ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է․․․ ՁԵՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՍ ՉԿԱՐՈՂԱՑԱ ԱՊՐԵԼ, ԻՍԿ ԻՄՈՒՄ` ԵՍ ԼՐԻՎ ՄԻԱՅՆԱԿ ԵՄ

(Կամ՝ վիրտուալ երկխոսություն Լեոնիդ Ենգիբարյանի հետ)
Դու մեկն էիր մեզնից, ով, սակայն, ամենեւին էլ նման չէր մեզ: Քո աշխարհը մերից տարբեր էր, քո լեզուն ուրիշ լեզու էր, ասելիքդ էլ անձայն, անշշուկ էր` թեպետ հասկանալի ու ընդունելի էր մեզ: Այն եզակիներից էիր, ով տիրապետում էր գեղեցիկ ապրելու արվեստի գաղտնիքներին: Դու սրբագործում էիր ուրվագծած ճանապարհդ, որով քո հանդիսատեսն անցնում էր ձեռքդ ամուր բռնած, հայացքը դեպի քեզ, ուշքը` խաղիդ, միտքը` հեռուներին: Իսկ աշխարհին ներկայանալու քո բաժին տարածությունն ընդամենը կրկեսի մանեժն էր, որտեղ ապրում ու գործում էր անսահման երեւակայությունդ: Դու կերտում էիր քո՛ ժամանակը, կերտում էիր մի ուրիշ աշխարհ` բոլորովին ուրիշ մարդկանցով բնակեցված: Դու մեզ էիր կերտում` մեզնից հեռացնելով գորշությունն ու միջակությունը, նախանձն ու չկամեցողությունը, գռեհկությունն ու չարափառությունը: Դու յուրաքանչյուրիս մեջ լույս էիր տեսնում, զգուշորեն վառում էիր այդ լույսը, ապա` համոզվելով, որ լույսը տիրեց մեր էությանը, աննկատ հեռանում էիր` դեռ երկար ժամանակ թողնելով մեզ լույսերի մեջ: Այո՛, լույսն է ամենայնի սկիզբը, լույսից է ծնվում գույնը: Դու լավ գիտեիր դա, ուստի լուսավոր ու վառ գույներով էիր օժտում քո հանդիսատեսին: Դու աշխարհն էլ էիր կերտում քո գույներով: Քո աշխարհն ուրիշ էր` հեքիաթայի~ն, ջինջ ու մաքուր, երազայի~ն ու ոչ բոլորիս հասանելի: Քո ամբողջ ստեղծագործությունը սեր էր, եւ անչափելի էր այդ սերը. «Մարդուն իզուր տեղը, հենց այնպես պետք չէ նեղացնել, որովհետեւ դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտ է… Դուք նրան կնեղացնեք, եւ նա, ընդհանրապես ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո` մյուսը, եւ աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է` կպակասեն եւ լավ մարդիկ…Դուք այնպիսին եք, ինչպիսին` նա: Պահպանե՜ք միմյանց, մարդի՛կ»:
Դու զարմանալիորեն ճիշտ ու դիպուկ էիր բացատրում անբացատրելին, արագ էիր հասկանում անհասկանալին, անմիջապես տեսնում էիր անտեսանելին, առաջին հայացքից ըմբռնում էիր անըմբռնելին: Դու անհավատալիորեն լավ էիր ճանաչում մարդուն, ճշգրիտ գնահատում նրա մտքի ու երեւակայության սահմանները, ցատկելու բարձրությունն ու անկումի խորությունը: Քո մարմնի ու հոգու ներադաշնակության, վառ երեւակայության, մտքի անհավանական թռիչքի, մեծ աշխատասիրության ու անսահման ճանաչողության արդյունքում ստեղծում էիր կերպարներ, դրվագներ, հարաբերություններ, իրավիճակներ, որոնք անչափ համահունչ էին քո նուրբ ու զգայուն էությանը, եւ որոնք, դիպչելով մեր հոգիներին, տակնուվրա էին անում, վերաձեւում էին մեր ներքնաշխարհը: Քո ներկայացումներն անսխալ արտացոլանքն էին մարդկային բարձր արժեքների, բարու եւ գեղեցիկի գիտակցման, ուժեղի եւ թույլի մշտահոլով պայքարի, հաղթանակների ու պարտությունների հաջորդայնության, հիացմունքի ու հիասթափության անվերջ կրկնվող իրողության: Քո ամեն ներկայացում սրբագրում էր մեզ, մեր պահվածքը վերանայելու ու վերափոխելու առիթ տալիս, մեր կենսակերպը քո ստեղծածին համահունչ դարձնելու ցանկություն բերում: Իսկ ամեն ներկայացման ավարտին շրջան էիր անում` հայացքդ գամելով յուրաքանչյուր հանդիսատեսի աչքերին, ու անձայն, անշշուկ հարցնում` «Սիրու՞մ եք ինձ, մարդիկ…»:
Այնպես պատահեց, որ երբ դեռ նոր էի փորձում ճանաչել աշխարհը, երբ դեռ չէի գտնում բազմաթիվ հարցականների պատասխաններ, երբ դեռ իրերի գոյության գաղտնիքների փնտրտուքի մեջ էի, մի անգամ ծնողներս ինձ բերեցին կրկես, ամանորի քո ներկայացմանը: Դա իմ առաջին հանդիպումն էր քեզ հետ: Այդ օրը դու խիզախ Արքայազն էիր, ով բազում փորձությունների միջով անցնելով` վերջապես չար կախարդի գերությունից ազատում է գեղեցկուհի Արքայադստերը: Ներկայացումն սկսվեց, բոլոր կերպարներն իրենց տեղերում էին, գործողությունը կատարվեց, Արքայադստերն առեւանգեցին: Հետո հայտնվեցիր դու: Բոլորը սկսեցին ծափահարել, ես էլ էի ծափահարում: Դու փայլուն եզրերով մուգ կապույտ հագուստով էիր, գլխիդ փետրավոր գլխարկ էր, կողքիցդ սուր էր կախված, ձեռքիդ վահան կար: Առաջին հայացքից դու ինձ թվացիր բարձրահասակ, թիկնեղ ու անվախ մի հսկա: Անսահման բարի ու սիրող հայացքդ հառեցիր խավար հեռուներին, ուր անհետացել էր քո սիրելին, ապա վստահ, համարձակ ու հավատով շտապեցիր նրան փրկելու: Ներկայացման ողջ ընթացքին բոլորս լարված հետեւում էինք հրեշների հետ քո մենամարտին: Ահա, կանգնած ես հպարտ, հաղթել ես ու գնում ես Արքայադստեր հետեւից: Սիրտս արագ բաբախեց` հո էլի վտանգ չկա՞ քո ճանապարհին: Դե, իհարկե` ոչ, դու անպարտելի էիր: Քիչ անց հնչեց հաղթական քայլերգը, ոսկեզօծ կառքի մեջ հայտնվեցիք դու եւ քո Արքայադուստրը: Ծափահարությունների, ուրախ բացականչությունների ներքո դուք մի քանի հաղթական շրջան արեցիք՝ ամեն անգամ հայացքներդ գամելով յուրաքանչյուրիս դեմքին: Դու այնքա՜ն անհասանելի էիր թվում ինձ ու միաժամանակ այնքա՜ն մոտիկ, որ կարծես կարող էի հպվել ձեռքերիդ: Մեր հայացքների հանդիպումից ես սկսեցի անզորությունից լաց լինել, դու տեսա՜ր ինձ, բայց կանգ չառար: Այնպես հպանցիկ էր այդ հանդիպումը, որ դու չնկատեցիր հուզմունքից շառագունած դեմքս, չհասկացար շփոթմունքս, չըմբռնեցիր հոգուս խռովքը: Չէ՞ որ դու ամեն ինչ նկատում ու հասկանում ես, ինչպե՞ս կարողացար հենց այնպես, անտարբեր անցնել իմ կողքով: Իսկ ես…, ես երազում էի, շա՜տ էի երազում լինել Արքայադստեր փոխարեն: Թեկուզ չար կախարդի գերության մեջ լինեի, միայն թե ինձ ազատողը դու՛ լինեիր: Երազում էի ոսկեզօծ կառքով քե՛զ հետ շրջել մանեժով, հայացքս գամել յուրաքանչյուր հանդիսատեսի աչքերին, ու, անձայն, անշշուկ հարցնել` «Սիրու՞մ եք ինձ, մարդիկ…»:
Երբ ծնողներս տեսան արցունքներս, մտածեցին, թե ինչ-որ բան ճիշտ չեմ հասկացել, ու… սկսեցին բացատրել, թե ինչ լավ է, որ Արքայադուստրը փրկվեց: Իմ խե՜ղճ, միամիտ ծնողներ, դուք է՞լ չհասկացաք, թե ինչպես էր փոթորկվում ներսս, ինչպես էր բաբախում փոքրիկ սիրտս ու որքա՜ն հուսահատ էի այդ պահին…
Ես այլեւս քո ներկայացումների նվիրյալ հանդիսատեսն էի, անգիր գիտեի բոլո՜ր-բոլոր մանրապատումներդ, ու սիրով սպասում էի նոր կերպարներիդ աշխարհ գալուն: Երբ 1964 թվականին Պրահայում ծաղրածուների միջազգային մրցույթում դու արժանացար առաջին կարգի մրցանակի` Է. Բասի անվան գավաթին, ես անչափ երջանիկ էի, եւ ընդհանրապես, բոլոր հաջողություններդ իմն էի համարում: Ես մտովի տեսնում էի նոր մտահղացումներիդ փայլուն կատարումները, դեռ չտոնած հաղթանակներդ, տեսնում էի լուսավոր կերպարիդ հաղթարշավը, որը, ցավոք, անավարտ մնաց:
Դու կարողանում էիր հուշիկ, անտեսանելի թափանցել երեւույթների խորքը, յուրովի բացահայտել դրանց էությունը, քո բացահայտումներն անթերի ներկայացնել, մխրճել մեր գիտակցության մեջ, դարձնել մերը ու վարակել բոլորիս քեզանով: Դու չէիր հանդուրժում մակերեսային տպավորությունները. «Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով, Կյանքի գնացքում մի’փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարեւոր չէ, թե որն է ձեր վագոնը, չնայած ոմանք գրեթե ողբերգություն են համարում, եթե փափուկ վագոնով չեն գնում»:
Երբ հիմնադրեցիր մնջախաղի էստրադային թատրոնը, սկզբնավորեցիր նոր` «Ենգիբարյանական ուղղությունը»: Քո բոլոր մանրապատումները` «Աստղային անձրեւ», «Ծաղրածուի տարօրինակությունները», «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս եւ ստվեր» իմն էին տակավին, ու կյանքս համընթաց էր քո կերտած ժամանակին: 
Առաջինը ես էի մտնում դահլիճ, նստում էի, համբերատար, երկա~ր սպասում հայտնվելուդ` հաճելիորեն գիտակցելով, որ թե’ իրական եւ թե’ երեւակայական կերպարդ իմ արժեհամակարգի անբաժան մասն էր այլեւս, ու ամեն մուտքդ` իրականի ու երեւակայականի համադրության փնտրտուքի երանելի զգացողություն էր ինձ համար: Հայացքս հառում էի մանեժի մուտքին ու մինչեւ հայտնվելդ` բազում անգամներ մտովի դուրս բերում քեզ իմ երազած հերոսների կերպարներով: Իմ տեսլականը հաճախ էիր իրականացնում` չենթադրելով անգամ, որ աշխարհում կա մեկը, ով քեզ հետ արդեն կերտել է այդ կերպարները, քեզ համաքայլ անցել է այդ ճանապարհով: Ես միայն չէի հասկանում, թե ինչպե՞ս ես կարողանում «մնջախաղ» կոչվող արվեստում այդչափ խոսուն ու հասկանալի դրվագներ ներկայացնել, դրվագներ, որոնք խոսքերով բացատրելը գրեթե անհնարին պիտի լիներ: Կրկեսում եւ կինոյում քո կատարած բարդ հնարքներին շունչս պահած էի հետեւում, չլինի՞ թե սայթաքես, հետո թեթեւացած շունչ քաշում ու քեզ ավելի հավատում: Այնպես կատարյալ էին հնարքներդ, այնքան համոզիչ էր հումորախառն թախիծդ, այնքան շատ պոեզիա կար ստեղծածիդ մեջ, որ ամեն հաջորդ հանդիպում երազանքի պես մի բան էր թվում: Դու կարծես ապրում էիր մեր միջավայրում, իսկ իրականում` քո կերտած աշխարհում, միայն դու գիտեիր այնտեղ տանող ճանապարհը. «Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմում` ես լրիվ միայնակ եմ»:
Հիմա էլ, շատ տարիներ անց, դու իմ արժեհամակարգի անբաժան մասն ես, քո հորդորներն են իմ կյանքի առաջմղիչ ուժը, քո լուսավոր կերպարն է իմ ուղենիշը, քո անսահման սերն է իմ կենսակերպի չափանիշը: Ու ամեն անգամ, արդեն երեւակայական ներկայացման ավարտի քո հաղթական շրջանին մեր հայացքներն էլի հանդիպում են, ու ես կարծես քեզ հետ եմ կատարում այդ շրջանը, հայացքս գամում յուրաքանչյուր հանդիսատեսի աչքերին, ու, անձայն, անշշուկ, միայն լուռ հայացքով հարցնում` «Սիրու՞մ եք ինձ, մարդիկ…»:

Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

"Daniel

 

 

 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *