Իրանի անվտանգության ուժերը Թեհրանի հարավ-արևելքում գտնվող Գյարմսար քաղաքում շուրջ 2 տոննա պայթուցիկ նյութ են առգրավել, որոնցով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրի` ամենաքիչը  10 կետերում: Այս մասին հայտարարել է Իրանի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Մեհդի Շաֆիեին: Նոյեմբերի 15-ին փոխանցում  է իրանական «Press TV» լրատվական գործակալությունը:

Շաֆիեն չի հստակեցրել, սակայն, թե կոնկրետ երբ են առգրավել պայթուցիկ նյութերը:

Ավելի վաղ` հունիսին, Թեհրանում վնասազերծվել էին ԻՊ ահաբեկիչներ, որոնք նախատեսել էին երկրի խոշոր քաղաքներում ահաբեկչական գործողություններ իրականացրել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանըհայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ավելի է մոտեցել Իրանի սահմաններին և ծրագրում է հարվածներ հասցնել վերջինիս:

Ըստ Փուրդասթանի`  ԻՊ-ի ստորաբաժանումներ կան Իրաքի՝ Իրանին սահմանակից Դիյալա նահանգում: Բացի այդ, «Իսլամական պետությունը» Աֆղանստանում է՝  Պակիստանի հետ սահմանին:

Այնուհետև օգոստոսի 3-ին  Իրանի ոստիկանության և անվտանգության ուժերը երկրի արևմտյան և հյուսիս-արևմտյան մասերում   չեզոքացրել էին «Թաուհիդ և Ջիհադ» ահաբեկչական խմբավորման 102 անդամ, ինչից հետո   «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հանդես էր եկել հայտարարությամբ, որում Իրանում ոչնչացված և վիրավորված ահաբեկիչներին անվանում էր «Սունի երիտասարդություն» և սպառնում էր վրեժ լուծել Իրանի կառավարությունից:

Նկատենք, որ Իրանը երկրում`մասնավորապես հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում, ակտիվ հակաահաբեկչական պայքար է մղում:

razm.info