Ինչքանո՞վ է ապահով Թալիշում բնակություն հաստատելը. ԼՂՀ քաղշիննախարարի պատասխանը

Արդեն մեկնարկել է Թալիշի վերականգնման ծրագիրը, և այդ ուղղությամբ բուռն գործունեություն կծավալի նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Այս մասին այսօր «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և ընդգծել, որ այդ որոշումը կայացվել է առաջին հերթին հաշվի առնելով թալիշցիների կարծիքը:

«Ալաշանում հաստատված թալիշցիների հետ հանդիպումների ժամանակ հանրապետության իշխանությունների կողմից առաջարկ է եղել, որ նրանք վերադառնան իրենց գյուղ: Այս առումով տրվել են որոշակի անվտանգության երաշխիքներ և արդեն 10-12 հոգի տեղափոխվել են հարազատ գյուղ և բնակվում են այնտեղ»,- ասել է Կ. Շահրամանյանը:

Անդրադառնալով գուղում արդեն կատարված աշխատանքներին՝ նախարարը նշել է, որ Թալիշում վերականգնվել են բոլոր ենթակառուցվածքները: «Խոսքը վերաբերում է էլեկտրականությանը, ջրամատակարարմանը, գիշերային լուսավորությանըը: Սկսել ենք գյուղի նոր դպրոցի և հանդիսություների տան վերակառուցման և մանկապարտեզի կառուցման նախագծային աշխատանքները: Ստեղծելու ենք շինարարների համար բոլոր պայմանները, որ մեծ թափով շարունակվեն կառուցման աշխատանքները: Նախատեսում ենք, որ սեպտեմբերի մեկից պետք է դպրոցը և մանկապարտեզը գործեն: Թալիշ վերադարձողների համար կամ կվերակառուցենք կամ կկառուցենք նոր բնակելի տներ: Մենք պետք է Թալիշ գյուղին նոր շունչ հաղորդենք»,- մանրամասնել է Կ. Շահրամանյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ապահո՞վ է Թալիշում բնակություն հաստատելը, ԼՂՀ քաղաքաշինության նախարարն ասել է, որ Մատաղիսը կամ Մարտակերտն էլ նույն կարգավիճակում են գտնվում, սահմանից նույն հեռավորության վրա են, բայց մարդիկ այնտեղ ապրում են: «Այն շինությունները, որոնք կառուցում ու վերակառուցում ենք, գտնվում են գյուղի համեմատաբար անվտանգ ու ապահով գոտում: Իսկ անվտանգ ապրելու համար մենք այլ միջոցներ էլ ենք ձեռնարկում:»,- ասել է քաղաքաշինության նախարարը:

Կ. Շահրամանյանի խոսքով, Թալիշի վերականգնմանը զուգահեռ Ալաշանում կշարունակվի ժամանակավոր բնակավայրին հատուկ պայմանների ստեղծումը, սակայն հիմնական ներդրումները ուղղվելու են Թալիշին:

artsakhpress.am

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *