Ավետիք Իսահակյանի անվան գրադարանից տուն դարձա ջերմ տպավորություններով, ուր այսօր անցկացվեց մեր հարգարժան Ավիկ Դերենցի գրքերի շնորհանդեսը, որին սիրահոժար իրենց մասնակցությունը ցուցաբերողները՝ Գրողների Միության անդամներ, արվեստագետներ, մտավորականներ, մտերիմներ ու ընկերներ, իրենց ելույթներում արժանվույնս ներկայացրին նրան թե՛ որպես արժանապատիվ ու հայրենասեր հայորդի, թե՛ որպես խորագետ և տաղանդավոր արվեստագետ: ""
Որքան էլ որ հավատացնենք մեզ ու ընդունենք, որ մարդը Մարդուց հեռանում է օրավուր, բայց եկեք իսպառ հույսներս չկտրենք. մեր շրջապատում դեռ այնքա՜ն շատ են Մարդիկ, ում պիտի տեսնել ու արժևորել, իսկ նրանց մեկը հազա՜ր արժե… Այդ Մեկերից է և մեր բոլորի կողմից սիրված ու հարգված Ավի""կ Դերենց ազգանվեր, հայրենասեր արժանապատիվ ու տաղանդավոր հայորդին, ով ոչ միայն իր փայլուն, հայեցի, խորիմաստ ու կշռադատված խոսքով ու բեղուն գրչով, այլև իր կյանքով ու հայրենանվեր գործերով է հաստատում իր հինավուրց ու քանքարավոր ազգի հոգևոր ու բարոյական արժեքների իսկական ժառանգորդ լինելը՝ արժանի ոչ միայն մեծ սիրո և խորին ակնածանքի, այլև երախտագիտության ու ծնրադիր խոնարհման: Եվ նրանք, ում բախտ է վիճակվել համոզվելու դրանում, կհավաստեն ասածս ու կհպարտանան, որ արժանացել են նրա բարեկամը, ընկերն ու մտերիմը համարվելուն:
Իր վաթսունամյա հոբելյանին խորագետ և տաղանդավոր արվեստագետը թևակոխել է իմաստնության ու խոհեմության մեծ ու ոգեղեն պաշարով և մարդկային լավագույնս հատկանիշներով՝ հակված Մարդ և Հայ լինելու և մնալու վեհ առաքելությանը:
Ամենայն սիրով և ակնածանքով շնորհավորենք նրան իր հերթական երկու գրքերի լույսընծայման հույժ կարևոր իրադարձության երջանկաբեր առիթով՝ մաղթելով հոգու և մտքի բազո՜ւմ նման վերաթևումներ, ինչպես նաև քաջառողջ ու երկա՜ր տարիների երջանիկ ու անհոգ կյանք՝ մշտապես շրջապատված իրեն սիրելի ու մտերիմ բարի մարդկանցով:""

Արուս Ներսիսյան