի վաշտերի, հետախույզների եւ մյուս ստորաբաժանումների սխրագործություններում:
Վերացնելով հանարապետության տարածքում տեղակայված թշնամական կրակակետերերը եւ ազատագրելով Շուշի քաղաքը, ղարաբաղյան ուժերի առջեւ խնդիր դրվեց կարճ ժամանակահատվածում իրականացնել ինչպես օպերատիվ-ռազմավարական նշանակության խնդիրներ, այնպես էլ կենսական ամենահույժ կարեւորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման մարտական առաջադրանքը, որը հնարավորություն կտար ճեղքել Արցախը շրջափակող օղակը եւ ապահովել երկրամասի նորմալ կենսագործունեությունը:
Մայիսի առաջին կեսերին Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումներին հաջողվեց ադրբեջանցիներին դուրս մղել Իսաբուլաղ, Զարիսլու, Լիսագոր ռազմական հենակետերի վերածված գյուղերից: Ապա, զարգացնելով առաջխաղացումը մայիսի 17-ին` ադրբեջանական օմոնի կողմից Բերդաձորի ենթաշրջանի բնակավայրերը հայաթափելուց ուղիղ մեկ տարի անց, ազատագրեցին Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծ շեն, Հին շեն եւ Եղծահող գյուղերը, դրանով իսկ լիակատար եւ վերջնական հսկողություն հաստատելով ամբողջ Շուշիի շրջանի վրա: Մայիսի 18-ին Արցախի ինքնապաշտպանները մտան Քաշաթաղ-Լաչին, ապա դուրս եկան Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Շուրջ երեք տարի պահանջվեց շրջափակման մահաբեր օղակը զենքի ուժով պատռելու համար: Խորհրդային իշխանության օրոք արհեստականորեն տարանջատված Լեռնային Ղարաբաղը, նորաբաց միջանցքով վերստին միաձուլվելով Հայաստանի հետ, դարձավ մայր ամբողջության բաղկացուցիչ մաս: Տասն օրում կատարված ռազմական հաղթարշավը դարձավ պատմական իրադարձություն, իմաստավորելով հանուն հայրենյաց նահատակված զինվորների անձնազոհությունը: Հանձինս արցախահայության անօրինակ անձնվիրության, ողջ հայ ժողովրդի մեջ վերստին վերընձյուղվեց զենքի ուժի հանդեպ կորսված հավատը, հաղթահարվեց դարեր ի վեր ստվերի պես նրան հետապնդող դատապարտվածության ուրվականը:
1992 թ. հունիս – դեկտեմբեր (Պաշտպանական մարտեր)

Շուշի-Լաչին ռազմագործողությանը հաջորդեց հակամարտության գոտում լարվածության համեմատական անկում: Միեւնույն ժամանակ դրան զուգահեռ նկատվում էին ադրբեջանական զորքերի մեծ տեղաշարժեր: Ինչպես հետագայում պարզվեց, այդ ամենը ոչ այլ ինչ էին, քան լայնածավալ, ռազմական գործողությունների նախապատրաստություն:
1992թ. հունիսի 12-ի ժամը 17-ի մոտերքին ռազմաճակատի հյուսիս-արեւելյան, արեւելյան եւ հարավ- արեւելյան ուղղություններով ադրբեջանական զորամիավորումներն անցան լայնածավալ հարձակման: Շուրջ 120 կմ երկարությամբ ճակատային գիծ նետվեց Ադրբեջանի համարյա ողջ ռազմական ներուժը: Միեւնույն ժամանակ հակառակորդը ռազմական գործողությունների մեջ ներքաշեց նաեւ Գյանջա քաղաքում տեղաբաշխված նախկին խորհրդային 4-րդ բանակի ուժերը: Մոտավոր հաշվումներով ադրբեջանական կողմից հարձակմանը մասնակցում էին 150 միավոր զրահատեխնիկա, մի քանի հազար հետեւազոր: Գլխավոր հարվածներն ուղղելով դեպի Ասկերանի, Կիչան-Քոլատակի եւ Շահումյանի շրջանի հյուսիս-արեւելյան հատվածները, Ադրբեջանի ռազմական հրամանատարությունը վճռել էր զրահատեխնիկայի, ՙգրադ՚ կայանքների, հրետանու եւ ռազմական օդուժի հուժկու հարվածներով կոտրել տակավին կազմավորման գործընթաց ապրող ղարաբաղյան զինուժի դիմադրությունը եւ մարտադաշտում նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը:
Ձեռնարկված հանկարծակի հարձակման հետեւանքով Արցախում ստեղծվեց ծանր կացություն: Շահումյանի շրջանի մեծ մասը, այդ թվում` Ղարաչինար, Հայ Բորիս, Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ գյուղերը հակառակորդը գրավեց:
Իրավիճակը չափից ավելի ծանր էր հատկապես Ասկերանի ուղղությունում: Զավթելով Նախիջեւանիկ, Փրջամալ եւ Աղբուլաղ գյուղերը, թշնամին հասավ ընդհուպ Ասկերան շրջկենտրոնի մատույցներին: Նույն դրությունն էր տիրում նաեւ Կիչան-Նարեշտար -Սրխավենդ ճակատային հատվածում: Ռազմավարական կարեւոր նշանակության ճանապարհը, որը Մարտակերտը կապում էր մայրաքաղաքի հետ, հայտնվել էր փակման վտանգի առաջ: Իսկ դա նշանակում էր Մարտակերտի շրջանի եւ Շահումյանի շրջանի դեռ չզավթված տարածքների մեկուսացում ինքնապաշտպանության հիմնական ուժերից:
Հունիսի երկրոդր կեսին մարտերը շարունակվեցին Մարտակերտի շրջանի հյուսիս-արեւելյան հատվածում: Ադրբեջանական զինյալները, ունենալով տեխնիկայի եւ կենդանի ուժի զգալի առավելություն, հիմնահատակ ավերեցին Շահումյանի ողջ շրջանը, ապա Մարտակերտի շրջանի դաշտային մասը` իր խոշոր բնակավայրերով: Մարտակերտ քաղաքը հայտնվեց հրետակոծության կիզակետում: Հյուիսիային Արցախում Ադրբեջանի ազգային բանակի աննախադեպ լայնածավալ հարձակման հետեւանքով բռնագաղթի ճանապարհը բռնեցին հանրապետության ավելի քան 40 հազար բնակիչներ, ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ բնակավայրեր:
Ելնելով ստեղծված ծանր վիճակից, հունիսի 18-ին ԼՂՀ տարածքում մտցվեց արտակարգ դրություն: ԼՂՀ-ի պետական անվտանգության եւ պաշտպանության ապահովման նպատակով, ի կատարումն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության եւ Նախարարների խորհրդի 1992 թ. հունիսի 18-ի որոշման, ԼՂՀ Նախարարների խորհուրդը որոշեց հունիսի 20-ի ժամը 8.00-ից հանրապետության ամբողջ տարածքում անցկացնել մասնակի զորահավաք: Զորակոչման ենթակա էին 18-ից մինչև 40 տարեկան զինապարտ սերժանտները, զինվորներն ու զինակոչիկները, մինչև 50 տարեկան սպաները, հատուկ պատրաստություն ունեցող 19-ից մինչեւ 30 տարեկան կանայք:
Արցախի ապագան լուրջ վտանգի տակ էր: Հակառակորդն օրեցօր ռազմաճակատի գիծը նոր ծավալների էր հասցնում: Ցամաքային եւ օդային ուժերի ներդաշնակ գրոհներով հունիսի վերջերին նա կոտրեց մեր զորքերի դիմադրությունը եւ գրավեց Մարտակերտի շրջանի հյուիսիային տարածքները:

Մարտական գործողություններ էին ընթանում նաեւ Ասկերանի, Մարտունու եւ Հադրութի ուղղություններում:
Հուլիսի 4-ին, Ադրբեջանի բանակային կազմավորումները երեք ուղղություններով` Լինինավանի, Կարմիրավանի եւ Փափռավենդի կողմից ձեռնարկեցին լայնածավալ հարձակում Մարտակերտ քաղաքի վրա: Հարձակմանը մասնակցում էին հազարավոր հետեւակայիններ, շուրջ 70 միավոր հրասայլ եւ այլ զրահատեխնիկա: Հակառակորդի բազմակի գերազանցող ուժերի դեմ անհավասար եւ կատաղի մարտերից հետո հայկական ինքնապաշտպանության ջոկատները ստիպված էին թողնել Մարտակերտ շրջկենտրոնը եւ նահանջել դեպի Ներքին Հոռաթաղ գյուղի առավել հարմար դիրքերը: Մարտական գործողությունների ողջ ընթացքում Մարտակերտը ռմբակոծում էր ադրբեջանական օդուժը:
Նույն օրվա գիշերը ադրբեջանական զորամիավորումները, Քելբաջարի շրջանից ներխուժելով Մարտակերտի շրջանի իր մեծությամբ երկրորդ բնակավայրը` Հաթերք գյուղ, հրկիզեցին այն: Արդեն հուլիսի 10-ի դրությամբ ռազմաճակատի գիծն անցնում էր Դրմբոն-Գյուլաթաղ հատվածով:
Ռազմական գործողությունների ընդլայնմանը զուգահեռ եւ ծանր իրավիճակի պարտադրանքով կյանքն առաջ էր քաշում պետական կառավարման համակարգի, այդ թվում եւ առաջին հերթին պաշտպանության վերակառուցմանը եւ կատարելագործմանն ուղղված մի շարք հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրներ: Այդ առումով ձեռնարկված միջոցներից, անշուշտ, ամենագլխավորը ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության օգոստոսի 15-ի որոշմամբ Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումն էր: Պետական կառավարման նոր կառույցի ստեղծումը, որպես առաջնահերթ խնդիր, նպատակ էր հետապնդում կենտրոնացնել հանրապետության հիմնարկ-ձեռնարկությունների եւ կազմակերպությունների ղեկավարումը, առկա հասարակական-քաղաքական, մարդկային ու նյութական ողջ ներուժը ենթարկել պատերազմական կացությանը եւ այդպիսով առավելագույն հնարավորություններ ապահովել երկրի պաշտպանությունն իրականացնելու համար: ՊՊԿ-ին հանձնվեցին Նախարարների խորհրդի բոլոր գործառույթները, ինչպես նաեւ Գերագույն խորհրդի լիազորությունների մի զգալի մասը, վերջինիս թողնելով միայն օրենսդրական դաշտի ձեւավորման իրավունքը:
Սեղմ ժամկետում կատարվեց զինված ուժերի կառուցվածքային վերակազմավորում: ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի ՙՊաշտպանական շրջանների եւ շրջանային ուժերի ու միջոցների լրակազմի հաստիքա-կազմակերպական կառուցվածքի կազմակերպման մասին՚ թիվ 002 հրամանի համաձայն հանրապետության տարածքում ստեղծվեց վեց պաշտպանական շրջան, որոնք պետք է ունենային ժամանակակից կանոնավոր զինված ուժերին հատուկ սխեմատիկ կառուցվածք: Ըստ հրամանի` ձեւավորվում են գումարտակներ (դիվիզիոններ), վաշտեր (մարտկոցներ), դասակներ եւ ջոկեր: Կառուցվածքային նման վերակազմավորումը հնարավորություն է տալիս օպերատիվ եւ նպատակասլաց կատարել վերեւից ներքեւ տրված յուրաքանչյուր հրաման, ինչպես նաեւ նպաստում է զինվորական կարգապահության աճին: Մարտական ստորաբաժանումների առկայության պայմաններում ռազմագործողությունների մշակված ծրագրերը իրագործում են միասնական հրամանատարության ներքո, որը տվյալ փուլում հաջողության հասնելու թերեւս գլխավոր երաշխիքներից մեկն էր դիտվում:
Մինչ հանրապետությունում տեղի էին ունենում պաշտպանական կարեւոր նշանակության կառուցվածքային փոփոխություններ, ռազմաճակատի տարբեր հատվածներում շարունակվում էին ընթանալ թեժ մարտեր:
Ամառվա վերջերին հակամարտության գոտու ամենալարված հատվածը շարունակում էր մնալ Մարտակերտի ուղղությունը: Օգոստոսի երկրորդ կեսին թշնամին շոշափելի հաջողության հասավ Վաղուհաս գյուղի ուղղությամբ: Հյուսիս-արեւմտյան ռազմաճակատում ղարաբաղյան ուժերի նահանջը հակառակորդին ակտիվ գործելու հնարավորություն տվեց Մարտակերտի շրջանի Դրմբոն-Գյուլաթաղ մարտագծում: Օգոստոսի 26-ին մեծաթիվ կորուստների գնով թշնամուն հաջողվեց տիրանալ Մարտակերտ-Քելբաջար ռազմավարական կարեւոր նշանակության ավտոմայրուղուն, իսկ սեպտեմբերի լույս 2-ի գիշերը ուժեղ հրթիռահրետակոծությունից հետո գրոհեց Կոճողոտ եւ Պողոսագոմեր գյուղերի վրա: Մարտակերտի ուղղությամբ գործող ղարաբաղյան փոքրաթիվ ուժերի վիճակը նախանձելի չէր: Սեպտեմբերի 26-ին ընկավ Չլդրանը: Ռազմաճակատի գիծը հասավ ընդհուպ Վանք-Առաջաձոր-Ղազանչի բնագծին:
ԼՂՀ ՊԲ հրամանատարությունը Մարտակերտի ուղղությամբ գործող իր զորքերի պաշտպանությունը կայունացնելու նպատակով ձեռնարկեց մի շարք օպերատիվ միջոցառումներ: Ռազմաճակատի հյուսիսային հատված տեղափոխվեցին կենտրոնական պաշտպանական շրջանի երկրորդ եւ երրորդ գումարտակների ուժերը, որոնց առաջ խնդիր դրվեց աջակցել Առաջաձորի եւ Վաղուհասի ուղղություններում գործող 5-րդ պաշտպանական շրջանի ուժերին:
Միաժամանակ ուժերի վերատեղաբաշխում կատարվեց նաեւ Լաչինի միջանցքի ուղղությամբ, որտեղ Արեւելյան զորախմբի ստորաբաժանումները ծանր մարտեր մղելով, հակառակորդի գերակշիռ ուժերի հարվածներից ստիպված ետ էին քաշվում դեպի ՙկյանքի ճանապարհ՚: Հոկտեմբերի կեսերին Լաչինի մարդասիրական միջանցքը դարձավ պատերազմական գործողությունների հիմնական թատերաբեմը: Թշնամին հյուսիսից եւ հարավից արկերի տարափ էր տեղում ՙկյնաքի ճանապարհի՚ վրա: Հակառակորդի համար գլխավոր կրակակետ էր դարձել Խծաբերդ գյուղին մերձակա Թոփաղուճ լեռը: Հոկտեմբերի 12-ին ղարաբաղյան ուժերին հաջողվեց ադրբեջանցիներին դուրս մղել այդ բարձունքից: Երկու օր հետո` հոկտեմբերի 14-ին, մարտական գործողություններ սկսվեցին միջանցքի հյուսիսում` Ղոչազ լեռան ուղղությամբ: Ինքնապաշտպանության ուժերի հաջող մարտավարության շնորհիվ հակառակորդը նահանջեց, թողնելով իր դիրքերը ոչ միայն Ղոչազի, այլեւ Սարի բաբա լեռան եւ հարակից տարածքներում: ՙԿյանքի ճանապարհի՚ անվտանգությունն ապահովեց : Հակառակորդը, չկարողանալով ռազմաճակատում հասնել էական հաջողության, ստիպված ռմբահարում էր հանրապետության խաղաղ բնակավայրերը, այդ թվում նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Մի քանի օր շարունակ հրթիռահրետակոծության ենթարկելով Մարտունու շրջանի պաշտպանական դիրքերը, հոկտեմբերի 29-ի կեսօրից հետո հակառակորդը լայնածավալ գրոհ ձեռնարկեց Ավդալ-Գյուլափլուի ուղղությամբ: Սակայն, մարտադաշտում թողնելով հետեւակի 2 մարտական մեքենա եւ տասնյակ դիակներ, թշնամին ետ նահանջեց: Նույն բեմագիրը կրկնվեց մեկ օր հետո` այս անգամ արդեն Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ:
Նոյեմբերի առաջին կեսին մարտական գործողություններն ահագնացան նաեւ Մարտակերտի ռազմաճակատում: Այս անգամ արդեն որպես ռազմագործողության նախաձեռնող հանդես եկավ ղարաբաղյան կողմը: Նոյեմբերի 10-ին հայկական ուժերը, գրոհներ ձեռնարկելով ռազմաճակատի հյուսիս-արեւմտյան հատվածում, կարողացան շեշտակի հարվածով ազատագրել Վաղուհաս, Հարությունագոմեր եւ Կոճողոտ գյուղերը, ընդհուպ մոտենալ Չլդրանի արեւմտյան մատույցներին: Ամրանալով ազատագրված բնակավայրերն իշխող բարձունքներին, ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերը փաստորեն հսկողության տակ առան Թարթառ-Մարտակերտ-Քելբաջար մայրուղին:
Նոյեմբերի 13-ին հակառակորդին, մեծ կորուստների գնով, հաջողվեց կանգնեցնել մեր զորքերի առաջխաղացումը: Թիկունքից ռազմաճակատ նետելով մեծաթիվ կենդանի ուժ ու զինտեխնիկա, ադրբեջանական հրամանատարությունը փորձեց վերստին տիրանալ ձեռքից բաց թողնված նախաձեռնությանը եւ Մարտակերտի շրջանի ռազմաճակատային գոտու ողջ երկարությամբ ձեռնարկեց հերթական լայնածավալ հակահարձակողական գործողությունները: Նոյեմբերի 17-ին հարվածի հիմնական ուղղությունը Վաղուհասի ճակատն էր: Ինչպես միշտ, այս անգամ եւս ադրբեջանական կողմը, անտեսելով մարդկային ուժի եւ զինտեխնիկայի հարաճուն կորուստները, ամեն կերպ ջանում էր ճեղքել հայկական ուժերի պաշտպանական գիծը: Սակայն այս բոլոր փորձերն անցան ապարդյուն:
Ըստ Բաքվի աղբյուրների, 1992թ. ութ ամիսների ընթացքում Ղարաբաղի ճակատում իրենց մահկանացուն կնքեցին մոտ 5 հազար ադրբեջանական ասկյարներ, վիրավորվեց ավելի քան 18 հազար մարդ, որոնցից շուրջ 2000-ը բուժվեց Աղդամի թիվ 1 զինվորական հոսպիտալում: Հոսպիտալի պետի տեղեկատվության համաձայն, վիրավորների 80 տոկոսը ստացել էր վերջույթների վնասվածքներ: Այդ ընթացքում ընդհանուր առմամբ Ադրբեջանի զինված ուժերից դասալիք էր դարձել շուրջ 20 հազար մարդ:
ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի տրամադրության տակ եղած տվյալների համաձայն, քննարկվող ժամանակահատվածում Ադրբեջանի ազգային բանակը Ղարաբաղի դեմ պատերազմում կորցրեց 115 հրասայլ, Արցախի երկնքում խփվեց թշնամական մեկ տասնյակից ավելի ինքնաթիռ եւ ուղղաթիռ:
1992 թվականի վերջին ռազմաճակատի ամբողջ երկարությամբ նկատվեց մարտական գործողությունների ակտիվության անկում: Ակնհայտ դարձավ, որ ԼՂՀ ԻՈՒ հրամանատարության կողմից կազմակերպված պաշտպանությունը, հատկապես մարտագծի հյուսիսային հատվածում, ադրբեջանական զինուժին կանգնեցրել էր դժվարին կացության առաջ: Փաստորեն Կիչան-Վաղուհաս պաշտպանական բնագծում մեր զորքերի ցուցաբերած մարտական բարձր որակների շնորհիվ ադրբեջանա – ղարաբաղյան զինված հակամարտությունը թեւակոխեց շրջադարձային փուլ: Այդ պայմաններում ԼՂՀ ԻՈՒ զորամիավորումները պաշտպանական մարտերը համարելով անցած շրջան, ամենայն լրջությամբ ձեռնամուխ եղան անվտանգության երաշխիքների ապահովմանը` այն է` ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու ստեղծման չափազանց դժվարին, սակայն, ռազմավարական առումով անհրաժեշտ գործընթացին:

1993 թ. հունվար – դեկտեմբեր (Հարձակողական մարտեր)

1992թ. վերջերին եւ 1993թ. սկզբներին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու ողջ երկարությամբ տիրում էր հարաբերական անդորր: Դա գլխավորապես պայմանավորված էր նրանով, որ կողմերից յուրաքանչյուրն զբաղված էր հետագա ռազմագործողությունների իրականացման համար նոր ծրագրերի մշակման ու միաժամանակ ուժերի վերախմբավորման եւ համալրման խնդիրներով:
Դեռեւս 1992թ. վերջերին Ադրբեջանը ծրագրել էր 1993 թ. 200 միլիարդի հասնող պետական բյուջեից ռազմական կարիքների համար հատկացնել 80 մլրդ ռուբլի: Թերեւս դա ադրբեջանական ղեկավարության որդեգրած քաղաքականության այն բացահայտ քայլն էր, որը պետք է առաջիկայում արդարացներ որոշ ակնկալիքներ` կապված ռազմաճակատում հօգուտ իրեն տեղի ունենալիք դրական տեղաշարժերի հետ: Անտեսելով խաղաղ գոյակցության հնարավորությունները, Բաքուն այս անգամ էլ իր հաշվարկները կառուցեց ռազմական ներուժի ընդլայնման վրա:
1993թ. հունվարի սկզբներին ադրբեջանական բանակի հեռահար հրետանին վերսկսեց ԼՂՀ մի շարք բնակավայրերի հրետակոծումը Աշխուժացավ նաեւ հետեւակը: Հունվարի 13-14-ը Ադրբեջանը գործողության մեջ դրեց իր ռազմական տեխնիկայի գրեթե ամբողջ զինանոցը` գրոհային ինքնաթիռներ, ծանր հրասայլեր, հետեւակի մարտական մեքենաներ: Ռմբակոծվեց Ասկերանի շրջանի Սարդարաշեն եւ Մեհտիշեն գյուղերի տարածքը: Հրթիռահրետակոծության ենթարկվեցին Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի եւ Հադրութի մի շարք բնակավայրեր: Հունվարի 13-ին Մարտունու շրջանի Ճարտար գյուղի ուղղությամբ` Ուրյան լեռան մերձակայքում ծավալված թեժ մարտերից հետո հակառակորդի գրոհը կասեցվեց:
Երկու օր հետո ադրբեջանական զորամասերը հարձակման անցան հյուսիային ռազմաճակատում` Չլդրան – Սրխավենդ ռազմագոտու ուղղությամբ: Կատաղի մարտեր ծավալվեցին նաեւ Լաչինի մարդասիրական միջանցքի հարավային մատույցների շրջանում: Սակայն, ինչպես այստեղ, այնպես էլ մյուս ճակատներում Ադրբեջանի զինված ուժերին չհաջողվեց շոշափելի հարված հասցնել ղարաբաղյան դիրքերին:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու ողջ երկարությամբ ընթացող ռազմագործողությունները մտան նոր փուլ: ԼՂՀ ԻՈՒ հրամանատարության կողմից մշակված օպերատիվ պլանի համաձայն հայկական զորամասերն անսպասելի հակագրոհներով թշնամուն հասցրին կարճատեւ, բայց եւ ուժգին հարվածներ, կասեցրին մի քանի անգամ գերազանցող ուժերի ճնշումը, եւ դրանով իսկ ոչ միայն զգալիորեն ամրապնդեցին իրենց գրաված դիրքերը, այլեւ լավագույն նախադրյալներ ստեղծեցին հետագա մարտական գործողությունների հաջող ելքի համար:
1993թ. փետրվարի սկզբներին մարտական թեժ գործողություններ ծավալվեցին հյուսիային ռազմաճակատում: Մարտակերտի շրջանի բռնազավթված տարածքներն ազատագրելու նպատակով, ըստ ԼՂՀ ԻՈՒ հրամանատարության օպերատիվ պլանի, հարձակումը պետք է իրականացվեր Վաղուհաս-Զագլիկ-Թալիշ, Չլդրան-Դրմբոն-Կուսապատ – Մարտակերտ եւ Սրխավենդ – Բաշ Գյունափայա – Մանիքլու – Ջանյաթաղ-Գյուլաթաղ-Մարտակերտ ուղղություններով: Այս ռազմագործողությունն իրականացնելու խնդիրը հանձնարարվեց Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումներին, 54-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի զինուժին եւ Հայաստանի տարբեր շրջաններից կազմված կամավորական ջոկատներին:
Հարձակումը սկսվեց փետրվարի 5-ին: Մի քանի օրվա ընթացքում կոտրելով թշնամու դիմադրությունը, ղարաբաղյան ուժերն ազատագրեցին Կիչան, Չլդրան գյուղերը եւ դուրս եկան Մարտակերտ-Քելբաջար մայրուղու Դրմբոն հատվածը:
Սրխավենդ – Բաշ եւ Օրթա Գյունեփայա – Մանիքլու – Ջանյաթաղ ուղղությամբ գործող 3-րդ եւ 4-րդ պաշտպանական շրջանների զինուժի մի մասը եւ 54-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի ստորաբաժանումները, համագործակցելով իրենց ձախ թեւում գործող Կենտրոնական պաշտպանական շրջանի զորամասերի հետ, փետրվարի 6-ին մտան Սրխավենդ գյուղ եւ, կրնկակոխ հետապնդելով խուճապի մեջ հայտնված հակառակորդի զինուժին, գրավեցին Բաշ Գյունափայա բնակավայրը:
Փետրվարի երկրորդ կեսին ղարաբաղյան ուժերին հաջողվեց ազատագրել Դրմբոն, Վաղուհաս, Չափար, Զարդախաչ, Հաթերք գյուղերը եւ լրիվությամբ վերահսկողության տակ առնել Մարտակերտ-Քելբաջար մայրուղին: Ահեղ մարտեր սկսվեցին Սարսանգի հիդրոհանգույցի ազատագրման համար: Ադրբեջանական հրամանատարությունը, գիտակցելով, որ հիդրոհանգույցի հանձնումը ինչպես ռազմական, այնպես էլ բարոյահոգեբանական առումով խիստ բացասական հետեւանքներ կարող է ունենալ բանակի անձնակազմի վրա, պաշտպանությունն ամրապնդելու նպատակով այդտեղ կենտրոնացրեց իր զինուժի ճնշող մասը: Կատարվեց զինտեխնիկայի նոր համալրում: Նահանջի ճանապարհին ադրբեջանական ստորաբաժանումները պայթեցրին դեպի հիդրոհանգույց տանող բոլոր ճանապարհները, որպեսզի կանխարգելեն ԼՂՀ ԻՈՒ զինտեխնիկայի առաջխաղացումը:
ԼՂՀ ԻՈՒ հրամանատարությունը, կազմակերպելով միաժամանակյա համաձայնեցված հարձակում, ճակատից եւ թիկունքից հանկարծակիի բերեց ադրբեջանցիներին, նրանց շարքերում տեղիք տալով իրարանցման ու խուճապի: Նահանջն անխուսափելի էր:
Հիդրոհանգույցի պաշտպանությունը ճեղքվեց: Այդ օրը ղարաբաղյան ուժերը մարտերով վերցրին Սարսանգի ջրամբարը եւ, զարգացնելով առաջխաղացումը, հաջորդ մի քանի օրվա ընթացքում ռազմաճակատի հյուսիսային հատվածում գրավեցին բավական նպաստավոր դիրքեր: Մինչեւ մարտ ամսվա վերջերը ազատագրվեցին Մեծ շեն, Մաղավուզ, Մոխրաթաղ, Հակոբ Կամարի եւ այլ բնակավայրեր: Այդ նույն ժամանակ իրավիճակը կտրուկ սրվեց հյուսիս-արեւմտյան ռազմաճակատում: Ադրբեջանի ռազմական վերնախավը հյուսիս-արեւելյան մարտագծում ԼՂՀ ԻՈՒ զորամասերի ուշադրությունը շեղելու նպատակով Քելբաջարում տեղակայված խմբավորումներին առաջադրանք տվեց թիկունքից հարվածել Մարտակերտի շրջանում գործող ղարաբաղյան ուժերին:
Լաչինի միջանցքի փակման եւ Մարտակերտի խմբավորման թիկունքին հարվածի սպառնալիքը վերացնելու համար ղարաբաղյան զորքերը 1993թ. մարտի 27-ից մինչև ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում անցկացրին Քելբաջարի ռազմական հենակետերի ոչնչացման մարտական գործողությունը: Հանկարծահաս հարվածների շնորհիվ, մարտի 27-ից մինչեւ մարտի 30-ը, ղարաբաղյան ուժերին հաջողվեց վերցնել Աղդաբան, Չարեքտար, Նարեշտար, Թազաքենդ, Բաղրլու, Քեչիլղայա, Չորման գյուղերը:
Ապրիլի 2-ը մարտական գործողությունների վճռական պահն էր: Այդ օրը հայկական զինուժի կողմից գրավվեց Քելբաջարը Գյանջայի հետ կապող ճանապարհի խաչմերուկը, իսկ 3 օր հետո` ապրիլի 5-ին, ԼՂՀ ԻՈՒ ստորաբաժանումները դուրս եկան Օմարի լեռնանցք:
Այդ հաղթարշավով ղարաբաղյան բանակը շոշափելի հարված հասցրեց հակառակորդին, ի դերեւ հանելով այս հատվածում առաջխաղացման նրա մտադրությունները:
Չնայած հյուսիս- արեւելյան եւ հյուսի-արեւմտյան ռազմաճակատներում կրած կորուստներին, ադրբեջանական բանակը, այնուամենայնիվ, շարունակում էր մարտական ակտիվ գործողություններ վարել հակամարտության գոտու համարյա ողջ երկայնքով: Հատկապես դա ակնհայտ էր ճակատային գծի հարավ-արեւելյան հատվածում: Հարձակողական գործողությունների մի շարք փորձեր արձանագրվեցին Հադրութի եւ Մարտունու պաշտպանական դիրքերի վրա: Սակայն այս ուղղություններում եւս հաջողությունն ուղեկցեց ղարաբաղյան ուժերին: Հակառակորդի հետագա քայլերը կանխելու նպատակով ապրիլի 1-ին Ինքնապաշտպանության ուժերը մարտերով գրավեցին Կըզըլկայա կարեւոր նշանակության բարձունքը, որն իշխում էր շրջակա տեղանքի վրա:
Մեկ օր հետո` հարավ-արեւելքում Հադրութի եւ Մարտունու պաշտպանական շրջանների զորամասերի համատեղ գործողությունների շնորհիվ վերացվեցին ադրբեջանական զինուժի կրակակետերը Խազազ եւ Շահրուվեն յալ բարձունքների վրա, ապա զարգացնելով առաջխաղզացումը, գրավվեցին ռազմական հենակետերի վերածված Ղաջար, Գովշաթլի եւ Դիվանլար գյուղերը:
1993թ. ապրիլի երկրորդ կեսից ռազմաճակատում իրադրությունը համեմատաբար հանդարտվեց: Հակառակորդի կողմից հարձակողական գործողությունների նման պասիվությունը բացատրվում էր Ադրբեջանի ներքաղաքական անկայուն վիճակով եւ, իհարկե, նաեւ մարտական գործողությունների ծավալման համար առկա անբարենպաստ եղանակով:
Օգտվելով իրավիճակից, ԼՂՀ ԻՈՒ հրամանատարությունը ձեռնամուխ եղավ հանրապետության զինված ուժերի կազմավորման գործընթացի ավարտական փուլին: Լայնածավալ աշխատանք տարվեց զորամասերի ու ստորաբաժանումների հետագա ձեւավորման եւ համալրման ուղղությամբ: Հայրենիքի պաշտպանության շարքերն էին մտնում 18 տարեկան դարձած պատանիները, որոնք նախքան ռազմաճակատ մեկնելը, զինվորական պատրաստություն էին ստանում նորաստեղծ ուսումնական կենտրոնում: Կատարելագործվեց զորքերի կառավարումը, շտաբները սկսեցին առավել խորը զբաղվել մարտական գործողությունների կազմակերպման ու կառավարման հարցերով: Կարգավորվեց հրետանու հետախույզների ուսումնական կենտրոնում զորքերի մարտական եւ սպաների հրամանատարական նախապատրաստությունը: Վերոհիշյալ այս եւ նման փաստերը վկայում են այն մասին, որ ԼՂՀ զինուժն արդեն գարնան վերջերին ապրում էր իր կազմավորման ու ստեղծման փուլի ավարտը:
1993թ. գարնան վերջերին եւ ամռան սկզբներին ռազմաճակատում իրադրությունը կտրուկ փոխվեց: Կարճատեւ դադարից հետո հունիսի սկզբներին ռազմագծի ողջ երկայնքով հակառակորդը վերսկսեց մարտական գործողությունները: Ստեղծելով հարձակողական հզոր բռունցք, թշնամին գլխավոր թիրախ ընտրեց արեւելյան ուղղությունը: Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումները իրենց վրա վերցնելով հարվածի հիմնական ծանրությունը, դրսեւորեցին պաշտպանական մարտերի մղման փայլուն օրինակներ: Անխոցելի պատնեշի վերածված ղարաբաղյան զորքերի պաշտպանությունը ճեղքելու հակառակորդի բոլոր փորձերը ավարտվեցին անարդյունք: Կանխելով թշնամու առաջխաղացումը, հունիսի 12-ին ինքնապաշտպանական ուժերն անցան հակահարձակման եւ ոչնչացրին մի քանի կրակակետեր:
Ռազմական իրավիճակի շեշտակի փոփոխություն տեղի ունեցավ նաեւ հակամարտության գոտու հյուսիսային հատվածում: Այդտեղ իրադրությունը շտկելու միակ ճանապարհը կտրուկ հակահարձակողական գործողությունների նպատակասլաց իրականացումն էր: Ամռան կեսերին Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը ձեռնամուխ եղավ 1993թ. առաջին կիսամյակի գործողությունների եզրափակիչ փուլի` Մարտակերտի ազատագրման ռազմագործողությանը: Հակառակորդի ուշադրությունը շեղելու նպատակով ծրագրվեց միաժամանակյա հարձակողական գործողություններ ձեռնարկել մի քանի ուղղություններում: Այստեղ կենտրոնացվեցին 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ պաշտպանական շրջաններից ընտրված հարվածային մի քանի ստորաբաժանումներ եւ կենտրոնական ուղղության զորամասերը:
Հունիսի երկրորդ կեսին, հաջողությամբ իրականացնելով իրենց առջեւ դրված մարտական խնդիրները, ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերը գրավեցին օպերատիվ-մարտավարական տեսակետից մի քանի շահավետ բարձունքներ եւ բնագծեր: Ուրվագծվում եւ իրատեսական էր դառնում շուրջ մեկ տարի առաջ ադրբեջանցիների կողմից բռնազավթված Մարտակերտ քաղաքի ազատագրման հնարավորությունը: Հունիսի 27-ը դարձավ հյուսիային ուղղությամբ ընթացող մարտական գործողությունների ամենավճռորոշ պահը: Այդ օրը մեր զորքերի փոխհակագործակցված առաջխաղացման շնորհիվ ազատագրվեց Մարտակերտը: Ղարաբաղյան զորամասերն անցան գերիշխող բարձունքների եւ հիմնական ճանապարհային ուղղությունների պաշտպանությանը:
Ղարաբաղյան բանակի կողմից իրականացվող հաջող գործողությունները մարտադաշտում հակառակորդին ստիպում էին դիմելու չտեսնված բախտախնդրությունների: Հյուսիսից հարավ ձգվող ռազմաճակատային գծի ողջ երկայքնով հակառակորդը հեռահար հրանոթներից հրետակոծում էր Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում նաեւ հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Զոհվում էին կանայք, երեխաներ ու ծերեր: Մայրաքաղաքի անվտանգությունն ապահովելու նպատակով Արցախի զինված ուժերի առջեւ խնդիր դրվեց վերացնել Աղդամի ռազմական հենակետը, որտեղ տեղակայված էին թշնամական հեռահար հրանոթներն ու ՙգրադ՚ կայանքները:
1993թ. հուլիսին ծավալվեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ընթացքում տեղի ունեցած հիրավի նշանավոր ռազմագործողություններից մեկը` Աղդամի ռազմական հենակետի ոչնչացման օպերացիան: Ադրբեջանական բանակի հրամանատարությունը, գիտակցելով, որ Աղդամ քաղաքի անկումը ոչ միայն ռազմական, այլեւ սեփական ժողովրդի բարոյահոգեբանական պարտությունը կդառնա, ռազմաճակատի այս հատված նետեց իր զինված ուժերի ծանրակշիռ մասը: Աշխատում էին գրեթե բոլոր զինատեսակները: Զենքի եւ զինամթերքի խոշոր պաշարներ ունեցող թշնամին երկու օր անընդհատ ղարաբաղյան դիրքերի վրա կրակե հեղեղ էր թափում: Սակայն հայ զինվորի ոգին ամուր էր:
1993թ. հուլիսի 23-ին ղարաբաղյան զորամիավորումները, կոտրելով հակառակորդի դիմադրությունը, մարտերով մտան Աղդամ: Լուծվեց Ստեփանակերտ քաղաքի պարբերաբար հրետակոծման եւ Ասկերանի ու հարակից շրջանների վրա հարձակման վտանգի կանխման հարցը:
Աղդամի ռազմական հենակետի անկմամբ Ադրբեջանի ղեկավարությունը հայտնվեց անելանելի վիճակի մեջ: Գիտակցելով, որ ռազմական գործողությունների շարունակումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, նա ստիպված էր հանդես գալ առաջարկությամբ, համաձայն որի ղարաբաղյան կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց հուլիսի 25-ի 00 ժամից սկսած մինչեւ հուլիսի 28-ը դադարեցնել կրակը: Հակամարտության ողջ ընթացքում առաջին անգամ ադրբեջանական կողմը դիմեց կառուցողական քայլի: Ավելի ճիշտ` այդպես թվաց: Այնինչ իրականում դա հերթական խոստումնազանցություն էր Բաքվի կողմից:

Օգոստոսի սկզբին իրադրությունը վերստին փոխվեց: Արձանագրված փաստերը վկայում էին, որ Ադրբեջանի բանակի համար ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ժամանակավոր հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունն առանձին կարեւորություն չէր ներկայացնում: Առանց ընդհատումների շարունակվում էին հարձակումները ղարաբաղյան դիրքերի վրա: Ռազմաճակատում վիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ԼՂՀ իշխանությունների փորձերը եւս ապարդյուն անցան: Ավելին, օգոստոսի 9-ին Ադրբեջանի լրատվական ծառայությունները հաղորդեցին ադրբեջանական բանակի ծավալուն հարձակողական գործողությունների եւ նրա կողմից Ֆիզուլու մոտակայքում մի քանի բնակավայրերի եւ ռազմավարական կարեւորություն ունեցող բարձունքների գրավման մասին:
ԼՂՀ ԻՈՒ հրամանատարությունը ռազմաճակատի հարավում իրադրությունը շտկելու նպատակով ստիպված էր ձեռնարկել համարժեք գործողություններ: Հարկ է ընդգծել, որ դեռեւս մինչեւ ամռան վերջերը Հադրութի շրջանի տարածքի մի մասը շարունակում էր մնալ հակառակորդի կողմից բռնազավթված: Ցոր, Առաքյուլ եւ Բանաձոր գյուղերը թշնամու համար վեր էին ածվել խոշոր ռազմակայանների: Հակառակորդի ձեռքին էին նաեւ Դոլանլար, Ծամձոր հայկական գյուղերը:
Համակողմանի նախապատրաստությունից հետո հարավային ուղղությամբ գործող Կենտրոնական պաշտպանական շրջանի զորքերը, որոնց ձախ թեւից համագործակցում էր 1-ին պաշտպանական շրջանի զինուժը, օգոստոսի 15-ին հարձակողական մարտերով մտան պատմական Դիզակի Ցոր գյուղը, ապա, զարգացնելով առաջխաղացումը, ազատագրեցին Բանաձոր եւ Առաքյուլ բնակավայրերը (տես քարտեզ թիվ 5): Օգոստոսի երկրորդ կեսին ռազմական գործողություններ ծավալվեցին Ֆիզուլի-Ջեբրայիլ-Ղուբաթլու մարտագծի երկայնքով:
Օգոստոսի 22-ին 1-ին եւ 2-րդ պաշտպանական շրջանների ստորաբաժանումների ճնշման տակ 160-րդ ադրբեջանական գնդի ստորաբաժանումները հարկադրված էին թողնել Ֆիզուլի քաղաքը եւ շուրջ 1380 քառ. կմ տարածք ունեցող համանուն շրջանը:
Հարձակողական մարտերը հաջողությամբ էին ընթանում նաեւ Ջեբրայիլի ուղղությամբ: Ինքնապաշտպանության ուժերի նպատակասլաց գործողությունների շնորհիվ այդ ընթացքում ոչնչացվեցին հակառակորդի մի շարք ռազմական հենակետեր: Օգոստոսի 23-ին ղարաբաղյան զորքերը մտան Լենքորանի գումարտակի կողմից պաշտպանվող Ջեբրայիլ շրջկենտրոնը: Իսկ երկու օր հետո հայկական ուժերի վերահսկողության տակ ընկավ 1050 քառ. կմ մակերես ունեցող համանուն շրջանի տարածքը:
Ռազմաճակատի հարավային հատվածում ձեռք բերած հաջողությունները հայ զինվորին դարձրին ավելի ինքնավստահ: Նրա յուրաքանչյուր հարված շեշտակի էր եւ վերջնական: 1993թ. օգոստոսի 31-ին ղարաբաղյան զորամասերը խաչաձեւող գրոհներով մտան Ղուբաթլու շրջկենտրոն: 1993թ. սեպտեմբերի սկզբի դրությամբ Ինքնապաշտպանության ուժերը ճակատի որոշ հատվածներում Իրանի պետական սահմանից գտնվում էին 4-5 կմ հեռավորության վրա:
Ինչպես Ադրբեջանը, այնպես էլ տարածաշրջանում նրա հովանավորները հայտնվել էին լուրջ տագնապի մեջ: Ամեն ինչ տանում էր դեպի հարցի միջազգայնացում: Իրադարձությունների նման ընթացքը կրկին կյանքի կոչեց խաղաղ կարգավորման բանակցությունների գործընթացը:
1993թ. օգոտսոսի 31-ին, ժամը 17.00-ին Ադրբեջանի եւ ԼՂՀ միջեւ կնքվեց կրակի դադարեցման մասին համաձայնագիր եւ ձեռք բերվեց պայմանավորվածություն մինչև սեպտեմբերի 10-ը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Հարկ է ընդգծել, որ այս անգամ համաձայնությունը չխախտվեց: Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, այն ոչ մի արդյունք չտվեց, բացի կարճատեւ հրադադարից:
1993թ. հոկտեմբերի 10-ի գիշերը Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը կրկին վերսկսեց մարտական գործողությունները Հադրութի շրջանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Պարզ էր, որ Ադրբեջանը հաստատված զինադադարը օգտագործել է ոչ այնքան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված արդյունավետ բանակցային գործընթացի կազմակերպման, որքան բանակը համալրելու, ուժերի նոր կուտակումներ կատարելու, Ղարաբաղի դեմ ավելի ինտենսիվ պատերազմ շարունակելու համար:
Մարտական գործողություններ սկսվեցին Կույջակ եւ Սաֆարշա բնակավայրերի ուղղությամբ: Սկզբից եւեթ նկատվեց, որ հակառակորդի հարձակողական գործողությունները ոչ մի հեռանկար չունեն: Դրանում համոզվելու համար երկար ժամանակ չպահանջվեց: Նույն օրվա երկրորդ կեսին թշնամու առաջխաղացումը կասեցվեց: Դեռ ավելին, անցնելով հակագրոհի, ղարաբաղյան ուժերը վերացրին Կույջակ եւ Սաֆարշա բնակավայրերում տեղակայված ռազմական հենակետերը, իսկ երկու օր հետո մտան Նուզգեր եւ Շեյբեյ գյուղերը: Ռազմաճակատի հարավային եւ հարավ-արեւելյան հատվածում ադրբեջանական զինուժը հայտնվել էր խուճապի մեջ: Ամենուր նահանջ էր, նորանոր դիրքերի կորուստ:
Հոկտեմբերի 24-ին Ինքնապաշտպանության ուժերը մի քանի ուղղությամբ զարգացնելով առաջխաղացումը, ճնշեցին հակառակորդի ամենախոշոր հենակետերից մեկը` Հորադիզի երկաթուղային հանգույցը, որը հարավային ռազմաճակատում հանդիսանում էր թշնամու բանակին սնուցող հիմնական երակը: Գրավելով ադրբեջանական բանակի այս ռազմակայանը, ղարաբաղյան զինուժը Զանգելանի շրջանը եւ Ջեբրայիլի ու Ղուբաթլուի շրջանների դեռեւս չզբաղեցված տարածքները մեկուսացրեց Ադրբեջանից: Այս ուղղությամբ գործող թշնամական ստորաբաժանումները փաստորեն հայտնվեցին շրջափակման օղակի մեջ: Մի քանի օր հետո` նոյեմբերի 1-ի առավոտյան, հայկական ստորաբաժանումները վերահսկողության տակ առան Զանգելան շրջկենտրոնը` հարակից բնակավայրերով հանդերձ:
Այսպիսով, մինչեւ 1993թ. ձմեռը Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Հորադիզ երկաթուղային հանգույցից մինչեւ Հայաստանի պետական սահմանը ձգվող տարածքի վրա: Դա թերեւս հենց իր` Ադրբեջանի ղեկավարության կողմից տարված անհեռանկար քաղաքականության հետեւանք էր, քանզի ադրբեջանական կողմը, կրկին բաց թողնելով հրադադարը երկարաձգելու իրական հնարավորությունը, գերադասեց մեկ անգամ եւս ստուգել հայկական դիրքերի ամրությունն ու բռնել կասկածելի ռազմական հաղթանակների ուղին: Նոյեմբերի սկզբներից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում վերստին հաստատվեց հարաբերական անդորր, բայց այս անգամ եւս ոչ տեւական:
Այն վերսկսվեց 1993թ. դեկտեմբերի երկրորդ կեսին: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը ղարաբաղյան զորքերի հարավային խմբավորման ուշադրությունը շեղելու նպատակով մարտական գործողություններ ծավալեց հյուսիս-արեւելյան եւ հարավ-արեւելյան հատվածներում:
Դեկտեմբերի վերջերին ադրբեջանական կողմը ռազմաճակատի որոշ հատվածներում կարողացավ հասնել մասնակի հաջողությունների: Ղարաբաղյան ուժերը դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած ծանր մարտերից հետո ստիպված էին թողնել իրենց դիրքերը Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս գյուղերում, ինչպես նաեւ դրանից մի երկու օր առաջ` շուրջ 13 պահակակետ Փափռավենդ գյուղի մոտակայքում եւ մեկ դիրք` Մարտունու պաշտպանական շրջանի Աղբուռուն տեղամասում: Հատկապես իրավիճակը ծանր էր արեւելյան ռազմաճակատի Փափռավենդ-Սալահլի -Քենգերլի հատվածում:
Հակառակորդի հարձակումը դիմագրավելու համար ռազմաճակատի Մահսուդլու-Բոյահմեդլի-Փափռավենդ-Պուշկեն յալ բնագծի երկարությամբ պաշտպանական մարտեր սկսեցին մղել 4-րդ, 5-րդ եւ Կենտրոնական պաշտպանական շրջանների եւ 71-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի ուժերը: Դեկտեմբերի 29-ի կեսօրին` համաձայն Պաշտպանության բանակի (1993թ. նոյեմբերի 10-ին` ՊՊԿ նախագահի հրամանագրով Ինքնապաշտպանության ուժերը վերակազմավորվեցին Պաշտպանության բանակի (ՊԲ)) հրամանատարության կողմից մշակված պլանի, ղարաբաղյան ստորաբաժանումները պաշտպանական մարտերից անցան հակահարձակման: Ճնշելով հակառակորդի դիմադրությունը, ԼՂՀ ՊԲ զորքերը վերագրավեցին նախօրերին կորցրած դիրքերը, ապա, զարգացնելով առաջխաղացումը Բոյահմեդլու բնակավայրի ուղղությամբ, ոչնչացրին Սաֆուլու գյուղում եւ նրան հարակից բնակավայրերում տեղակայված թշնամական հենակետերը եւ ընդհուպ հասան Թարթառի ջրանցքի աջափնյակ: Այդպիսով իսկ ադրբեջանական բանակը, ռազմաճակատի այս հատվածում կրելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ, փաստորեն ետ շպրտվեց ոչ միայն գրաված տարածքներից, այլեւ իր նախկին բնագծից:
Այս ռազմագործողությամբ ավարտվեց 1993 թվականը: Սակայն պատերազմը դեռ շարունակվում էր: Առջեւում էր 1994-ը:
1 9 9 4 թ. հունվար – մայիս (Զինադադարի պարտադրում)

1994 թվականի սկզբներին արդեն ակնհայտ էր, որ Ադրբեջանի կողմից 1993 թվականի դեկտեմբերի վերջերին ձեռնարկված ձմեռային արշավի պլանը աստիճանաբար մատնվում է ձախողման: Ծանր մարտեր էին ընթանում Օմարից մինչեւ Արաքս: Չնայած կենդանի ուժի եւ զինտեխնիկայի հսկայական կորուստներին, թշնամին ետ չէր կանգնում իր ծավալապաշտ նկրտումներից:
Կենտրոնացնելով հարվածային խմբավորումները եւ գործի դնելով բազմաքանակ զինտեխնիկա, հունվարի սկզբներին հակառակորդին հաջողվեց ճեղքում կատարել ռազմաճակատի հարավ-արեւելյան ուղղությամբ (Հադրութի շրջան) եւ առաջանալ մոտ 15 կմ խորությամբ ու 5 կմ լայնությամբ: Ադրբեջանի բանակային ստորաբաժանումների համար դրությունը բավականին բերանպաստ էր նաեւ հյուսիս-արեւելյան` Մատաղիս-Հակոբ Կամարի հատվածում:
Թվում էր, թե ԼՂՀ ԶՈՒ ստորաբաժանումներն անզոր կգտնվեն 180 կմ երկարությամբ ձգվող ճակատային գծի պաշտպանությունն ապահովելու համար: Այնինչ դաժան մարտերի ընթացքում զինվորներին հաջողվեց կասեցնել ոչ միայն հակառակորդի առաջխաղացումը, այլեւ որոշ հատվածներում, որոնցում նախօրերին հակառակորդը հասել էր դիրքային հաջողությունների, ջախջախիչ հարվածներ հասցնել նրան: Ղարաբաղյան զորքերի փայլուն ռազմագործողության շնորհիվ հունվարի 11-ին ադրբեջանական բանակի 77 հոգուց կազմված մի հարվածային զորախումբ, որը մեկ օր առաջ իրականացրել էր Հակոբ Կամարի գյուղի գրավման գործողությունը, շրջապատման մեջ առնվեց ու գլխովին ջախջախվեց: Նման զորախմբի կորուստը թշնամու ճամբարում խուճապի տեղիք տվեց, ինչն իր հերթին նպաստեց, որպեսզի հյուսիս-արեւելքում անշրջելի դառնան ԼՂՀ բանակային կազմավորումների հաջողությունները:
Սակայն, չնայած դրան, դրությունը չափից ավելի ծանր էր մնում հարավային ռազմաճակատում: Հունվարի 11-ի առավորտյան ադրբեջանական զորքերը հուժկու հրետակոծությամբ խախտեցին ռազմաճակատի այս հատվածում հաստատված երկօրյա հարաբերական անդորրը: Մարտի մեջ մտավ նրա մեքենայացված կորպուսը: Միաժամանակ գործում էին ռազմական օդուժը, հեռահար հրետանին, հրասայլերը եւ այլ զինատեսակներ: Բայց, այնուհանդերձ, հակառակորդն ի զորու չեղավ, նույնիսկ հսկայական կորուստների գնով, հասնել աննշան հաջողության:
Փայլուն կերպով իրականացնելով պաշտպանական ռազմագործողությունը, ղարաբաղյան բանակի հարավային խմբավորումը հունվարի 12-ին անցավ հակահարձակման եւ ոչնչացրեց թշնամու ռազմական հենակետերը Կորգան, Աշաղի Աբդուռահմանլու եւ Յուխարի Սեյիդահմեդլու բնակավայրերում: Անտեսելով այս ամենը, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն այդ օրերին դիմեց նոր արկածախնդրության` մարտական թատերաբեմը տեղափոխելով Սալահլի-Քենգերլի-Մարտակերտ-Լեւոնարխ-Մատաղիս-Օմար բնագիծը:
Առավել ծանր հատվածն Օմարի լեռնանցքի շրջանում էր: Հունվարի վերջին իրավիճակն այստեղ շեշտակի սրվեց: Ադրբեջանական զինուժին հաջողվեց Քելբաջարի ուղղությամբ զարգացնել իր հարձակողական գործողությունները եւ դուրս գալ Քելբաջարը Գյանջային կապող խճուղու խաչմերուկը: Հյուսիսային ռազմաճակատում իրադրությունը շտկելու նպատակով ԼՂՀ ՊԲ հրամանատարությունն այդտեղ կենտրոնացրեց 3-րդ, 4-րդ, 5-րդ և Կենտրոնական պաշտպանական շրջաններից ու 71-րդ եւ 54-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակներից ընտրված մի քանի հարվածային ստորաբաժանումներ:
Հունվարի 24-ին խաչմերուկի մոտ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կասեցվեց: Այդ ընթացքում գործողություններ էին սկսվել նաեւ Մարտակերտի հեռուստաաշտարակի, արեւելյան եւ հարավ-արեւելյան մարտագծի ողջ երկայնքով: Սակայն դրանք առավելապես ուշադրություն շեղելու նպատակ էին հետապնդում: Կարեւոր օղակը շարունակում էր մնալ հյուսիսային ուղղությունը:
Փետրվարի սկզբներին ղարաբաղյան զորքերն սկսեցին Օմարի վնասազերծման ռազմագործողությունը: Հակահարձակումն իրականացվեց հստակ եւ կտրուկ: Մեկը մյուսի հետեւից վերագրավվեցին Օմարի տարածաշրջանում տեղաբաշխված հակառակորդի ռազմական հենակետերը: Փետրվարի 18-ի առավոտյան Քելբաջարի հյուիսային հատվածը` ներառյալ Օմարի լեռնանցքը, ամբողջությամբ ընկավ ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ: Ձախողվեց հակառակորդի հյուսիսային խմբավորման ռազմագործողությունը: Ռազմական անհաջողությունները հյուսիսում Ադրբեջանին ետ չպահեցին մարտական գործողությունները շարունակելու մտադրությունից:
Փետրվարի վերջին եւ մարտի սկզբին թշնամին հարվածի ուղղություն ընտրեց Աշաղի Սեյիդահմեդլու բնակավայրից մինչեւ Հորադիզ ձգվող ճակատային գիծը: Ադրբեջանական ստորաբաժանումները` զրահատանկային ուժերի եւ հրետանու օժանդակությամբ ցանկանում էին ճակատային հարվածներով ճեղքել մեր զորքերի պաշտպանությունը եւ առաջ շարժվել դեպի Ֆիզուլի: Սակայն խոր էշելոնացված հրետանային ու հակատանկային պաշտպանությունը եւ զորքի բոլոր տեսակների լավ կազմակերպված փոխգործողությունը հակառակորդին թույլ չտվեցին հասնելու իր նպատակին: Ադրբեջանական կողմն այստեղ գործի էր դրել իր ողջ ռազմական ներուժը: Գրոհներ էին ձեռնարկվում եւ օդից, եւ ցամաքից: Հակառակորդի օդուժն օրվա ընթացքում մի քանի անգամ ռմբակոծում էր ղարաբաղյան դիրքերը, փորձում հոգեբանորեն ընկճել հայ զինվորին: Սակայն` ապարդյուն: Հաջողությունն ուղեկցեց նրան, ով կամքով արի էր եւ ուժեղ: Ղարաբաղյան ուժերին ոչ միայն հաջողվեց պահպանել ունեցածը, այլեւ որոշ հատվածներում անցնել հակահարձակման: Արդյունքում վերացվեցին Հորադիզ գյուղում եւ թիվ 271.8 նիշի բարձունքում տեղակայված ադրբեջանական հենակետերը: Չնայած մարդկային, նյութական, դիրքային եւ տարածքային զգալի կորուստներին, ադրբեջանական կողմը այդուհանդերձ, համառորեն փորձում էր երկարացնել ռազմագործողությունների շղթան` հուսալով, թե այդպիսով իսկ կսպառի ղարաբաղյան բանակի ռազմական ներուժը:
Երեւի թե նման ինքնախաբեությամբ դրդված, հակառակորդը հարձակողական մարտեր էր սանձազերծում Կուրոպատկինոյից մինչեւ Աղդամ եւ դեպի հյուսիս ձգվող ճակատային գծի երկայնքով:
Մարտի 11-ին ադրբեջանական կազմավորումները գրոհներ ձեռնարկեցին Աղդամից հարավ գտնվող Աջարլի եւ Մարզիլլու բնակավայրերի ուղղությամբ: Շուրջ մեկ ժամ տեւած մարտերից հետո հակառակորդը ճարահատյալ նահանջեց իր ելման դիրքերը: Նույն բեմագիրը կրկնվեց մարտի 16-ին` Օմարի ուղղությամբ տեղի ունեցած հարձակման ժամանակ: Ապրիլի սկզբներին Լեւոնարխ եւ Մատաղիս գյուղերի շրջանում թշնամու ձեռնարկած հարձակումն իր իսկ համար ավելի բացասական հետեւանքներ ունեցավ: Ղարաբաղյան ուժերը, ապրիլի 10-ին կասեցնելով ադրբեջանական ուժերի առաջխաղացումը, հյուսիս-արեւելյան ռազմաճակատում անցան հակահարձակման եւ Գյուլիստանի ու Թալիշի ուղղությամբ զբաղեցրին ռազմավարական նշանակության մի շարք բարձուքններ:Երկու օր անց հայկական ուժերը մտան Վերին Չայլու եւ Լեւոնարխ բնակավայրերը:
Ապրիլի 16-ին ղարաբաղյան ստորաբաժանումները ճնշեցին թշնամու դիմադրությունն արեւելյան ճակատում, ոչնչացրին Գյուլիջա բնակավայրի կրակակետերը` լայն հնարավորություն ստեղծելով թեւերում գործող զորքերի առաջխաղացումը զարգացնելու համար:
Նույն հաջողությամբ էին գործում նաեւ հարավ-արեւելյան ռազմաճակատի խմբավորումները: Հակառակորդի բազմաքանակ զինուժն այդ օրը ջախջախիչ պարտություն կրեց Աշաղը Սեիդահմեդլուց հարավ (Ֆիզուլու ուղղությամբ) ձգվող բնագծում:
Արեւելյան ռազմաճակատում ստեղծված բարենպաստ իրավիճակը հայկական ստորաբաժանումներին հնարավորություն տվեց մարտական գործողությունները հաջողությամբ զարգացնել ոչ միայն հարավ-արեւելյան, այլեւ հյուսիս-արեւելյան հատվածում: Ապրիլի 18-ին 5-րդ մոտոհրաձգային բրիգադի զորամասերը ոչնչացրին Թափկարակոյունլուի ուղղությամբ տեղաբաշխված մի շարք կրակակետեր եւ ընդհուպ մոտեցան այդ բնակավայրի մատույցներին:
Ապրիլի 21-ին Ասկերանի պաշտպանական շրջանի ստորաբաժանումները ոչնչացրին Իլխըչըլար եւ Թաղըբեյլի բնակավայրերի ռազմական հենակետերը եւ բավական լավ հնարավորություն ստացան հետագա առաջխաղացումն ապահովելու համար: Դա հատկապես ակնհայտ դարձավ ապրիլի 24-ին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում: Այդ օրը վերացվեցին հակառակորդի կրակակետերը: Աղդամի շրջանի Ումութլու, Շոքլանլու, Նամիրլու, Շուրաբադ բնակավայրերում: Ապրիլի 26-ին ղարաբաղյան ուժերն ազատագրեցին Սեյսուլան հայկական բնակավայրը: Մեկ օր հետո ճնշվեցին հակառակորդի կրակակետերը Աղդամի շրջանի Շխլյար եւ Օրթա Քարվենդ գյուղերում: Ապրիլի վերջին եւ մայիսի սկզբներին ահեղ մարտեր ընթացան Կարմիրավանի ազատագրման համար: Մի քանի օրվա ընթացքում գյուղը երեք անգամ անցավ ձեռքից-ձեռք: Ադրբեջանական հրամանատարությունն այս բնագծի պաշտպանության համար կենտրոնացրել էր անհամեմատ մեծ քանակությամբ զինուժ, քանզի զգում էր, որ այն տալուց հետո հայկական ուժերը բավական մեծ հնարավորություն կստանան ինչպես հարեւան Յարմջան գյուղի դիրքերը, այնպես էլ ադրբեջանական բանակի հարակից պաշտպանական բնագծերը վերացնելու համար: Ավելացնենք, որ այդ ընթացքում ղարաբաղյան ուժերն արդեն հսկողության տակ էին առել Աղդամ-Բարդա մայրուղին: Սրանք ղարաբաղյան ուժերի հրադադարին նախորդած վերջին նշանակալից մարտերն էին, որոնցով, փաստորեն վերջակետվեց ռազմագործողությունների թվով երկրորդ ակտիվ շրջանը:
Առկա ռազմաքաղաքական պայմաններում Ադրբեջանը ստիպված էր ընդունել Ռուսաստանի Դաշնության առաջարկությունը եւ հայտատարել ապրիլի 28-ի 00 ժամից ղարաբաղյան ռազմաճակատում կրակը դադարեցնելու իր պատրաստակամության մասին:
Իսկ արդեն մայիսի 16-ին ՌԴ պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի միջեւ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին զինադադարի հաստատմանն ուղղված կոնկրետ առաջարկներ, որոնց հիման վրա թերեւս պիտի կնքվեր քաղաքական համաձայնագիր: Թեւակոխեց տեւական զինադադարը… ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ Անդրադառնալով ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորման եւ նրա անցած մարտական ուղու տարեգրությանը, դժվար է գերագնահատել այն առաքելությունը, որը կարելի է արտահայտել երկու բառով` ՙՀանուն Արցախի…՚ Խրամատից-խրամատ, դիրքից-դիրք տեղափոխվող զինանձնակազմը մեր գոյամարտի ընթացքում կարողացավ ճշտել եւ իմաստավորել մի իրողություն, որն իր մեջ ամփոփում է հայրենասիրության բովանդակությունն ամբողջությամբ:
Օմարից մինչեւ Արաքս, Ղոչազից` Գյուլիջա ձգվող ղարաբաղյան ռազմաճակատի բոլոր հատվածներում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ԼՂՀ Պաշտպանությասն բանակի զինուժը, ի լուր աշխարհի, նորանկախ հանրապետության ռազմական պատմության անդաստանում իր կենսագրությունը գրեց ոսկե տառերով: Այդ տարեգրության հերոսները ծնվել ու ապրում են մեր կողքին, հազար ու մի տառապանք կրած իրենց ներկայությամբ բազմապատկում հայրենի տան սյուների ամրությունը, հոգու անթաքույց երախտագիտությամբ հիշում եւ հավերժացնում բոլոր այն զոհված մարընկերների հիշատակը, որոնց թափած արյան ծովից բարձրացել է մեր հաղթանակների փոթորիկը: Մարտական գործողությունների ընթացքում Պաշտպանության բանակի զինանձնակազմը ազատագրեց ադրբեջանցիների կողմից բռնազավթված շուրջ 50 հայկական բնակավայր, վնասազերծեց Արցախին սահմանակից 7 վարչատարածքային միվորումներում տեղակայված թշնամական հենակետերը, շարքից հանեց ու առգրավեց հարյուրավոր ծանր զինտեխնիկա, ոչնչացրեց մոտ 25 մարտական ինքնաթիռ ու ուղղաթիռ:
Պաշտպանության բանակի տասնյակ զորահրամանատարներ, հարյուրավոր սպաներ ու զինվորներ ռազմադաշտում ցուցաբերած հերոսության համար արժանացան հայրենքի բարձրագույն պարգեւին` ՙՄարտական խաչ՚ 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշանների:
Այսօր էլ շարունակում է ապրել ու զորանալ ԼՂՀ Պաշտպանության բանակը: Զորանալ, քանզի հայ ժողովրդի հազարամյակների պատմությունն իր ճակատագրական քառուղիներում բանաձեւել է լինելիության առաջին եւ ամենագլխավոր պայմանը` ուժն է ծնում իրավունք: Եվ այդ իրավունքը պաշտպանելու համար նախապատրաստվում է հայրենապահ երիտասարդներից կազմված մի ողջ զորասյուն, որոնց վստահված է շարունակ պահել եւ փառավորել իրենց նախորդների պատիվն ու անունը…

Հեղ. Սենոր Հասրաթյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *