""

Արմեն Դուլյան

Մասիսի քաղաքապետը եւ նրա տեղակալը, որոնք կասկածվում են բավական լուրջ հանցագործություն կատարելու՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, ազատ արձակվեցին դատավորի որոշմամբ… Ու միանգամից էլ մարդասիրական հսկայական ալիք բարձրացավ մոտավորապես այսպիսի կարգախոսով՝ «Ինչ լավ է, որ անցել են այն ժամանակները, երբ գործադիր իշխանությունները դատավորներին հրահանգներ էին իջեցնում… Վերջապես մեր դատավորները անկախ են դարձել եւ վճիռներ կայացնելիս չեն նայում վերեւների բերաններին եւ այլ եւ այլն»… Մյուս կողմից՝ ընդդիմախոսները հարձակումներ են գործում կոնկրետ դատավորի վրա, հիշեցնելով, որ այդ կինը իշխանահաճո վճիռներ է կայացրել կամ իշխանահաճո կեցվածք է դրսեւորել աղմկահարույց դատավարությունների ժամանակ…
Ինձ համար երկու կողմերի փաստարկներն էլ բացարձակ որեւէ նշանակություն չունեն։ Ես տալիս եմ պարզ հարցեր եւ փորձում գտնել դրանց կոնկրետ պատասխանները…
Հարց առաջին՝ ինչ հիմքերով է դատավորը որոշում՝ կասկածյալը մնա մեկուսացված, թե ազատ արձակվի քննության ընթացքում։ Պատասխան՝ օրենքում շարադրված այդ հիմքերը 3-ն են՝ կարող է փախչել, կարող է նոր հանցագործություն կատարել եւ վերջապես՝ կարող է ազդել քննության վրա… Առաջին երկուսը տվյալ դեպքում համարում են գրեթե բացառված, բայց երրորդ հիմքի կապակցությամբ շատ լուրջ հարց ունեմ՝ արդյոք քաղաքապետն ու իր տեղակալը չեն կարող ազդել քննության ընթացքի վրա… Գոնե ինձ համար էստեղ պատասխանը միանշանակն է՝ Կարող են ազդել, այն էլ ինչպես… Այն պարզ պատճառով, որ բոլորս հրաշալի գիտենք՝ քաղաքապետը, նրա տեղակալը եւ նրանց համակիրները ինձ՝ վկայիս վրա ազդելու ՀՍԿԱՅԱԿԱՆ լծակներ ունեն… Փող ունեն եւ ուրեմն կարող են կաշառել… Եթե կարգին փող առաջարկեն՝ կվերցնեմ ու կհրաժարվեմ ցուցմունքներիցս… Կարող են նաեւ սպառնալ, որ ընտանիքիս անդամների անվտանգությունն ապահովված չի… Իսկ ես գիտեմ, որ սովորաաբար քաղաքապետերը, թաղապետերը բավական սերտ կապեր են պահպանում թաղային հեղինակությունների եւ որոշ կիսահանցավոր խմբավորումների հետ… Կվախենամ եւ կրկին կհրաժարվեմ ցուցմունքներիցս… Սրանից էլ բխում է եզրափակիչ հարցս՝ արդյոք դատավորը, որոշում կայացնելիս, հաշվի է առել շարադրված հանգամանքները… Իմ պատասխանը միանշանակ է՝ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ հաշվի չի առել… Մնացյալը՝ դատարկ դատողություններ են…