Ոչ ոք չեր հասկացել տղայի լացի պատճառը։Ինչու՞ էր հանձնում արյուն տվող տղան

""

Վիետնամական պատերազմի տարիներին թշնամու ռումբը պատահաբար ընկավ գյուղերից մեկում մի փոքր դահլիճի վրա, ուր հավաքված էին մանուկներ: Մի քանիսը տեղում զոհվեցին մնացածի աչքի առաջ, և մահացու վիրավորվեց մի փոքրիկ աղջիկ։

Գյուղացիները կողքի քաղաքից կապվեցին «Կարմիր խաչ» կազմակերպության հետ և շտապ օգնություն խնդրեցին։ Վերջապես ներս մտավ բժիշկը։ Արագ ստուգեց և հայտարարեց, որ աղջիկը կմահանա րոպեներ անց՝ արյան կորստից, եթե չհասցնեն նրա համար արյան դոնոր գտնել։

Անհրաժեշտ էր այս մասին խոսել երեխաների հետ, ու քանի որ բժիշկը չգիտեր վիետնամերեն լեզուն՝ բուժքրոջ օգնությամբ, ով մի քիչ տիրապետում էր ֆրանսերենին, սկսեց խոսել երեխաների հետ։ Ժեստերով ու խոսքերով մի կերպ բացատրեց իրավիճակը, այնուհետ հարցրեց, թե ով է համաձայն արյուն տալ։

Լսելով նման առաջարկ՝ երեխաները կլորացրեցին աչքերն ու երկու րոպեի չափ տիրեց լռություն։ Հանկարծ ներկաների մեջ մի դողացող ձեռք երևաց, կրկին ցած իջավ, հետո նորից վախեցած բարձրացավ։ Տեսնելով մի նիհարակազմ տղայի՝ բժիշկն առանց մանրամասնություններ պարզելու բռնեց ձեռքից, շնորհակալություն հայտնեց ու պառկեցրեց պատգարակին։

Երբ սկսեցին նրա ձեռքից արյուն վերցնել, երեխան մյուս ձեռքով փակեց աչքերը. բուժքույրը հարցրեց.
-Ցավո՞տ է, ինչ-որ ցավե՞ր ունես:
Տղան գլխով նշան տվեց, որ «Ո՛չ, չի ցավում», բայց նորից փակեց երեսը։

Քիչ անց կրկնվեց նույնը, սակայն այս անգամ տղայի աչքերում նկատվեցին արցունքներ։ Զգալով, որ երեխան սկսում է հեկեկալ, բժիշկը ներս կանչեց տեղի բուժքրոջը, որ թարգմանի, թե ինչ է կատարվում, արդյոք տղան առո՞ղջ է:
Վիետնամուհին խոսեց երեխայի հետ, իրենց լեզվով մի քանի բառ ասելուց հետո տղան դադարեց լացել։

-Բժի՛շկ, նա մտածում էր, թե մահանում է,- թույլ ժպիտով հայտնեց վիետնամուհին,- նա ձեզ լավ չի հասկացել ու կարծել է, թե խնդրել եք հանձնել իր ամբողջ արյունը, որպեսզի աղջիկն ապրի։
-Այդ դեպքում ինչո՞ւ համաձայնվեց գնալու այդ քայլին,- զարմանքով հարցրեց բժիշկը։

Վիետնամուհին թարգմանեց հարցը տղային, ինչին տղան ժպիտով պատասխանեց.
-Չէ՞ որ մենք ընկերներ ենք:

***
Հիմա, երբ մեկը խոսում է ընկերությունից, ես հիշում եմ ոչ թե խնջույքի սեղանի շուրջ նստած մի քանիսին, ովքեր խմիչքի ազդեցության տակ, բաժակը ձեռքերին, երդվում են մեկմեկու՝ հավերժ պահել իրենց ընկերությունը, ու ոչ էլ այն «հարուստին», ով իբր «ձեռք է մեկնում» նախկին դասընկերոջը՝ վարկով փող տալով, այլ ԴՈՂԱՑՈՂ ԹԱԹԻԿՆ ԱՅՆ ՎԻԵՏՆԱՄԱՑԻ ՏՂԱՅԻ, ՈՎ ՊԱՏՐԱՍՏ ԷՐ ԻՐ «ՓՈՔՐԻԿ» ԿՅԱՆՔԸ ՏԱԼՈՒ՜ ՀԱՆՈՒՆ ՄԵԾ ԶԳԱՑՄՈՒՆՔԻ, ՈՐԸ ԿՈՉՎՈՒՄ Է
«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»:

Ռուբեն Կարոյան