ԼԻԱ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՃՈ ԿԵՐՊԱՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսօր ողջ համացանցը ողողված է տարաբնույթ մտքերով,արձակ ու չափածո ստեղծագործություններով,որոնցից ոչ բոլորն են գրավում հանրության ուշադրությունը,այն պարզ պատճառով,որ դրանցից մի մասը ոչ մի իմաստ չի պարունակում,այլ ընդամենը հասարակ բառահավաք է,մյուս մասն էլ՝ արտատպված շարք,որտեղ չի նշվում իրական հեղինակի անունը:Եվ միայն փոքրաթիվ չափածո և արձակ ստեղծագործություններն են,որ կրթում,դաստիարակում են միտքը,սնում հոգին ու ինչ-որ նոր ուժ տալիս ընթերցողին: Ասում են՝ որքան մեծանում,տարիք է առնում մարդը,այնքան ավելի իմաստուն է դառնում,շնորհիվ իր ապրած լավ կամ վատ կյանքի.չէ՞որ չկա առավել լավ ուսուցիչ,քան ինքը՝ կյանքը:Կյանքը կրթում ու դաստիարակում,երբեմն էլ՝ վերադաստիարակում է մարդուն իր սեփական օրենքներով,իսկ տարիների հետ մարդը կատարելագործվում է ու ձեռք բերած փորձը փոխանցում մյուս սերունդներին: Լիա Թորոսյանն էլ,անցնելով կյանքի բարդ ու ուսուցանող ճանապարհը,թերևս հանդիպեց և՛ փշերի ու տատասկների,և՛ ծաղիկների անուշ բույրը զգաց:Այդ է պատճառը,որ թե՛ համացանցային իրականության մեջ,թե՛ իրական կյանքում,նա կարողանում է լինել և՛ լավ խորհրդատու,և՛ լավ հոգեբան,և՛ կարեկից ընկեր: Թեև ինքն իրեն բանաստեղծ չի համարում,և գրելն էլ կապում է մուսայի հետ,որ գալիս է առանց հարցնելու ու անժամանակ,այնուամենայնիվ,նրա տաղանդն ու մարդասիրական արժեքները հատուկ են միայն իսկական բանաստեղծին.չէ՞որ ստեղծագործության միջոցով ընթերցողը ստանում է անհրաժեշտն ու առավել էականը: Մատաղ սերնդի դաստիարակության հարցը դրված է ավագ սերնդի ուսերին,իսկ Լիա Թորոսյանը անմասն չի մնում այդպիսի պատվաբեր և,միևնույն ժամանակ՝ պատասխանատու աշխատանքից:Նա ապրում է ոչ միայն իր,այլև ուրիշների համար,իսկ ստեղծագործություններն օգնում են իրապես,խոսուն լռությամբ ընկալել նրա ներաշխարհը,ապրումները,հույզերը…հույսերը՝վաղվա օրվա հետ կապված: Լիա Ենոքի Թորոսյանը ծնվել է Ախուրյանի շրջանի Վահրամաբերդ գյուղում:Հաճախել Է Լենինականի թիվ 19 դպրոցը:Սովորել Է Հաշվապահական տեխնիկումում, ապա` Վանաձորի Մանկավարժական ինստիտուտում, որն ավարտել է 1975թ. և 30 տարի աշխատել է նույն ինստիտուտում:Գրել սկսել է ամուսնու մահվանից հետո, և տպագրվել է ինստիտուտի կողմից լույս ընծայված ՙԱպագա մանկավարժ՚ և ՙԻրավական մշակույթ՚թերթերում, որի խմբագիրն էր երջանկահիշատակ բանաստեղծ, նրա ուսանողական տարիների լավ ընկեր Հրաչյա Սարուխանը:Այնուհետև ընդգրկվել է ինստիտուտի՝ ՎՊՄՄ-ի Գրական ժողովածուում, Գագիկ Վարդանյանի ՙԱնցյալը չի լռում՚ ժողովածուի 2-րդ հատորում, Հովհաննես Շանթի ՙՈգեզարթոնք՚ ժողովածուում:Իր ուժերով թողարկել է 3 գիրք` ՙԱնմոռաց հուշեր՚,ՙԽոհերիս ճամփան՚ և ՙԼույսի արահետ՚:Չմոռանամ ասել, որ նրա գրքերի և’ խմբագիրը, և’ սրբագրիչը հե՛նց ինքն է: Լիա Թորոսյանը մեծ ներդրում ունի սերունդների դաստիարակության,կրթության ու հայ մշակույթի զարգացման գործում:Նա այն եզակի ու յուրահատուկ մարդկանցից մեկն է,ում կյանքը ոչ թե փոխել,այլ դարձրել է ավելի կամեցող և ավելի նվիրված:Նա նվիրված է կյանքին,աշխարհին ու մարդկանց՝ առհասարակ:Ամեն բացասականի մեջ դրականը տեսնելը,խավարի մեջ լույսը նկատելը,և ցուրտ օդում ջերմություն գտնելը հատուկ է միայն աստվածատուր շնորհներով օժտված մարդկանց: Մաղթում եմ,որպեսզի Լիա Թորոսյանի կյանքի հետագա տարիները օվկիանոսի պես ողողված լինեն հաջողության ալիքներով,իսկ սիրտը երբեք ու երբեք չալեկոծվի անցանկալի քամիներից…

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *