ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ՝ ՄԱՐԴ, ՈՒՄ ՇՆՈՐՀԻՎ ՀՈՂԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՅՐԵՆԻՔ

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՊԱՏՄԱԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 75-ԱՄՅԱԿԸ

Մարտակերտում անցկացված՝ լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառումների շարքում, նոյեմբերի 30-ին Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում եւս տեղի ունեցավ միջոցառում, որին ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Մհեր Անդրյանը, թանգարանի տնօրեն Սեդա Հայրապետյանը, հերոսի զինակից ընկեր Պավել Թադեւոսյանը, Մարտակերտի «Փառքի սրահ» թանգարանի աշխատող Մարիետա Գաբրիելյանը, Մարտակերտի զորամասից զինծառայողներ, կրթության եւ մշակույթի ոլորտներից ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ եւ այլ հրավիրվածներ:
Միջոցառումն անց էր կացնում պատմաերկրագիտական թանգարանի աշխատող Մարինե Միքայելյանը, ով պատմական անդրադարձ կատարեց 1988-ականների այն փոթորկվող օրերին, երբ ժողովուրդն իր արդարացի ձայնը բարձրացրեց Մայր Հայաստանին վերամիավորվելու համար: Եվ այդ օրերի տրամաբանական շարունակությունը եղավ ազգային-ազատագրական բանակի սկզբնավորման գաղափարը, որն առաջ քաշվեց ոտքի ելած հերոս հրամանատարների կողմից, ինչպիսիք էին Լեոնիդ Ազգալդյանը, Մոնթե Մելքոնյանը, Վլադիմիր Բալայանը եւ այլոք:
Այդ տարիներին, երբ հասարակությունն առաջ էր տանում միացման կոչերը, Լեոնիդ Ազգալդյանն սկսեց ազգային-ազատագրական պայքարը եւ ազատագրական բանակի հիմնադրումը: Նա հասկացավ, որ օտար տերություններին չպետք է վստահել եւ հայը պետք է ինքը հասկանա, որ միայն զինված պայքարի միջոցով կարող է հասնել իր վերջնական նպատակին՝ անկախության ձեռքբերմանը: Եվ հենց այս նպատակով Լեոնիդը, թողնելով ուսումը Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում, վերադառնում է Հայաստան եւ իր համախոհ ընկերների հետ միանում ընդհատակյա պայքարին:
Զինակից ընկեր Պավել Թադեւոսյանի խոսքով՝ Լեոնիդի հիմնական նպատակը Հայաստանն ու Արցախն ազատ տեսնելն էր: Նա մինչեւ կյանքի վերջը պայքարեց հանուն ազատության, քանի որ վստահ էր, որ ազերիների գնդակն իրեն չի դիպչելու եւ ինքը Ստամբուլի պատերի տակ պետք է ընկնի՝ անկախ տեսնելով նաեւ Արեւմտյան Հայաստանը:
Միջոցառման ընթացքում իրենց խոսքն ասացին նաեւ Մարիետա Գաբրիելյանը, Մարտակերտի Վլ. Բալայանի անվան թիվ 1 միջն. դպրոցի ուսուցչուհիներ Արշալույս Գաբրիելյանն ու Նատաշա Պողոսյանը, ովքեր շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին եւ իրենց մտահոգությունը հայտնեցին այն խնդրի շուրջ, որ նմանօրինակ միջոցառումներին մասնակիցերի, հատկապես աշակերտների թիվը շատ քիչ է լինում: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հետագայում աշակերտների ակտիվ մասնակցությունն ապահովելու ուղղությամբ, քանի որ այսպիսի միջոցառումները եւս մի հայրենասիրական դաս են ճանաչելու այն մարդկանց, ովքեր սխրանքներ են գործել հանուն հայրենիքի ապագայի եւ դարձել հերոսներ:
Այնուհետեւ, ցուցադրվեց վավերագրական ֆիլմ՝ «Հողի գույնը» վերնագրով, որտեղ ներկայացված էին արխիվային կադրեր Լեոնիդ Ազգալդյանի, Վլադիմիր Բալայանի ու ջոկատի տղաների մասին, ինչպես նաեւ ականատեսների վկայություններ, փաստեր նրանց մարտական եւ առօրյա կյանքից:
Միջոցառման վերջում տնօրեն Սեդա Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ միջոցառման կայացմանն աջակցելու եւ իրենց ներկայությունն ապահովելու համար:

http://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/24862197_1981093435488488_9208194598730716826_n.jpg?oh=1202f57f395a5de63bb30d53f05465a2&oe=5AC7A28A alt="Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ-ի լուսանկարը:" width="324" height="243" />

http://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/24862595_1981093928821772_3441178822231968710_n.jpg?oh=8b2cf5b346173009750925665f201976&oe=5ACEFE62 alt="Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ-ի լուսանկարը:" width="330" height="248" />

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *